BSC-ն եւ OXFAM-ը խթանում են սոցիալական ձեռներեցությունը գյուղական համայնքներում

23.09.2014 | 11:50 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /

Ավստրիական Զարգացման Գործակալության ֆինանսավորմամբ եւ ՕՔՍՖԱՄ-ի հայաստանյան գրասենյակի նախաձեռնությամբ 2012 թ.-ից Հայաստանում գործարկվել է «ՀՀ Տավուշի մարզի փոքր ֆերմերային տնտեսությունների հզորացում` գյուղատնտեսական կոոպերատիվների եւ գյուղատնտեսական արժեշղթայի զարգացման միջոցով» եռամյա ծրագիրը, որի իրականացնող  գործընկերներից է «Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոն (BSC)  հայաստանյան խորհրդատվական ընկերությունը:

Ինչպես Banks.am-ի հետ զրույցում նշել է BSC հիմնադիր տնօրեն Սամվել Գեւորգյանը, ծրագրի առանցքային նպատակն է Հայաստանի գյուղական համայնքներում զարգացնել սոցիալական ձեռներեցության գաղափարը, ինչպես նաեւ խթանել փոքր ֆերմերների զբաղվածությունը՝ բարելավելով համայնքների սոցիալ-տնտեսական իրավիճակը:

Ծրագրի շրջանակներում Տավուշի մարզի 15 խոցելի գյուղական համայնքներում նախատեսվում է հիմնել  ջերմոցային տնտեսություններ՝ ծրագրի շահառու գյուղատնտեսական կոոպերատիվների համար: Բացի այդ, Տավուշի մարզի Սեւքար համայնքում կգործարկվեն սառնարանային տնտեսություն եւ վերամշակման արտադրամաս, որոնցից հնարավորություն կունենան օգտվել նաեւ հարեւան համայնքների բնակիչները` ապահովելով իրենց համար կայուն եկամուտի միջոց:

Ամփոփելով ծրագրի գրեթե 2 տարվա արդյունքները, Սամվել Գեւորգյանն ընդգծել է, որ ներկայումս Տավուշի մարզի հինգ գյուղական համայնքներ լիարժեքորեն շահագործում են իրենց սեփականությանը հանձնված 400- 500 քմ  մակերեսով  ջերմոցային տնտեսությունները, ինչի արդյունքում արդեն իսկ ստեղծվել է ընդհանուր առմամբ մոտ 50-60 աշխատատեղ: Եվս հինգ ջերմոցային տնտեսություններ կառուցման փուլում են, որոնք մինչեւ տարեվերջ կհանձնվեն շահագործման: Ինչպես եւ նախատեսված  էր, ջերմոցներն այսօր հանդիսանում են սոցիալական ձեռնարկության բիզնես մոդել, քանի որ կոոպերատիվի անդամները, ջերմոցի բարձրորակ արտադրանքից ուղղակիորեն օգտվելուց բացի, ստացված եկամուտների մի մասը ուղղելու են իրենց համայնքում առավել հրատապ սոցիալական խնդիրների լուծմանը:

Ինչ վերաբերում է սառնարանային տնտեսությանը եւ վերամշակման արտադրամասին, ներկայումս ակտիվ աշխատանքներ են տարվում դրանց կառուցման ու գործարկման ուղղությամբ: Արտադրամասի առաջին արտադրանքը նախատեսվում է թողարկել հաջորդ տարվա ամռանը:

Որպես ծրագրի իրականացնող գործընկեր` բիզնես պլանավորման եւ ընթացիկ աշխատանքներում ակտիվ ներգրավվածության հետ զուգահեռ BSC-ին նպաստում է նաեւ փոքր ֆերմերների կարողությունների հզորացմանը. «Վերապատրաստման միջոցով շահառուները անհրաժեշտ տեխնիկական հմտություններից բացի տիրապետում են նաեւ բիզնես, իրավաբանական եւ մարքեթինգային գիտելիքներին: Ծրագրի ընթացքում BSC-ի հմուտ մասնագետները  շարունակական խորհրդատվություն են մատուցում կոոպերատիվի անդամներին` առօրյայում առաջացող գործնական եւ կազմակերպչական հարցերի վերաբերյալ»,-ասել է Սամվել Գեւորգյանը:

Ծրագրի շրջանակներում նաեւ հատուկ ուշադրություն է դարձվում կանանց` կառավարման եւ լիդերության հմտությունների զարգացմանը` նրանց ներգրավելով կոոպերատիվների ղեկավար մարմիններում եւ որոշումների կայացման գործընթացներում:

«Կարեւոր է, որպեսզի ծրագրի շահառուները գիտակցեն միասնական աշխատանքի (կոոպերատիվի) արդյունավետությունը եւ առավելությունները, վստահություն ձեռք բերեն իրենց կարողությունների հանդեպ եւ պասիվ դիտորդից դառնան ակտիվ քաղաքացի: Համեմատելով գյուղացիների տրամադրվածությունը ծրագրի սկզբնական եւ ներկայիս փուլում` ուրախությամբ կարող եմ արձանագրել, որ էապես փոխվել է ապագայի հանդեպ նրանց անորոշության զգացումը:

Վստահ եմ, որ ճիշտ կազմակերպման եւ նպատակային իրագործման դեպքում նմանատիպ զարգացման ծրագրերը կնպաստեն ՀՀ համայնքներում կայուն եւ բարեկեցիկ կենսամակարդակի ատեղծմանը:  Ուստի կոչ եմ անում, հետեւելով ՕՔՍՖԱՄ-ի օրինակին` էլ ավելի մեծ ուշադրություն դարձնել գյուղական համայնքների տնտեսական եւ սոցիալական խնդիրներին ու հստակ քայլեր ձեռնարկել այդ խնդիրների լուծման ուղղությամբ»,- եզրափակել է  Սամվել Գեւորգյանը:

Դիտում՝ 4265
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai