Բազմազավակ ու գործունյա. Անուշ Նավասարդյան

06.08.2014 | 09:43 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /

Գործունյա կնոջ կերպարը հատուկ հարգանքի է արժանի, քանի որ, չնայած այսօրվա առաջադեմ հայացքներին, գործարար աշխարհը տղամարդկանց է պատկանում, կինն էլ առաջնահերթ ընկալվում է որպես օջախի պահապան:

Երբ տեղեկանում ես, որ գործունյա կինը նաեւ բազմազավակ մայրիկ է, հարգանքը վերաճում է անկեղծ հիացմունքի: Եվ պարզվում է, որ երեխաները ոչ միայն չեն խոչընդոտում հաջողություններին, այլ ընդհակառակը՝ յուրահատուկ խթան են հանդիսանում:

Մեդիամաքսը որոշել է ներկայացնել մեր կողքին ապրող այդպիսի մայրիկներից մի քանիսին: Հնարավոր է, որ նրանք՝ մարմնավորելով ժամանակակից հայ կնոջ կերպարը, օրինակ ծառայեն այլ կանանց եւ աղջիկներին:

Անուշ Նավասարդյան՝ 36 տարեկան, Աշոտ Նավասարդյանի անվան թիվ 196 դպրոցի տնօրեն:

Երեք երեխա ունի. Արփի`14 տարեկան, Հրայր՝ 9 տարեկան,Նարե՝ 4 տարեկան:

- Մինչեւ առաջնեկի ծնվելը Ձեզ պատկերացնու՞մ էիք բազմազավակ մայրիկի դերում:

- Արփիին ունեցել եմ 22 տարեկանում: Մասնագիտությամբ լրագրող եմ, եւ այդ ժամանակ աշխատում էի Հրաչյա Աճառյանի անվան համալսարանում որպես համալսարանական թերթի խմբագիր: Ամուսնուս հետ ամենասկզբից երազել ենք մեծ ընտանիքի մասին: Այսօր էլ, երբ հարցնում են` քանի երեխա ունեմ, պատասխանում եմ՝ դեռ երեքն են:

- Երբեւէ մտածու՞մ էիք մանկավարժական գործունեությամբ զբաղվելու մասին:

- Մասնավոր մանկապարտեզ, դպրոց կամ մանկապատանեկան զարգացման կենտրոն բացելու գաղափարը ծագել էր դեռ պատանեկան տարիքում: Տասներորդ դասարանում, երբ սկսեցի ԲՈՒՀ ընդունվելու համար մասնավոր պարապել, հասկացա, թե որքան շատ են բացերը կրթական համակարգում, չնայած դպրոցում լավ էի սովորում:

Երազանքս ի կատար ածելու ցանկությունն ուժեղացավ, երբ արդեն երկու երեխա ունեի:


Անուշ Նավասարդյանը
Լուսանկարը՝ Մեդիամաքս

Սկսեցի մանկապատանեկան զարգացման կենտրոնի ծրագիր գրել: Կենտրոնում վարձակալությամբ տրվող տարածք էի փնտրում, փորձում էի հովանավորներ գտնել: Ժամանակի ընթացքում հասկացա, որ դա շատ մեծ գումարների հետ է կապված, եւ հովանավոր գտնելը գրեթե անհնար է:

- Իսկ ինչպե՞ս ստացվեց, որ պետական դպրոցի տնօրեն դարձաք:

- 2010 թվականի վերջին, երբ երրորդ բալիկս արդեն ծնվել էր, տեղեկացա, որ փոխվել է հանրակրթական դպրոցների տնօրենների ընտրության կարգը, եւ ամուսինս, ինձանից ավելի իրատես լինելով, առաջարկեց ընդունվել տնօրենների վերապատրաստման դասընթացների: Այնուհետեւ ասաց, որ հայրիկիս անունը կրող դպրոցի տնօրենը մահացել է, այդ տեղը թափուր է, եւ կարող եմ այդտեղ փորձել ուժերս ու վերջապես հստակեցնել վաղեմի  երազանքս: Գաղափարն ինձ դուր եկավ, սակայն շատ էի վախենում. մի բան է, երբ մտածում ես փոքր մասնավոր կենտրոն ղեկավարելու մասին, եւ բոլորովին այլ պատասխանատվություն է, երբ դառնում ես մեծ պետական հիմնարկի ղեկավար:


Անուշ Նավասարդյանը ամուսնու հետ
Լուսանկարը՝ Ա. Նավասարդյանի արխիվից

Այնուամենայնիվ, դասընթացներին հաճախեցի եւ վերջում շատ լավ հանձնեցի քննությունը: Տեղեկացա, որ դպրոցի տնօրենի պաշտոնակատարը մտադիր չէ իր թեկնածությունն առաջադրել, եւ համարձակվեցի հավակնել այդ պաշտոնին:

Այդպես, 2011 թվականի հուլիսին դարձա Երեւանի Աշոտ Նավասարդյանի անվան թիվ 196 դպրոցի տնօրենը:  

Բնավորությամբ լիդեր չեմ, սակայն ինձ համար մեծագույն խթան էր հանդիսանում այն փաստը, որ դպրոցը կրում է հորս անունը, եւ ես պետք է կարողանամ հաղթահարել բնավորությանս այն գծերը, որոնք չեն նպաստելու ղեկավար պաշտոնին, զարգացնեմ եւ ուժեղացնեմ հորս անունը կրող դպրոցը:

- Ի՞նչ բարդությունների առաջ կանգնեցիք՝ ստանձնելով տնօրենի պաշտոնը:

- Դպրոցը հիմնադրվել է 1988 թվականին, Աշոտ Նավասարդյանի անունով անվանակոչվել է 2006-ին: Դպրոցը լավ շենքային պայմաններ ուներ, իսկ նախկին տնօրեններին հաջողվել էր ուժեղ ուսուցչական կազմ հավաքել: Սակայն երբ նոր էի նշանակվել, պարզվեց, որ լուրջ խնդրի առջեւ ենք կանգնած՝ աշակերտների թիվը կտրուկ նվազում էր: Այդ տարի դպրոցն ուներ մոտ 70 շրջանավարտ եւ ընդամենը մեկ առաջին դասարանի ակնկալիք կար:


Անուշ Նավասարդյանը
Լուսանկարը՝ Մեդիամաքս

Ժողով արեցի եւ ասացի, որ մեզ պետք է առնվազն երեք առաջին դասարան հավաքել եւ այնպես անել, որ ծնողներն իրենք շահագրգռված լինեն երեխաներին բերել մեր դպրոց: Այդ ամառ ուսուցիչները արձակուրդ գրեթե չունեցան, երկու ամսվա ընթացքում բազմաթիվ հետաքրքիր միջոցառումներ կազմակերպեցինք՝ ցուցադրելով մեր բոլոր կարողությունները: Արդյունքում, սեպտեմբերի 1-ը սկսեցինք երեք առաջին դասարանով: Իսկ նախորդ տարի արդեն չորս առաջին դասարան ունեինք:

Չեմ թաքցնի՝ ազգանունս ինձ շատ է օգնում: Այն փաստը, որ Աշոտ Նավասարդյանի դուստրն եմ, եւս նպաստում է նրան, որ մարդիկ երեխաներին բերում են մեր դպրոց, քանի որ հիշում են, թե ով էր Աշոտ Նավասարդյանը, եւ ակնկալում, որ բնավորությամբ նման եմ հորս:

Երեխաներս սովորում են իմ ղեկավարած դպրոցում, եւ դա ինչ-որ իմաստով մեծ պատասխանատվություն է եւ՛ իրենց, եւ՛ ինձ համար:

- Ինչպե՞ս է անցնում դպրոցի տնօրենի եւ բազմազավակ մայրիկի առօրյան:

- Առավոտյան արթնանում եմ ժամը 7-ին, 8-ին մեծ երեխաներիս հետ գնում ենք դպրոց, ամուսինս էլ փոքրիկին տանում է մանկապարտեզ:


Անուշ Նավասարդյանը ամուսնու եւ երեխաների հետ
Լուսանկարը՝ Ա. Նավասարդյանի արխիվից

Դպրոցից հետո երեխաները տարբեր խմբակներ են հաճախում, ժամը 17-ին բոլորովս գնում ենք տուն, եւ գրեթե անմիջապես սկսում եմ պատրաստվել հաջորդ օրվան՝ ընթրիք եփել, հագուստ պատրաստել, դասեր ստուգել եւ այլն: Աշխատող կինն ավելի ճիշտ է կազմակերպում իր օրը, եւ եթե հետեւում ես կազմված ժամանակացույցին, կարելի է ամեն ինչ հասցնել: Իհարկե, երեխաներն էլ իրենց հերթին ունեն պարտականություններ, որոնք պետք է կատարեն:

Աշխատանքիս առաջին երկու տարիների ընթացքում գրեթե բոլոր շաբաթ-կիրակի օրերը դպրոցում եմ անցկացրել՝ զբաղվելով բազմաթիվ կազմակերպչական հարցերով: Տանը դա երբեմն դժգոհությունների առիթ էր հանդիսանում, սակայն շնորհակալ եմ ընտանիքիս անդամներին՝ ինձ հասկանալու եւ աջակցելու համար:

- Որքանո՞վ կարեւոր են ֆինանսական միջոցները՝ բազմազավակ ընտանիք ունենալու համար:

- Բազմազավակությունը չեմ ուզում կապել ֆինանսական կարողությունների հետ, բայց նաեւ չեմ հասկանում այն ընտանիքներին, որոնք ապրուստի նորմալ պայմաններ չունենալով` շատ երեխաներ են ունենում, մեկնաբանելով, թե ազգի համար են անում: Երեխային չի կարելի որպես ինքնանպատակ ունենալ, բոլոր երեխաները պետք է հավասարաչափ ապահովված լինեն, եւ խոսքը բոլորովին էլ լավագույնի կամ ամենաթանկի մասին չէ: Միաժամանակ, միջին կենցաղային պայմանները հիմք չեն երեխա չունենալու համար. յուրաքանչյուր երեխա իր հետ հաջողություն է բերում:


Անուշ Նավասարդյանը փոքր դստեր հետ
Լուսանկարը՝ Ա. Նավասարդյանի արխիվից

Ամենակարեւորը՝ չի կարելի մեղադրել երեխային ծնողների անհաջողությունների կամ չկայացման համար: Նա միշտ պետք է իմանա, որ ցանկալի է եղել, եւ իրեն սիրված զգա:  

Անուշ Նավասարդյանի հետ զրուցել է Աննա Բուբուշյանը:

«Բազմազավակ ու գործունյա» շարքում կարդացեք նաեւ հարցազրույցներ «Baby Town» մանկական հագուստի խանութի տնօրեն Գայանե Պողոսյանի եւ «Հրաշք Մանկիկ» մանկապարտեզի տնօրեն Սոնա Մարկոսյանի հետ:

Դիտում՝ 11649
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai