Մհեր Եդիգարյան. «Ուզում ենք, որ հիփոթեքը զարգանա նաեւ մայրաքաղաքից դուրս»

25.07.2014 | 10:00 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /

ՀՀ Ազգային հիփոթեքային ընկերության (ԱՀԸ) գործադիր տնօրեն Մհեր Եդիգարյանի հարցազրույցը Մեդիամաքս գործակալությանը եւ Banks.am պորտալին:

- Պ-ն Եդիգարյան, կխնդրիի խոսենք հայաստանյան հիփոթեքային շուկայի զարգացվածության եւ կառուցվածքի մասին: Ոլորտում աճի տեմպն ինչպե՞ս եք գնահատում:

- Նախ նշեմ, որ հետճգնաժամային իրավիճակը ստիպեց վերանայել վարկավորման պայմանները, ինչը դրական փոփոխություններ բերեց հիփոթեքի պորտֆելում:

Ընթացիկ տարվա ապրիլի վերջի դրությամբ, հայաստանյան հիփոթեքային շուկայի պորտֆելը կազմել է մոտ 168 մլրդ դրամ: Եթե այս ցուցանիշը համեմատենք նախորդ տարվա ավարտին ունեցած տվյալի հետ, ապա աճը կազմել է մոտ 5 մլրդ դրամ, ինչը, տնտեսության եւ վարկավորման ներկա պայմանները հաշվի առնելով, կարող ենք բավական բարձր գնահատել: Ակնկալում ենք, որ աճի տեմպը կպահպանվի մինչեւ տարեվերջ` տարվա ավարտին կազմելով 180 մլրդ դրամ:

Եթե խոսենք շուկայի կառուցվածքի մասին, ապա հիփոթեքային վարկերի գերակշռող մասը բնակարանի ձեռքբերման նպատակով է վերցվում, իսկ շուրջ 25 %-ը վերանորոգման վարկերն են: Ցավոք, հիփոթեքային շուկան կենտրոնացված է Երեւանում, ինչն իր բնական պատճառներն ունի, սակայն Ազգային հիփոթեքային ընկերությունը միտված է նրան, որ այս պրոդուկտը զարգանա նաեւ մայրաքաղաքից դուրս:

- Այս տարի Ազգային հիփոթեքային ընկերությունն իրականացնում է բնակարանային ֆինանսավորման սոցիալական եւ էներգաարդյունավետության բարելավմանն ուղղված ծրագիր: Ինչպիսի՞ն է շահառուների ակտիվությունը:

- Ինչպես գիտեք, բնակարանային միկրովարկերի եւ էներգաարդյունավետության բարձրացման ծրագիրն իրականացվում է Ֆրանսիայի զարգացման գործակալության հետ համատեղ` նրանց տրամադրած ֆինանսական միջոցներով: Ճիշտ է, վարկավորման ծավալներն ու քանակը դեռ փոքր է, սակայն ուրախությամբ ուզում եմ նշել, որ արդեն ունենք առաջին վարկավորումն այս ծրագրի շրջանակներում:

- Ի՞նչ տոկոսադրույք է առաջարկվում ծրագրի շահառուներին:

- Այն բավական մատչելի է: Միկրովարկի համար առավելագույն տոկոսադրույքը 14%-ն է, որի մեջ մտնում է նաեւ ԱՀԸ վերաֆինանսավորման տոկոսադրույքը: Ունենք գործընկերներ, որոնք ավելի մատչելի տոկոսադրույքով են տրամադրում վարկը: Ուզում եմ նշել, որ վարկը տրամադրվում է ՀՀ դրամով եւ չի պահանջում անշարժ գույքի գրավ, ինչն էապես նվազեցնում է վարկառուի ծախսերը: Այս վարկատեսակի համար նախատեսված է 1-6 տարի արտոնյալ ժամանակահատված, որի ընթացում վարկառուն պարտավոր է մարել միայն տոկոսները, այսինքն` մայր գումարի մարում չի նախատեսվում:

Որպես ամենագրավիչ պայման նշեմ, որ ծրագրի համար Եվրամիությունից տրամադրվել է դրամաշնորհ, եւ եթե ստացած միկրովարկի 50%-ը եւ ավելին օգտագործվել է բնակարանների էներգաարդյունավետության բարձրացման նպատակով, ապա վարկառուն վարկի գումարի 10%-ի չափով ԵՄ-ից դրամաշնորհ է ստանում, որով, արտոնյալ ժամանակահատվածի ավարտին, նրա վարկը կնվազի:

Երկրորդ` ավելի խոշոր վարկի համար սահմանված առավելագույն տոկոսադրույքը 11% է, այն եւս դրամով է արտահատված: Էներգաարդյունավետությանն ուղղված վերանորոգման այս վարկատեսակը կտրամադրվի 10 տարի մարման ժամկետով եւ 2 տարի արտոնյալ ժամանակահատվածով: Եթե վարկով ֆինանսավորված աշխատանքների շնորհիվ բնակարանի էներգաարդյունավետությունը բարձրանա 40%-ով, ապա վարկառուն վարկի 5%-ի չափով դրամաշնորհ կստանա: Միտված ենք, որ ծրագիրն ավելի մեծ մասսայականություն վայելի մարզերում, ծրագրի շահառուները չեն կարող լինել Երեւանի կենտրոն համայնքի բնակիչները:

- Հիփոթեքի շուկայի զարգացման ի՞նչ խնդիրներ ու խոչընդոտներ եք տեսնում:

- Հիփոթեքի զարգացումն ուղղակիորեն կապված է տնտեսության հետ: Այս տեսանկյունից մեր հիմնական խնդիրը բնակչության եկամուտների ցածր մակարդակն ու բարձր տոկոսադրույքներն են:

Խոչընդոտներից կառանձնացնեի նաեւ խնայողությունների պակասը: Հաճախ վարկառուն, ունենալով բավական եկամուտներ, չունի կուտակված գումար վարկի կանխավճարի համար, ինչը որոշակի խնդիրներ է առաջացնում: Այս նպատակով մի շարք երկրներում գործում է հիփոթեքի ապահովագրությունը: Այս գործիքը թույլ է տալիս կանխավճար չունենալու դեպքում համապատասխան կառույցից ապահովագրություն ստանալ: Մեզանում եւս ուսումնասիրություններ են կատարվում հիփոթեքային ապահովագրության ներդրման համար, սակայն դա երկար աշխատանք է պահանջում:

- 2013-2014թթ. ՀՀ Ազգային մրցունակության զեկույցի համաձայն, Հայաստանում վարկային տոկոսադրույքները բավական բարձր են եւ նվազման միտում ունեն: Որպես շուկայի մասնակից` ի՞նչ եք կարծում այս մասին:

- Եթե համեմատական զուգահեռ անցկացնենք պետական պարտատոմսերի հետ, որոնք հանդիսանում են ոչ ռիսկային գործիք եւ ունեն 10,5-11% տոկոսադրույք, ապա հիփոթեքային վարկը, լինելով ավելի ռիսկային եւ ավելի ծախսատար, չի կարող ավելի ցածր տոկոսադրույք ունենալ: Այսօր մենք ունենք դրամով արտահայտված 13-14%-ով հիփոթեքային վարկեր, ինչը, իմ կարծիքով, ինչ-որ առումով անգամ ցածր է: Սակայն, համեմատելով վարկերի տոկոսադրույքները բնակչության ցածր եկամուտների հետ, կտեսնենք, որ այն բարձր է:

-Իսկ Դուք որտե՞ղ եք տեսնում նվազման միտումը:

- Առաջին հերթին, պետք է նվազեն ներգրավված միջոցների տոկոսները: Չի կարելի ակնկալել, որ ավանդի տոկոսադրույքը կարող է մնալ, օրինակ, 12 կամ 14%, իսկ այդ ավանդով ֆինանսավորված վարկերի տոկոսադրույքը` 9 կամ 10%: Բանկերն այսօր ներգրավում են միջոցներ 10-11%-ով, որից ցածր տոկոսադրույքով բնակչությունն էլ պատրաստ չէ ավանդ ներդնել:

Տոկոսադրույքի նվազումը կապված է նաեւ տնտեսական աճի հետ. եթե տնտեսությունն աճի, բնակչության եկամուտներն ավելանան, եւ այդ գումարը մտնի բանկային համակարգ, ապա տոկոսներն ինքնըստինքյան կնվազեն: Մենք հույսեր ունենք, որ կենսաթոշակային բարեփոխումները մեծ ու դրական արդյունք կտան, երկարաժամկետ փողերը շատ ավելի արագ կձեւավորվեն, ու տնտեսությունը կաճի:

- Այսօր ինչպե՞ս եք գնահատում հիփոթեքի տրամադրման ժամկետների ու փաստաթղթերի վերաբերյալ պահանջները:

- Իհարկե, փոփոխություն գրանցվել է, եւ դա միանշանակ դրական է: Այժմ ունենք հստակ փաստաթղթերի ցանկ, որը վարկառուն պարտավոր է ներկայացնել վարկատու կազմակերպությանը, իսկ ինչ վերաբերում է ժամկետին, դա վարկատուի ներքին ընթացակարգի մաս է կազմում:

Հաճախ վարկի պատասխանի ուշացումը կապված է բանկի մասնաճյուղերի մեծության կամ քանակի հետ, մինչդեռ ունենք վարկային կազմակերպություններ, որոնք, ոչ մեծ ծավալից ելնելով, 1-2 օրվա ընթացքում ներկայացնում են որոշումը:

Մհեր Եդիգարյանի հետ զրուցել է Սիրանուշ Եղիազարյանը:

Դիտում՝ 3965
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai