Յուրօրինակ բիզնես մոդել՝ Էջմիածնի «Մաչանենց տանը»

19.04.2018 | 09:45 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
#Մաչանենց տուն #Գրիգոր Բաբախանյան
Թատրոններ, կրթական կենտրոններ, պատկերասրահներ, հյուրատուն, թանգարաններ, գինետուն ու արվեստասեր ընտանիք. այս ամենն ու ավելին հավաքված է մեկ տեղում՝ «Մաչանենց տանը»:

Էջմիածնի Բալենիների փողոցում գտնվող «Մաչանենց տուրիզմ եւ արտ» սոցիալական ձեռնարկությունը գործում է արդեն 8 տարի. հիմնադրել է Գրիգոր Մաչանենց Բաբախանյանը՝ «Հայ միության խաչ» բարեգործական մշակութային հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահը: 27 հազ. զբոսաշրջիկ եւ իրենց ուսումնական կենտրոններն ավարտած 250 աշակերտ՝ տարին Մաչանենցում այսպես են ամփոփում: Ավելի մանրամասն Գրիգորը «էքսկուրսիա-հարցազրույցի» ընթացքում կպատմի ու կցուցադրի իր եւ բարեգործների ջանքերով ստեղծված ամեն մի անկյունը՝ ներկայացնելով միության 31 տարվա պատմությունը:


Մուտքի մոտ

«Շատ պաչող մարդ է եղել պապիկս, դրա համար էլ Մաչանենց. Խոյի բարբառով «մաչ-պաչ» արմատից է: 4 կին է ունեցել, 14 սիրուհի»,- պատմում է «Մաչանենց տուրիզմ եւ արտ» ձեռնարկության նախագահ Արփինե Բաբախանյանը: Նրա հայրը՝ Գրիգոր Բաբախանյանը, որոշել է հոր անունով կոչել տունը, ներսում էլ խնամքով պահում է նրա հին իրերն ու պատմում բոլոր պատմությունները:

Արփինե եւ Գրիգոր Բաբախանյանները

Մինչեւ ներս կմտնենք Գրիգորն առանձնահատուկ շեշտում է՝ իր տան ճանապարհով է անցել Գրիգոր Լուսավորիչը ու հասել Խոր Վիրապ, հենց այստեղով էլ Էջմիածնի տաճար ես գնում: Մաչանենց տան ստեղծումն էլ էր աստվածային. 17 տարեկանում Գրիգորի երազում հայտնվեց Նա՝ ծրարով ու պատգամով. «Աստված ասաց՝ որդիս դու պետք է կառուցես բերդաքաղաք՝ 3 մուտքով: Որպես սցենար վերեւից ուղարկված էր, ես էլ որպես խոնարհ ռեժիսոր բեմադրում եմ այն»,- ասում է առաջին մասնագիտությամբ ռեժիսոր Գրիգոր Մաչանենցը: Այս պատասխանն արդեն անգիր արած տալիս է բոլոր այն զբոսաշրջիկներին, որոնք Մաչանենց այցելելով միշտ հարցնում են՝ «ինչպե՞ս դիմացաք 31 տարի»: Մեզ պատասխանելիս անկեղծանում է՝ ինքն էլ չի հավատում՝ չքաղաքականացված կազմակերպությունը դիմանա 31 տարի՞:

Մտանք ներս

Դիմացը Մաչանենց թատրոնն է, որպես պատմական հուշարձան է գրանցված, 1914 թվականին է կառուցվել: «Մարզի միակ թատրոնն է»,- ասում է Գրիգորն ու հպարտանալու փոխարեն՝ տխրում:

Հրավիրում է ներս ու պատմում՝ կազմակերպության տարածքում գործում է 3 դպրոց՝ արվեստի, հանրային խոհանոցի եւ ինովացիոն: Արվեստաց դպրոցն իր ճյուղերով ներկայացնում է. նկարչություն, խեցեգործություն, երգչախումբ, ոկալի դասարան, թատերարվեստ, գորգագործություն, կարպետագործություն, բատիկա, կար ու ձեւ:

Անցած տարի կենտրոնը 250 սան է ունեցել: Կրթությունը խոցելի խմբերի համար ամբողջովին անվճար է, ինովացիոն կենտրոնն անվճար է բոլորի դեպքում, մյուսների համար շատ սիմվոլիկ գումար է սահմանված՝ ամսական 2000-3000 դրամ: Այս պահին 120 հոգի է սովորում: Ավարտողներից շատերը հենց այստեղ էլ աշխատանքի են ընդունվում: 6 տարի շարունակ աշակերտներն անվճար սնվում են նաեւ, անունն էլ «սիրո ճաշիկ»: 10-ից 30 տարեկան աշակերտներ են կենտրոնում սովորում:

Միջանցքում կարճ ներկայացումից հետո ուղեկցում է աջ՝ դեպի թանգարան: Ցույց է տալիս Արեւմտյան Հայաստանից բերված նմուշները, հին իրերը, հետո կազմակերպության ամենաառաջին աթոռը՝ կամ աթոռանման երկաթե մի կտորը: Աթոռը 31 տարվա ուղին է հիշեցնում, հեշտ չէր Գրիգորի համար, դեռ ամենասկզբում քար վաճառելով է սկսել:


Թանգարանում եւ առհասարակ Մաչանենց ամբողջ տանը ամեն ինչ շատ հին է, խնամված, կամ հնի վրա պատրաստած: Նորերից՝ պոետն իր բանաստեղծությունների ապակե ամանն է ցույց տալիս, ասում է՝ բոլորի համար է եւ՛ անգլերեն, եւ՛ հայերեն:

Թանգարանը փարաջանովյան ոճով է ստեղծված. Փարաջանով-Մաչանենց կապի մասին Գրիգորն է պատմում. «Ավարտել եմ Կուլտուրայի ֆակուլտետի կինո-ֆոտո բաժինը եւ բախտ եմ ունեցել աշակերտել նաեւ Սերգեյ Փարաջանովին, եւ հենց այդ պատճառով տարածքում կոլաժային լուծումները շատ են: Փարաջանովի հետ մի հանդիպումը մի տարվա համալսարանական կյանք արժեր»:

Տարազներն է ցույց տալիս՝ կենտրոնի սաների աշխատանքն է, եւ ուղեկցում վեր:

Բարձրանում ենք վեր. Ինովացիոն էթնիկ կենտրոն

Գնացինք ինովացիոն սենյակ-IT թանգարան: Հպարտանում է Գրիգորը. «Սա ինովացիոն կենտրոնների նման չէ, այն էթնիկ է՝ Հայաստանի առաջին ինովացիոն էթնիկ կենտրոնն է»: Այստեղ նորարարությունները համադրված են էթնիկի հետ:

Աշակերտների պատրաստած նորարարություններն են դրված սենյակում: Ինովացիոն կենտրոնի խմբակների անունները նույնպես տարբերվող են՝ Գարեգին Նժդեհի, Դավիթ Անհաղթի, Այնշտեյնի անվան խմբակներ, նոր խումբն էլ Տիգրան Մեծի անունով են կոչել:


Ինովացիոն կենտրոնը դեռ երիտասարդ է՝ 2 տարվա պատմություն ունի: Գրիգորն ասում է, որ այստեղ մտքի պատերազմ են սովորեցնում՝ ամենախաղաղ պատերազմը: Սովորեցնում են ոչ միայն տեխնոլոգիաներ, այլեւ ինքնատիպ մտածելակերպ: Քայլում ենք առաջ՝ մեդիալաբորատորիա, այստեղ սովորեցնում են ֆիլմ պատրաստել՝ լուսանկարում, ձայնագրություն, մոնտաժ:

Դեպի աշխատասենյակ

Գրիգորն աշխատասենյակ է մտնում մանկության աչքերի մեջ նայելով. մանկության կոշիկներն է փակցրել դռանը, որ ամեն անգամ մտնելիս նայի: «Մարդ մնալու համար պետք է ամեն օր նայել մանկության աչքերի մեջ»,- ասում է Գրիգորը:

Նախկին աշխատասենյակը տվել է նորընտիր նախագահին՝ Արփիին: Հոր խոսքով՝ ինքը ստեղծագործական թոշակի է անցել. աշխատասենյակը, սակայն, ավելի շատ արվեստանոց է հիշեցնում, երեկվա նոր կտավի թարմ ներկերի բույրը դեռ սենյակում է:



Սեղանն է ցույց տալիս, հորից է մնացել, անգամ մանկության մահճակալն է տեղափոխել այստեղ: Նախորդ աշխատասենյակում էլ հոր՝ Մաչանենցի-Պաչանենցի նկարն էր կախված՝ շատերի աշխատասենյակներում փակցված նախկին նախագահի նկարի պես: Քաղաքական նոտան շարունակենք վարչապետին ուղղված «հողեղեն նամակներով». ասում է՝ բոլոր հին ու նոր վարչապետներին նամակ ունի. «Եղեք աղքատների վարչապետ, հարուստների վարչապետ արդեն վաղուց ունենք»:

Աշխատասենյակում անցանք թվաբանական հարցերին. անցած տարի 67 պետությունից 20 հազար զբոսաշրջիկ է եկել Մաչանենց, 7 հազար՝ ներքին զբոսաշրջությունից. ընդհանուր՝ 27 հազար մարդ: «Տուրիզմը ոչ թե նպատակ է, այլ գործիք, սակայն հենց տուրիզմի զարգացմամբ է կապված նաեւ մեր կենտրոնի ընդլայնումը»,- ասում է հիմնադիրը:

«Մաչանենց տուրիզմ եւ արտ» սոցիալական ձեռնարկություն ստեղծելու միտքը 8 տարի առաջ է ծնվել, որովհետեւ, ըստ Գրիգորի, կազմակերպությունը չէր կարող գոյատեւել միայն բարերարների ֆինանսավորմամբ: Այստեղ նույն զբոսաշրջիկը մի քանի անգամ է այցելում, շատերն են ուղիղ այստեղ գալիս՝ առանց Երեւանում հյուրատուն պատվիրելու:  

Արվեստի կենտրոնները եւ հյուրատունը

Շրջակա շինությունները կառուցված են առանց բարերարների օգնությամբ՝ միայն տուրիզմի եկամուտներով: Մինչ հյուրատուն հասնելը Գրիգորը մեզ ուղեկցում է խեցեգործության եւ գորգագործության սենյակները: Ընկեր Աննային ենք հանդիպում, վերջինս աուտիզմով 20 երեխաների կավով ստեղծագործել է սովորեցնում: Աննան պատմում է՝ երեխաները մեծ բավականություն են ստանում կավի հետ աշխատելիս:

Գնացինք հյուրատուն. հյուրասենյակներն այստեղ անուններ ունեն՝ Ադամի եւ Եվայի սենյակ, Պոետի սենյակ, Խոհարարի սենյակ... Յուրաքանչյուր սենյակ ունի իր թեման ու բացատրությունները, ըստ Գրիգորի, որպեսզի չձանձրանա մարդը ու մի քիչ կարդա: Ավելի հետաքրքիր թեմատիկ լուծումներ էլ կան. Ադամի ու Եվայի հյուրասենյակում, օրինակ, միշտ խնձոր է դրված լինում:

Գներն էլ մատչելի են. 6500 դրամից է սկսվում՝նախաճաշն էլ ներառյալ: Իսկ հարեւան շենքում գտնվող հյուրանոցի սենյակները երկու անձի համար 19 հազ. դրամի կհասնեն:

Ի դեպ, այստեղ ամեն ինչն է տեղական պատրաստության, նկարները, անկողինը աշակերտների գործերն են: Տուրիզմի թեման շարունակելով՝ հայր ու աղջիկ պատմում են՝ 104 տուրիստական ընկերության հետ են աշխատում: Գրեթե միշտ ազատ տեղ չի լինում:


«Եթե տեղ չունենք, ուրեմն լավ է: Մենք ընդլայնվելու ցանկություն չունենք, որովհետեւ մեր կազմակերպությունն ունի այսպիսի մի փիլիսոփայություն. պետք է ամեն օր հիշենք, որ կյանքը երկար չէ: Դրա համար երբ մենք, ինքնահոսին տրվելով, շատ ենք ընդլայնվում՝ ոչ թե ապրում ենք, այլ ծառայում ենք մեր բանկի հաշվեհամարներին»,- ասում է Գրիգորը:

Մաչանենց հեքիաթե տանը դժվար է թերի կամ ոչ խորը մտածված լուծումներ գտնել, չնայած այս կատարելությանը Գրիգորի ոգեւորությունը խոսքի մեջ հաճախ է մարում. «երեւանամետությունից» է բարկանում: Նրա խոսքով՝ որքան վտանգավոր է արտագաղթը Հայաստանից դուրս, նույնքան վտանգավոր է ներքին արտագաղթը:

«Երբ շրջաններից լցվում ենք Երեւան, մայրաքաղաքը դառնում է աղմկոտ ինչ-որ մի բան, իսկ մարզերը՝ գերեզմաններ»: Մաչանենց ընտանիքը պատրաստ է անվճար տրամադրել իրենց մոդելը. ասում են՝ միշտ պետականամետ են եղել եւ ուրախ կլինեն, որ Մաչանենցի մոդելը ներդրվի այն շրջաններում, որտեղ անապատացման վտանգ կա:

Գնացինք թատրոն

Մաչանենց տունն ունի 3 թատրոն՝ 2-ը գործում են, մեկը ճանապարհին է: Որերորդ անգամ լսում ենք «ՀՀ-ում առաջին», դրանց շարքից է նաեւ ՀՀ առաջին օրգանիկ թատրոնը՝ պատշգամբ թատրոնը: Պատշգամբում դերասանները խաղում են, իսկ դիմացի շինության վերնահարկում նստածները՝ վայելում: Իսկ մարզի առաջին թատրոնը Մաչանենց տան դիմաց էր, դա սկզբում էր ներկայացրել:


Օրգանիկ թատրոնի տարածքում է կառուցվում նորը՝ Քարանձավ թատրոնը: 150-տեղանոց թատրոն է լինելու, մեկ տարի կպահանջվի կառուցելու համար, դժվարը աթոռներն են. ոչ մի աթոռը չի կրկնելու մյուսին, աթոռներն անուններ են ունենալու, օրինակ, Շեքսպիրի աթոռ, Օտյանի աթոռ:

Ինչո՞ւ քարանձավ, որ թատրոնի դահլիճում մարդիկ չնստեն ու խոսեն իրենց կենցաղային թեմաներից, Գրիգորի խոսքով՝ քարանձավի երկար ճանապարհը մարդկանց կօգնի, որ այդ մտքերը դուրս թռչեն: Հետո մեջբերում է Փափազյանի խոսքը. «Մարդ պետք է թատրոն գլխարկը հանած մտնի, քանի որ թատրոնը տաճար է»:

Թվում է՝ Փափազյանի խոսքերից հետո վերջապես Մաչանենցին առանց իր արտիստիկ գլխարկի կտեսնենք, բայց չհանեց: «Եվ ավելի լավ է գլխարկով մտնել, քան կենցաղային մտքերով». ասաց ու կենցաղայինից ազատված մտավ միջազգային պատկերասրահ:

Պատկերասրահում

Միջազգային պատկերասրահը բացվել է միության անցած տարվա 30-ամյակի կապակցությամբ: Մաչանենց կազմակերպած Միջազգային արվեստի սիմպոզիումի ժամանակ արված նկարներն էին այստեղ ցուցադրվում: Սիմպոզիումն անցկացվում է 4-րդ անգամ, միայն անցած տարի 67 արվեստագետ աշխարհի՝ 15 երկրներից, 10 օր ապրել են այստեղ՝ Մաչանենցում, ու ստեղծագործել: Ի դեպ, այստեղ բոլոր պատկերասրահներն ու թանգարաններն անվճար են:

Պատկերասրահում Գրիգորի աշխատանքներն էլ կգտնեք, եթե քայլելիս նայեք նաեւ ցած: «Խոնարհության խոռոչներում» է տեղադրել Գրիգորն իր աշխատանքները, որպեսզի մարդիկ քայլեն նրա արվեստի վրայով ու սովորեն չմեծամտանալ:

Վերջապես այգի հասանք, այստեղ էլ ամենուր նրա պոեզիային կարելի է ծանոթանալ, փայտե դարպասների վրա նրա տողերը կարդալով՝ կհասնես քանդակներին: Հայաստանյան հայտնի քանդակներն են տեղադրված, որ զբոսաշրջիկները տեսնեն, հավանեն ու գնան բնօրինակների հետեւից: Մաչենենցում ամեն ինչ շատ խորն է մտածված Հայաստանը ճանաչելու ու նաեւ զբոսաշրջությունը զարգացնելու համար:


Էքսկուրսիայի ավարտն էլ կարելի է հայկական համեղ ուտեստներով ու տնական գինով ավարտել. ճաշացանկը տարբեր է, բայց միայն հայկական, Մաչանենցյան հեղինակային ուտեստներն էլ կան. խոհարարներից շատերն են նրանց դպրոցն ավարտելուց հետո անցել աշխատանքի: Վերջում էլ հեղինակային խմորեղենն են հյուրասիրում, կոպեկով է. տեսնենք ո՞ւմ կհասնի...

Ամալի Խաչատրյան
Դիտում՝ 18688
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai