2017-ի տրամադրություն ստեղծող նախագծերը

29.12.2017 | 11:51 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
#Բիզնես
2017-ի տնտեսական լրահոսն առանձնացավ ներդրումային ակնկալիքներով եւ ոլորտի պատասխանատուների վճռականությամբ՝ սատարելու պոտենցիալ ներդրողներին:

Տարին աչքի ընկավ նաեւ գյուղոլորտում մեկնարկած ինդուստրիալ զարգացումներով եւ գյուղվարկերի սուբսիդավորման ծրագրերի մեկնարկով, որին մասնակցեցին նաեւ բանկերն ու վարկային կազմակերպությունները: Ի դեպ, վերջիններս անցնող տարում բավական ակտիվ էին նաեւ պարտատոմսերի շուկայում:

Բնականաբար, նշված միտումները տեղ գտան մեր լրահոսում եւ հեղինակային նյութերում: Բայց եւ այնպես՝ ամփոփելով տարին, որոշել ենք առանձնացնել այն նախաձեռնությունները, որոնք 2017-ին առավել ոգեւորիչ մթնոլորտ եւ տրամադրություն ստեղծեցին:

Եվ այս ամենը Banks.am-ի վարկածով՝ գնացինք :)

Ամենաբրենդային ռեբրենդինգը


Սեպտեմբերի 15-ին Երեւանում կայացավ Պրոմեթեյ Բանկի ռեբրենդինգին նվիրված վառ շնորհանդեսը, որի ընթացքում ներկայացվեց բանկի նոր ռազմավարությունն ու բրենդը՝ Evocabank-ը:  


«Անվան եւ լոգոտիպի փոփոխությանն ու նոր բիզնես մոդելին զուգահեռ՝ ռեբրենդինգի ամենագլխավոր գործընթացը համարում եմ սեփական ռեբրենդինգը՝ փոփոխությունների գործընթացում անմիջականորեն ներգրավված մարդկանց մտքերի, ուղեղների, մտածողության եւ աշխատանքի հանդեպ մոտեցումների ռեբրենդինգը: Խոսքը բանկի ղեկավարության, աշխատակիցների, գործընկերների, ընկերների ու համախոհների մասին է»,- Banks.am-ին տված բացառիկ հարցազրույցում ասել էր Վազգեն Գեւորկյանը:

Ամենանվիրյալ հիմնադրամը


Տարվա սկզբին «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամը մեկնարկեց դրամաշնորհային ծրագրերի ֆինանսավորման գործընթացը: Ստեփան Գիշյանի ծննդյան օրը՝ մայիսի 5-ին, հիմնադրամն ամփոփեց ծրագրերի արդյունքները:

«Այս ծրագրերին աջակցելը կլինի մեր հիմնադրամի առաջին փոքր քայլը, որպեսզի մենք հպարտությամբ ասենք, որ պատվով շարունակում ենք Ստեփան Գիշյանի գործը»,- նշել էր հիմնադրամի տնօրեն Աննա Գիշյանը:


Արդյունքում՝ վերանորոգվեց Նոյեմբերյանի մարզադպրոցը, ՀՀ բժիշկները մաշկի փոխպատվաստմանն այլընտրանք ստացան, Գյումրիում ստեղծվեց հացի «սոցիալական» արտադրամաս:

Ամենապահապան արշավը


Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի երեխաների անվտանգությունն ապահովելու նպատակով «Պահապան» զարգացման հիմնադրամն այս տարի նախաձեռնեց «համազգային հանգանակությունների» արշավը: Հանգանակություններից ստացված գումարն ուղղվելու է մարզի ամենախոցելի համայնքների դպրոցներում եւ մանկապարտեզներում խաղաթաքստոցների կառուցմանը: Թիրախային համայնքների ընտրությունը վստահվել է ԱԻՆ-ին։


Ֆոնդհայթայթման համար յուրօրինակ ձեւ ընտրվեց՝ արշավին մասնակից դարձան Երեւանի սրճարան-ռեստորանները, որոնց թիվն այսօրվա դրությամբ հասնում է 35-ի:  

«Ուզում ենք ցույց տալ, որ հասարակության, պետության եւ մասնավորի շահերը կարող են համընկնել, եւ ամենակարեւորը, ուզում ենք ցույց տալ, որ հասարակությունը կարող է համախմբվել եւ մի գործի լծվելով՝ ինչ-որ մի հարց լուծել»,- Banks.am-ի հետ զրույցում նշել էր հիմնադրամի գործադիր տնօրեն Ինգա Հարությունյանը։

Ամենաերեւանյան  oրերը  


Մայիսի 5-6-ը «Արենի փառատոն» հիմնադրամի նախաձեռնությամբ Երեւանում առաջին անգամ անցկացվեցին գինու օրեր: Երկու օր մայրաքաղաքի Սարյան փողոցի «գինետների հատվածում» ջազի, բլյուզի կենդանի ելեւէջների ներքո, ազգագրական երգ ու պարի ուղեկցությամբ երեւանցիներն ու զբոսաշրջիկները գինի էին վայելում եւ համտեսում գինու երեկոյին «հարիր» մենյուներ:


«Այո՛, 6000 տարի առաջ ունեցել ենք գինեգործություն, բայց պետք է դա ցույց տալ նաեւ արտասահմանցիներին, պետք է ցույց տալ, որ Հայաստանը եղել է գինեգործության օրրան: Զբոսաշրջիկներին հայկական գինեգործությանը ծանոթացնելու ուղղությամբ շատ աշխատանքներ կան կատարելու, հետեւաբար, կարեւոր է, որպեսզի առաջին քայլերն արվեն ճիշտ, հստակ շեշտադրությամբ»,-Banks.am-ի հետ զրույցում ասել էր միջոցառման PR գործընկեր Աննա Մազմանյանը:

Ամենականչող ծրագիրը


Զբոսաշրջության զարգացում, կրթության եւ գիտության բարձր մակարդակ. Գեղարքունիքի մարզի Կալավան գյուղում հասկացել են՝ որոնք են համայնքի զարգացման կարեւորագույն չափանիշները: Կալավանի զարգացման 10-ամյա ծրագիրն իրագործվում է «Թայմ լենդ» հիմնադրամի նախաձեռնությամբ եւ ամբողջ գյուղի բնակիչների ջանքերով:


«Կալավանում ձեզ կարող է գրավել այն միջավայրը, որտեղ կարող եք տեսնել, թե ինչպես է համայնքն ապրում որպես մեկ միասնական օրգանիզմ, որտեղ գյուղացիները ոչ միայն գոհ են, այլեւ հպարտ, որ ապրում են այդ գյուղում... Կարելի է ասել, որ սա իմ հիմնական երազանքն է. որ ցանկացած մարդ, Հայաստանի տարածքում որտեղ էլ ապրի, հպարտ լինի, որ ապրում է հենց այդ վայրում»,-Banks.am-ի հետ զրույցում նշել էր «Թայմ լենդ»-ի տնօրեն Ռոբերտ Ղուկասյանը:

Ամենաարեւային նախագծերը


Հունիսին Երեւանում բացվեց արեւային վահանակներ արտադրող SolarOn գործարանը: Նոյեմբերին Արագածոտնի մարզի Թալին քաղաքում բացվեց 1ՄՎտ հզորությամբ «Թալին-1» արեւային կայանը: Դեկտեմբերին Արմավիրի մարզի Շենիկ համայնքում բացվեց «Գրին Էներջի» 1 Մվտ դրվածքային հզորությամբ արեւային էլեկտրակայանը: Օրեր անց Տավուշի Ենոքավան գյուղում բացվեց մարզի ամենամեծ արեւային էլեկտրակայանը՝ 147 կՎտ դրվածքային հզորությամբ:


Խորհրդանշական էր նաեւ Երեւանի Մոսկովյան եւ Բաղրամյան փողոցներում արեւային էներգիայով սնուցվող հանրային տրանսպորտի երկու կանգառի բացումը` բջջային հեռախոսների եւ թվային այլ սարքավորումների արեւային էներգիայով անվճար լիցքավորելու հնարավորությամբ:

Ամենավաստակած ներդրումը


Աշնանը Menu Group-ը հայտարարեց $3 մլն-ի ներդրում ներգրավելու մասին։ Միջոցներն օգտագործվելու էին տարածաշրջանային հետագա զարգացման համար։


«Այսօր Menu Group UK Ltd-ին Հայաստանում, Վրաստանում եւ Բելառուսում ռեստորաններից սննդի առաքման շուկայում բացարձակ առաջատար է: 5 տարվա ընթացքում ընկերությունը հասել է տարեկան 1 միլիոն պատվերը գերազանցող ծավալի: Ներկայում ընկերությունը գրավում է 2-րդ տեղը ԱՊՀ-ում՝ ընդհանուր պատվերների քանակով: 2017թ. նախնական հաշվարկներով՝ ընկերության հասույթը կգերազանցի $3 մլն-ը»,- նշել էին ընկերությունում:

Ամենաճանաչված ստարտափը  


Volterman ստարտափ-ի մշակած սմարթ դրմապանակը 2017-ին հաղթական ուղի անցավ: Մայիսի սկզբին Երեւանում կայացած Նորարարություններին ուղղված համաֆինանսավորվող դրամաշնորհային մրցույթի արդյունքներով այն ստացավ դրամաշնորհ, իսկ սեպտեմբերին ստարտափի հեղինակներին տրամադրվեց «Ալյանս» ազատ տնտեսական գոտում շահագործողի 5 տարվա թույլտվություն:


Հունիսից մեկնարկած crowdfunding-ի արդյունքում Volterman-ը հավաքեց ավելի քան $1,5 մլն:

Ամենասպասված փոխադրամիջոցը


Հունիսի 14-ին Երեւանի Հանրապետության հրապարակից դեպի «Զվարթնոց» օդանավակայան ուղեւորվեց առաջին երթուղային ավտոբուսը: Երթուղու ժամանակավոր սպասարկող նշանակվեց «Էլիտ բաս» ընկերությունը, որն էլ փորձաշրջանն անցնելուց հետո՝ կազմակերպության ընտրության մրցույթի արդյունքներով դարձավ երթուղու սպասարկողը:


Ներկայում երթուղու վերջնակետն է Երեւանի մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանին հարող տարածքը: Ուղեվարձը 300 դրամ է։

Ամենամոտիվացնող գիրքը


14 տարի՝ «փորձարկումներ»-ի եւ 15 ամիս՝ նոր ձեռագրի համար: Արդյունքում այս տարվա նոյեմբերին տեղի ունեցավ «Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոն (BSC) խորհրդատվական ընկերության հիմնադիր տնօրեն Սամվել Գեւորգյանի հեղինակած «Քո սեփական բիզնեսը Հայաստանում» գրքի շնորհանդեսը:


«560-էջանոց գրքի կարեւոր առանձնահատկություններից է այն, որ դրանում բիզնես կատեգորիաներին «միս ու արյուն» են տալիս կոնկրետ օրինակները: Մասնավորապես, գրքում ներկայացված են մոտ 200 մեծ եւ փոքր, սկսնակ եւ արդեն զարգացման փուլում գտնվող հայկական ընկերությունների անցած ճանապարհն ու հաջողության պատմություններն ու օրինակները, ինչու ոչ՝ նաեւ ռիսկերն ու ձախողումները»,- Banks.amզրույցում նշել էր Սամվել Գեւորգյանը:
Դիտում՝ 19538
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai