Քննարկվել են ոսկեգործության, ադամանդագործության եւ ժամագործության ոլորտների խնդիրները

21.11.2014 | 14:05 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում այսօր կայացել է  Հայաստանի ոսկեգործության, ադամանդագործության եւ ժամագործության ոլորտների խնդիրների քննարկում, որը վարել է  նախարար Կարեն Ճշմարիտյանը:

Քննարկում-հանդիպմանը մասնակցել է ոլորտային 24 ընկերության ներկայացուցիչ:

«Մեր նպատակն է վեր հանել այս ոլորտների զարգացման խոչընդոտներն ու ձեզ հուզող հարցերը` փորձելով գտնել դրանց լուծման ու ոլորտի զարգացման ուղիները», - ասել է Կարեն Ճշմարիտյանը եւ նշել,  որ նախարարությունը պատրաստ է լսել ոլորտի ներկայացուցիչների առաջարկները:

Նախարարը նկատել է, որ Հայաստանում ոսկեգործության, ադամանդագործության եւ ժամագործության ոլորտների գործունեությունը խթանելու եւ արտահանման ծավալներն ավելացնելու նպատակով 2013-ին ընդունվել է զարգացման ռազմավարություն եւ գործողությունների ծրագիր, որի շրջանակներում իրականացվել եւ իրականացվում են մի շարք ծրագրեր:

Ոլորտի ներկայացուցիչները հիմնականում բարձրացրել են հարկերի հետ կապված խնդիրներ: Առաջարկ է հնչել ոսկեգործության եւ թանկարժեք քարերի ոլորտում Ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ) շեմը 58 միլիոնից բարձրացնել: Նախարարի հարցին` կա արդյո՞ք հաշվարկ, թե որ ծավալից սկսած ԱԱՀ շեմը կարող է ընդունելի եւ եկամտաբեր լինել ընկերությունների համար, շատերը դժվարացել են պատասխանել, ոմանք էլ նշել են 120 կամ 150 մլն-ի ծավալը:

Կողմերը խոսել են նաեւ շրջանառության հարկի մասին օրենքից, որի վերաբերյալ նախարարը նկատել է, որ այն դեռ քննարկումների փուլում է, եւ դրա հետ կապված հարցերը պարզ կլինեն փետրվարից հետո:  

Կարեն Ճշմարիտյանը ներկաներին եւս մեկ անգամ տեղեկացրել է իրականացվող աշխատանքների, միջազգային ցուցահանդեսներին մասնակցելու եւ նոր շուկաներ մուտք գործելու հնարավորությունների մասին: Ներկաներին հուզող հարցերի վերաբերյալ նախարարը հանձնարարականներ է տվել գերատեսչության աշխատակիցներին` դրանց լուծման համար սահմանելով որոշակի ժամկետներ:

Դիտում՝ 1761
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai