Վարչապետ Հովիկ Աբրահամյանը գործադիրի այսօրվա նիստում հայտարարել է, որ «կառավարությունն անհիմն թանկացումներ չի հանդուրժելու»: «Երեկ օրվա երկրորդ կեսից եւ այսօր ֆինանսական շուկայում նկատվում է կայունացման միտում, որը վստահ եմ՝ շարունակվելու է: Սակայն մենք անհանգստացած ենք փոխանակման կետերում գնման եւ վաճառքի մեծ մարժաներով եւ սպառողական շուկայում տեղի ունեցող որոշ գործընթացներով: Մասնավորապես, երեկ շաքարի, ալյուրի եւ լայն սպառման մի շարք ապրանքների գծով ակնհայտ գների բարձրացում կար»,- հայտարարել է Հովիկ Աբրահամյանը:Վարչապետը Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանին հանձնարարել է մանրամասն ուսումնասիրել այդ ապրանքատեսակների առեւտուրը եւ ամենօրյա կտրվածքով տեղեկություն ներկայացնել իրեն: «Հորդորում եմ Ձեզ ամենայն խստությամբ մոտենալ այս չարաշահումներին»,- ընդգծել է վարչապետը:Նա հավելել է, որ միջազգային գործընկերները երեկվա հանդիպմանն իրենց աջակցությունն են հայտնել ֆինանսական շուկայի կայունացմանն ուղղված Հայաստանի քայլերին:Միաժամանակ՝ Հովիկ Աբրահամյանը առողջապահության նախարարին հանձնարարել է ուսումնասիրել դեղորայքի շուկան եւ ուշադրության կենտրոնում պահել այն: Tweet Դիտում՝ 1812