Facebook
Google Extention
RSS


Չորեքշաբթի, Հոկտեմբեր 22
Հարցազրույցներ

 

“TelCell-ը կգործարկի լայնածավալ նախագծեր բանկերի հետ”

 
 Երեքշաբթի 14 Փետրվար 2012
«TelCell» ՓԲԸ գործադիր տնօրեն Արամ Ազատյանը
Photo: Անձնական արխիվից

«TelCell» ՓԲԸ գործադիր տնօրեն Արամ Ազատյանը

 

«TelCell» ՓԲԸ գործադիր տնօրեն Արամ Ազատյանի հարցազրույցը Մեդիամաքս-ին եւ Banks.am պորտալին:

- Պարզաբանեք, խնդրեմ, երկու ընկերությունների` TelCell-ի եւ Մեգա Պանտերա-ի (MegaPay ապրանքանիշ) միավորման գործարքը: Ե՞րբ է փակվել գործարքը եւ որքա՞ն ժամանակ էր այն նախապատրաստվում:

- «TelCell» ՓԲԸ-ն եւ «Մեգապանտերա» ՍՊԸ-ն իրենց գործունեությունը սկսել են 2007-ին: 2008-ին եւ 2009-ին երկու ընկերությունների ջանքերն ուղղված էին ինքնասպասարկման տերմինալների միջոցով վճարումների կատարման գաղափարը ճանաչելի դարձնելուն, ինչպես նաեւ տերմինալների միջոցով վճարվող ծառայությունների քանակի ավելացմանը:

2010-ի արդյունքները ցույց տվեցին, որ շրջանառության աճի հետ մեկտեղ սկսեցին աճել նաեւ ծախսերը, ինչը հանգեցրեց երկու ընկերությունների բիզնեսի եկամտաբերության անկման: 2011-ի սկզբին միտումները դարձան ավելի վճռական եւ առաջին պլան մղվեցին տերմինալների սպասարկման եւ վճարումների վերամշակման հետ կապված ծախսերի կրճատման հարցերը: Նույն 2011 թ-ին երկու ընկերությունների ղեկավարություններն որոշեցին ողջ տերմինալային պարկը տեղափոխել կենտրոնացված կառավարման համակարգ ունեցող մեկ ծրագրային հարթակ: Ինչ վերաբերում է գործարքին, այն դեռեւս փակված չէ: Եթե գործարքի ավարտից հետո հետաքրքիր կհամարեք վերադառնալ տվյալ թեմային, ես մեծ հաճույքով կպատասխանեմ ձեր հարցերին:

- Ի՞նչ խնդիրներ է լուծում TelCell-ը` ձեռք բերելով MegaPay-ը:

- Անկեղծ լինելու համար ասեմ, որ առաջնահերթ խնդիր էր ներդրումների պահպանումը: Երկու ընկերությունների սկզբնական ներդրումների փոխհատուցելիության նախնական ժամկետները գործնականում շեղվել էին կրիտիկական մակարդակից, ինչը վտանգի տակ  էր դնում ամբողջ բիզնեսը: Շուկան հնարավորություն չտվեց երկու խոշոր ընկերություններին հարմարավետ համագոյակցել` միաժամանակ մնալով իրենց ներդրողների համար ծրագրավորված փոխհատուցելիության սահմաններում:

- Քանի՞ տերմինալ ունի համատեղ ընկերությունը:

- Ավելի քան 800: 2012-ի վերջին նախատեսվում է այս թիվը հասցնել 1200-ի:

- Ինչպե՞ս է ընթանալու ինտեգրման գործընթացը եւ որքա՞ն է այն տեւելու: Կարելի է ենթադրել, որ TelCell-ը եւ MegaPay-ն ունեն տարբեր IT-հարթակներ, բիլինգ եւ այլն. երկու համակարգերից ո՞րն է ընդունվելու որպես հիմնական:

- Հիմնական հարթակ կլինեն Telcell-ի կողմից կիրառվող տեխնոլոգիական լուծումները: Գործընթացը կարող է տեւել մի քանի ամիս:

- Ինչպե՞ս կանդրադառնա այս գործարքը սովորական վճարողների վրա. նրանք օգտվելու են ծառայությունների միասնակա՞ն սակագներից: Չէ՞ որ նախկինում MegaPay-ի տերմինալները սպասարկում էին առանց միջնորդավճարի, իսկ TelCell-ի տերմինալները` միջնորդավճարով:

- Նախ սկսենք Telcell-ից: Tecell ցանցում հասանելի ծառայությունների բացարձակ մեծամասնությունն առանց միջնորդավճարի է (կոմունալ վճարումներ, ինտերնետ-պրովայդերներ, բուքմեյքերներ, առցանց նախագծեր, առեւտրային ընկերություններ եւ այլն): Որոշ ծառայություներ ունեն տարբերակված արտաքին միջնորդավճար, երբ միջնորդավճարի չափը կախված է վճարվող գումարից:

MegaPay-ում այլ կերպ էր, միջնորդավճար բոլորովին չէր գանձվում: Բայց տերմինալային բիզնեսը չի կարող գոյություն ունենալ առանց վճարողներից գանձվող միջնորդավճարների, քանի որ կապի օպերատորները, որոնց բաժին է ընկնում վճարումների ընդունման գործարքների առյուծի բաժինը, պատրաստ չեն կրել լրացուցիչ ծախսեր եւ ավելացնել տերմինալային ցանցերի կոմիսիոն վճարները: Այդ պատճառով էլ միկրովճարումների ժամանակ կատարվող արտաքին միջնորդավճարները տվյալ գործարքների հասութաբերությունը ապահովող միակ գործիքն են:

- Ինչու՞, Ձեր կարծիքով, Հայաստանի առեւտրային բանկերը չմասնակցեցին վճարային տերմինալների շուկայի ձեւավորմանը եւ արդյո՞ք այսօր նրանց չի հետաքրքրում  շուկայի այս հատվածը: Մասնավորապես, որեւէ բանկից միաձուլվելու առաջարկ չե՞ք ստացել:

- Իմ կարծիքով, բանկերը չեն մասնակցել այս գործընթացին, քանի որ 2007-ին լուծում էին այլ կարգի խնդիրներ: Հետո հայտնվեցինք մենք եւ շատ կարճ ժամանակահատվածում ձեւավորեցինք այս շուկան: 2008-ի վերջին շուկայում արդեն գործում էին վճարային 6 համակարգեր, իսկ աշխարհում սկսվեց համաշխարհային ճգնաժամի առաջին ալիքը: Կարծում եմ, այդ ժամանակ բանկային համակարգը բախվում էր այլ մարտահրավերների: Մենք ստիպված էինք ակտիվություն ծավալել այս ոլորտում, չնայած արդեն համագործակցության ակտիվ բանակցություններ էին ընթանում մի շարք հայաստանյան բանկերի հետ: Միեւնույն ժամանակ, վճարային համակարգի շուկան կայացել էր, խաղացողների մի մասը լքել էր դաշտը, մյուս մասը փորձ էր կուտակել եւ ամրապնդել իր դիրքերը:

2011-ին մենք ակտիվացրեցինք հարաբերությունները բանկերի հետ: Այսօր բավականին մեծ է բանկերի հետաքրքրությունը տերմինալային շուկայի նկատմամբ, եւ մենք բանակցություններ ենք վարում մի շարք բանկերի հետ լայնածավալ նախագծերի շուրջ, որոնք շոշափում են համագործակցության տարբեր ուղղություններ:

- Եթե հնարավոր է, կարո՞ղ եք բացել չակերտները եւ նշել, թե ի՞նչ նախագծերի մասին է խոսքը:

- Նախ եւ առաջ, մեր հիմնական ոլորտները. ավելի քան 10 բանկեր համագործակցում են մեզ հետ իրենց մասնաճյուղերում վճարումներ ընդունելու հարցով:

Երկրորդը` շատ բանկեր իրենց վճարահաշվարկային միավորի բեռը օպտիմալացնելու նպատակով մեր դաշտում գործարկում են վարկերի մարման եւ քարտային հաշիվների համալրման ծառայություններ: Առաջիկայում 3 առեւտրային բանկեր կհայտարարեն այդպիսի ծառայությունների գործարկման մասին: Նախորդ տարի տվյալ ոլորտում մենք սկսեցինք համագործակցել ՎՏԲ-Հայաստան բանկի հետ, Նորվիկ ՈՒՎԿ-ի հետ համագործակցում ենք 2008-ից:

Երրորդը` մի քանի հայաստանյան բանկեր լրջորեն մտածում են ինքնասպասարկման սեփական գոտիների կազմակերպման մասին` Telcell-ի պրոցեսինգային կենտրոնի հիման վրա: Տվյալ գոտիները կարող են սպասարկել հաճախորդների մեծ մասը 24/7 ռեժիմում՝ միաժամանակ չծանրաբեռնելով բաժանմունքների աշխատակազմը: Այսօր մեր որոշումները եւ հնարավորությունները մեր գործընկերներին հնարավորություն են տալիս աննախադեպ կարճ ժամանակահատվածում գործարկել մեծ թվով այդպիսի գոտիներ:

- 2004-ին ընդունվեց կազմակերպությունների վճարահաշվարկային գործունեությունը կարգավորող օրենքը, իսկ վճարային տերմինալների բիզնեսը սկսեց զարգանալ 2007-ին: Ի՞նչ եք կարծում, օրենսդրությունը մի փոքր հնացած չէ:

- Ցանկացած օրենք հնանալու հատկություն ունի, սակայն մեր բիզնեսի կարգավորման առումով անհրաժեշտություն չկա խոսել հայաստանյան օրենսդրության ընդհանուր անհամապատասխանության մասին: Այն մշտապես նորացվում է եւ կատարելագործվում: «ԹելՍել» ՓԲԸ-ն մյուս ընկերությունների հետ համատեղ համագործակցում  է կարգավորող մարմինների հետ` օգտագործելով “ՀՀ վճարային համակարգերի միավորման” հարթակը: Հուսով ենք, որ ՀՀ ԿԲ-ի նոր  կանոնակարգերը կնպաստեն վճարային համակարգերի եւ տերմինալային բիզնեսի շուկայի զարգացմանը:

- Վերջերս ձեր ընկերությունը հայտարարեց վճարումների ընդունման ստացիոնար կետի առեւտրային շահագործման մեկնարկի մասին: Ավելի մանրամասն կպատմե՞ք այս ուղղության մասին:

- Իսկապես, մինչեւ վերջերս մենք մասնագիտացած էինք միայն ինքնասպասարկման տերմինալների միջոցով վճարումների ընդունման ուղղությամբ: Նախորդ տարվա նոյեմբերին մենք գործարկեցինք վճարումների ընդունման ստացիոնար կետերի կազմակերպման պիլոտային նախագիծ: Գործարկելով այն` մենք նպատակ դրեցինք մշակել տվյալ ուղղությունը եւ հասնել գործնական արդյունքի: Այսօր տվյալ կետի միջոցով կարելի է վճարումներ կատարել մեր տերմինալներում ներկայացված բոլոր օպերատորների եւ ծառայությունների պրովայդերների օգտին: Շուտով մենք նախատեսում ենք օգտվողներին ներկայացնել մի քանի բացառիկ ծառայություններ, որոնք, մեր մարքեթինգային ծառայության տվյալներով, բավականին պահանջված են, սակայն շուկայի խաղացողներից ոչ մեկը չի ներկայացնում դրանք: Կփորձենք ավարտել մինչեւ ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակը:

- TelCell տերմինալների էկրանին բավական շատ գովազդ կա: Հասույթի ո՞ր տոկոսն է ապահովում այս հատվածը, եւ տերմինալների քանակի ավելացումից հետո կարելի՞ է սպասել հասույթի աճ:

- Մենք միշտ օգտվել ենք տերմինալներում գովազդից, եւ դրանց ծավալը միշտ տատանվել է: Գովազդից ստացվող եկամուտները հնարավորություն են տալիս մասամբ օպտիմալացնել տերմինալային պարկի սպասարկման ծախսերը: Բնական է, որ գովազդատուների համար համատեղ ցանցն ավելի արդյունավետ եւ բովանդակալից գործիք կդառնա իրենց ծառայություններն ու ապրանքները ներկայացնելու համար: Արդեն այսօր մեր ցանցի միջոցով ամեն օր իրականացվում է ավելի քան 50 հազար վճարում, եւ դա լուրջ ցուցանիշ է:

 
վերադառնալ
Դիտումների քանակը՝  3625
 
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:
 
Դեպի վերև
Banks.am-ի նյութերին մշտապես տեղյակ լինելու համար սեղմեք
Նորությունների արխիվ
Օր Ամիս    Տարի
Ամենաընթերցվածը
այսօրվա
շաբաթվա
ամսվա