Իննեսա Ամիրբեկյան. «ՎԶԵԲ-ի մրցույթը՝ հետաքրքիր մարտահրավեր էր ինձ համար»

06.06.2014 | 10:05 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /

Վերջերս Կոնվերս Բանկի Միջազգային հարաբերությունների պատասխանատու Իննեսա Ամիրբեկյանը երկրորդ անգամ հաղթող է ճանաչվել Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) «Trade Exchange» ամսագրի կազմակերպած «Trade Finance Clinic» միջազգային մրցույթում, որը նվիրված էր միջազգային առեւտրի ֆինանսավորման խնդիրներին:

Իննեսա Ամիրբեկյանը Banks.am-ին պատմել է մրցույթի առանձնահատկությունների մասին,  ինչպես նաեւ անդրադարձել միջազգային առեւտրի ֆինանսավորման ոլորտի ներկայիս զարգացումներին:  

- Banks.am-ի անունից շնորհավորում եմ հաղթանակի կապակցությամբ եւ խնդրում մանրամասնել՝ ի՞նչ նպատակ էր հետապնդում մրցույթը, եւ ի՞նչ պայմաններ էին ներկայացվում մասնակիցներին: Միաժամանակ, ո՞րն էր մրցույթին Ձեր մասնակցության  հիմնական դրդապատճառը:

- Շնորհակալ եմ: Նախ նշեմ, որ «Trade Finance Clinic» միջազգային մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է մեկ տարվա ընթացքում ներկայացնել ամսագրի յուրաքանչյուր համարում տեղադրված խնդրի ճիշտ եւ տրամաբանական լուծում: Խնդիրները հիմնված են միջազգային բանկային պրակտիկայից վերցված իրական դեպքերի վրա եւ կազմվում են առեւտրի ֆինանսավորման փորձագետների կողմից: Տարբեր երկրների բանկերում աշխատող առեւտրի ֆինանսավորման մասնագետներին ընձեռնվում է հնարավորություն ցուցաբերել փաստաթղթային ակրեդիտիվների եւ բանկային երաշխիքիների ոլորտում վիճահարույց խնդիրների լուծման իրենց ունակությունները, ներկայացնել մասնագիտական կարծիքը եւ գտնել խնդրի ճիշտ, սպառիչ եւ տրամաբանական լուծումը՝ հիմնված բանկային պրակտիկայի միջազգային ստանդարտների եւ կանոնների ճիշտ մեկնաբանության վրա:

2012 թ-ին կայացած առաջին մրցույթն յուրահատուկ էր եւ աննախադեպ: Դա հետաքրքիր մարտահրավեր էր ինձ համար՝ հայտնվել առեւտրի ֆինանսավորման փորձագետի կարգավիճակում եւ փորձել անկողմնակալ եւ արդար լուծում գտնել բազմաթիվ հետաքրքիր փաստաթղթային իրավիճակներում: Մեկ տարվա ընթացքում ճիշտ լուծելով բոլոր խնդիրները՝ արժանացա  «Gold Winner» մրցանակին: Ոգեւորված լինելով առաջին հաղթանակից՝ որոշեցի մասնակցել նաեւ հաջորդ՝ 2013 թ-ին անցկացված մրցույթին եւ կրկին պարգեւատրվեցի բարձրագույն մրցանակով: Ինչպես նաեւ ստացա հնարավորություն մասնակցելու մեկշաբաթյա «The EBRD TFP Workshop» սեմինարին Վիեննայում:

Ինձ համար շատ հաճելի էր նաեւ, որ 2013թ. «Trade Finance Clinic» մրցույթի շրջանակներում պատասխաններիցս մեկը փորձագետների գնահատող հանձնաժողովի կողմից ընտրվել էր որպես մոդելային պատասխան եւ հրապարակվել ՎԶԵԲ-ի «Trade Exchange» ամսագրի վերջին համարում:

- Ի՞նչ եք նկատում, որքանո՞վ արդյունավետ են օգտագործվում այսօր հայաստանյան տնտեսվարողների կողմից միջազգային առեւտրի ֆինանսավորման գործիքները, եւ, ի վերջո, որքանո՞վ են դրանք պարզեցնում առեւտրային գործարքներն ու նպաստում ռիսկերի կառավարմանը:

- Առեւտրի ֆինանսավորման ավանդական գործիքները՝ ակրեդիտիվները եւ բանկային երաշխիքները, իսկապես, պահանջված են այսօր, քանի որ հայաստանյան գործարարները ձգտում են նվազագույնի հասցնել առեւտրային ռիսկերը եւ ծախսերը:

Գնային առումով առեւտրի ֆինանսավորումը շատ ավելի շահավետ է, քան սովորական վարկավորումը: Կախված գործարքի կառուցվածքից՝ օգուտը կարող է լինել շատ էական: Միաժամանակ, առեւտրի ֆինանսավորման գործիքներն էապես նվազեցնում են միջազգային առեւտրում առկա ռիսկերը՝ ինչպես գնորդների, այնպես էլ վաճառողների համար:  Ակրեդիտիվները եւ երաշխիքները բանկի ֆինանսական պարտավորություններն են, որոնք կարգավորվում են ICC (Միջազգահյին առեւտրի պալատի) հատուկ միասնական կանոններով:

Օրինակ, թողարկելով ակրեդիտիվ, գնորդը ստանում է ներմուծված ապրանքների քանակի եւ որակի հսկողության ապահովման հնարավորություն: Ակրեդիտիվներով սահմանված վճարումն իրականացվում է միայն այն փաստաթղթերի ներկայացման դեպքում, որոնք կազմված են համապատասխան ձեւով եւ արտացոլում են գնորդի պահանջները (քանակ, որակ, բեռի ապահովագրություն, առաքման ժամկետներ, փաթեթավորում, փոխադրման եղանակ եւ այլն): Միաժամանակ, վաճառողը, ստանալով ակրեդիտիվն իր օգտին, ձեռք է բերում վստահություն, որ կստանա համապատասխան վճարումը ժամանակին՝ իր կողմից առաքված ապրանքների կամ մատուցված ծառայութնունների դիմաց:

Ինչպես ցույց է տալիս փորձը, Հայաստանում միջազգային առեւտրի ոլորտում գործունեություն ծավալող կազմակերպությունները, մասնավորապես՝ ՓՄՁ-ները, շատ դեպքերում տեղեկացված չեն, որ առեւտրի ֆինանսավորման գործիքները թույլ են տալիս նվազեցնել առեւտրային ռիսկերը եւ պարզեցնել վճարման գործընթացները: Նրանք դիմում են բանկերին ավանդական վարկեր ստանալու համար:

- Իսկ կա՞ն արդյոք նորամուծություններ՝ ոլորտի վերաբերյալ տեղեկացվածության մակարդակի բարձրացման առումով:

- Մենք կարեւորում ենք մեր հաճախորդների ֆինանսական գրագիտության մակարդակի բարձրացումը: Ցանկացած նորամուծություն այդ ոլորտում կարելի է համարել հաջողված, երբ այն հանգեցնում է դրական փոփոխությունների եւ օգնում ճիշտ լուծումներ գտնել եւ ապագայում դրանք կիրառել: Այդ տեսանկյունից առավել էֆեկտիվ են համարվում օնլայն ուսուցման ծրագրերը, որոնք հասանելի են ցանկացած պահին եւ ցանկացած տեղում:

Վերջերս, ՎԶԵԲ-ի կողմից մշակված «Introduction to Trade Finance» հատուկ օնլայն ուսուցողական ծրագրի շնորհիվ, առեւտրի ֆինանսավորման ոլորտում Կոնվերս Բանկը հնարավորություն ստացավ տրամադրել ուսուցում իր հաճախորդներին օնլայն ռեժիմում: Ծրագիրը նախատեսված է միջազգային առեւտրի ֆինանսավորման գործիքների ինքնուրույն ուսումնասիրության համար: Կարճաժամկետ ուսուցման դասընթացի ընթացքում օգտագործողները կարող են ծանոթանալ միջազգային հաշվարկների հիմնական ձեւերի հետ, հասկանալ փաստաթղթային ակրեդիտիվների կիրառման առավելությունները եւ հարմարավետությունը, տեղեկություն ստանալ երաշխիքների օգտագործման մանրամասների մասին, ծանոթանալ հիմնական փաստաթղթերին, ինչպես նաեւ Incoterms 2010 կանոններին:

- Օգտվելով առիթից, կխնդրեինք ներկայացնել Կոնվերս Բանկի գործառույթներն ու վերջին զարգացումները՝ կապված  միջազգային առեւտրի ֆինանսավորման հետ:

- Ներկայումս Կոնվերս Բանկը շահագրգռված է էապես զարգացնել առեւտրի ֆինանսավորումը: Մեր նպատակն է միջազգային առեւտրի ֆինանսավորման գործիքների եւ նպատակային ֆինանսավորման միջոցով խթանել թե ներմուծողների, թե արտահանողների բիզնեսի զարգացումը:

Նշեմ, որ վերջերս Կոնվերս Բանկը կայուն աճի տեմպեր է գրանցում առեւտրի ֆինանսավորման ոլորտում: 2014թ. առաջին եռամսյակի դրությամբ եռապատկվել է ակրեդիտիվների եւ բանկային երաշխիքների պորտֆելը 2013թ. նույն ժամանակահատվածի համեմատ:  Նաեւ ընդլայնվել է գործառնությունների աշխարհագրությունը՝ հիմնականում Առեւտրի խթանման ծրագրի շրջանակներում ՎԶԵԲ-ի հետ համագործակցության շնորհիվ: Նշեմ, որ Կոնվերս Բանկը հանդիսանում է ՎԶԵԲ-ի Առեւտրի խթանման ծրագրի մասնակից 2009 թ-ից:

Հաշվի առնելով արտաքին առեւտրի ոլորտում արտասահմանյան եւ միջազգային ֆինանսական կառույցների աջակցության կարեւորությունը եւ արտաքին փոխառությունների առավելությունները՝ մենք մշտապես զարգացնում ենք գործարար կապերը աշխարհի առաջատար բանկերի եւ կառույցների հետ: Կոնվերս Բանկը առեւտրային գործառնությունների իրականացման համար ստացել է վարկային գիծ մի շարք առաջնակարգ բանկերից եւ վարկային կազմակերպություններից, ինչպիսիք են Unicredit Group, Commerzbank AG, Atlantic Forfaitierung AG եւ այլն:

Միջազգային ֆինանսական գործառնությունների շուկայում աճող մրցակցության պայմաններում իր դիրքերն ամրապնդելու նպատակով Կոնվերս Բանկը զարգացնում եւ կատարելագործում է արտաքին առեւտրի ոլորտում հաճախորդներին առաջարկվող ծառայությունները, մշակում առեւտրի ֆինանսավորման նոր պրոդոկտներ: Կոնվերս Բանկի քաղաքականությունն է՝ մատուցել լիարժեք խորհրդատվություն եւ աջակցություն իր հաճախորդներին առեւտրի ֆինանսավորման գործիքների վերաբերյալ: Մեր մասնագետները, ունենալով մեծ փորձ եւ բարձր մասնագիտական պատրաստվածություն, աջակցում են հաճախորդներին բանակցել իրենց գործընկերների հետ, օգնում են մշակել առեւտրային պայմանագրերի վճարման դրույթները, ընտրել հաշվարկների օպտիմալ սխեմաները՝ պաշտպանելով հաճախորդների շահերը:

Իննեսա Ամիրբեկյանի հետ զրուցել է Խորեն Օրմանյանը:

Դիտում՝ 6493
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai