Բիզնես էթիկա. հայաստանյան իրականություն

02.04.2014 | 10:49 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /

Բրիտանական հեղինակավոր The Economist ամսագիրը, հատուկ ուսումնասիրություն նվիրելով բիզնես էթիկային, գրում է. «Անցել են այն ժամանակները, երբ ընկերության համար բավարար էր առանց օրենքները խախտելու գործունեություն ծավալելն ու շահույթ ստանալը: Այսօր ընկերությունները ստիպված են հոգալ ավելի քիչ շահույթի եւ ավելի շատ էթիկայի մասին»:

Զարգացած երկրներում բիզնես էթիկան վաղուց ոչ միայն մրցակցային առավելություն ստանալու հնարավորություն է եւ առօրյա գործերի վարման պարտադիր բաղադրիչ, այլեւ առանձին գիտական ուղղություն: Հայաստանյան գործարար հանրության կողմից բիզնես էթիկայի նորմերի կիրառման մակարդակի մասին Banks.am-ը զրուցել է Քաղաքացիական զարգացման եւ համագործակցության հիմնադրամի (CDPF) տնօրեն, գործարար ղեկավարման եւ տեղեկատվական տեխնոլոգիաների կառավարման ոլորտի մասնագետ Արմեն Ղալումյանի հետ:

Բիզնես էթիկան ընկերության ներսում

Արմեն Ղալումյանի կարծիքով, կորպորատիվ բիզնես էթիկան միանշանակ Հայաստանում առաջընթաց է արձանագրում, որը մեծամասամբ պայմանավորված է միջազգային ընկերությունների հայաստանյան մասնաճյուղերի եւ արտասահմանում վերապատրաստված տեղացի ղեկավարների առկայությամբ:

«Միջազգային կազմակերպություններն իրենց հետ ներմուծում են էթիկայի կորպորատիվ ստանդարտներ, որոնք շատ հաճախ ամրագրված են համապատասխան փաստաթղթերով (code of ethics, code of business conduct): Նման կազմակերպություններում յուրաքանչյուր աշխատակից աշխատանքային պայմանագրին զուգահեռ ստորագրում է նաեւ այդ փաստաթուղթը`պարտավորվելով պահպանել վարվելակերպի կանոնները: Այս կազմակերպությունների կողմից կիրառվող նորմերը հետզհետե թափանցում են նաեւ հայաստանյան կազմակերպություններ: Մեկ այլ կարեւոր գործոն է տեղացի ղեկավարների` արտասահմանում ստացած կրթության կամ վերապատրաստման փաստը: Ըստ իմ դիտարկումների, այն կազմակերպություններում, որտեղ ղեկավարները կրթություն են ստացել արտասահմանում, միջանձնային շփումները ղեկավարների եւ աշխատողների, ինչպես նաեւ հենց աշխատակիցների միջեւ ավելի պրոֆեսիոնալ մակարդակի են, կիրառվում է «բաց դռների» քաղաքականություն (open door policy), հարաբերությունները ծավալվում են հավասարը հավասարի հետ սկզբունքով եւ ձեւավորված է ներկազմակերպական հատուկ մշակույթ»,- նշում է Արմեն Ղալումյանը:

«Եթե դիտարկենք բիզնես էթիկայի կիրառումն ըստ ոլորտների, ապա դրական առումով առանձնանում են ոչ առեւտրային կառույցները, հեռահաղորդակցության ոլորտի կազմակերպությունները, որտեղ գերակշռում են թերեւս միջազգային կապիտալով ընկերությունները, սակայն կան նաեւ Ucom-ի նման տեղական ընկերություններ, որոնք փորձում են դրանց չզիջել:

Կորպորատիվ բիզնես էթիկայի առումով միջինից բարձր մակարդակ է բանկային ոլորտում: Այստեղ եւս կան «օրինակ ծառայող» միջազգային բանկեր` Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը, ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ը, ՊրոԿրեդիտ Բանկը եւ այլն: Էյչ-Էս-Բի-Սի-ն առաջին բանկերից մեկն էր Հայաստանում, եւ հետագայում յուրաքանչյուր առեւտրային բանկ, որ մուտք էր գործում շուկա, չուներ այլընտրանք, քան կորպորատիվ էթիկայի տեսանկյունից Էյչ-Էս-Բի-Սի-ի օրինակին հետեւելը, որպեսզի մրցակցության առումով չզիջի:

Այլ է իրավիճակն առեւտրի եւ ծառայությունների ոլորտում, որտեղ կորպորատիվ բիզնես էթիկան դեռեւս բավականին ցածր մակարդակի վրա է. առկա է շահագործողական մոտեցում, ընդգծված է ղեկավար-աշխատող հիերարխիան, իսկ աշխատակիցների շփումներում էթիկայի դրսեւորումները սահմանափակ են»,- ասում է մեր զրուցակիցը:

Բիզնես էթիկան հանրային ծառայություններ մատուցող ընկերությունների եւ հաճախորդների միջեւ

Այս մակարդակում բիզնես էթիկայի պահպանումն ենթադրում է նախ եւ առաջ հարգալից վերաբերմունք ընկերության հաճախորդների նկատմամբ, առաջարկվող ծառայությունների մատչելի ձեւով ներկայացնում, հաճախորդների պահանջմունքների ու ակնկալիքների պատշաճ բավարարում:

Արմեն Ղալումյանի կարծիքով, այս մակարդակում բիզնես էթիկան մեզանում դինամիկ աճ է գրանցում, եւ դա մի կողմից պայմանավորված է նրանով, որ հանրային ծառայություններ մատուցող ընկերությունների եւ հաճախորդների միջեւ էթիկայի պահպանումն ուղղակիորեն անդրադառնում է ընկերության շահույթի վրա, մյուս կողմից՝ շատ են այլընտրանքները. դժգոհ սպառողը պարզապես կարող է փոխել սպասարկող ընկերությունը:  

«Հաճախորդների հետ շփման առումով էթիկան բարձր է բանկային եւ հեռահաղորդակցության ոլորտի ընկերություններում, ընդ որում թե անմիջապես սպասարկման, եւ թե տեխնիկական անձնակազմի պարագայում: Հատկապես բանկային ոլորտում սա կապված է նաեւ ներքին կորպորատիվ էթիկայի հետ, քանի որ, եթե կազմակերպության ներսում չլինի առողջ մթնոլորտ, դա անպայման կանդրադառնա սպասարկման որակի վրա:

Առեւտրի ոլորտն այս պարագայում եւս աչքի չընկնող օրինակներից է, իսկ պատճառները շատ են. աշխատողների ծանրաբեռնվածություն, աշխատանքային երկար ժամեր, ցածր աշխատավարձ, մենեջերների կրթության պակաս, ինչն ակնհայտորեն անդրադառնում է հաճախորդների հետ հարաբերությունների եւ վերջիններիս սպասարկման որակի վրա»,- նշում է Արմեն Ղալումյանը:

Բիզնես էթիկան մրցակից ընկերությունների միջեւ

Արմեն Ղալումյանի կարծիքով, մրցակից հանդիսացող ընկերությունների միջեւ էթիկայի կանոնները խախտվում են հաճախակի եւ բոլոր ոլորտներում:

«Օրինակ, հեռահաղորդակցության ոլորտի ընկերությունները, որոնք հետեւողական են էթիկայի նորմերի պահպանման առումով մյուս մակարդակներում, այս մակարդակում մի փոքր «թերանում են»: Չնայած միմյանց նկատմամբ արտաքին բարեհաճ վերաբերմունքի` առկա է որոշակի «խանդի» գործոն, այնչափ, որ հաճախ մրցակից ընկերությունները խուսափում են ներկա գտնվել միեւնույն միջոցառմանը: Չի պահպանվում էթիկան նաեւ գովազդներում, որոնցում կրկնօրինակվում են մրցակիցների առաջարկները:

Մրցակցության էթիկան ցածր է նաեւ առեւտրի ոլորտում, եւ «Carrefour» միջազգային ցանցի մուտքին խոչընդոտումը հայաստանյան շուկա դրա օրինակներից է: Թե ինչ մեթոդներով է դա տեղի ունենում, գիտեն սահմանափակ թվով մարդիկ, սակայն մրցակցության էթիկան ենթադրում է շուկա մուտք գործելու արգելքների բացակայություն: Այստեղ չեմ կարող չանդրադառնալ ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի դերին, որի կարեւորագույն գործառույթներից է հետեւել շուկաներում տիրող իրավիճակին եւ բացահայտել անբարեխիղճ մրցակցության դրսեւորումները` ապահովելով առողջ եւ արդար մրցակցության առկայություն»,- ասում է Արմեն Ղալումյանը:

Բիզնես էթիկան B2B մակարդակում

Արմեն Ղալումյանի խոսքերով` B2B (bussiness to bussiness) մակարդակում բիզնես էթիկան զիջում է մյուս բոլոր մակարդակներին, հատկապես այն պատճառով, որ հարաբերությունները ծավալվում են «վարագույրի ետեւում» եւ շատ հաճախ տեսանելի չեն հանրությանը եւ հասարակ սպառողին, հետեւաբար՝ հանրային իմիջը վնասելու ռիսկը փոքր է:

«Բոլոր այն խմբերը, որոնք արդեն առանձնացրել էի `միջազգային եւ ոչ առեւտրային կազմակերպություններ, հեռահաղորդակցության եւ բանկային ոլորտի ընկերություններ, այստեղ նույնպես առաջատար դիրքերում են, քանի որ բիզնես էթիկայի նորմերի պահպանումը պահանջում է համալիր մոտեցում բոլոր մակարդակներում»:

Ըստ մեր զրուցակցի, առեւտրի ոլորտը B2B մակարդակում, հատկապես մատակարարների հետ հարաբերություններում, ունի բիզնես էթիկայի հետ կապված այնպիսի լուրջ խնդիրներ, ինչպիսիք են մատակարարման ժամկետների խախտում, վճարումների ուշացում, հարաբերություններում առկա ընդհանուր լարվածություն եւ այլն:

«Սա որոշ չափով պետք է վերագրել նաեւ հայկական իրականությանը. քաղաքակիրթ առեւտուրը մեզանում դեռեւս միայն բարի ցանկություն է: Այնուամենայնիվ, վաղ թե ուշ բոլորն էլ յուրացնելու են բիզնես էթիկայի չափանիշները` շփվելով «օրինակելի» ընկերությունների հետ եւ ենթարկվելով մրցակցության ու շուկայի պահանջներին»,- եզրափակել է Արմեն Ղալումյանը:

Շուշան Մարգարյան

Դիտում՝ 9240
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai