Կորպորատիվ բուժապահովագրությունը Հայաստանում. սառույցը շարժվե՞ց

28.09.2012 | 01:05 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /

Աշխատակիցների առողջության ապահովագրությունը կորպորատիվ մշակույթի սովորական դարձած տարրերից է: Գործատուի խնամքը աշխատողների եւ, շատ դեպքերում, նրանց ընտանիքների անդամների առողջության նկատմամբ, զգալիորեն նպաստում է վերջիններիս` ապագայի հանդեպ վստահությանը եւ, որպես կանոն, տվյալ աշխատանքի հանդեպ հավատարմությանը:

Հայաստանում, սակայն, տեղական կապիտալով աշխատող ընկերությունների մեծամասնությունը չի շտապում միջոցներ ներդրել աշխատակիցների առողջությունը ապահովագրելու մեջ: Խնդրի շուրջ Մեդիամաքս-ը եւ Banks.am պորտալը զրուցել է Հայաստանում կորպորատիվ  բուժապահովագրության ակունքներում կանգնած մասնագետի` Նաիրի Ինշուրանս ապահովագրական ընկերության անձնական պահանջների կարգավորման վարչության ղեկավար Արմեն Շահինյանի հետ:


- Ե՞րբ է Հայաստանում սկիզբ առել առողջության կորպորատիվ ապահովագրությունը եւ ովքե՞ր էին այս հարցում առաջինները:


- Առողջության ապահովագրության կորպորատիվ մոտեցումը Հայաստանի ապահովագրական շուկայում սկսվել է կիրառվել վերջին տասնամյակում:
Այդ ժամանակ առողջության ապահովագրության ծառայությունից, ըստ մեր ունեցած տվյալների, օգտվում էր ՀՀ բնակչության 0.5%-ը:

Աշխատակիցների առողջությունը ապահովագրողներից առաջինն էին Հայաստանում արևմտյան կապիտալով աշխատող մի շարք ընկերություններ, մասնավորապես ՏՏ ոլորտի ընկերություններ, ինչպես նաև ՀՀ տարածքում գործող դեսպանատներ ու խոշոր հասարակական կազմակերպություններ: Այդ տարիներին տեղական գործատուներն անգամ չէին հետաքրքրվում նման ծառայություններով:

Ավելի ուշ աշխատակիցների առողջության ապահովագրությամբ հետաքրքրվեցին ռուսական կապիտալով աշխատող ընկերությունները: Դրանցից առաջինն էր ԱրմենՏելը, որը ապահովագրական շուկայի համար հանդիսանում է առաջին խոշոր նվաճում:

Մինչեւ վերջին տարիները առողջության ապահովագրությունը իրականացվում էր «դասական» եղանակով, այսինքն` ապահովագրված անձինք անցնում էին նախնական պարտադիր բուժզննում, որի ընթացքում արձանագրված առողջական խնդիրները ենթակա չէին հատուցման:

Շուկայի պահանջներից ելնելով փոփոխվեց նաև «դասական» եղանակով ապահովագրությունը, առաջ եկավ առանց նախնական բուժզննման ապահովագրության եղանակը, այսինքն՝ ապահովագրվում են առկա հիվանդությունները: Այս եղանակով ապահովագրության իրականացումը հիմա ավելի պահանջված է քան «դասականը»:

Այսպիսով` ձեւավորվեց առողջության ապահովագրության նոր մշակույթ, որը հետաքրքրեց մյուս ընկերություններին, եւ դրանից հետո գործատուների մոտ սկսվեց ձեւավորվել աշխատակիցների առողջության ապահովագրության տենդենց: 

- Տարեսկզբին ՀՀ կառավարությունը պետական ծառայողների համար սոցիալական փաթեթ է ներդրել, որի մի մասը պարտադիր ուղղվում է առողջության ապահովագրությանը: Արդյունքում, եթե նախկինում ապահովագրական ընկերություններն ընտրում էին առավել հեղինակավոր բուժհաստատություններ, այժմ դուք ստիպված եք աշխատել բոլոր բուժհաստատությունների հետ: Ինչպիսի՞ հարցեր է դա առաջ քաշել:


- Բուժհաստատություններում, ինչպես գիտեք, առկա են բազմաթիվ խնդիրներ. ձեւավորված չէ ապացուցողական բժշկությունը, չկան հստակ գնացուցակներ: Եթե բուժհաստատությունների գնային քաղաքականությունը հստակեցված լիներ և այլ կազմակերպչական հարցերը կանոնակարգված լինեին, ապահովագրական ընկերությունները ավելի քիչ աշխատանքային ռեսուրս կծախսեին առողջության ապահովագրության գծով ներկայացված հայտերի սպասարկման կազմակերպչական հարցերի վրա: Ուստի ապահովագրական ընկերության համար առաջնային հանդիսացող մեկ ապահովագրված անձի սպասարկումը հնարավոր կլինի ավելի քաղաքակիրթ և որակյալ կազմակերպելը:

- Կարելի՞ է արդյոք ասել, որ պետծառայողներին հատկացված սոցփաթեթի շրջանակներում պարտադիր առողջության ապահովագրությունը որոշ առումով ՀՀ-ում  առողջության պարտադիր ապահովագրության ներդրման նախապատրաստական քայլ է հանդիսանում,  եւ ի՞նչ եք կարծում, ե՞րբ կհասունանա առողջության պարտադիր ապահովագրության հարցը:


- Այո, պետծառայողների առողջության պարտադիր ապահովագրության իրականացումը ապահովագրական ընկերություններն օգտագործում են որպես նախապատրաստական քայլ՝ պարտադիր ապահովագրության ներդրման գործընթացի  կազմակերպման համար:

- Վերջերս Նաիրի Ինշուրանսը Հայաստանի համար աննախադեպ ծավալի կորպորատիվ բուժապահովագրության փաթեթ վաճառեց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին:  Կարելի՞ է արդյոք այն օրինակ համարել ամբողջ շուկայի համար:

- Նախաձեռնությունը համատեղ էր: Կոմբինատում ընդունված էր աշխատակցի կողմից, առողջական խնդրի առկայության դեպքում, ներկայացված դիմումի համաձայն ֆինանսական օգնության հատկացումը: Նաիրի Ինշուրանսը ներկայացված խնդրի լուծման ավելի հարմարավետ տարբերակ առաջարկեց ` ապահովագրելով կոմբինատի շուրջ 3000 աշխատակիցներին իրենց ընտանիքի անդամների հետ միասին, այսինքն, գրեթե ամբողջ Քաջարան քաղաքը եւ Կապանի մոտ 3000 բնակչի:

Կարծում եմ, Նաիրի Ինշուրանսի այս նախաձեռնությունը պետք է օրինակ ծառայի բոլորի համար: Սա աննախադեպ էր Հայաստանի համար: Մեր երկրի ապահովագրության պատմության մեջ չկա մի դեպք, երբ ապահովագրվում է գրեթե մի ամբողջ քաղաք:

- Իսկ Սյունիքի հիվանդանոցների հետ խնդիրներ չե՞ն ծագում:

-  Նաիրի Ինշուրանսի կողմից այս պայմանագիրը սպասարկելու պահանջից ելնելով՝ վերակենդանանում են այդ տարածաշրջանի բուժհաստատությունները, այնտեղ են գործուղվում լավագույն մասնագետներ, առողջության ապահովագրության սպասարկման կազմակերպման դասընթացներ են իրականացվում, մարդկանց մոտ հետաքրքրություն է առաջանում տեղական բուժհաստատություններից օգտվելու նկատմամբ:

- Պատահո՞ւմ են արդյոք դեպքեր, երբ ապահովագրված անձից բուժհաստատությունում լրացուցիչ գումար են պահանջում:


- Քանի որ մենք աշխատում ենք առավելագույնս թափանցիկ, հիվանդանոցները չեն կարող այլ կերպ աշխատել մեզ հետ: Նաիրի Ինշուրանսի աշխատաոճը ստիպում է հիվանդանոցներին տրամադրել ապահովագրված անձանց լիարժեք սպասարկում՝ առանց լրացուցիչ ֆինանսական ծանրաբեռնվածության:

Մեր կազմակերպության բժիշկ-փորձագետները առողջության ապահովագրության պահանջի առաջացման դեպքում վերահսկում են ողջ գործընթացը եւ զուգահեռ կատարում նաև որակի ստուգում հաճախորդների հարցման միջոցով: Խնդիրների հայտնաբերման դեպքում դրանք սեղմ ժամկետում վերանում են եւ քննարկվում բուժհաստատության ղեկավարության հետ:

- Կարծրատիպ կա, որ առողջության ապահովագրությունից կարող են օգտվել հիմնականում խոշոր ընկերության աշխատակիցները, իսկ փոքրերը` ոչ: Այդպե՞ս է արդյոք:  


- Բնականաբար, մինչեւ 50 հոգանոց ընկերությունների շրջանում հետաքրքրվածությունը բուժապահովագրության նկատմամբ մեծ չէր` մեկ աշխատակցի հաշվով պրոդուկտի համեմատական թանկության պատճառով, բայց վերջին 2-3 տարվա ընթացքում փոքր ու միջին ընկերություններն այդ հարցում բավականին ակտիվացել են:

Կարծում եմ` գործատուները պետք է մեծ ուշադրություն հատկացնեն աշխատակիցների առողջության պահպանմանը: Փոքր ընկերությունների աշխատակիցների ապահովագրությամբ սկիզբ է դրվում առողջության անհատական ապահովագրության զարգացմանը:

Արմեն Շահինյանի հետ զրուցել է Ռուբեն Հարությունյանը:

Դիտում՝ 30036
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai