Բազմազավակ ու գործունյա. Գայանե Պողոսյան

22.07.2014 | 10:04 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /

Գործունյա կնոջ կերպարը հատուկ հարգանքի է արժանի, քանի որ, չնայած այսօրվա առաջադեմ հայացքներին, գործարար աշխարհը տղամարդկանց է պատկանում, կինն էլ առաջնահերթ ընկալվում է որպես օջախի պահապան:

Երբ տեղեկանում ես, որ գործունյա կինը նաեւ բազմազավակ մայրիկ է՝ հարգանքը վերաճում է անկեղծ հիացմունքի: Եվ պարզվում է, որ երեխաները ոչ միայն չեն խոչընդոտում հաջողություններին, այլ ընդհակառակը՝ յուրահատուկ խթան են հանդիսանում:

Մեդիամաքսը որոշել է ներկայացնել մեր կողքին ապրող այդպիսի մայրիկներից մի քանիսին: Հնարավոր է, որ նրանք՝ մարմնավորելով ժամանակակից հայ կնոջ կերպարը, օրինակ ծառայեն այլ կանանց եւ աղջիկների համար:

Ներկայացնում ենք շարքի առաջին հերոսուհուն.

Գայանե Պողոսյան` 37 տարեկան;
 
«Baby Town» մանկական հագուստի խանութի տնօրեն;

Ունի հինգ երեխա. Քրիստինա՝ 18 տարեկան, Անժելա՝ 15 տարեկան, Մանե՝ 13 տարեկան, Ադրինե՝ 10 տարեկան, Մհեր՝4 տարեկան:

- Ե՞րբ ունեցաք առաջին երեխային:

- Ամուսնացել եմ 18 տարեկանում եւ 19 լրանալուն պես ունեցա առաջնեկիս: Ուսանող էի, սովորում էի ԵՊՀ փիլիսոփայության, սոցիոլոգիայի եւ հոգեբանության ֆակուլտետում: Մինչեւ բուհն ավարտելը ծնվեց նաեւ երկրորդ դուստրս:

- Ի՞ նչը դրդեց Ձեզ՝ բազմազավակ մայրիկ լինելով, սկսել սեփական բիզնեսը:

- Բազմազավակ մայրիկ լինելը երբեք խոչընդոտ չի հանդիսացել կայացմանս հարցում: Կարծում եմ, անկախ նրանից, թե քանի երեխա ունես, պետք է քեզ  ինքնաբավ եւ վստահ զգաս, հետաքրքիր լինես շրջապատի եւ, ամենակարեւորը՝ ամուսնուդ համար:

- Իսկ ինչպե՞ ս ծագեց մանկական հագուստի խանութ բացելու գաղափարը:

- 2002 թվականին, երբ արդեն երեք աղջիկ ունեի, տեղեկացա, որ Ամերիկյան համալսարանում կազմակերպվում են «Կանանց գործարարության դասընթացներ»: Քննություն հանձնեցի (դասերը անգլերեն էին) եւ ընդունվեցի: Երեք ամսվա ընթացքում դասընթացների մասնակիցները պետք է սովորեին բիզնես վարելու հիմունքները՝ հաշվապահությունից մինչեւ բիզնես պլան գրելը:

Որպես ավարտական աշխատանք պետք է հանդես գայինք սեփական բիզնես պլանով, եւ ես ներկայացրեցի հղի կանանց հագուստի արտադրության գաղափարը: Դեռեւս դասընթացների ընթացքում սկսեցի գործնական քայլեր անել՝ իմ էսքիզների հիման վրա հագուստ էի պատվիրում մի փոքրիկ գործարանում: Շնորհանդեսի օրը նորաձեւության փոքրիկ ցուցադրություն կազմակերպեցի՝ հղի աղջիկների մասնակցությամբ: Արդյունքում գրավեցի առաջին տեղը եւ որպես մրցանակ ստացա դրամական պարգեւ՝ 1000 ԱՄՆ դոլարի չափով: Այդ հաղթանակը ինձ շատ ոգեշնչեց եւ ավելի մեծ եռանդով շարունակեցի այդ գործը:

Երբ զբաղվում էի հղիների համար հագուստի արտադրությամբ, շատ էի լսում, որ Երեւանում մանկական հագուստի ընտրությունը մեծ չէ: Նաեւ ինքս՝ բազմազավակ մայրիկ լինելով, զգում էի մանկական հագուստի ընտրության սակավությունը եւ սկսեցի մտածել գործունեությանս ոլորտը փոխելու մասին: Արդեն կուտակել էի որոշակի գումար եւ կարող էի նոր բան սկսել:

2008 թվականին մանկական հագուստի խանութ բացելու գաղափարի մասին պատմեցի ԱՄՆ-ում բնակվող ընկերուհուս եւ արդյունքում որոշեցինք մանկական հագուստ ներկրել ԱՄՆ-ից: Սկզբում շատ փոքր տարածք էինք վարձակալում՝ 15 քմ., որոշ ժամանակ անց այն դարձավ 30 քմ: Այսօր մեր խանութն արդեն 70  քմ է եւ գտնվում է «Տաշիր» առեւտրի կենտրոնի 5-րդ հարկում: Չորս աշխատակից ունենք՝ մենեջեր, երկու վաճառող եւ հաշվապահ:


Գայանե Պողոսյանը
Լուսանկարը՝ Մեդիամաքս:

- Տանը ուն՞եք դայակ, կամ տնային տնտեսուհի:

- Երբ երեխաները փոքր էին, ինձ շատ էին օգնում մայրիկս եւ սկեսուրս: Ցավոք, այսօր երկուսն էլ չկան: Տարբեր փուլերում ունեցել եմ դայակներ, այս պահին դայակի կարիք այլեւս չկա, քանի որ փոքրիկս մանկապարտեզ է հաճախում: Տնային տնտեսուհի ունենք, ով զբաղվում է կենցաղային հարցերով:

- Ինչպե՞ս եք հասցնում Ձեր բոլոր գործերը:

- Ամեն ինչ կախված է ժամանակը ճիշտ կառավարելուց, այսպես ասած՝ time management-ից: Եթե օրը ճիշտ ես պլանավորում, բոլոր գործերը կարելի է հասցնել: Խանութ ամեն օր չեմ գնում, քանի որ աշխատակիցները իրենց գործը լավ գիտեն եւ իմ մշտական ներկայության կարիքն այլեւս չկա:

Առավոտյան արթնանում եմ ժամը 07:30-ին, ճանապարհում եմ ամուսնուս եւ երախաներին: Եթե պետք է խանութ գնամ, փորձում եմ գործնական հանդիպումները նույն օրը նշանակել, որպեսզի տանից դուրս գալն ավելի արդյունավետ օգտագործեմ: Այդպիսի մոտեցումը թույլ է տալիս ավելի շատ ժամանակ անցկացնել երեխաներիս հետ՝ չեմ ցանկանում, որ նրանք տուժեն նրանից, որ ես գործարար կին եմ:

Շատ եմ կարեւորում անձնական ժամանակս: Եթե չհանգստանամ, չեմ կարողանա ոչինչ անել: Շաբաթ եւ կիրակի օրերը ընտանիքով ենք անցկացնում, սիրում ենք հյուրեր ընդունել՝ գրեթե ոչ մի կիրակի չի անցնում առանց հյուրերի:

- Ի՞նչ եք կարծում, շատ երեխաներ ունենալու համար պարտադի՞ր է ֆինանսապես լավ ապահովված լինել:

- Շատերն են ասում, որ ֆինանսական կողմը առաջնային է շատ երեխաներ ունենալու հարցում: Իմ դեպքում ընտանիքս մեծացավ բիզնեսին զուգահեռ: Ինչպես ասում են՝ ամեն երեխան իր «ղսմաթն» ունի, եւ մեզ մոտ հենց այդպես էլ ստացվեց:

- Ձեր ամուսինը ինչպես է վերաբերվում Ձեր՝ գործարար կին լինելուն:

- Նա ինձ միայն ոգեշնչում է եւ ասում է, որ ես կարող եմ եւ պետք է անպայման փորձեմ:


Գայանե Պողոսյանը ամուսնու եւ երեխաների հետ
Լուսանկարը՝ Գ. Պողոսյանի արխիվից:

- Ինչպիսի՞ զգացողություն է՝ ապրել մեծ ընտանիքում:  

- Մեծ ընտանիքում ապրելը շատ հետաքրքիր է, ուրախ, աշխույժ եւ աղմկոտ: Առավել եւս, երբ տանը փոքր երեխաներ կան՝ մթնոլորտը լրիվ այլ է:

Մհերին ունեցել եմ 33 տարեկանում: Շատերը, իմանալով որ 4 աղջիկ ունենք եւ մեկ տղա, ասում են՝ «պարզ է, տղա էիք ուզում, այդ պատճառով էլ այդքան երեխա եք ունեցել»: Իրականում այդպես չէ, քանի որ ի սկզբանե ամուսնուս հետ երազել ենք մեծ ընտանիքի մասին: Նույնիսկ ծրագրում էինք 13 երեխա ունենալ: Ի դեպ, ամուսինս դեռ չի հրաժարվել այդ մտքից (ժպտում է):

Գայանե Պողոսյանի հետ զրուցել է Աննա Բուբուշյանը

Դիտում՝ 9867
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai