«ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ»-ն պիլոտային ծրագիր կիրագործի Վայոց Ձորում

28.11.2014 | 10:23 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը պատրաստվում է «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ»  ապահովագրական ընկերության հետ Վայոց Ձորի մարզում իրականացնել անասնագլխաքանակի ապահովագրման պիլոտային ծրագիր:

«ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ»-ի մամուլի ծառայության փոխանցմամբ, այս մասին հայտնել է ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը, նշելով, որ նախարարությունն  ավելի քան 10 տարի է ոլորտը ապահովագրելու համար ուսումնասիրություններ է իրականացնում:

«ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ընկերության հատուկ նախագծերի ներդրման ու զարգացման դեպարտամենտի ղեկավար Արտակ Մարտիրոսյանի խոսքերով, Վայոց Ձորի ընտրությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ այդ մարզում իրականացվել է խոշոր եղջերավորների հաշվառում եւ համարակալում:

«Մեր համոզմամբ, ապահովագրողների համար`որպես ռիսկ կրողների,  ավելի գրավիչ կլինի սկսել պիլոտային ծրագրերը առավել վերահսկելի լինելու տեսակներից՝  գյուղատնտեսական նշանակության կենդանիների ապահովագրությունից: Վերջինս հնարավորություն կտա հասկանալու գյուղատնտեսությունում գործող ենթակառուցվածքների միջեւ փոխհարաբերությունները եւ վերհանել առկա խնդիրները: Այս ամենն, իհարկե, կնպաստի հետագայում առավել ռիսկային համարվող ոլորտներում ապահովագրական ծրագրերի իրականացմանը», - ասել է ընկերության ներկայացուցիչը:

«Գյուղատնտեսության ապահովագրության ներդրման գործընթացներից այսօր հատկապես կարեւորվում է ՀՀ գյուղատնտեսության նախարարի հրամանով ձեւավորված աշխատանքային խմբի գործունեությունը, որն ուղղված է Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի աստիճանական ներդրման նախադրյալների ստեղծմանը: Աշխատանքային խմբի անդամ է նաեւ ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ ապահովագրական ընկերության ներկայացուցիչը», - ասված է հաղորդագրության մեջ:

«Այսպիսով, 2015թ. առաջին կիսամյակում մենք հնարավորություն կունենանք կյանքի կոչելու այս ծրագիրը: Դրա համար կարեւորում ենք նաեւ շահագրգիռ միջազգային կառույցների աջակցությունը: ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ-ն պատրաստակամ է նաեւ իր մասնակցությունն ունենալ բերքի ապահովագրության պիլոտային ծրագրերում», - եզրափակել է Արտակ Մարտիրոսյանը:

Դիտում՝ 4291
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai