«Նեթվորք արշավներ»-ը՝ գործարարների համախմբման յուրօրինակ հարթակ

21.03.2018 | 13:01 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
#Նեթվորք արշավները #Մայիս Մարգարյան
Պաշտոնական անվանումը՝ «Նեթվորք արշավներ», ըստ էության՝ հայկական LinkedIn: Բիզնես համայնքը ոչ պաշտոնական թելերով կապող նախաձեռնության մասին Banks.am-ը զրուցել է վերջինի հիմնադիր, արշավական-գործարար Մայիս Մարգարյանի հետ:

Ոչ ֆորմալ մեկնարկ

Գործարար շրջանակում Մայիս Մարգարյանին գիտեն որպես «էքզելիստ» (Excelist Club-ի հիմնադիր), արշավականները՝ «էքզելիստ» եւ լավ ընկեր: Տարիներ շարունակ արշավական ակտիվ կյանքով ապրելու ընթացքում Մայիսը հասկացել է, որ արշավը հիանալի ձեւաչափ է գործարար համայնքը համախմբելու եւ բիզնես կապերն ամրապնդելու համար:

«Արշավն ինքնին արդեն նեթվորքինգ է,- ասում է նա: -Իսկ եթե դրա վրա մի քիչ աշխատենք, մի փոքր ուղղորդենք, շատ ավելի լավ կծառայի նպատակին»:

Այդ գաղափարի հիման վրա էլ 2016թ. հոկտեմբերին նախաձեռնել է առաջին արշավը. համախմբել է ակտիվ ապրելակերպ վարող տարբեր մասնագիտությունների տեր մարդկանց եւ նրանց կապն ամրապնդել արշավներում:

««Նեթվորք արշավներ»-ը բիզնես համայնք է, որի մեկնակետը դրվում է արշավում՝ ոչ ֆորմալ միջավայրում: Մի ամբողջ օր անցկացնելով միասին՝ տարբեր գործարարներ ու մասնագետներ՝ պոտենցիալ գործընկերներ, իրար հետ ծանոթանում են եւ իրար հետ որոշակի դժվարություններ հաղթահարում: Երբ երրորդ կուրսի ուսանողն օգնում է միլիոնատիրոջը քարի վրայով անցնել, այստեղ բոլոր ֆորմալությունները կոտրվում են»,- ասում է հեղինակը՝ շեշտելով, որ արդյունքում ստեղծվում են «ճանապարհ անցած» կապեր:  


Ձեւաչափ

Արշավի մեկնարկը տրվում է Երեւանից, որպես կանոն, մեկ ավտոբուսով, ինչը նեթվորքինգի կարեւոր պայմաններից մեկն է: Արշավախմբի անդամների կազմը նախապես հայտարարվում է: Փաստացի, յուրաքանչյուր գործարար կամ մասնագետ, միանալով արշավին, արդեն գիտի՝ ինչ մասնագիտության ու զբաղվածության տեր մարդկանց հետ է անցկացնելու օրը:

Յուրաքանչյուր արշավի համար ընտրվում է հատուկ խոսնակ եւ քննարկման թեմա՝ ՏՏ մարկետինգից մինչեւ արեւային էներգիա, անօդաչու թռչող սարքեր կամ կրիպտոարժույթ:  

«Սեմինարին հատուկ չենք պատրաստվում. այն կարող է լինել ծառի տակ, քարերի վրա, կիրճում՝ խոտին նստած, կամ պարզապես գյուղացու տանը»,- ասում է Մայիսը՝ հավելելով, որ ձմռան ամիսներին հենց վերջին տարբերակն են նախընտրում:

Արշավային օրվա առաջին կեսը, Մայիսի խոսքով, խմբակիցները որոշակի դժվարություններ են անցնում, հոգնում, օրվա 30 տոկոսը՝ հանգստանում, որպես կանոն, գյուղացու տանը:

Արշավի բարեհաջող ավարտից հետո օրվա բոլոր հերոսներն ավելացվում են «ճանապարհ անցածների» ֆեյսբուքյան փակ խմբում, որտեղ էլ շարունակվում է կապերի հետագա ամրապնդումը՝ բիզնես քննարկումներ, սեմինարներ, ուղեղների գրոհներ:   

Քաղաք-գյուղ կապը

Գյուղացու տուն այցելությունը «Նեթվորք արշավներ»-ի ձեւաչափային կարեւոր առանձնահատկություն է: Արշավախմբի անդամներին դա մի կողմից թույլ է տալիս մեկ բաժակ սուրճի շուրջ հանգստանալ օրվա ավարտին, մյուս կողմից՝ դա գյուղացու հետ գործընկերություն հաստատելու հիանալի հնարավորություն է:


«Կռիվների միջոցով հասանք նրան, որ գյուղացիներն այլեւս չեն առաջարկում գառ մորթել. նրանց տանը թեյ կամ սուրճ ենք խմում, նրանց բացատրում, որ սա բիզնես նախագիծ է, եւ նրանց էլ փորձում ենք այս նախագծի մի մասը դարձնել»,- պատմում է Մայիսը:

Գյուղացիների հետ ծանոթանալուց հետո  փոխանակվում են կոնտակտներով, նրանց երբեմն «զոռով» գրանցում Facebook-ում եւ ավելացնում «ճանապարհ անցած» արշավականների խմբում:  

«Քանի որ սա բիզնես նախագիծ է, փորձում ենք մեզ հետ բերել գիտելիք, նեթվորքինգ, նրանց համար կապեր ստեղծել, որպեսզի հետագայում նրանք իրացման շուկաներ ունենան,- ասում է Մայիսը:- Արդյունքում՝ նրանց մոտ բիզնես մտածելակերպ է փոխվում, Facebook-ում էջեր են բացում, տարբեր մարկետինգային հնարքներ կիրառում: Տուրիզմի ոլորտի գործարարներն էլ նրանց միջոցով գիշերակաց են ապահովում իրենց զբոսաշրջիկների համար, նպաստում գյուղմթերքի վաճառքին»:

Հայաստանի ծածուկ անկյունները

Արշավի համար, որպես կանոն, ընտրվում են այնպիսի վայրեր, որոնք տուրիստական շրջանակում լայն տարածում չունեն՝ դժվարանցանելի ճանապարհների կամ այլ պատճառներով:

«Քանի որ մեր արշավախմբում լինում են հիմնականում գործարարներ ու պոտենցիալ ներդրողներ, փորձում ենք գնալ այնպիսի համայնքներ, որոնք, իսկապես, օգնության կարիք ունեն,- ասում է Մայիս Մարգարյանը: -Եթե գնում ենք Տավուշ, աշխատում ենք գնալ Շամշադին, եթե Սեւան՝ թերակղզուց հեռու, եթե Սյունիք՝ Կապանի եւ Մեղրու գյուղեր»:


Յուրաքանչյուր արշավ նկարահանվում է 360 աստիճան տեսախցիկով, դրոնով, վերածվում պրոֆեսիոնալ պրոմո-հոլովակի եւ տարածվում սոցցանցերով: Դա էլ իր հերթին նպաստում է Հայաստանի ծածուկ անկյունների բացահայտմանը եւ գյուղական տուրիզմի զարգացմանը:

Արդյունքում

2016թ. հոկտեմբերից ի վեր՝ իրականացվել է 15 արշավ, «միասին ճանապարհ անցածների» խմբում գրանցված է 400 մարդ: Ընդ որում, արշավներին մասնակցողների կազմը թեեւ խայտաբղետ է, բայց ինչպես Մայիսն է ասում, այն ֆիլտրված զանգված է: Մասնավորապես, արշավականների 21%-ը կազմում են փոքր եւ միջին ձեռնարկատերերը, ինչպես նաեւ տնտեսագետներ, ֆինանսիստներ, մարկետոլոգներ, ծրագրավորողներ, իրավաբաններ ու բժիշկներ:

Ուշագրավ է, որ նեթվորք արշավները եւ բիզնես կապերն արդեն տալիս են իրենց տեսանելի արդյունքները:

«Խմբի ներսում անընդհատ տարբեր հարցումներ են լինում՝ գործարարները կադրեր են փնտրում, մասնագետները՝ աշխատանք,- պատմում է Մայիս Մարգարյանը: -Օրինակ, գյուղացիների բազան տրամադրելու խնդրանքով մեզ դիմել է ՏՏ մի նախագիծ, որը ցանկանում է B&B-ների հավելված մշակել: Մեկ այլ ստարտափի դարձյալ գյուղացիների հետ կապ ենք ապահովում՝ քվեստ տուրերի կազմակերպման նպատակով: Ինքս էլ՝ որպես գործարար, իմ մյուս նախագծերի համար բազմաթիվ կադրեր եմ գտել՝ ընդհուպ մինչեւ Արցախից»:


Մայիս Մարգարյանն ակնկալում է, որ ժամանակի ընթացքում գործարարների մասնակցությունն արշավներին կավելանա, իսկ մասնագետների համար այն կդառնա կապեր հաստատելու վստահելի հարթակ:

«Մի օր սա դառնալու է հզոր բիզնես հարթակ, երբ գյուղացիներն իրենք են ցանկանալու մեզ հյուրընկալել, իսկ նախագծերի ղեկավարները իրենք են մեզ դիմելու՝ որպես խոսնակ մեզ մոտ ելույթ ունենալու համար»,- իր տեսլականով է կիսվում նախաձեռնության հեղինակը:

«Ոտքից գլուխ» սոցիալական բիզնես

Մայիս Մարգարյանը համեստորեն նշում է. «Նեթվորք արշավներ»-ը թեեւ շահույթ հետապնդող ծրագիր է, բայց այդ շահույթը նախագծի ղեկավարների գրպանի համար չէ:

Առաջին արշավից հետո որոշել են հավաքված գումարը տրամադրել որեւէ զինհաշմանդամի, ինչն էլ բարեհաջող իրագործել են «Աջակցություն վիրավոր զինվորներին եւ զինվորական հաշմանդամներին» հասարակական կազմակերպության օգնությամբ:

Նույն նպատակին է ուղղվել երկրորդ, երրորդ եւ հետագա արշավներից ստացված գումարը, մինչեւ որ 2017թ. օգոստոսին արդեն պաշտոնապես հայտարարեցին, որ նախաձեռնությունը շահույթ հետապնդող չէ: Ընդ որում, «Նեթվորք արշավներ»-ի կազմակերպման եւ իրականացման ամբողջ պատասխանատվությունը դրված է Մայիս Մարգարյանի եւ 14 կամավորների ուսերին:  

«Աշխատանքը շատ ռեսուրսատար է, բայց թիմի անդամներից ոչ մեկին չենք վճարում, միայն ամեն արշավից մի փոքր գումար ենք առանձնացնում տեխնիկական հագեցման համար,- պատմում է Մայիսը:- Վերջերս էլ, երբ հայտնի դարձավ Արա լեռան դժբախտ պատահարի մասին, կամավորների կազմը համալրեցինք բժիշկով: Բացի այդ, ուզում ենք յուրաքանչյուրից 500 դրամ առանձնացնել ապահովագրական ֆոնդի համար, որպեսզի եթե որեւէ մեկի հետ մի բան պատահի, այդ գումարով կարողանանք օգնել»:


Մայիս Մարգարյանը բացառում է, որ «Նեթվորք արշավներ»-ը մի օր կարող է փոխել ուղղվածությունը եւ դառնալ շահույթ հետապնդող բիզնես:

«Նախագիծն իրենով ածանցյալ կերպով հազար ու մի շահույթ է բերում, այն հենց դրանով է քաղցր,- ասում է նա: -Այստեղի ծանոթությունները իմ մյուս նախագծերին եւ շատերի համար իրենց գործունեության տարբեր ոլորտներում բերել են հասույթի ավելացում կամ ծախսերի նվազում»:

Փոխարենը գործարարը հույս է հայտնում, որ գուցե գա մի օր, երբ զինհաշմանդամների հետ կապված խնդիրների ծավալը կնվազի եւ իրենք էլ կկենտրոնանան այլ թիրախային խմբերի հոգսերի թեթեւացման ուղղությամբ:

Վիկտորյա Անդրեասյան
Դիտում՝ 9738
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai