Հայ-վրացական գործարար կապեր. հայացք Վրաստանից

07.04.2014 | 10:21 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /

Գաղտնիք չէ, որ շրջափակման մեջ գտնվող Հայաստանի համար Վրաստանի հետ առեւտրային հարաբերություններն ունեն կենսական նշանակություն: Որքանո՞վ է օգտագործվում առկա ներուժը, եւ զարգացման ի՞նչ նախադրյալներ կան երկու երկրների տնտեսական հարաբերություններում: Թեմայի շուրջ Banks.am-ը զրուցել է Թբիլիսիի պետական համալսարանի ռեկտորի խորհրդական, տնտեսագետ Իրակլի Մուրցխվալաձեի հետ:  

- 2013 թ-ին Հայաստանի եւ Վրաստանի միջեւ որոշ չափով ակտիվացել է ապրանքաշրջանառությունը, մասնավորապես, աճել են Հայաստանից Վրաստան արտահանման ծավալները: Ինչի՞ հաշվին է արձանագրվել այս տեղաշարժը:

- Հայ-վրացական առեւտրային հարաբերությունները դիտարկելիս՝ պետք է նշել, որ  նախկինում ավելի շատ Վրաստանն էր ապրանքներ արտահանում Հայաստան: Իսկ Հայաստանից Վրաստան արտահանումը շատ սահամանափակ էր: Այն կազմում էր Վրաստանի ներմուծման ծավալների մոտ 0.9%-ը:

Սակայն 2013 թ-ին Հայաստանից Վրաստան ներմուծման ծավալներն աճել են: Այժմ այն կազմում է Վրաստանի ընդհանուր ներկրումների 2.5%-ը: Սա մեծ առաջընթաց է: Աճի պատճառներից կարելի է դիտարկել այն, որ հայկական ընկերություններն արտահանում են Վրաստանում վերջին տարիների ընթացքում ճանաչում գտած ապրանքանիշեր, այդ իսկ պատճառով վրացական շուկան նրանց ողջունում է: Օրինակ, հայկական սուրճը, որը 5 տարի առաջ Վրաստանում անհայտ էր, այսօր մեծ պահանջարկ ունի: Հայկական սուրճի մի քանի ներկրողներ վրացական շուկայում ակտիվ գործունեություն են ծավալում, առկա են նաեւ տեղաբաշխման ցանցեր:

Հիշենք նաեւ, որ Վրաստանը Հայաստանի համար գլխավոր տարանցիկ ուղին է`  անհրաժեշտ ապրանքներ ներկրելու համար: Դրանց որոշակի մասն ուղիղ վրացական ներկրում է, ինչպես վրացական գարեջուրը, լիմոնադը, ցիտրուսային մրգերը: Բայց մի մասն անուղղակի ներկրում է դեպի Հայաստան՝ Վրաստանի տարածքով: Օրինակ, ավտոմեքենաները, որոնք վրացիները գնում են Գերմանիայում, ապա վաճառում հայերին: Սա չի համարվում մեր արտադրությունը, բայց նորից հաշվվում է որպես Վրաստանից Հայաստան ներմուծում:

- Այնուամենայնիվ, Վրաստանի առեւտրային գործընկերների եռյակը գլխավորում են Թուրքիան, Ադրբեջանը եւ Ռուսաստանը: Արդյո՞ք Թուրքիայի եւ Ադրբեջանի ազդեցիկ գործոնը չի անդրադառնա հայ-վրացական տնտեսական հարաբերությունների հետագա աշխուժացման վրա:

-Կասկածում եմ, որ այդ գործոնը կարող է ինչ-որ կերպ ազդել մեր տնտեսական հարաբերությունների վրա, որովհետեւ, օրինակ, Վրաստանի եւ Ադրբեջանի միջեւ տնտեսական հարաբերությունների հիմքում ընկած են գլխավորապես էներգետիկ ռեսուրսները, հատկապես նավթը: Մյուս կողմից, մենք վերագործարկել ենք մեր տնտեսական կապերը Հայաստանի ռազմավարական դաշնակից համարվող  Ռուսաստանի հետ: Խոսքը ալկոհոլային խմիչքների, հանքային ջրերի եւ որոշ գյուղատնտեսական ապրանքների Ռուսաստան արտահանելու մասին է: Ուզում եմ ասել, որ, օրինակ, ռուս-վրացական առեւտրային հարաբերությունները եւս չեն կարող ունենալ բացասական ազդեցություն վրաց-թուրքական կամ, ասենք, հայ-վրացական հարաբերություների վրա:  

- Հայաստանում շատ է խոսվում դեպի Վրաստան հայկական կապիտալի արտահոսքի մասին: Ի՞նչ կասեք այդ մասին:

- Հայաստանից Վրաստան կապիտալի արտահոսքի մի քանի հստակ պատճառներ կան: Առաջինը հայ ներդրողների կողմից վրացական շուկայի լավ իմացությունն է: Նրանց մեծ մասը մեծացել է Վրաստանում եւ տեղյակ է, թե ինչ պահանջարկ ունի վրացական շուկան եւ  ինչպես կարելի է այն օգտագործել ու շահույթ ստանալ: Բացի այդ, նրանք Վրաստանում ունեն ընկերներ, որոնց կարող են վստահել եւ համատեղ բիզնես վարել:

- Վրաստանը ներառված չէ Հայաստանում ներդրումներ իրականացնող երկրների հնգյակում: Ինչո՞վ է պայմանավորված վրաց գործարարների շրջանում հայկական շուկայի հանդեպ հետաքրքրության պակասը:

-Այնպես չէ, որ հայկական շուկան մեզ համար հետաքրքիր չէ: Հետաքրքրված ենք, բայց, ի տարբերություն հայ բիզնեսմենների, վրացիները Հայաստանում չունեն այն առավելությունները, որոնք ունեն հայ գործարարները Վրաստանում: Այսօր Վրաստանում մեծ թվով հայեր են բնակվում: Իսկ Հայաստանը միատարր երկիր է, եւ, իմ տեղեկություններով, ձեր երկրում բնակվում է ընդամենը 90 վրացի ընտանիք: Այնպես որ, Հայաստանում չկան բավարար թվով վրացիներ, ովքեր տեղյակ կլինեին հայկական բիզնեսի նրբություններին: Միեւնույն ժամանակ, թեեւ մենք թոփ 5 երկրների ցանկում չենք, բայց Վրաստանից Հայաստան որոշ քանակությամբ ներդրումներ կատարվում են: Ուղղակի պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ, ինչպես Հայաստանը, այնպես էլ Վրաստանը փոքր երկրներ են, եւ հայկական շուկայում մենք չենք կարող մրցակցել այնպիսի ներդրողների հետ, ինչպիսիք են ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

- Երեք տարի առաջ Վրաստանը հայաստանցի ներդրողներին մի գրավիչ առաջարկ արեց: Վրաստանը Սեւ ծովի մերձափնյա շրջաններում հյուրանոցների կառուցման համար առաջարկում էր տարածքներ՝  15 տարով ազատելով հարկերից: Ի՞նչ ընթացք ստացավ այդ առաջարկը:

- Առաջարկվող պայմաններին ավելի մանրամասն կարելի է ծանոթանալ Վրաստանի էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարարությունից: Քոբուլեթիի եւ Անակլիայի շրջաններում ամենաքիչը 50 սենյակ ունեցող հյուրանոցների սեփականատերերը, ովքեր $1 մլն-ից ավելի ներդրում են կատարել, 15 տարի ժամկետով ազատվում են գույքահարկի եւ շահութահարկի վճարումից:  

- 2013 թ-ին Վրաստան այցելած զբոսաշրջիկների թվով Հայաստանը զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը, ինչը, բնականաբար, պայմանավորված է ծովի առկայությամբ: Ձեր գնահատմամբ, Վրաստանում առկա զբոսաշրջային ինդուստրիան առաջարկու՞մ է բավարար պայմաններ սպասարկման առումով:

- Վերջին տարիներին այս ոլորտը բավական զարգացել է: Զբոսաշրջությունը Վրաստանի տնտեսական զարգացման կարեւորագույն ուղղություններից է: Մենք մեծ արտոնություններ ենք ընձեռում ներդրողներին: Ի դեպ, պետությունը եւս ներդրումներ է կատարում ենթակառուցվածքներում: Մենք նպատակ ունենք գրավել ոչ միայն նոր զբոսաշրջիկների, այլեւ նպաստել նախկինում Վրաստան այցելած զբոսաշրջիկների վերադարձին: Երկրորդ տուրիստական ուղղությունը, որն այս պահին փորձում ենք զարգացնել, լեռնային տուրիզմն է եւ դահուկային հանգստավայրերը, օրինակ՝  Գուդաուրի, Բակուրիանի:  Փորձում ենք նաեւ նորամուծություններով հանդես գալ, ինչպես, օրինակ, խոհանոցային տուրիզմը` ազգային ուտելիքի ու խմիչքի պատշաճ ներկայացմամբ:

- ՏՏ ոլորտը համարվում է Հայաստանի տնտեսության գերակա ուղղություն:  Վրաստանում հետաքրքրվա՞ծ են Հայաստանի ՏՏ ներուժի օգտագործմամբ:

- Կարծում եմ, Հայաստանն ինքը պետք է քայլեր ձեռնարկի՝ Վրաստանում գովազդելու իր ՏՏ ներուժը, չէ՞ որ  այդպես է աշխատում բիզնեսը: Մենք չենք պատրաստվում գալ Հայաստան ու հարցնել, թե ինչ լավ գաղափարներ ունեք, որոնք մեր երկրում կարելի է իրագործել:  Չե՞ք ուզում ինքներդ այդ մասին մեզ հայտնել: Հայաստանցի մասնագետների համար սա լավ հնարավորություն է իրենց բիզնեսը տարածելու ինչպես վրացական, այնպես էլ Թբիլիսիում գործող օտարերկրյա ընկերությունների շրջանում: Ուստի, վրացական շուկայում գովազդվելը նրանց հնարավորություն կտա որպես թիրախ ունենալ ոչ միայն վրացական, այլեւ միջազգային շուկան:

- Հայաստանի եւ Վրաստանի նախագահները վերջերս հայտարարեցին, որ Հայաստանի` Մաքսային միությանը միանալու որոշումը չի ունենա որեւէ ազդեցություն հայ-վրացական հարաբերությունների վրա: Ինչքանո՞վ է այս մոտեցումն իրատեսական:

- Բարդ է կանխատեսել, թե ինչ կկատարվի ապագայում, բայց յուրաքանչյուր պետություն ազատ է անելու այն, ինչ, նրա կարծիքով, լավագույնն է իր համար: Հայաստանի կառավարությունը որոշում է կայացրել միանալու Մաքսային միությանը, իսկ Վրաստանի կառավարությունը պատրաստվում է եվրոպական եւ եվրաատլանտյան ինտեգրացիային: Պատրաստվում ենք ստորագրել ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը, ինչն ենթադրում է նաեւ Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի համաձայնագրի ստորագրում: Սա կհեշտացնի ԵՄ-ի հետ Վրաստանի առեւտրային հարաբերությունները:

Մյուս կողմից, մենք աչք չենք փակում Ռուսաստանի վրա եւ նրա հետ եւս կշարունակենք առեւտրային հարաբերությունները: Կարծում եմ, այս համաձայնագրերն ավելի շատ հնարավորություններ, քան խոչընդոտներ են ստեղծում:

- Անհերքելի է , որ Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի կառավարման տարիներին բիզնեսով զբաղվելու պայմանները Վրաստանում  դյուրացվեցին: Այս առումով ի՞նչ քաղաքականություն է վարում Վրաստանի ներկայիս նախագահը:

- Ըստ իս, այսօր պայմանները նույնիսկ շատ ավելի լավն են, քանի որ Սահակաշվիլիի իշխանության տարիներին արվածն ավելի է ամրապնդվել: Ունենք դրական փոփոխություններ եւս: Նախկինում միջազգային հանրությունը քննադատում էր Վրաստանում սեփականության իրավունքի հետ  կապված խնդիրները: Այսօր այդ ոլորտում արդեն լուրջ բարեփոխումներ են կատարվել, եւ Վրաստանում բիզնեսով զբաղվելը դարձել է անվտանգ: Այլեւս ոչ ոք չի կարող միջամտել ձեր բիզնեսին: Միակ բանը, որ պարտավոր կլինեք անել, հարկերը ժամանակին վճարելն է:

Իրակլի Մուրցխվալաձեի հետ զրուցել է Նարինե Դանեղյանը:

Դիտում՝ 7893
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai