Հայաստանի ոսկերչական ազատ տնտեսական գոտին` գործընկերների աչքերով

12.06.2014 | 10:47 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /

2014թ. փետրվարին ՀՀ կառավարությունը հաստատեց «Էյ ջեյ էյ» ոսկերչական ազատ տնտեսական գոտու (ԱՏԳ) ստեղծման ծրագիրը, որի համաձայն առաջիկա երեք տարիների ընթացքում նախատեսվում է ԱՏԳ-ում  ներգրավել  120-150 ընկերություն, որոնք կստեղծեն շուրջ 1500 նոր աշխատատեղ եւ տարեկան կապահովեն $200-250 մլն-ի արտադրանքի արտահանում:

Արդեն ապրիլ ամսին Հայաստանի ոսկերչական ԱՏԳ կազմակերպիչ «Էյ ջեյ Էյ» (AJA) ՓԲԸ-ն 7 ոսկերչական ընկերության հետ համագործակցության համաձայնագրեր կնքեց:

Banks.am պորտալը զրուցել է ընկերություններից  հինգի հետ` պարզելով նրանց գործունեության ուղղությունն ու Հայաստանում Ոսկերչական ազատ տնտեսական գոտու հետ համագործակցության գրավչությունը:

Նշենք, որ «Ազատ տնտեսական գոտիների մասին» ՀՀ օրենքի համաձայն, ազատ տնտեսական գոտում գործունեություն կարող է ծավալել ՀՀ-ում գրանցված իրավաբանական անձը, անհատ ձեռնարկատերը կամ օտարերկրյա կազմակերպության ներկայացուցչությունը, որն ունի Հայաստանի կառավարության կողմից տրված թույլտվություն եւ կազմակերպչի հետ կնքված համապատասխան պայմանագիր:

Ռուսաստանից եկած եւ Հայաստանում հիմնադրված «Արիադնա Ջուվելրի» ընկերությունը զբաղվում է ոսկյա եւ արծաթյա զարդերի արտադրությամբ: Ընկերության ներկայացուցիչ Գոհար Համբարձումյանի խոսքով, Հայաստանի ազատ տնտեսական գոտում ծավալվող գործունեության արդյունքում տարեկան արտադրանքի ծավալը հասնելու է 700 հազարից շուրջ 1 մլն դոլարի:

«Հայաստանում գործող ազատ տնտեսական գոտիների մասին օրենսդրությունը, կազմակերպչի կողմից առաջարկվող բարձրակարգ ենթակառուցվածքները, հմուտ եւ որակյալ հայ վարպետները, անշուշտ, գրավիչ են դարձնում այս երկրի ոսկերչական ԱՏԳ-ն», - Banks.am-ի հետ զրույցում ասել է տնօրենը:

Նրա կարծիքով, կարեւոր նախապայմաններից է նաեւ հայրենիքում գործունեություն ծավալելու հնարավորությունը եւ նոր աշխատատեղերի ստեղծումը: Ընկերության արտադրանքի արտահանման հիմնական շուկան Ռուսաստանն է եւ ԱՊՀ երկրները:

«Վստահ եմ, որ, աշխատելով Ազատ տնտեսական գոտում գործունեություն ծավալող ընկերությունների հետ, նոր գործընկերներ ձեռք կբերենք եւ կընդլայնենք արտահանման աշխարհագրությունը»,- ասել է նա:

ԱՄՆ-ից Հայաստան եկած «Դուրուս»  ընկերությունը զբաղվում է թանկարժեք եւ կիսաթանկարժեք քարերի մշակմամբ, մշակված քարերի իդենտիֆիկացմամբ եւ դասակարգմամբ: Ընկերության տնօրեն Արսեն Քոչարյանի խոսքով, այս տարվա կտրվածքով, ընկերությունը նախատեսում է մշակել 50 հազար կարատ հումք, ինչի արդյունքում կստանա 18 հազար կարատ պատրաստի արտադրանք:

«Ազատ տնտեսական գոտին հնարավորություն է տալիս ակնագործության ոլորտում դուրս գալ միջազգային շուկա: Բացի այդ, գտնել ավելի զարգացած շուկա գնումների ծավալի եւ հումքի վերամշակման պատվերների համար», - նշել է մեր զրուցակիցը:  
Արսեն Քոչարյանը տեղեկացրել է, որ արտադրանքի 90%-ը նախատեսվում է արտահանել եվրոպական եւ ասիական երկրներ, նաեւ Իսրայել: Արտադրանքի իրացման հիմնական շուկան կլինի Ռուսաստանը: «Դուրուս» ընկերությունը մոտ ապագայում նախատեսում է ներկայացուցչություն ունենալ նաեւ այլ երկրների Ազատ տնտեսական գոտիներում:

«Գոլդ Լիս»  ընկերությունը Հայաստան է եկել ԱՄՆ-ից: Այն գործունեություն է ծավալում նոր տեխնոլոգիաների ներդրմամբ ոսկու ստանդարտացված ձուլակտորների արտադրության բնագավառում:  Ընկերության տնօրեն Ջորջ Լիսիկյանն ասել է, որ «Գոլդ Լիս»-ի արտադրանքն արտահանվելու է եվրոպական երկրներ եւ ԱՄՆ, իսկ արտադրական ծավալները կկազմեն տարեկան մինչեւ 400 հազար դոլար:

«Ընդհանրապես, ազատ տնտեսական գոտիներում գործելը շահավետ է բիզնեսի համար, քանի որ հատուկ բարենպաստ պայմաններ են առաջարկվում թե օրենսդրության առումով եւ թե ենթակառուցվածքների: Դրանից բացի, լավ հնարավորություն է ստեղծվում տարբեր երկրներից նույն տարածքում գործող այլ ոսկերչական ընկերությունների հետ համագործակցելու, ծանոթանալու նրանց կողմից բերված նոր տեխնոլոգիաներին, նոր գործընկերային հարաբերություններ հաստատելու նրանց հետ»,- ասել է տնօրենը՝ նշելով, որ սա այն դեպքն է, երբ շահում է եւ պետությունը, եւ մասնավորը:

Հայաստանի Ազատ տնտեսական գոտում ներկայացված մյուս ընկերությունը կրում է «Թանկարժեք»  անվանումը, այն զբաղվում է թանկարժեք ու կիսաթանկարժեք քարերի հղկմամբ եւ դրանց հետագա իրացմամբ: Ռուսաստանից Հայաստան եկած ընկերությունը մոտ ժամանակներում նախատեսում է սկսել նաեւ ադամանդների վերամշակում:

Ընկերության տնօրեն Դարյա Բարոնովան ասել է, որ ներկայումս իրենց սպառման հիմնական շուկան Ռուսաստանն է: Մոտ ապագայում ընկերությունը ծրագրավորում է ընդլայնել արտահանման աշխարհագրությունը:

«Մենք բանակցում ենք ԱՄԷ-ի, Իսրայելի, Չինաստանի, Հոնկոնգի եւ այլ երկրների ընկերությունների հետ»,- պարզաբանել է նա:

Տնօրենի կարծիքով, Ազատ տնտեսական գոտին ցանկացած երկրում ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու առավելություն է ընձեռում: «Մեզ շատ հետաքրքիր է հարկերի բացակայությունը, բիզնեսի վարման ազատությունն ու գործարքների կատարման պայմանների հարմարությունը», - նշել է տնօրենը:

Դարյա Բարոնովան հավելել է, որ Հայաստանից հետո նախատեսում է իր կողմից ղեկավարած ընկերության ներկայացուցչություն բացել նաեւ Դուբայի Ազատ տնտեսական գոտում:

«Պեռլիտ» ընկերությունը, հանդես գալով թանկարժեք բեռների փոխադրման շուկայում առաջատար հանդիսացող համաշխարհային «Մալկա-Ամիթ» ցանցի անդամ, իրականացնում է թանկարժեք իրերի «դռնից դուռ» պաշտպանված փոխադրումներ, որոնք ներառում են ցամաքային եւ օդային հատուկ տեղափոխման, պահեստավորման, մաքսային ձեւակերպման ծառայությունները:

Ընկերության տնօրեն Գայանե Քոչարյանի խոսքով, «Պեռլիտ»-ը նախատեսում է կրկնապատկել արտահանվող բեռների ներկայիս քանակը դեպի ԱՄՆ, Կանադա, Բելգիա, Թայլանդ, Հնդկաստան, Ռուսաստան եւ այլ երկրներ:

«Ազատ տնտեսական գոտու գործածության արդյունքում ակնկալում ենք թանկարժեք բեռների որակյալ եւ պաշտպանված միջազգային  փոխադրումների պահանջարկի աճ, որը հնարավորություն կընձեռնի ընդլայնել մեր ընկերության գործունեությունը», - ասել է նա:

«Մալկա-Ամիթ»-ը աշխարհում գործունեություն է իրականացնում 2004 թվականից Նյու Յորքում, Ժնեւում, Ցյուրիխում, Սինգապուրում եւ Բանգկոկում գտնվող ազատ տնտեսական գոտիներում:

Էլեոնորա Արարատյան
Սիրանուշ Եղիազարյան

Դիտում՝ 5614
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai