Ազգայինի բրենդավորումը՝ ավանդական հարսանիքի միջոցով

25.12.2017 | 10:53 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
#«Թոնիր հարսանեկան գյուղ» #Հայկ Երանոսյան #Սիրարփի Խոջաբաղյան
Հայկական ավանդական սովորույթները վերակենդանացնելու, աշխարհին ու հենց հայերին ճանաչելի դարձնելու համար «Թոնիր հարսանեկան գյուղ» ստարտափն առաջարկում է հարսանիք՝ ազգային սովորույթներով։ Banks.am-ը զրուցել է նախագծի հեղինակներ Հայկ Երանոսյանի եւ Սիրարփի Լեռանէ Խոջաբաղյանի հետ՝ պարզելու համար ստարտափի գլխավոր խնդիրներն ու զարգացման հեռանկարը։

Ամուսնանալու որոշումը՝ որպես գաղափարի առաջացման խթան

«Թոնիր հարսանեկան գյուղ» ստարտափի գաղափարը ծնվեց շուրջ 2 տարի առաջ, երբ հեղինակներ Հայկ Երանոսյանը եւ Սիրարփի Լեռանէ Խոջաբաղյանը որոշեցին ամուսնանալ։ Երիտասարդ զույգը ցանկանում էր հայկական ազգային սովորույթներով հարսանիք անել, սակայն նման ծառայություն մատուցող կազմակերպություն գտնել չհաջողվեց, եւ նրանք որոշեցին հանդես գալ սեփական նախաձեռնությամբ։

«Հանդիպեցինք մասնավոր դեպքերի, երբ հարսն ու փեսան էին տարազով, կամ  նաեւ մի քանի հյուրեր, սակայն դա մեր ուզածը չէր։ Սկսեցինք ուսումնասիրել ազգագրագիտական արխիվներ։ Մեզ շատ օգնեցին հնագիտության ինստիտուտի եւ գիտությունների ազգային ակադեմիայի աշխատակիցները»,- պատմում է Հայկը Երանոսյանը։

Ծրագրի լիարժեք իրականացման համար հեղինակները սկսեցին ֆինանսավորում փնտրել, ինչը, Հայկի խոսքով, սխալ հասկացվեց որոշ կառույցների կողմից.

«Ոմանց մոտ տպավորություն ստեղծվեց, որ մենք մեր հարսանիքն անելու համար ենք ֆինանսավորում փնտրում։ Իրականում մեր նպատակը մոռացված ավանդույթների վերհանումն ու փաստագրական ֆիլմ նկարելն էր։ Ի վերջո, ընկերների օգնությամբ կազմակերպեցինք նկարահանումները մեր հարսանիքի ժամանակ, որն էլ եղավ ծրագրի առաջնեկը»։

Բացի իրենց հարսանիքի կադրերից՝ հեղինակներն ուզում են որոշ հավելյալ դրվագներ նկարել, որ ֆիլմը նաեւ ճանաչողական լինի, եւ պատմի բոլոր կարեւոր ծեսերի մասին։ Հայկը եւ Սիրարփին հույս ունեն, որ ծրագրով հետաքրքրված մարդիկ կշարունակեն գումար փոխանցել իրենց generosity.com կայքի միջոցով, եւ նրանք կկարողանան ավարտին հասցնել փաստագրական ֆիլմի նկարահանումները։
   
Ազգայինը՝ որպես զբոսաշրջության զարգացման միջոց

Համացանցում արդեն իսկ տեղադրված երեքուկեսրոպեանոց հոլովակն այն ֆիլմը չէ, որի մասին արդեն խոսվեց։ «Թոնիր հարսանեկան գյուղ»-ի հեղինակներն այն պատրաստել էին Հայաստանի զարգացման հիմնադրամի «Ձեւափոխի´ր» բիզնես նախագծերի մրցույթին մասնակցելու համար, որի նպատակը Հայաստանում զբոսաշրջության ոլորտը զարգացնելն է։ Նախագիծը հայտնվեց լավագույն հնգյակում, եւ այժմ ՀԶՀ-ի հետ միասին հեղինակները պետք է աշխատեն հայեցակարգի վրա՝ այն ներդրողների համար հնարավորինս գրավիչ դարձնելու նպատակով։

Ամուսինների կարծիքով՝ «Թոնիր հարսանեկան գյուղը» կարող է դառնալ Հայաստանի զբոսաշրջության կարեւոր կենտրոններից մեկը եւ լինել Հայաստանը ներկայացնող նախագիծ։

Հարսանիքի անցկացման դեպքում կազմակերպիչները Սյունիք են բերում 150-300 հյուրերի, որոնք ծանոթանում են տեղի մշակույթին։ Հարսանիքների տոմսերը նաեւ վաճառվում են զբոսաշրջիկների համար, որոնք, գալով Սյունիք ու ներկա լինելով ազգային սովորույթներով հարսանիքի, մասնակից կդառնան հայկական ամենագունեղ տոնակատարությանը, որում խտացված են ազգային բոլոր ծեսերը։

«Մենք ցանկանում են, որ զբոսաշրջիկը, գալով Հայաստան, տեսնի ոչ թե սառած Որոտնավանքը, այլ այն, թե հայը ոնց է մտնում վանք ու դուրս գալիս, լինի ոչ միայն դիտորդ, այլեւ մասնակից»,- ընդգծում է Հայկ Երանոսյանը։

Հարսանիքի կազմակերպումը  

«Թոնիր հարսանեկան գյուղ» բիզնես նախագիծն առաջարկում է ավանդական հարսանիք ազգային ծեսերով։ Ծեսերն ու ազգային խաղերն ընտրվում են ըստ պատվիրատու զույգի արմատների եւ նախասիրության։ Արարողության ամբողջ ընթացքն ուղեկցվում է ազգային երգ ու պարով, իսկ հյուրասիրությունը կատարվում է ճանաչված, ինչպես նաեւ պակաս ծանոթ ազգային ուտեստներով։

Հյուրերի քանակը պատվիրատուի ցանկությունն է, եւ հեղինակները սահմանափակում չեն դնում։ Օրինակ՝ Հայկի եւ Սիրարփիի հարսանիքին մասնակցեցին շուրջ 300 անձ։ Հյուրերի գիշերակացի կազմակերպման համար առաջիկա մեկ տարում հեղինակները նախատեսում են օգտագործել Սիսիանի հյուրանոցները, իսկ 2019-ի սեզոնի բացմանը հույս ունեն արդեն գյուղում ունենալ գիշերակացի հնարավորություն։ Նախատեսվում է օգտագործել տեղի գյուղացիների տները՝ սենյակներից մեկը վերանորոգելով եւ դարձնելով այն հյուրերի համար նախատեսված կացարան։ Գյուղացիները վարձակալության համար կստանան գումար, որի դիմաց էլ նախագծի հեղինակները կպահանջեն բարձրորակ սպասարկում։ Հաշվի առնելով այն, որ գյուղում կա շուրջ 110 տուն, հյուրերի գիշերակացի հարցը հնարավոր կլինի լուծել առանց հյուրանոցների։

Ծառայությունը ներառում է նաեւ տարազների տրամադրում, փոխադրումը Երեւանից Սյունիք եւ վերադարձը Երեւան։

Նման հարսանիքի նվազագույն տեւողությունը երկուսուկես օր է, իսկ արժեքը կարող է տատանվել $25 000-ից մինչեւ $45 000՝ կախված հարսանիքի տեւողությունից, հյուրերի քանակից, անցկացվող ծեսերից, ուտեստների բազմազանությունից, եւ այլն:

Զույգն արդեն 3 հարսանիքի պատվեր ունի։

Հին ավանդույթները՝ նոր ժամանակներում

«Մեր հարսանիքի համար ընտրել էինք ամենաէական եւ կիրառելի ծեսերը։ Ավանդական հարսանիքներում հարսին տալ-չտալու ժամանակ հաճախ մեծ վեճեր են եղել, իսկ հիմա այդ ամենը պարզապես բեմադրվում է»,- պատմում է Հայկը եւ հավելում, որ իրենց հարսանիքի ժամանակ ցանկացել են նաեւ ձիերով ու կառքերով տեղաշարժվել՝ հնին հնարավորինս հավատարիմ մնալու համար, սակայն հարազատները պատրաստ չէին դրան։

Դժվար էր նաեւ հյուրերին համոզել, որ իրենք 19-րդ դարում են, եւ հեռախոսային ու ինտերնետային կապից օգտվել չեն կարող։

«Ավանդական հարսանիքի ժամանակ մարդկանց համար գրեթե ամեն ինչ նորություն է, իսկ մեր օրերում մարդը, ինչ-որ նոր բան տեսնելիս առաջնահերթ հեռախոսն է հանում ու նկարում։ Այդ դեպքում հյուրերն այլեւս չէին կարողանա լիարժեքորեն հետեւել հարսանիքի ընթացքին։ Բացի այդ, մեզ ֆիլմի համար կադրեր էին պետք, իսկ բջջայիններով նկարող հյուրերը կփչացնեին կադրի էսթետիկան»,- պատմում է Սիրարփին եւ ծիծաղով հիշում, թե ինչպես էին զարմացել Սյունիք չժամանած ընկերները՝ հարսանիքի ընթացքում սոցիալական ցանցերում որեւէ նկար չգտնելով։

Մեկ այլ կարեւոր պայման է այն, որ հյուրերը պետք է ազգային հագուստ կրեն։ Սկզբում Սիրարփիի եւ Հայկի շրջապատում շատերը չէին հավատում, որ հնարավոր է բոլորին տարազ հագցնել, սակայն զույգին դա հաջողվեց։

«Իրականում մարդիկ բավական հաճույքով են տարազ հագնում։ Պատճառներից մեկն այն է, որ տարազը շատ հարմար հագուստ է, հատկապես մի քանի օր շարունակվող հարսանիքի դեպքում։ Իհարկե, մենք ունեցանք նաեւ հյուրեր, որոնք չցանկացան տարազ հագնել, եւ նրանք պարզապես չմասնակցեցին հարսանիքին»,- ազգային հագուստ կրելու հարցին իրենց խիստ մոտեցման մասին նշում է Սիրարփին։


Ինչ խնդիրներ կարող է լուծել նախագիծը

«Թոնիր հարսանեկան գյուղ» ծրագրի մեկնարկը տրվեց Վաղատին գյուղում։ Պատճառներից մեկն այն է, որ ե՛ւ Հայկը, ե՛ւ Սիրարփին այնտեղ արմատներ ունեն, սակայն ընտրության հարցում մեծ դեր է խաղացել նաեւ Որոտնավանքի գործոնը:

«Որոտնավանքն այժմ խոնարհված վանք է։ Այնտեղ, իհարկե, ծեսեր իրականացվում են, սակայն ամեն կիրակի պատարագ չի մատուցվում։ Որոտնավանքը միջնադարում դպրության բավականին լուրջ կենտրոն է եղել, եւ այն վերականգնելու նպատակով  «Թոնրի» եկամուտից մի մասը հատկացնելու ենք վանքին»,- նշում է Հայկը։


Ամուսինները նպատակ ունեն Վաղատինում հարսանիքների անցկացման հիմնական վայր կառուցել, հետագայում նաեւ ծրագիրն ընդլայնելով՝ տուրիստական ներուժ ունեցող հայկական գյուղերում եւս հիմնել «Թոնիր հարսանեկան գյուղ»։

«Վաղատինում ծրագիրն իրականացնելու դեպքում կստեղծվի շուրջ 70 աշխատատեղ՝ ձիապանից  մինչեւ երաժիշտ։ Եթե հաշվի առնենք, որ գյուղն այժմ ունի մոտ 550 բնակիչ, ապա կարող ենք ենթադրել, որ ամեն ընտանիքից մեկ մարդ ներգրավված կլինի նախագծում»,- նշում է Հայկը։

Ավանդական հարսանիքի ուրվագիծը

Հարսանիքի սկիզբն ազդարարվում է զուռնայի հնչյուններով, որի ներքո փեսայի կողմը հրապարակայնորեն մորթում է խոշոր եղջերավոր կենդանուն՝ հարսանեկան հանդիսության սեղանի համար։ Եզնմորթեքին հաջորդում են ազապնստեքի եւ գինեթափեքի ծեսերը։ Ազապնստեքի ժամանակ բոլոր չամուսնացած տղաները սկսում են փորձություններ անցնել. արդյունքում ընտրվում է մակարապետը։ Հայկի եւ Սիրարփիի հարսանիքի ժամանակ վերջին փորձությունը կապված էր թագվորի ծառի հետ, որը սովորաբար զարդարվում է տվյալ տարածաշրջանին բնորոշ մրգերով եւ համարվում է հարսանիքի, նոր ստեղծվող ընտանիքի խորհրդանիշը։

«Թագվորի ծառն աճուրդի հանվեց, եւ ով ավելի բարձր գին առաջարկեց, նա էլ դարձավ մակարապետ։ Մեր հարսանիքի մակարապետն ընտրվելու համար 3 աքլորի սեղան խոստացավ»,- հիշում է Հայկը։

Ալյուրմաղեք

Նույն ժամանակ հարսի կողմը սկսում է ալյուրմաղեքի ծեսը։ Աղջիկները մաղ են պտտում, որի մեջ նախապես տարբեր իրեր են դրվել՝ յուրաքանչյուրն առանձին նշանակությամբ։ Օրինակ՝ եթե մեկին մատանին է ընկնում, ապա հաջորդն ինքն է ամուսնանալու։

«Մաղի մեջ նաեւ ալյուրով քսակ են դնում։ Ում որ այն ընկնում է, նրան պետք է գցել ալյուրի տաշտի մեջ։ Մեր հարսանիքի ժամանակ քսակը հարսնաքրոջն ընկավ, սակայն նրան տաշտը գցելու փոխարեն՝ալյուրով ցողեցինք»,- ծիծաղով հիշում է Սիրարփին։


Ամենահետաքրքիրը սկսվում է Հարսնառի ծեսից։ Հարսի կողմը փեսայի համար փորձություններ է նախապատրաստում։ Հայկի եւ Սիրարփիի հարսանիքի ժամանակ փեսայի կողմը ստիպված է եղել տուն մտնելու համար երկար պայքարել։

«Տեսանք, որ չեն ուզում մեզ ներս թողնել, մենք էլ որոշեցինք մեր ուժով մտնել։Առաջարկեցինք պարան քաշել։ Պարանը պահեցինք դարպասից ներս ու քաշելով մտանք տուն»,- պատմում է Հայկը։

Այսօր իրականացվող հարսանեկան արարողությունները բավական հեռացել են ազգային արմատներից։ Հարսի սպիտակ զգեստը, ծաղկեփունջը, թանկարժեք մեքենաների շարասյունն ամենեւին չեն արտացոլում ավանդական պատկերացումները։ Այնուամենայնիվ, նախագծի հեղինակները վստահ են, որ ավանդական, մի քանի օր տեւող հարսանիքը, ինչպես հայկական արմատներից բխող ցանկացած սովորույթ, մի օր դառնալու է սովորական, եւ ամուսնացող զույգերը կանգ են առնելու ավանդույթները պահպանելու որոշման վրա:  

Գայանե Ենոքյան
Դիտում՝ 46911
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai