Կապիտալ Ասեթ Մենեջմենթ. կապիտալի շուկան չի կարող իրական հատվածից կտրված լինել

26.03.2014 | 09:55 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /

Կապիտալ Ասեթ Մենեջմենթ-ը Հայաստանում ներդրումային եւ կամավոր կենսաթոշակային ֆոնդերի առաջին գրանցված կառավարիչն է: Banks.am-ը ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ոսկանյանի հետ քննարկել է Հայաստանի կապիտալի շուկայի արդիական հիմնախնդիրները եւ հնարավոր զարգացումները:

- ՀՀ  քաղաքացիները, որպես կանոն, նախընտրում են ազատ դրամական միջոցները ներդնել բանկերում որպես ավանդ, քան այլ ֆինանսական գործիքներում: Սա ֆինանսական գրագիտության պակա՞սի հետեւանք է, թե հիմնավորված ընտրություն: Ի վերջո, ի՞նչ եք կարծում, եկե՞լ է ժամանակը, երբ Ձեր ընկերության դուռը պետք է թակեն ֆիզիկական անձինք՝ արժեթղթերում ներդրումներ կատարելու պատրաստակամությամբ:

- Ֆինանսական գրագիտության եւ տեղեկացվածության պակասն այսօր մեզանում մեծ խնդիր է: Մեր ընկերության փորձից գիտենք, որ մարդիկ հաճախ պարզապես ծանոթ չեն ֆինանսական շուկայի գործիքներին, չգիտեն` ի՞նչ է ներդրումային ֆոնդը, պարտատոմսը կամ բաժնետոմսը: Հաճախ, երբ խոսում ենք պարտատոմսերի մասին, վերջիններս ասոցացվում են խորհրդային շրջանի ֆինանսական գործիքների եւ դրանց հետ կապված վատ հիշողությունների հետ: Կամ, երբ տեղեկանում են, որ տվյալ ընկերությունը դիվիդենտ չի տալիս, եզրահանգում են` ընկերության ֆինանսական վիճակը վատ է: Մինչդեռ, օրինակ, Apple-ը միայն վերջերս է սկսել դիվիդենտներ վճարել:

Պետք է բնակչության շրջանում սերմանել ֆինանսական գիտելիքներ, իսկ դա երկարատեւ գործընթաց է: Մեր ընկերությունն իր ուժերի ներածին չափով փորձում է հասանելի դարձնել այդ գիտելիքները`տեղադրելով ուսուցողական նյութեր կայքում եւ ուսուցանելով հանդիպումների ժամանակ, սակայն ֆինանսական գրագիտության բարձրացումը միայն մեկ ընկերության խնդիր չէ: Կարծում եմ` կենսաթոշակային կուտակային համակարգը մի քանի տարիների ընթացքում կնպաստի այս համալիր գիտելիքների ձեւավորմանը:

Այնուամենայնիվ, այսօր մեր ընկերությունն ունի անհատ-հաճախորդներ, որոնք բավական շոշափելի գումարներ են ներդնում: Առհասարակ, կա մարդկանց որոշակի խումբ, ովքեր ունեն ներդնելու ցանկություն, որոնց, սակայն, «հասնել» է պետք: Սա մեր ապագայի ռազմավարության կարեւորագույն խնդիրներից մեկն է, եւ այդ նպատակով շուտով դրամային ֆոնդից բացի առաջարկելու ենք նաեւ դոլարային ֆոնդի փայեր, որոնք հնարավորություն կտան դիվերսիֆիկացնել պորտֆելը եւ կառավարել այն` արժութային տատանումների սպասումների համաձայն:

- Թվում է, թե ճգնաժամից հետո ՀՀ տնտեսությունը կամաց-կամաց վերականգնվում է, սակայն թե 2012-ին, թե 2013-ին օտարերկրյա ներդրումների ծավալը Հայաստանում նվազել է: Ինչո՞վ  է սա պայմանավորված:

- Նախ, գլոբալ մակարդակով ներդրումները դեպի զարգացող երկրներ առհասարակ կրճատվել են եւ սա պատճառներից մեկն է: Սակայն օտարերկրյա ներդրումները բազմագործոն երեւույթ են, եւ այստեղ կարող ենք դիտարկել երկու տարբերակ:

Առաջինը. ներդրումները գնում են այնտեղ, որտեղ կա ակնկալվող բարձր եկամտաբերություն եւ քիչ ռիսկ: Եթե գումարները չեն եկել Հայաստան, նշանակում է` ներդրումների տեսանկյունից որոշ երկրներ դարձել են առավել գրավիչ: Եվ երկրորդ, քանի որ տնտեսական իրավիճակը ԱՄՆ-ում եւ Եվրոպայում գոհացուցիչ չէ, ներդրողները մի կողմից դառնում են ավելի զգուշավոր, իսկ մյուս կողմից` կրճատվում են նաեւ նրանց եկամուտները:

ՀՀ ներդրումային գրավչությունը բարձրացնելու նպատակով անհրաժեշտ է  խթանել ներքին մրցակցությունը, փոփոխություններ անել արտահանման եւ ներմուծման կառուցվածքում, եւ որ ամենակարեւորն է` շեշտադրել տնտեսության կոնկրետ սեգմենտներ եւ զարգացնել դրանք:

- Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը կարո՞ղ է լինել այդ սեգմենտը:

- Հայաստանում ՏՏ ոլորտի զարգացումը պետք է անցնի երկրորդ փուլ, որը ես տեսնում եմ նոր գաղափարների գեներացման եւ նախագծերի իրականացման մեջ: Ոլորտի ներուժի մասին վկայում է մեծ հաջողություն վայելող PicsArt ֆոտո խմբագրիչ-հավելվածը: Նման գաղափարների իրականացման համար անհրաժեշտ են ֆինանսական միջոցներ, որոնք չեն կարող ձեռք բերվել կապիտալի շուկայում ՏՏ նախագծերի ռիսկայնության բարձր մակարդակի պատճառով: Այսպիսով, ֆինանսավորման հիմնական աղբյուր են դառնում վենչուրային ֆոնդերը: Իսկ վենչուրային ֆոնդերի նախագծերի հաջողելու հավանականությունը շատ փոքր է` 20-30%, չնայած հաջողելու դեպքում պետք է ակնկալել շատ բարձր եկամուտ:

Կարծում եմ, որ նախորդ տարի ՀՀ կառավարության եւ Համաշխարհային բանկի ներգրավվածությամբ ստեղծված «Գրանատուս» վենչուրային ֆոնդը այսուհետ նպաստելու է ՏՏ նախագծերի կայացմանը Հայաստանում:

- Զարգացող երկրները հաճախ հայտնվում են «աղքատության թակարդում», խնայողությունների մշտապես ցածր լինելու հետեւանքով: Կարելի՞ է համարել, որ Հայաստանը եւս գտնվում է նման «թակարդում» :

- ՀՀ-ում խնայողությունների, հատկապես ֆորմալ եկամուտներից կատարվող խնայողությունների մակարդակը շատ ցածր է: Սա խնդիր է, քանի որ սերտ կապ կա տնտեսական աճի եւ խնայողությունների միջեւ: Ներքին խնայողությունները ներքին ներդրումների աղբյուրն են, իսկ տնտեսական աճի տեսանկյունից վերջիններս ավելի կարեւոր են, քանի որ երկարաժամկետ են եւ կայուն (sustainable), ի տարբերություն արտաքին ներդրումների, որ համարվում են «տաք փողեր» եւ կախված են տարբեր գործոններից: Ռուսաստանում այս տարվա սկզբից առաջացած տնտեսական խնդիրները, ներառյալ ռուբլու արժեզրկումը, դրա վառ օրինակն են:

Կարծիքը, որ խնայողությունները մշտապես կախված են եկամուտների մակարդակից առաջին հայացքից տրամաբանական է. շատ եկամուտ` շատ խնայողություն, բայց ո՞րն է առաջինը: Չեմ կարծում, որ ՀՀ բնակչության եկամուտները այնքան ցածր են, որ մարդիկ չեն կարողանում խնայել. խնայողության հակումը ավելի շատ մշակույթի արդյունք է, եւ այն պետք է սերմանել վաղ հասակից: Իրականում եկամուտների աճին զուգահեռ մենք փոխում ենք մեր սպառման կառուցվածքը եւ արդյունքում մեզ թվում է, թե գումարը կրկին չի բավականացնում: Այն դեպքում, երբ պետք է որոշ չափով զսպել սպառման կառուցվածքային փոփոխությունները եւ արդյունքում խնայել:

Ամփոփելով` կարծում եմ, այո, Հայաստանը գտնվում է նմանատիպ թակարդում:

-Հունվարի 31-ից «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» առեւտրային հարթակում հասանելի են Հայաստանի կողմից առաջին անգամ թողարկված Եվրապարտատոմսերը: Ինչպե՞ս կգնահատեք Եվրապարտատոմսերի թողարկումը եւ դրանց հանդեպ հետարքրքությունը:

- Եվրապարտատոմսերի թողարկումը Հայաստանի առաջին մեծ քայլն էր դեպի միջազգային ֆինանսական շուկա եւ այն միանշանակ դրական էր՝ թե ներքին շուկայի զարգացման, թե Հայաստանի մասին տեղեկատվության տարածման տեսանկյունից: Թողարկող մասնավոր ընկերությունների համար՝ առանց պետական պարտատոմսերի միջազգայնացման, շատ ավելի բարդ կլիներ թողարկում եւ տեղաբաշխում իրականացնելը, քանի որ օտարերկրյա ներդրողը պետական եւ մասնավոր գործիքներում ներդրում կատարելիս նախ հաշվի է առնում տվյալ պետության ֆինանսական գործիքները եւ վարկանիշը:

Թողարկումից հետո պարտատոմսերը լավ տոկոսադրույքով տեղաբաշխվեցին, որից հետո երկրորդային շուկայում տոկոսադրույքը մոտ 0.5 տոկոսային կետով իջել է: Եթե եկամտաբերությունը իջել է, նշանակում է ներդրողների գնահատմամբ մեր պետությունը դարձել է նվազ ռիսկային:

-Ըստ «ՀՀ կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի `կուտակված միջոցների 60%-ը պետք է ներդրվի տեղական շուկայում: Կարծում եք մեր շուկան ունի՞ այդքան «տարողունակություն», եւ արդյո՞ք ՀՀ արժեթղթերի շուկայի զարգացման մակարդակը թույլ տալիս է կենսաթոշակային համակարգում ընդգրկել ռիսկային արժեթղթեր որպես եկամտի աղբյուր:

- Թեեւ այս պահին մեր շուկան այդքան տարողունակություն չունի, սակայն առաջին երկու տարիների ընթացքում, կարծում եմ, միջոցների ներքին տեղաբաշխումը «հարթ» կընթանա: Այլ խնդիր է, որ այդ ժամանակահատվածը պետք է նպատակային օգտագործել`ստեղծելով ներքին ներդրումային հնարավորություններ եւ բարենպաստ պայմաններ, որպեսզի գործող կազմակերպությունները «բացվեն» հանրության առաջ, ավելի թափանցիկ գործեն, վարկանշվեն եւ արդյունքում համապատասխանեն կենսաթոշակային միջոցների ներդրման օրենսդրական պահանջներին:

Ինչ վերաբերում է ռիսկային արժեթղթերին, ապա առկա օրենսդրական կարգավորումը համարժեք է շուկայի զարգացման ներկայիս մակարդակին եւ լիովին բավարար է: Հետագայում, Լատվիայի եւ Էստոնիայի պես, գուցե, Հայաստանում էլ սկսեն մտածել կարգավորման թուլացման մասին, եւ օրենսդրորեն թույլ կտրվի կուտակված միջոցները ներդնել այսպես կոչված մասնավոր արժեթղթերում (private equity), սակայն դրա մասին խոսելը դեռ վաղ է:

- Հայաստանի ֆոնդային բորսայում բաժնետոմսերի շուկայի կապիտալիզացիան աշխարհում ամենափոքրերից է: Մասնագետները շարունակում են նշել`ՀՀ արժեթղթերի շուկան դեռեւս կայացման փուլում է: Ո՞րոնք են Ձեր կարծիքով չկայանալու հիմնական պատճառները:

- ՀՀ արժեթղթերի շուկան իրավամբ դեռեւս կայացման փուլում է, իսկ շուկայի զարգացումը եւ կայացումը երկարատեւ գործընթաց է. ի վերջո թերզարգացած կապիտալի շուկա ունենալու եւ առհասարակ չունենալու միջեւ տարբերությունը մեծ չէ:

Տարբեր ժամանակահատվածներում ՀՀ կապիտալի շուկայի զարգացման նպատակով ձեռնարկվել են տարբեր միջոցառումներ` կապիտալի շուկայի ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված քայլերը, մասնավորապես՝ «Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա»-ում եւ «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ»-ում նոր տեխնոլոգիաների ներդրումը, օրենսդրության որոշ փոփոխությունները, որոշակի ակտիվություն առաջացրին:

Խնդիրն այն է, որ կապիտալի շուկան չի կարող կտրված լինել տնտեսության իրական հատվածից, այսինքն, այն զարգացնելու համար պետք է քայլեր արվեն նաեւ տնտեսության իրական հատվածի զարգացման համար: Այս տեսանկյունից Հայաստանի համար կարեւոր է տնտեսության դիվերսիֆիկացումը, ստվերի կրճատումը, կազմակերպությունների գործունեության թափանցիկության բարձրացումը եւ վստահության աճը նրանց նկատմամբ: Ինստիտուցիոնալ ներդրողների առկայության հետ մեկտեղ սրանք կապիտալի շուկայի զարգացման կարեւորագույն նախապայմաններն են:

Կապիտալի շուկայի զարգացմանը կարող է նպաստել նաեւ գիտակցությունը, որ այն բիզնեսի ֆինանսավորման առավել էժան եւ «հարմար» աղբյուր է, քանի որ, ի տարբերություն բանկային համակարգի սահմանափակ հնարավորությունների, ֆինանսների մեծ հասանելիություն է ապահովում` առանց գրավի անհրաժեշտության:

Հայկ Ոսկանյանի հետ զրուցել է Շուշան Մարգարյանը:

Դիտում՝ 6744
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai