Թամարա Բաբայան. «Մեղմ վարկավորումը կնպաստի արեւային արդյունաբերության ստեղծմանը»

09.09.2014 | 10:31 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /

Գաղտնիք չէ, որ Հայաստանն արեւային օրերի առումով բավական հարուստ երկիր է: Այնուամենայնիվ, այդ հնարավորությունն արդյունավետ չի օգտագործվում՝ արեւային էներգիա ստանալու առումով: Պատճառների եւ ոլորտի զարգացման հեռանկարների շուրջ Banks.am-ը զրուցել է ՀՀ վերականգնվող էներգետիկայի եւ էներգախնայողության հիմնադրամի տնօրեն Թամարա Բաբայանի հետ:

- Հայտնի է, որ Հայաստանի գիտական շրջանակները արեւային էներգիայի ներուժի ուսումնասիրությամբ զբաղվել են դեռեւս ԽՍՀՄ տարիներին: Հայաստանում գործել է Արեւի ինստիտուտ, եւ այսօր էլ ունենք գիտնականներ, ովքեր արեւային էներգիայի որոշակի ծրագրերի վրա են աշխատում: Ինչո՞ւ այս ամենով հանդերձ ոլորտն այս տարիների ընթացքում չի զարգացել:

- Ամենամեծ խոչընդոտը, թերեւս, տեխնոլոգիայի թանկությունն է: Մեր շուկային ամենահարմարն արեւային ֆոտովոլտայիկ կայանների կառուցումն է, ինչն ընդամենը 5 տարի առաջ անհնար էր թվում: Վերջին 5 տարիների ընթացքում, պայմանավորված այն հանգամանքով, որ Չինաստանի արտադրողները մուտք գործեցին այս շուկա, կայանների կառուցման գները նվազեցին: Այս պահին 1 մեգավատ հզորությամբ մեկ կայանի կառուցման գինը կազմում է $2-2.5 մլն: Սա արդեն թույլ է տալիս հասկանալ, թե ինչպիսի սակագին կարելի է կիրառել ներդրողների համար գրավչություն ապահովելու համար:

Իրականում, վերականգնվող էներգետիկ աղբյուրների օգտագործման ամենամեծ բացը դրանց անկայունությունն ու անկանխատեսելիությունն է: Այս առումով, վերջիններիս գործարկմանը զուգահեռ հարկավոր է հաստատուն եւ կայուն էլեկտրաէներգիայի որոշակի մակարդակ ապահովել՝ ատոմակայան, գազով կամ ածուխով աշխատող ջերմակայաններ եւ այլն: Սրանք այն տեխնոլոգիաներն են, որոնք ապահովում են կայուն էներգիա, իսկ մնացած մասը կարող է ապահովվել վերականգնվող ռեսուրսներով: Ի դեպ, այդ վերականգնվող ռեսուրսներից միայն երկրաջերմային էներգիան ունի հաստատուն բնութագիր: Եթե կարողանում ես ռեսուրս գտնել եւ կայան կառուցել, ապա այդ կայանը կարող է ողջ տարին շարունակ գիշեր-ցերեկ աշխատել:  

Սակայն երկրաջերմային ռեսուրսների դեպքում ռիսկերը բավական մեծ են, քանի որ, հնարավոր է, որ ընդերքի հորատման արդյունքում որեւէ ռեսուրս չգտնես: Այդ պատճառով նման հետազոտություն իրականացնելիս օգտագործում ենք դրամաշնորհային միջոցներ, որպեսզի ռեսուրս չգտնելու պարագայում գումարի ետ վերադարձման խնդիր չլինի: Իսկ ռեսուրսների առկայության դեպքում այս քաղաքականությունը թույլ կտա առանց ավելորդ թանկացման էլեկտրաէներգիա ստանալ: Բայց, իհարկե, սա կախված է մի շարք գործոններից, այդ թվում՝ հզորություն, ռեսուրսների քանակ եւ այլն:

-Որո՞նք են արեւային ամենահարմար տեխնոլոգիաները, որոնք կարող են լայն կիրառություն գտնել Հայաստանում:

- Հայտնի է նման երկու տեխնոլոգիա: Առաջինը ջերմային էներգիայի ստացումն է (օր.՝ ջեռուցում, տաք ջուր), մյուսը՝ էլեկտրաէներգիայի: Սրանցից յուրաքանչյուրն իրենից բազմաթիվ տեխնոլոգիաներ է ներկայացնում, ունի որոշակի առավելություններ եւ կարող է տեղ գտնել առօրյայում:

Մեր հիմնադրամը ստեղծման օրվանից (2006թ.) սկսել է զբաղվել վերականգնվող էներգիայի այն տեխնոլոգիաների մշակմամբ, որոնք կարող են կիրառվել Հայաստանում: Մինչեւ վերջերս շուկային ամենապատրաստ տեխնոլոգիաները համարվել են հիդրոէներգետիկան եւ հողմակայանները՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ դրանք մատչելի, կայացած եւ փորձարկված շուկա են:

Պետք է նշել, որ Հայաստանի բոլոր ռազմավարական փաստաթղթերում այս ոլորտի զարգացումը նշված է որպես առաջնային, բայց, միեւնույն ժամանակ, միշտ ներառված է եղել հեռանկարային ծրագրերի մեջ: Հասկանալով, որ աշխարհը գնում է տեխնոլոգիաների գնի իջեցման ուղղությամբ՝ ակնհայտ է, որ կգա մի պահ, երբ դրանք Հայաստանի համար կդառնան ընդունելի եւ մրցունակ այլընտրանք: Արդեն այսօր ստեղծվել է նման հնարավորություն: Հայաստանը դիմեց Կլիմայի ներդրումային հիմնադրամին (ԿՆՀ)` ներկայացնելով վերականգնվող էներգետիկայի ներդրումային ծրագիր՝ դիտարկելով մի շարք տեխնոլոգիաներ: Քննարկումների արդյունքում ընտրվեցին այդ տեխնոլոգիաներից երկուսը:

Առաջինն էլեկտրական էներգիայի համար երկրաջերմային ռեսուրսի հետազոտումն է եւ արեւային էներգիայի արդյունաբերական կայանների կառուցումը, իսկ երկրորդը՝ արեւային ջրատաքացուցիչների եւ ջերմային պոմպերի միջոցով ջերմային էներգիայի ստացումը: Այս տարվա հունիսի վերջին ծրագիրը հաստատվեց, ինչը հնարավորություն կտա Հայաստանին սկսել արեւային տեխնոլոգիաների կիրառական ներդրման ապահովման գործընթացը:

ԿՆՀ-ի տրամադրած $40 մլն վարկից $26 մլն-ը կուղղվի արեւային ֆոտովոլտայիկ ծրագրերի իրականացմանը, $3 մլն-ը դրամաշնորհի տեսքով կավելանա ջրային պոմպերի եւ արեւային ջրատաքացուցիչների ծրագրին՝ նպաստելով, որ Վերակառուցման եւ Զարգացման Եվրոպական Բանկը (ՎԶԵԲ) մեծացնի ֆինանսավորման ծավալները: Մնացած գումարը կտրամադրվի երկրաջերմային դրամաշնորհային ծրագրին, որը նախատեսում է հորատման աշխատանքների իրականացում եւ հետազոտում:

- Ե՞րբ է տրվելու ներդրումային ծրագրի մեկնարկը, եւ քանի՞ արեւային կայան է առաջիկա տարիներին նախատեսվում կառուցել Հայաստանում:    

- Ներդրումային ծրագրի մեկնարկը կտրվի 1,5 տարի անց, իսկ հաջորդ 5-6 տարիների ընթացքում ակնկալվում է կառուցել 40-50 մեգավատանոց մի քանի կայաններ: Դրանից հետո՝ կախված իրավիճակից, կայանների քանակը կարող է ավելանալ: Մեկ կայանի կառուցման աշխատանքները՝ կախված հզորության աստիճանից, կարող են տեւել 3-4 ամսից մինչեւ մեկ տարի: Առաջիկա մեկ տարվա ընթացքում կիրականացվեն չափումներ, ինչը կարեւոր է ներդրողների համար:

Ինչ վերաբերում է սակագնին, ապա արեւային տեխնոլոգիաների առավելությունն այն է, որ չես վճարում ռեսուրսի համար, բայց ինքը՝ տեխնոլոգիան, թանկ է: ԿՆՀ-ից ստացված վարկավորման առավելությունն այն է, որ, եթե տեղական բանկերից վարկ վերցնելու դեպքում առաջարկվում են միջինում 10% դրույքաչափով եւ 5 տարի մարման ժամկետով պայմաններ, ապա ԿՆՀ-ն  տրամադրում է վարկեր 20 տարի եւ ավելի ժամկետով՝ առավել ցածր տոկոսադրույքով: Այսպիսի մեղմ վարկավորման միջոցով արեւային ծրագրի մեկնարկը հետագայում իր հերթին կստեղծի շուկա, կավելանան մատակարարները եւ միգուցե տեղական արտադրողները, ինչն իր հերթին կնպաստի արեւային ամբողջական արդյունաբերական համակարգի ստեղծմանը:

- Այս պահի դրությամբ կա՞ն արտասահմանյան ընկերություններ, որոնք հետաքրքրված են Հայաստանում այս ոլորտում ներդրումներ կատարելու:  

- Արտասահմանյան ընկերությունների կողմից հետաքրքրությունը դեռեւս տեղեկություններ ձեռք բերելու մակարդակում է: Նրանց այս պահին չի կարելի ներդրողներ համարել, բայց այդ մարդիկ հետազոտում են ներդրումային դաշտը, փորձում են հասկանալ, թե ինչ է կատարվում ոլորտում: Այս պահին նման գործունեությամբ զբաղվում է մեկ ֆրանսիական, մեկ շվեյցարական եւ մեկ ավստրիական ընկերություն, որոնք Հայաստանի հետ չունենալով որեւէ կապ՝ տեղեկացել են եւ հետաքրքրվել շուկայով:

Իսկ իրական ներդրողների մասին կկարողանանք պատկերացում կազմել այն ժամանակ, երբ մեկ տարի անց Հայաստանը պաշտոնապես հայտարարի արեւային ծրագրեր իրականացնելու մտադրության մասին, եւ ներկայացնելով առկա ֆինանսական հնարավորությունները եւ չափագրման տվյալները, առաջարկի ներդրողներին մուտք գործել շուկա:

Ի դեպ, Համաշխարհային բանկի կողմից վերջերս իրականացված հետազոտության համաձայն, իրավական եւ օրենսդրական առումով վերականգնվող էներգետիկայում ներդրումներ կատարելու նպաստավոր պայմաններով Հայաստանը 4-5-րդ տեղում էր՝ ընտրված մի շարք երկրների շարքում, այդ թվում նաեւ զարգացած երկրների:

- Ծրագրի շրջանակում օգտագործվելու՞ է տեղացի գիտնականների ներուժը, թե՞ մասնագետներ են հրավիրվելու արտերկրից:

- Նախնական փուլում ենթադրվում է, որ մասնագետները կհրավիրվեն արտերկրից:  Չնայած դրան, ծրագիրը դեռ պատրաստ չէ, եւ դրսի կամ ներսի մասնագետների առումով որեւէ կողմին նախապատվություն չենք տալիս: Տեղացի մասնագետներ, իհարկե, կներգրավվեն,  բայց կան ոլորտներ, որտեղ նույնիսկ մեր լավագույն մասնագետների փորձառությունը քիչ է: Այդ պարագայում կհրավիրենք արտասահմանցի փորձագետների: Մենք ունենք շատ լավ ինժեներներ, խելացի ուսանողներ, ովքեր որոշ ժամանակ աշխատելով արտասահմանցի մասնագետների հետ՝ փորձ ձեռք կբերեն, եւ միգուցե առաջին մեկ-երկու ծրագրերի իրականացումից հետո այլեւս արտասահմանյան օժանդակության կարիք չենք զգա:

- Արեւային էներգիայի ծրագրի մասով արդյո՞ք նախատեսվում է ուսումնասիրել հարեւան երկրների փորձը:    

- Երկրաջերմային էներգիայի մասով, այո, հետաքրքրվել ենք, քանի որ ընդերքի էներգիան փոխկապակցված է, եւ եթե այն առկա է հարեւան երկրում, ապա հնարավոր է, որ գոյություն ունենա նաեւ մեր երկրում: Ինչ վերաբերում է արեւային էներգիային, ապա, օրինակ, մեր կողմից Վրաստանում նման հետազոտության իրականացումը  պիտանի կլիներ միայն այն դեպքում, եթե որոշեինք Վրաստանում այդ ոլորտում ներդրումներ կատարել: Բայց եթե մեր  նպատակը Հայաստանում արեւային էներգիայի տեխնոլոգիաների զարգացումն ու օգտագործումն է, ապա, կարծում եմ, մենք ունենք այնքան արեւ, որը կբավարարի մեր երկրում առկա պահանջարկի ապահովմանը:

- Ինչպե՞ս եք հայկական բանկերին համոզելու, որպեսզի ավելի բարենպաստ վարկային պայմաններ ապահովեն ոլորտի զարգացման համար:  

- Բանկերին անդրադառնալով՝ ցանկանում եմ նշել, որ այս ոլորտում ներդրումները չի կարելի համեմատել սովորական բիզնես ներդրումների հետ, քանի որ ոլորտը օրենսդրական բարձր մակարդակով պաշտպանված է եւ կանխատեսելի: Առաջիկա տարում նախատեսում ենք բանկիրների համար ոլորտի ծանոթացմանը միտված վերապատրաստման որոշակի դասընթացներ կազմակերպել:

Թամարա Բաբայանի հետ զրուցել է Նարինե Դանեղյանը:

Դիտում՝ 4575
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai