«Բերդ բերրի»՝ բացառիկ հատապտուղների մշակություն Տավուշում

05.10.2017 | 13:57 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
#Բերդ բերրի #Անահիտ Բադալյան
Տավուշի մարզի Բերդ քաղաքում Անահիտ Բադալյանի եւ նրա գլխավորած «Կանանց ռեսուրս կենտրոնի» աշխատանքին ծանոթ էի դեռ հայտնի ձեռագործ արջուկներից: Ուղիղ մեկ տարի առաջ, երբ պատմում էր Berd Bears-ի մասին, կիսվեց նաեւ ապագայի ծրագրերով. որոշել էր Բերդի տարածաշրջանում վայրի հատապտուղների մշակություն սկսել:

Համոզվեցի՝ Անահիտի մոտ խոսքը գործ է: Այսօր արդեն աստիճանաբար շուկա է մուտք գործում «Բերդ բերրի» (Berd Berry, Բերդի հատապտուղներ) ապրանքանիշը, որը մասնագիտանում է վայրի հատապտուղների, մասնավորապես՝ վայրի հապալասի, սեւ ալոճի եւ ծորենիի (լատ.՝ Berberis), մշակության մեջ: Banks.am-ի հետ զրույցում Անահիտ Բադալյանը կիսվել է ապրանքանիշի ստեղծման պատմությամբ եւ իրենց հետագա ծրագրերով:

Բնապահպանություն եւ տնտեսություն

Կանանց ներգրավմամբ վայրի հատապտուղների մշակության ծրագիրը սկսել է կյանքի կոչվել 2017թ. գարնանից:

Ծրագրով նախատեսվում է սահմանամերձ բնակավայրի կանանց համար կազմակերպել վայրի հապալասի, սեւ ալոճի եւ ծորենիի մշակություն: Նշված հատապտուղներն ունեն բուժական մեծ նշանակություն եւ աճում են լեռնային պայմաններում՝ 1200 մետր եւ ավելի բարձրության վրա, ցածր թթվայնություն ունեցող հողերի պայմաններում:

Ծրագրի առաջին բաղադրիչը, որը առկա էր նաեւ Անահիտ Բադալյանի նախորդ՝ Berd Bears նախագծում, կանանց համար տնտեսական շահեկան պայմանների ստեղծումն է: Երկրորդ ուղղությունն ունի բնապահպանական բնույթ՝ մշակության մեջ դնել հազվագյուտ հանդիպող հատապտուղները:

«Օրինակ, վայրի հապալասը գրանցված է Կարմիր գրքում, սեւ ալոճը նույնպես վտանգված տեսակ է համարվում»,- ասում է Անահիտ Բադալյանը՝ հավելելով, որ այդ հատապտուղները շատ տարածված են Տավուշի մարզի բարձրադիր բնակավայրերում:


Նախնական աշխատանքներ

Անահիտ Բադալյանը պատմում է, որ նշված հատապտուղների ադապտացման համար անհրաժեշտ է ստեղծել համապատասխան միջավայր, որպեսզի թփերը ոչ միայն մեծանան, այլեւ բերքատվության հասնեն:

«Ծրագրի առաջին փուլում փորձնական որոշ քանակությամբ թփեր են տեղադրվել, որոնք բերքատվության պետք է անցնեն կյանքի 3-4-րդ տարում: Բայց որպեսզի շահառուներն այդքան չսպասեն, մենք մի փոքր ավելացրել ենք ծրագրում տնտեսական գործոնը եւ նրանց տրամադրել այլ մշակովի հատապտուղներ, որոնք առաջին տարին իսկ բերք են տալիս՝ սեւ հաղարջ, անփուշ մոռ, կոկռոշենի եւ այլն»,- նշում է Անահիտը:

Բացի այդ, ծրագրի շրջանակում շահառուներին տրամադրվել են բակլազգի մշակաբույսեր՝ ոսպ, ոլոռ, լոբի եւ այլն, որոնք նաեւ ազոտի ֆիքսացիա են կատարում հողում եւ հարստացնում են աղքատ հողերը:

25 կին ձեռներեց

Ծրագրին մասնակցելու համար ընտրվել է 25 տնտեսություն, որոնք համապատասխանում են հստակ չափորոշիչների: Մասնավորապես, ընտրվել են բացառապես այն կանայք, որոնք ունեն գյուղատնտեսական աշխատանքներում որոշակի փորձ եւ հետագա աշխատանքի մոտիվացիա:


Հաշվի առնելով հատապտուղների առանձնահատկությունը՝ շահառուներն ընտրվել են Տավուշի մարզի բարձրադիր բնակավայրերից՝ Նավուր, Իծաքար, Վերին Կարմիրաղբյուր, Բերդի բարձրադիր շրջաններ, որոնք գտնվում է 1200 մետր եւ ավելի բարձրության վրա:

«Ծրագրի սկզբում մենք վերցրել էինք յուրաքանչյուր տնտեսության համար 100 քմ տարածք, բայց երկրորդ փուլում հասկացանք, որ կան տնտեսություններ, որոնք ցանկանում են մեծացնել իրենց հողատարածքները՝ ավելի մեծ օգուտ ստանալու նպատակով: Հետեւաբար՝ այսօր ունենք տնտեսություններ, որոնք զբաղեցնում են 150-200 քմ հողատարածք եւ ավելի: Ընդհանուր առմամբ, կոպիտ հաշվարկով, ունենք մոտ 3000-3200 քմ հողատարածք»,- ասում է Անահիտը:

Ընտրված շահառուները մասնակցել են վայրի հապալասի, սեւ ալոճի եւ ծորենիի մշակությանը վերաբերող դասընթացների, ինչպես նաեւ փորձի փոխանակման այց են կատարել «Կանաչ ուսուցման կենտրոն»:

Ֆինանսավորում

«Բերդ բերրի» ծրագիրը ֆինանսավորվում է ՄԱԿ-ի Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի փոքր դրամաշնորհային ծրագրի (ԳԷՀ ՓԴԾ) կողմից: Ծրագրի շրջանակում կին գործարարներին տրվել են անհրաժեշտ գյուղատնտեսական գործիքներ, այդ թվում՝ խոնավաչափեր ու թթվայնաչափեր, ինչպես նաեւ ցանկապատվել է նախատեսվող հողատարածքը:

Իր հերթին տնտեսությունն էլ պարտավորվում է որոշակի ներդրում կատարել օրգանական պարարտանյութի, հողի հարստացման գործում, ինչը Անահիտի խոսքով, նրանցից մեծ ջանքեր չի պահանջում: «Սովորաբար նրանք ձեռքի տակ ունենում են գոմաղբ կամ փայտի թեփ կամ էլ եղեւնու կոներ են բերում անտառից. այն, ինչ այդ պահին անհրաժեշտ է լինում հողի հարստացման եւ թթվայնությունը կարգավորելու համար»,- ասում է նա:

Առաջիկայում կին գործարարների հետ նախատեսվում է կնքել պայմանագրեր, որոնցով կսահմանվի ստանձնած պարտավորությունները:

«Ստացված բերքը ծրագրի մասնակիցները տնօրինում են ամբողջությամբ, մենք նրանցից չենք պահանջում, որ այն մեզ հանձնեն. միայն անհրաժեշտ է, որ հետեւեն տնկիների խնամքին, վնասի դեպքում՝ տեղեկացնեն, փոխարինեն նորով եւ տրամադրված միջոցներն օգտագործեն բացառապես ծրագրի շրջանակում»,- ներկայացնում է Անահիտ Բադալյանը:


Սպառում. առաջին հաջողություն

Հաշվի առնելով, որ ադապտացման ենթակա թփերը դեռ բերքատվության չեն հասել՝ ծրագրի առաջին փուլում իրականացվել է վայրի քաղ: Վերջինիս ստացված բերքը «Բերդ բերրի» ապրանքանիշով վաճառվել է սեպտեմբերի 16-ին Երեւանում կազմակերպված «Գյուղական կյանքի եւ ավանդույթների» ամենամյա փառատոնում:

«Դրանով փորձում էինք գնորդների արձագանքը ստուգել, որպեսզի հետագայում հասկանանք՝ ինչի վրա շեշտը դնել: Արձագանքը շատ դրական էր, քանի որ ամբողջը վաճառվել է, ոչինչ հետ չենք բերել: Դա արդեն խոսում է սպառողների հետաքրքրվածության մասին»,- ասում է Անահիտը՝ հավելելով, որ հատկապես մեծ հետաքրքրություն է առաջացրել վայրի հապալասը (ծորենին եւ ալոճը քաղում են հոկտեմբեր-նոյեմբերին):

Նախատեսվում է, որ առաջիկայում կստեղծվի «Բերդ բերրի» անունով կանանց ասոցիացիա: Ապրանքը թեեւ շուկա դուրս կգա միասնական փաթեթավորմամբ եւ նույն ապրանքանիշի տակ, այնուամենայնիվ, կանայք իրենք են որոշում՝ ինչ տեսքով վաճառել հատապտուղները:

«Մի խումբ ունենք, որը մուրաբաներ է պատրաստում, մեկ այլ խումբ նախընտրում է թարմ վաճառել, երրորդն էլ չրերի պատրաստմամբ է զբաղվում»,- ասում է Անահիտը՝ հավելելով, որ նախատեսվում է կառուցել նաեւ չորանոցներ:

Անահիտի խոսքով՝ սկզբնական փուլում արտադրանքը կվաճառվի ներքին շուկայում: Արտահանման հետ կապված որոշակի դժվարություններ կան, բացի այդ՝ այս փուլում դեռ անհրաժեշտ առաջարկ չեն ապահովում: Ավելին, արտադրության ծավալների ավելացմանը զուգընթաց՝ կսկսեն էկոլոգիապես մաքուր արտադրանքի սերտիֆիկացման գործընթացը:

Վիկտորյա Անդրեասյան
Դիտում՝ 23934
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai