Տիգրան Չիբուխչյան. «Յելլ էքսթրիմ պարկ»-ը ներդրողներին կներկայանա մեգա ծրագրով

20.10.2017 | 09:50 Գլխավոր էջ / Նորություններ / Հարցազրույցներ /
#Տիգրան Չիբուխչյան #«Յելլ էքսթրիմ պարկ»
«Յելլ էքսթրիմ պարկ» նախագիծն իր գործունեությունը մեկնարկել է 2015թ. Տավուշի մարզի Ենոքավան համայնքում՝ զիփլայնով, իսկ այժմ ակտիվ հանգիստ նախընտրողներին առաջարկում է 10-ից ավելի ծառայություններ: 2018թ. նախագիծը շահագործման կհանձնի 2,7 կմ երկարությամբ զիփլայնը:  

Այսօր «Յելլ էքսթրիմ պարկ»-ը շարունակում է զարգացման նոր նախագծեր մշակել եւ այժմ ներդրողներին է ներկայացնում մեծածավալ ներդրումային ծրագիր՝ ուղղված պարկի գործունեության ընդլայնմանը, զարգացմանն ու նոր ծառայությունների ավելացմանը:

Այս թեմաների շուրջ Banks.am-ը զրուցել է «Յելլ էքսթրիմ պարկ» նախագծի հեղինակ եւ համահիմնադիր Տիգրան Չիբուխչյանի հետ:

-  «Յելլ էքսթրիմ»-ը տարածաշրջանում առաջին էքսթրիմ պարկն է: Ինչպե՞ս ծագեց Հայաստանում նման նախագիծ իրականացնելու գաղափարը:

-  Նախ նշեմ, որ Հայաստանում արկածային տուրիզմն ուներ զարգացման կարիք, իսկ բնակլիմայական պայմանները, լանդշաֆտը լայն հնարավորություններ էին ընձեռում արկածային զբոսաշրջության գոտի՝ էքսթրիմ պարկ հիմնելու եւ զարգացնելու համար: Էքսթրիմ պարկի ձեւաչափը ինքնին նոր երեւույթ չէ աշխարհում, այն բավականին ակտուալ է եւ մեծ պահանջարկ է վայելում:

«Յելլ էքսթրիմ պարկ» նախագիծը հիմնել ենք 2015թ., աշխարհագրական եւ ռելիեֆային դիրքով ու կառուցվածքով, բնակլիմայական պայմաններով ամենահամապատասխան գոտում՝ Տավուշի մարզի Ենոքավան համայնքում՝ որպես քաղաքականություն ընդունելով տեղի էկոհամակարգը չվնասելու սկզբունքը: Մենք ձգտել ենք ստեղծել մի կենտրոն, որտեղ կունենանք մեր ասելիքը, արկածային զբոսաշրջության ծառայության մեր ներդրումն ու նոր մոտեցումը:

Ի սկզբանե, «Յելլ»-ի թիրախային խումբ հանդիսացել են ընտանիքները եւ այն երիտասարդները, որոնք նախընտրում են ակտիվ եւ արկածային զբոսաշրջությունը: Տարբեր տարիքային խմբերի համար նախատեսել ենք յուրօրինակ զվարճություններ, որոնք կապահովեն նրանց հաճելի եւ օգտակար ժամանցը:

«Ապագա Ռեզորթը», որի տարածքում էլ հենց գտնվում է «Յելլ էքսթրիմ պարկ»-ը, ձիով արշավներ սկսել է իրականացնել 2008-ից՝ սկիզբ դնելով Ենոքավանում ակտիվ հանգստի զարգացմանը, իսկ այսօր էքսթրիմի սիրահարները Ենոքավանում կարող են թռիչքներ իրականացնել ինչպես զիփլայնով, այնպես էլ պարապլանով, իրենց ուժերը փորձել ռոփպարկում, մասնակցել արտաճանապարհային երթեւեկության տուրի, խաղալ փեյնթբոլ, առանց պրոֆեսիոնալ լինելու փորձել ժայռ մագլցել եւ այլն: Չնայած, որ պարկը գտնվում է Երեւանից 140 կմ հեռավորության վրա, այս տարի մեզ մոտ գրանցվել է այցելուների 240% աճ:

- Ավելի կմանրամասնե՞ք աճի դինամիկան:    
 
- Պարկի պաշտոնական բացումը տեղի է ունեցել 2015թ. օգոստոսին, եւ նույն տարում գրանցվել է 1133 այցելու: 2016թ. հաճախորդները եղել են 5830, իսկ 2017թ. այս ցուցանիշը նախատեսվում է հասցնել 14 000-ի: Ընդհանուր առմամբ, հաճախորդների 35%-ը եղել է արտերկրացի զբոսաշրջիկ՝ հիմնականում Ռուսաստանից, Արաբական Միացյալ Էմիրություններից եւ եվրոպական տարբեր երկրներից:

Աշխատում ենք ինչպես տեղական, այնպես էլ միջազգային տուր ընկերությունների եւ արշավային խմբերի հետ: Երկու տարիների ընթացքում համագործակցել ենք նաեւ մի շարք հայաստանյան ընկերությունների հետ, ինչպիսիք են Կոնվերս Բանկը, «Գլոբբինգ»-ը, ակտիվ մասնակցել ենք Սեւան Ստարտափ Սամիթին եւ այլն:

- Ինչպե՞ս է Ենոքավանում տուրիզմի աճն անդրադարձել համայնքի զարգացման վրա:

- Նախկինում Ենոքավանում  արտագաղթի ցուցանիշը բավականին մեծ չափերի էր հասնում, սակայն այսօր ոչ միայն գյուղում վերացել է արտագաղթը, այլեւ  ընդհակառակը՝ գյուղ են ներգաղթում թե՛ Հայաստանի այլ քաղաքներից, թե՛ այլ երկրներից: Մասնավորապես՝ Ֆրանսիայից, Իրանից, Ռուսաստանից, Սիրիայից եւ այլն:

Համեմատելով նախորդ տարիների հետ՝ գյուղում զգալիորեն բարձրացել է կենսամակարդակը. բնակիչներն ապահոված են մշտական զբաղվածությամբ: Ենոքավանի զարգացման հիմնադրամն իր հերթին տեղի բնակիչների համար պարբերաբար կազմակերպում է օտար լեզվի դասընթացներ, սպասարկման ոլորտի թրեյնինգներ:

Տուրիզմի զարգացմանը զուգահեռ՝ պարբերաբար վերանորոգվում են գյուղամիջյան եւ դեպի տուրիստական կենտրոններ տանող ճանապարհները:

-  Գործունեության երկու տարիների ընթացքում ներդրումային ի՞նչ ծրագրեր եք իրականացրել եւ ո՞ր ուղղություններով:
      
- Ընդգծեմ, որ Ենոքավանում  ներդրումներն ի սկզբանե իրականացվել են  Չիբուխչյանների ընտանիքի կողմից (շուրջ $7 մլն), իսկ «Յելլ էքսթրիմ պարկ»-ի բացումից հետո համայնքում ներդրողների թիվն ավելացել է: Վերջիններս իրենց ավանդն են ունեցել պարկի կայուն զարգացման գործում:

Վերջին երկու տարվա ընթացքում «Յելլ էքսթրիմ պարկ»-ում ներդրվել է մոտ $250 000: Իսկ  ամբողջ եկամուտն օգտագործվել է պարկի զարգացման նպատակով: Մասնավորապես, այս ընթացքում զիփլայնի տարածքում բարելավել ենք առկա արահետները եւ կառուցել նորերը, ավելացրել մատուցվող ծառայությունների քանակը, ստեղծել համապատասխան պայմաններ առաջին բուժօգնություն ցուցաբերելու համար, թարմացրել զիփլայնով թռիչքների եւ ժայռամագլցման գույքը եւ այլն: Հիշեցնեմ, որ այս տարվա մայիսին մեկնարկել ենք մեգանախագիծ՝ ուղղված ամենաերկար զիփլայնի կառուցմանը:

- Իսկ որքանո՞վ է համայնքը գրավիչ ներդրողների տեսանկյունից:

- Ըստ Ենոքավանի զարգացման ռազմավարության՝ համայնքում զբոսաշրջիկների թիվը 2025թ. պետք է հասնի տարեկան 250 000-ի, որի իրականացման համար անհրաժեշտ է ավելացնել տուրիստական գոտիները, հյուրանոցները եւ զարգացնել ենթակառուցվածքները: Արդյունքում՝ հիմնական նպատակն է Ենոքավանը դարձնել տարածաշրջանում արկածային տուրիզմի կենտրոն:  

Համայնքում ընթացիկ ծրագրերի իրականացման համար այժմ պատրաստվում են մի շարք բիզնես ծրագրեր, որոնցում ուղղակիորեն իրենց մասնակցությունն են ունենում հենց գյուղացիները:

Ենոքավանը վերջին շրջանում դարձել է Հայաստանում ամենաարագ զարգացող եւ ամենամեծ տուրիստական հոսք ունեցող համայնքներից մեկը, ինչն էլ հիմնականում ներդրողների կողմից բարձր հետաքրքրվածության առիթ է հանդիսանում:

Այժմ գյուղում ապրում է 620 մարդ` 130-ից ավելի ընտանիք: Մենք վստահ ենք, որ տուրիզմի արագ աճի արդյունքում այդ ընտանիքները շուտով կարող են տարեկան $30 000-ի եկամուտ ունենալ, ինչով միանշանակ կլուծվեն բնակիչների սոցիալական խնդիրները: Տուրիզմի զարգացումն իր հերթին կբերի գյուղատնտեսության, անասնապահության, գյուղմթերքների վերամշակման արտադրության զարգացմանը:

Արդյունքում՝ կարտադրվի այն ապրանքը, որը պահանջարկ կվայելի զբոսաշրջիկների շրջանում, կառաջանա առողջ մրցակցություն, ինչը կհանգեցնի որակի բարելավմանը:

-  Ձեր նշած ծրագրերի իրականացման արդյունքում գյուղում արդյոք կավելանա՞ն աշխատատեղերը:
 
- Ներկայում «Յելլ էքսթրիմ պարկ»-ում ունենք հիմնական 25 աշխատակից: Վերջիններս հիմնականում Ենոքավանից կամ Իջեւանից են: Ունենք նաեւ աշխատակիցներ հարեւան սահմանամերձ գյուղերից: Հավելեմ, որ պարկի ընդլայնմանը զուգահեռ՝ կավելանա աշխատողների թիվը՝ 2018թ. հասնելով 50-ի:

«Յելլ էքսթրիմ պարկ»-ի հիմնադրման առաջին իսկ օրվանից մենք հոգացել ենք, որ համայնքի բնակիչները լինեն մրցունակ աշխատաշուկայում եւ համալսարանում ստացած գիտելիքները օգտագործեն ճիշտ ուղղությամբ:

Այդ իսկ պատճառով մենք աշխատանքի ենք ընդունում երիտասարդ կադրերի, որոնք պատրաստակամ են սովորելու եւ յուրացնելու նոր գիտելիքներ: Ես մրցակցության սիրահար եմ, քանի որ առողջ մրցակցությունն ապահովում է դրական առաջընթաց:

«Յելլ էքսթրիմ պարկ»-ը մեծ տեղ է տալիս թիմի մասնագիտական վերապատրաստմանը: Այս պահին մեր աշխատակիցները մասնակցում են առաջին բուժօգնության, ալպինիզմի դասընթացների, զուգահեռ սովորում են նաեւ անգլերեն:

Այսօր մասնագետների ապահովման խնդիրը լուծելու համար տարբեր քայլեր ենք ձեռնարկում, ինչպիսին է օրինակ համագործակցությունը Դիլիջանի պետական քոլեջի հետ: Հուսով ենք՝ արդեն հաջորդ տարի այն կտա իր առաջին պտուղները:

- Վերջերս «Յելլ էքսթրիմ պարկ»-ը հրապարակել է, որ մեկնարկում է նոր ներդրումային ծրագիր՝ $2,5 մլն-ի չափով: Հատկապես ինչի՞ն է ուղղվելու նշված գումարը:

- Հատկանշական է, որ 2022թ. «Յելլ էքսթրիմ պարկ»-ի այցելուների թիվը նախատեսվում է հասցնել 100 000-ի: Այս պահին մենք կարողանում ենք 1 ժամում սպասարկել ընդամենը 65 հաճախորդի: Իսկ 100 000-ին հասնելու եւ հյուրերի ժամանցը լավագույնս կազմակերպելու համար անհրաժեշտ է ընդլայնել զվարճությունների եւ հանգստի գոտիների քանակը՝ մեկ ժամում հնարավորություն ունենալով սպասարկել 700 հոգու:

Ներդրումն ամբողջությամբ ուղղվելու է պարկի գործունեության ընդլայնմանը եւ զարգացմանը: Արդյունքում՝ կավելանան նոր էքստրեմալ զվարճություններ, ինչպիսիք են, օրինակ, տոբոգանը, լազեր թագը, սթրայքբոլը, բանջի ջամփինգը եւ այլն: Ներդրողներ կարող են հանդիսանալ ինչպես ֆիզիկական անձիք, այնպես էլ տարբեր ֆոնդեր:

Պարկի երկարաժամկետ զարգացման ծրագրերից է ճոպանուղու կառուցումը եւ փոքր ավիացիայի զարգացումը:

Իսկ ներդրողներին, որոնք հետաքրքրված են «Յելլ»-ի արկածներով եւ ձեռքբերումներով,  միայն կասեմ՝ դարձե՛ք  մեր հաջողությունների մասնակիցը:

Տիգրան Չիբուխչյանի հետ զրուցել է Տաթեւ Հովհաննիսյանը
Դիտում՝ 84004
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai