ՄՌԿ հայ մասնագետները կարող են ստանալ միջազգային որակավորումներ

27.10.2014 | 13:17 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Հոկտեմբերի 24-25-ին Աղվերանում տեղի ունեցավ Մարդկային ռեսուրսների կառավարման (ՄՌԿ) տարածաշրջանային երրորդ համաժողովը. «ՄՌ Կառավարում՝ մեկ քայլ առաջ» թեմայով:

Հայաստանի ՄՌ Ասոցիացիայի եւ Կասկադ Քնսալթընթս ընկերության կողմից կազմակերպվող ամենամյա համաժողովը նպատակ ուներ ուսումնասիրել տարածաշրջանի արդի ՄՌ մարտահրավերները եւ ներկայացնել դրանց հնարավոր լուծումները: Ավանդական դարձած համաժողովում այս տարի ներկայացվեցին ՄՌ համաշխարհային չափորոշիչները եւ տարածաշրջանում ՄՌ մասնագիտության նկատմամբ որակական որոշակի պահանջներ ներկայացնելու անհրաժեշտությունը:

Համաժողովում հետաքրքիր ելույթներով ներկայացան տարածաշրջանի ՄՌ առաջատար մասնագետները, ինչպես նաեւ Եվրոպական ՄՌ Ասոցիացիայից (EAPM), ՄՌ Սերտիֆիկացման ինստիտուտից (HRCI), Թոմ Հանթ (Tom Hunt) ընկերություններից հրավիրված հատուկ հյուրերը:

Տարածաշրջանում ՄՌ մասնագիտության ստանդարտացմանն ուղղված այս համաժողովում ՄՌ Սերտիֆիկացման ինստիտուտի հետ կնքվել է համագործակցության պայմանագիր, ինչը հայ մասնագետներին հնարավորություն կընձեռի ստանալ միջազգային ճանաչում եւ հեղինակություն վայելող` Մարդկային Ռեսուրսների Բիզնես Մասնագետի (HRBP), Մարդկային Ռեսուրսների Կառավարիչի (HRMP) եւ այլ մասնագիտական որակավորումներ։

Պայմանագիրը նախատեսում է նաեւ ՄՌ որակավորման քննության նախապատրաստման դասընթացներ, որն իրականացնելու է ՄՌ Սերտիֆիկացման ինստիտուտի պաշտոնական գործընկերը` Կասկադ Քնսալթընթս ընկերությունը: Դասընթացները կազմակերպվելու են ՄՌ Սերտիֆիկացման պլանավորման ընկերության (HRCP) նյութերով եւ ծրագրով:

«Համաժողովի ընթացքում ծանոթացա համախոհների մեծ բանակի հետ. համոզված եմ, որ անհրաժեշտ է յուրաքանչյուրիս մասնակցությունը` ՄՌ մասնագիտության չափորոշիչները սահմանելու համար: Դրանք պետք է կիրառելի լինեն ցանկացած երկրի որեւէ կազմակերպությունում `անկախ աշխարհագրական դիրքից», - նշել է ՄՌ Սերտիֆիկացման ինստիտուտի հաճախորդների հետ հարաբերությունների տնօրեն Ամին Իսսան:

 «Այսօր կարող ենք վստահությամբ նշել, որ տարածաշրջանի Մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտում հստակ դինամիկա է նկատվում ինստիտուցիոնալիզացման, համակարգման եւ կազմակերպությունում ՄՌ դերի արժեւորման առումով, եւ ժամանակն է, որպեսզի լինեն հստակ չափորոշիչներ ՝ «միեւնույն ալիքի վրա լինելու» ու համաշխարհային տենդենցներին համընթաց քայլելու համար»,-ասել է Հայաստանի ՄՌ Ասոցիացիայի նախագահ, Կասկադ Քնսալթընթս ընկերության տնօրեն Արփի Կարապետյանը:

Կազմակերպիչների գնահատմամբ, այս համաժողովի ձեռքբերումներից մեկն էլ համեմատաբար կարճ ժամանակահատվածում Եվրոպական ՄՌ Ասոցիացիային (EAPM) անդամակցելու հնարավորությունն է, որը հայ ՄՌ մասնագետների համար դուռ կբացի դեպի արեւմտյան մասնագիտական աղբյուրները` դառնալով փորձի փոխանակման նոր հարթակ։

«Տպավորված էի, երբ ծանոթացա ՄՌ Ասոցիացիայի գործունեության հետ: Հանդիպելով ՄՌ մասնագետների հետ՝ համոզված եմ, որ միասին երկար ճանապարհ կարող ենք անցնել, որը շահավետ կլինի թե Ասոցիացիայի, թե Հայաստանում ՄՌ մասնագետների համար»,- ասել է Եվրոպական ՄՌ Ասոցիացիայի նախագահ Իզի Բեհարը:

Համաժողովի գլխավոր հովանավորը ՎիվաՍել-ՄՏՍ-ն էր, իսկ բրոնզե հովանավորը՝ Դանդի Փրիշս Մեթալս Կապան ընկերությունը:

Դիտում՝ 3106
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai