Ստեղծել հավասար պայմաններ վարկային կազմակերպությունների ու բանկերի համար

05.04.2010 | 22:37 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /

Հայաստանի վարկային կազմակերպությունների ասոցիացիայի նորընտիր նախագահ, «Նոր Հորիզոն» ՈՒՎԿ տնօրեն Խորեն Քերոբյանի հարցազրույցը ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանն ու Banks.am պորտալին

- Ինչո՞վ էր պայմանավորված ՀՎԿԱ ստեղծման անհրաժեշտությունը արդեն գործող Հայաստանի բանկերի միության պայմաններում:

- 2007 թվականին` ՀՎԿԱ կայացման նախնական փուլում, մենք Հայաստանի բանկերի միությունից /ՀԲՄ/ հրավեր ստացանք ընդգրկվելու արդեն գործող կազմակերպության մեջ, եւ ՀԲՄ շրջանակներում պաշտպանել վարկային կազմակերպությունների շահերը: Սակայն հետագա քննարկումների ընթացքում եկանք այն եզրակացության, որ ՀԲՄ կազմում վարկային կազմակերպությունների դերը որոշակի առումով երկրորդական կլինի: Բացի դրանից, առկա էր շահերի բախում, քանի որ վարկավորման շուկայում մենք հանդիսանում ենք մրցակից կազմակերպություններ: Ի վերջո մենք հանգեցինք այն եզրակացության, որ վարկային կազմակերպությունները «կկորեին» ՀԲՄ կազմում, թեկուզ եւ այն պատճառով, որ ՀԲՄ հենց անվան մեջ բացակայում էր հիշատակումը վարկային կազմակերպությունների մասին:

Արդյունքում որոշում կայացվեց ստեղծել անկախ կառույց եւ ՀԲՄ-ին առաջարկվեց մեզ հետ կնքել համագործակցության պայմանագիր: Հուսով ենք, որ ՀԲՄ հետ մեր համագործակցությունն արդյունավետ կլինի եւ մեզ կհաջողվի մի շարք հարցերի շուրջ հանդես գալ միասնական դիրքերից:

- Սակայն գործող 28 վարկային կազմակերպություններից միայն 6-ն են անդամություն ձեւակերպել ՀՎԿԱ-ում:

- Մեր գնահատմամբ, ներկայումս կան եւս 4 վարկային կազմակերպություններ, որոնք իսկապես շահագրգռված են ընդգրկվել ՀՎԿԱ-ում: Իմ կարծիքով, վարկային կազմակերպությունները պետք է շահագրգռված լինեն անդամակցել ՀՎԿԱ-ին: Այժմ շուկայում գործում են մեծ թվով վարկային կազմակերպություններ, որոնք հիմնադրվել են ֆիզիկական անձանց կողմից եւ աշխատում են ավտոնոմ ռեժիմով. նրանց հիմնական խնդիրը միայն սեփական ֆինանսական եւ տնտեսական հարցերի լուծումն է: Կոպիտ ասած, այդպիսի ընկերություները «եղանակ չեն փոխում» վարկային կազմակերպությունների շուկայում եւ, այնուամենայնիվ, մեր դռները բաց են բոլորի առջեւ:

Մեր 6 անդամներից 4 վարկային կազմակերպություններ («Արեգակ», «Սեֆ Ինտերնեյշնլ», «Ֆինքա» եւ «Նոր Հորիզոն») նախկինում հանդես էին գալիս որպես միկրովարկային հիմնադրամներ, որոնց հիմնական նպատակը աղքատության կրճատումն էր եւ բնակչության այն շերտերին վարկերի տրամադրումը, որոնց հասանելի չէին բանկերի ծառայությունները: Մի խոսքով, նրանց գործունեության շրջանակներում, բացի զուտ բիզնես-շահերից, կար նաեւ սոցիալական խնդիրներ լուծելու ցանկությունը:

Մեր կազմակերպության ներկայիս անդամների թվում կան բավականին խոշոր վարկային կազմակերպություններ, մասնավորապես, «Արեգակ»-ը, «Ֆինքա»-ն, որոնք, ի թիվս ՀՎԿԱ-ի այլ անդամների («Ֆարմ Կրեդիտ Արմենիա», «Սեֆ Ինտերնեյշնլ», «Նոր Հորիզոն» եւ GFC), կազմում են վարկային կազմակերպությունների շուկայի շուրջ 40-45%-ը ինչպես հաճախորդների թվով, այնպես էլ վարկային պորտֆելի եւ ակտիվների ծավալով:

- Ի՞նչ եք կարծում, հնարավո՞ր է արդյոք վարկային կազմակերպությունների միաձուլում` հաշվի առնելով ԿԲ կողմից վարկային կազմակերպությունների նվազագույն կանոնադրական կապիտալի նորմատիվի բարձրացման առկա հնարավորությունը:

- Նվազագույն կանոնադրական կապիտալի նորմատիվը 150 մլն դրամից մինչեւ 1 մլրդ դրամ բարձրացնելու մասին որոշման նախագիծը վերաբերում է միայն ունիվերսալ վարկային կազմակերպություններին, որոնք կազմում են երկրում գործող բոլոր վարկային կազմակերպությունների 90%-ը: Ինչ վերաբերում է լիզինգային ընկերություններին եւ երկրում գործող ընդամենը մեկ վարկային միությանը, ապա նրանց համար եւս նախատեսված է կանոնադրական կապիտալի բարձրացում, բայց ոչ այն ահռելի սահմաններում, ինչպիսին առաջարկվում է ունիվերսալ վարկային կազմակերպությունների համար:

Այսօր այդ հարցը գտնվում է Ասոցիացիայի օրակարգում, մենք ակտիվ քննարկումներ ենք վարում Կենտրոնական բանկի ղեկավարության ներկայացուցիչների հետ, եւ կարող եմ ասել, որ առկա են կոնկրետ մեխանիզմներ այդ խնդրի լուծման փոխզիջումային տարբերակը գտնելու համար:

Նվազագույն կանոնադրական կապիտալի նորմատիվի բարձրացումը կարող է հանգեցնել վարկային կազմակերպությունների կամ փակմանը, կամ միաձուլմանը: Երկու դեպքերում էլ դա հղի է աշխատատեղերի կրճատման վտանգով: Ինչ վերաբերում է միաձուլման գործընթացին, ապա, հաշվի առնելով հայկական մենթալիտետը, դա քիչ հավանական տարբերակ է:

- Օրերս Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը /ՎԶԵԲ/ «Ֆինքա» ՈՒՎԿ-ին տրամադրեց $4 մլն-ի սինթետիկ վարկ: Ասոցիացիան մտադի՞ր է արդյոք վարկային կազմակերպություններին աջակցել միջազգային վարկային ծրագրեր ներգրավելու գործում:

- «Ֆինքա»-ի օրինակը լավ նախադեպ էր, երբ միջազգային կազմակերպությունները սկսում են աշխատել վարկային կազմակերպությունների հետ: Ասոցիացիայի ստեղծման պահից ի վեր մեր առջեւ կանգնած էր միջազգային վարկային ծրագրերին ինտեգրվելու խնդիրը: Մասնավորապես, մենք խիստ դժգոհություն արտահայտեցինք Համաշխարհային բանկի կողմից $50 մլն-ի վարկը բացառապես բանկերին տրամադրելու որոշման կապակցությամբ: Այդ առիթով մենք մի շարք հանդիպումներ ունեցանք ՀԲ-ի, կառավարության եւ Կենտրոնական բանկի ներկայացուցիչների հետ:

Ռուսաստանյան կայունացնող վարկի դեպքում մեզ հաջողվեց հասնել այդ ծրագրին 500 մլն դրամից ավել կապիտալ ունեցող վարկային կազմակերպությունների մասնակցությանը: Իհարկե, դրանցից շատերը մեր կազմակերպության անդամներն են, սակայն, այնուամենայնիվ, Ասոցիացիան նրանց համար վարկային ռեսուրսներ ստանալու ճանապարհ բացեց ռուսաստանյան կայունացնող վարկի շրջանակներում: Այսօր մեր խնդիրը վարկային ծրագրերում ոչ միայն խոշոր, այլեւ միջին վարկային կազմակերպությունների ներգրավումն է:

Կենտրոնական բանկի եւ կառավարության կողմից ստացվող վարկերը մեզ համար շատ հարմար են այն իմաստով, որ դրանք տրամադրվում են ազգային արժույթով, եւ բացակայում է հեդջավորման անհրաժեշտությունը: Իսկ, ինչպես հայտնի է, այսօր Հայաստանում լիովին բացակայում են հեդջավորման գործիքները:

Շարունակելով միջազգային համագործակցության թեման` կցանկանայի առանձնացնել Kiva.org միկրովարկավորման սոցիալական ցանցի հետ համագործակցության բավականին հետաքրքիր ձեւաչափը: Kiva.org-ի հետ համագործակցություն հաստատած հայաստանյան առաջին կազմակերպությունը «Նոր Հորիզոն» ՈՒՎԿ-ն է:

Համագործակցության մեխանիզմը հետեւյալն է. գործընկեր- կազմակերպությունը Kiva.org-ին տրամադրում է վարկառուի պատմությունն ու լուսանկարը, որը տեղադրվում է www.kiva.org կայքում: Կայքի այցելուները փոքր ներդրումներով ($25-30) իրենց ավանդն են ներմուծում վարկի հավաքագրման գործում, որն ընդհանուր առմամբ չպետք է գերազանցի $3000-ը: Հավաքագրված միջոցները փոխանցվում են գործընկեր վարկային կազմակերպությանը, որն իր հերթին վարկ է հատկացնում կոնկրետ վարկառուին:

Kiva.org-ի ղեկավարությանը ոգեւորել է համագործակցությունը հայկական կողմի հետ, եւ ներկայումս եւս երկու միկրոֆինանսական վարկային կազմակերպություններ վարում են համագործակցությանն ուղղված բանակցություններ:

Ուրախալի է, որ վերջին ժամանակներս միջազգային դոնոր-կազմակերպությունները սկսել են հետաքրքրություն ցուցաբերել վարկավորման հայաստանյան շուկայի հանդեպ` միաժամանակ ուշադրությունը սեւեռելով սոցիալական ծրագրերի իրականացման վրա: Մասնավորապես, «Նոր Հորիզոն» ՈՒՎԿ-ն վերջերս Սպիտակում շինարարական աշխատանքների վարկավորման նպատակով 31 մլն դրամի վարկային համաձայնագիր ստորագրեց ամերիկյան Habitat ընկերության հետ: Առաջիկայում նախատեսվում է ստորագրել $ 300 հազարի եւս մեկ վարկային համաձայնագիր:

- Կա՞ն արդյոք միկրովարկավորման ոլորտում գործող վարկային կամակերպությունների շահերի պաշտպանությանն ուղղված ծրագրեր:

- Միկրովարկավորման ոլորտի հիմնական խնդիրը աստիճանավորումն է սպառողական եւ բիզնես-վարկերի միջեւ: Հաճախ վարկային կազմակերպության կողմից տրամադրված սպառողական միկրովարկերը վարկառուների կողմից օգտագործվում են բիզնես նպատակներով:

Ասոցիացիան բարձրացրել է այդ խնդիրը, հանդիպումներ են կայացել ԿԲ իրավաբանական վարչության ղեկավարի հետ: Ներկայումս խնդիրը կայանում է միկրոֆինանսավորման հստակ բնորոշման մեջ: Մենք առաջարկել ենք մեր տարբերակները, ԿԲ-ն` իր տարբերակները: Դա վերաբերում է ինչպես վարկերի ծավալին, այնպես էլ թիրախային ուղղվածություններին:

- ՀՎԿԱ տարեկան ժողովում առաջարկվել է բանկերի հետ հավասար պայմաններ ստեղծել մասնաճյուղերի գործունեության դիմաց գանձվող տուրքերի եւ մատուցվող ծառայությունների ԱԱՀ վճարման համար: Այսօր քանի՞ մասնաճյուղեր ունեն վարկային կազմակերպությունները եւ տարեկան ի՞նչ ընդհանուր գումարի մասին է խոսքը: Ի տարբերություն բանկերի, ի՞նչ տրամաբանությամբ են վարկային կազմակերպությունները ենթարկվում մատուցված ծառայությունների դիմաց ԱԱՀ վճարման անհրաժեշտությանը:

- Քանի որ «Վարկային կազմակերպոթյունների մասին» օրենքն ընդունվել է 2002 թվականին, իսկ «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» օրենքը շատ ավելի ուշ` 2006 թվականին, ՀԲՄ-ն ավելի մեծ հնարավորություն ուներ բանկերի շահերի պաշտպանության, մասնավորապես, հարկային մարմինների հետ աշխատանքի, պետական տուրքերի վճարման եւ այլնի վերաբերյալ բանակցություններ վարելու համար: Եվ այն բոլոր արտոնությունները, որոնք այսօր բանկերն ունեն կառավարության որոշումների ու իրավական ակտերի մակարդակով, վերաբերում են բանկերին ու միայն բանկերին. ոչ մի հիշատակում չկա վարկային կազմակերպությունների մասին:

Մասնավորապես, ՀԲՄ լոբբիստական գործունեության շնորհիվ բանկերը 250 հազ. դրամի չափով միանվագ վճարում են կատարում միայն մասնաճյուղ բացելիս: Իսկ մենք ստիպված ենք ամեն տարի վճարել նույն 250 հազար դրամը մեր մասնաճյուղերի համար: Եթե հաշվի առնենք, որ վարկային կազմակերպություններն այսօր ունեն շուրջ 100 մանաճյուղեր, ապա պետք է խոսել տարեկան 25 մլն դրամ գումարի մասին:

Մասնավորապես, «Նոր Հորիզոն» ՈՒՎԿ-ն ունի 4 մասնաճյուղ, իսկ պատկերացրեք, թե ինչ գումար են կազմում «Արեգակ» եւ «Ֆինքա» ՈՒՎԿ-ների համար, համապատասխանաբար, 40 եւ 30 մասնաճյուղերից բաղկացած ցանցերը:

Բացի դրանից, ներկայումս տրամադրվող որոշ ծառայությունների մասով բանկերն ազատված են ԱԱՀ վճարումից, ինչը չի կարելի ասել վարկային կազմակերպությունների մասին:

Նման խնդիր առկա է նաեւ Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի հետ աշխատանքի առումով, երբ բանկերը վճարում են իրենց ակտիվների 0,01%-ի, իսկ վարկային կազմակերպությունները` 0,07%-ի չափով:

Ներկայումս մեր Ասոցիացիայի առջեւ կանգնած հիմնական խնդիրն է հավասար պայմաններ ստեղծել վարկային կազմակերպությունների եւ բանկերի համար: Այդ նպատակով մենք հանդիպումներ ենք ունեցել FSDP իրավաբանական խմբի հետ, որը մեզ առաջարկել է իրավական վերափոխումների ծրագիր: Մենք այդ ծրագիրը ներկայացրել ենք Կենտրոնական բանկին, եւ այն ներառվել է ԿԲ աշխատանքային ծրագրում: Մենք հետեւողական ենք այն գործում, որպեսզի բարձրացված խնդիրները լուծում ստանան: Սակայն դա կախված է ոչ միայն Կենտրոնական բանկից, կոնկրետ դեպքում անհրաժեշտ է փոփոխություններ կատարել օրենսդրության մեջ, եւ մենք հուսով ենք, որ ԿԲ-ն հանդես կգա համապատախան օրենսդրական նախաձեռնությամբ:

- ՀՎԿԱ-ն առաջարկում է ունենալ իր ներկայացուցիչը Ֆինանսական հաշտարարի խորհրդում: Ինչու՞ մինչեւ հիմա դուք ներկայացված չեք այդ կազմակերպությունում:

- Ֆինանսական հաշտարարի խորհրդում պետք է ներկայացված լինեն բոլոր ֆինանսական կազմակերպությունների ներկայացուցիչները: Մեր պարագայում խնդիրն այն է, որ, օրենքի համաձայն, Ֆինանսական հաշտարարի խորհրդում ընդգրկվելու համար հասարակական կազմակերպությունը/ոչ առեւտրային կազմակերպությունը պետք է ունենա գործունեության առնվազն 5 տարվա պատմություն: Ւսկ մեր Ասոցիացիան գործում է ընդամենը 2 տարի: Մեզ համար սկզբունքային է ունենալ մեր ներկայացուցիչը Ֆինանսական հաշտարարի խորհրդում` նախեւառաջ տեղեկացվածության տեսանկյունից, եւ այդ կապակցությամբ մենք կողմ ենք օրենքի այդ կետի փոփոխմանը:

- Ժամկետանց պարտավորությունների ի՞նչ մասնաբաժին ունեն վարկային կազմակերպությունները, եւ մտադիր չե՞ք արդյոք համագործակցություն հաստատել կոլլեկտորային ընկերության հետ:

- Տարեվերջյան տվյալներով, վարկային կազմակերպությունների ժամկետանց վարկերի ծավալը կազմել է շուրջ 3-4%: 2009թ. գարնանը ժամկետանց վարկերի մասնաբաժինն աճեց մինչեւ 6-7%, սակայն արդեն տարեվերջին այդ ցուցանիշը նվազեց մոտավորապես 2 անգամ:

Ինչ վերաբերում է կոլլեկտորային գործունեությանը, ապա ես ողջունում եմ երկրում առաջին կոլլեկտորային ընկերության կազմավորումը եւ հուսով եմ, որ այն թափ կհավաքի եւ իրավական դաշտում իրական օգնություն կցուցաբերի ֆինանսական կազմակերպություններին:

- Հայտնի է, որ ՀՎԿԱ-ն 62,5 հազար եվրո ծավալի դրամաշնորհ է ստանալու հոլանդական «Օքսֆամ-Նովիբ» ընկերությունից: Ի՞նչ նպատակների եք մտադիր ուղղել այդ միջոցները:

- Դրամաշնորհի մեծ մասն արդեն մեր Ասոցիացիայի հաշվի վրա է: Ստացված միջոցներն ուղղվելու են ՀՎԿԱ տարածքի, անհրաժեշտ գույքի եւ սարքավորումների, հաստիքային աշխատողներին աշխատավարձ տալու հետ կապված խնդիրների լուծմանը:

Բացի այդ, մենք նախատեսում ենք տեխնիկապես զինել համակարգչային լաբորատորիան, որտեղ վարկային կազմակերպությունների տնօրեններն ու հաշվապահները քննություններ են հանձնելու համապատասխան որակավորման վկայական ստանալու համար:

Դիտում՝ 27248
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai