«Ֆասթ Կրեդիտ». Ցանկացած կազմակերպություն ամուր է իր հաճախորդներով

01.04.2014 | 12:49 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /

Ս.թ. ապրիլի 1-ին «Ֆասթ Կրեդիտ» ընկերությունը նշում է հիմնադրման 20-ամյակը: Ընկերության կողմից դեռեւս 1994 թ-ին սկիզբ դրած գրավատնային գործունեությունը վերջին տարիների ընթացքում տրանսֆորմացվում է նոր հարթության:  Մասնավորապես, հաճախորդների ավելի արագ եւ որակյալ սպասարկման նպատակով «Ֆասթ Կրեդիտ»-ի հիմնադիրների կողմից 2011-ի աշնանը հիմնվեց «Ֆասթ Կրեդիտ Կապիտալ» ՈՒՎԿ-ն եւ սկսվեց գրավատների՝ վարկային կազմակերպության մասնաճյուղային ցանցի վերակազմավորման գործընթացը:

«Ֆասթ Կրեդիտ»-ի հոբելյանի նախօրեին Banks.am-ը զրուցել է «Ֆասթ Կրեդիտ Կապիտալ» ՈՒՎԿ-ի Գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Ղոնջեյանի հետ:

- Ի՞նչ փուլում է գտնվում գրավատների՝ մասնաճյուղային ցանցի վերակազմավորման գործընթացը, եւ որքանո՞վ է այն «աննկատ» գործող հաճախորդների համար:

- Արդեն մոտեցել ենք ավարտական փուլին, ինչն ենթադրում է, որ մասնաճյուղերի վերակազմավորումն ու վերագրանցումը նախատեսում ենք կատարել ապրիլի առաջին կեսի ընթացքում՝ վերջին շտկումներն ավարտելուն պես:

Միաժամանակ, կարեւորում ենք այն հանգամանքը, որ գործող ցանցին զուգահեռ «Ֆասթ Կրեդիտ»-ն ընդլայնում է նաեւ նորաբաց մասնաճյուղերի ցանցը: Ի դեպ, նշեմ, որ այսօր՝ ընկերության հիմնադրման 20-ամյակի օրը, Երեւանի կենտրոնում պաշտոնապես բացվել է «Կենտրոն» երկհարկանի նորաոճ մասնաճյուղը: Նախատեսում ենք մեր հաճախորդների արագ սպասարկմանը զուգահեռ նորաբաց մասնաճյուղը դարձնել առավելապես հարմարավետ եւ, ինչու ոչ, նաեւ հաճելի:

Կցանկանայի նաեւ տեղեկացնել, որ «Ֆասթ Կրեդիտ»-ը ներկայումս աշխատում է մայրաքաղաքի Արաբկիր եւ Դավիթաշեն համայնքներում, ինչպես նաեւ Արտաշատ եւ Արմավիր քաղաքներում նոր մասնաճյուղերի հնարավորինս արագ բացման ուղղությամբ:

Ինչ վերաբերում է հաճախորդների համար արդեն իսկ գործող ցանցի «աննկատ» վերակազմավորմանը, ապա գործընթացն իրականացնելու ենք մաքսիմալ սահուն, եւ այն որեւէ կերպ չի անդրադառնալու սպասարկման արագության, որակի եւ ծառայությունների հասանելիության վրա: Նշեմ նաեւ, որ վարկային կազմակերպությունը կսպասարկի գրավատան կողմից կնքված վարկային պայմանագրերը մինչեւ դրանց ամբողջական մարումը, իսկ նոր պայմանագրերը կկնքվեն արդեն վարկային կազմակերպության անունից:

- Արդյոք վերակազմավորման մասին որոշումը կապված չէ՞ր նաեւ կորպորատիվ հաճախորդների բազայի ընդլայնման հետ: Այսօրվա դրությամբ որքանո՞վ է հավասարակշռված Ձեր աշխատանքը՝ ֆիզիկական եւ իրավաբանական անձանց վարկավորման առումով:  

- Բնականաբար, որոշման կայացմանը զգալիորեն նպաստել է կորպորատիվ հաճախորդների ներգրավման եւ մեր ծառայությունները նրանց հասանելի դարձնելու առավելությունը: Միեւնույն ժամանակ, էական էր նաեւ մեր արդեն իսկ գործող ֆիզիկական անձ հաճախորդներին մատուցվող ծառայությունների ավելացման հեռանկարը:

Այդ իսկ պատճառով, թեեւ հաճախորդների բազայի դիվերսիֆիկացման ուղղությամբ կատարվում են որոշակի աշխատանքներ, դա չենք համարում առաջնահերթ խնդիր: Ներկայումս «Ֆասթ Կրեդիտ»-ը սպասարկում է շուրջ 70 000 ֆիզիկական անձ հանդիսացող հաճախորդների, եւ կորպորատիվ հաճախորդների քանակն այդ թվին հավասարեցնելն իրատեսական չէ: Իրականությանն ավելի համահունչ է այն, որ մենք զգալի աշխատանքներ ենք կատարում նաեւ իրավաբանական անձ հաճախորդների ներգրավման ուղղությամբ, որի արդյունքում կորպորատիվ հաճախորդների քանակը հետզհետե աճում է: Կարծում եմ, աշխատանքների իրականացման ընթացքում ֆիզիկական եւ իրավաբանական հաճախորդների խմբերի քանակական տարբերությունը մեզ մոտ զգալիորեն կկրճատվի:

- Բիզնես հանրության, հատկապես՝ ՓՄՁ-ների կողմից մշտապես բարձրացվում է վարկերի թանկ լինելու խնդիրը, այդ թվում՝ ի հաշիվ տարբեր հավելավճարների: Ի՞նչ կասեք այս առունով:

- «Ֆասթ Կրեդիտ»-ը շուկայում առաջիններից է, ով իր հաճախորդներին ծառայություններ է առաջարկում պարզ ընթացակարգով՝ առանց որեւէ «թաքնված» վճարների: Հաճախորդի համար բավականին բարդ է հաշվարկել եւ համեմատել տարբեր կազմակերպությունների կողմից գանձվող ծառայությունների սակագները: Մենք սկզբունքորեն հրաժարվել ենք տարբեր սակագների գանձումից, նույնիսկ չունենք որեւէ գույքի` որպես գրավ գնահատելու վճար: Դա ստեղծում է ազնիվ եւ թափանցիկ հարաբերություններ, փոխադարձ վստահության մթնոլորտ եւ հիմք է հանդիսանում հաճախորդների հետ երկարատեւ համագործակցության համար: Կարծում եմ, հաճախորդի համար ծառայությունների արժեքը միշտ պետք է լինի պարզ, իսկ դրանց մատուցումը՝ հնարավորինս արագ՝ «պարզ եւ արագ»:
 
  - Իսկ ինչպե՞ս կգնահատեք բիզնես կառույցների կողմից ներկայացվող վարկային հայտերի որակը. դրանց ո՞ր մասն է մերժվում Ձեր կողմից ոչ վարկունակ լինելու պատճառով:  

-  Եթե մեր կողմից սպասարկվող կորպորատիվ հաճախորդներին բաժանենք 2 խմբի՝ գործող եւ սկսնակ, ապա գործող բիզնես կառույցների կողմից ներկայացվող ծրագրերը շատ դեպքերում ավելի առարկայական են՝ ներկայացված կոնկրետ հաշվարկների եւ հետազոտությունների հիման վրա: Այնուամենայնիվ, մենք հաճախ ունենում ենք սկսնակ հաճախորդ կազմակերպություններ, որոնք հաջողությամբ գործում են մինչ օրս: Սա մենք համարում ենք համատեղ ձեռքբերում եւ երկուստեք կարեւորում ենք մեր հետագա համագործակցությունը: Այդ իսկ պատճառով, հաճախորդի հայտը մերժելու փոխարեն, մենք յուրաքանչյուրին ներկայացնում ենք համագործակցության մեր առաջարկը` կախված տվյալ հաճախորդի վարկունակության մակարդակից:

- Աշխատանքը մարզերում ենթադրում է գյուղատնտեսական սեզոնային աշխատանքների վարկավորման նկատմամբ մեծ պահանջարկ: Ի՞նչ մոտեցում եք դրսեւորում այս հարցում:

- Այո, գյուղատնտեսության վարկավորումը՝ կախված սեզոնային աշխատանքներից,  մեծ պահանջարկ է վայելում, եւ «Ֆասթ Կրեդիտ»-ն այս առումով ունի հատուկ մոտեցում: Ներկայումս մենք գյուղական համայնքներում առաջարկում ենք առանց գրավի, խմբային երաշխավորություններով ապահոված վարկատեսակներ: Ճիշտ է, կարելի է ասել, որ այս դաշտում մենք դեռ սկսնակ ենք համարվում, բայց արդեն ունենք բավականին լավ պատրաստված թիմ, ճկուն եւ մրցակցային վարկատեսակներ, իսկ մասնաճյուղերի ցանցը շարունակում է ընդլայնվել: Կարող եմ փաստել, որ խմբային երաշխավորություններով գյուղվարկավորման ոլորտը հանդիսանում է մեր ռազմավարական ուղղություններից մեկը:

- Ինչպիսի՞ն է բնակչության պահանջարկը Ձեր կողմից առաջարկվող սպառողական վարկատեսակների նկատմամբ. նախորդ 1-2 տարիների համեմատ ի՞նչ միտումներ եք նկատում այս ասպարեզում:
 
- Այսօր, նշելով մեր ընկերության հիմնադրման 20-ամյակը, մենք միաժամանակ տոնում ենք «Ֆասթ Կրեդիտ»-ի կողմից տրամադրված առաջին սպառողական վարկի 20-ամյակը: Ֆինանսական շուկայի էվոլյուցիային զուգահեռ մենք առաջարկում ենք սպառողական վարկատեսակների ողջ փաթեթը` իր բազմազան պայմաններով, ունենք անգամ վարկատեսակ առանց ժամկետանց տույժերի եւ տուգանքների: Հետեւաբար, պահանջարկը տարեց տարի ավելանում է, այդ թվում՝ նորաբաց մասնաճյուղերի եւ կատարելագործված պրոդուկտների հաշվին:

 Եթե դիտարկենք վերջին երկու տարիներին արձանագրած ցուցանիշները, ապա կարելի է փաստել, որ պահանջարկը սպառողական վարկերի նկատմամբ ավելացել է, քան երբեւէ: Հետագայում եւս այս ոլորտում ակնկալում ենք կայուն աճ, այդ իսկ պատճառով մեր կողմից առաջարկվող մի շարք սպառողական վարկատեսակներ հանրության համար հասանելի են ամեն օր, 24 ժամ:

- Banks.am-ի անունից շնորհավորում ենք հոբելյանի կապակցությամբ եւ առաջարկում Ձեր խոսքն ուղղել կազմակերպության հաճախորդներին:

- Մեր գործունեության 20-ամյակի առթիվ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել կազմակերպության բոլոր, նույնիսկ որոշ ոչ պարտաճանաչ հաճախորդներին: Մենք մշտապես կատարելագործում ենք մեր կողմից առաջարկվող ծառայությունները, որտեղ բազմաթիվ դեպքերում շարժառիթ են հանդիսանում հենց հաճախորդների առաջարկությունները: Մասնաճյուղերի ցանցը ընդլայնում ենք բավականին արագ տեմպով, ինչը լրացուցիչ հնարավորություն է ընձեռում մեկ հաճախորդին սպասարկվել տարբեր մասնաճյուղերում:

Կարծում եմ, ցանկացած կազմակերպություն ամուր է իր հաճախորդներով, իսկ հաճախորդի գնահատման գործում կարեւորագույն հանգամանք է հանդիսանում ազնվությունը: Ազնվությունն է ցանկացած առաքելության, նպատակի, աշխատանքի եւ հարաբերության հիմնասյունը: Հետեւաբար, ակնկալում ենք ազնիվ հարաբերությունների հաշվին շարունակել մեր փոխշահավետ համագործակցությունը:

Հակոբ Ղոնջեյանի հետ զրուցել է Խորեն Օրմանյանը:  

Դիտում՝ 6145
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai