10 հարց փողի մասին Հրայր Թովմասյանին. «Վաստակելը չպետք է ինքնանպատակ լինի»

02.09.2017 | 10:30 Գլխավոր էջ / Նորություններ / Հարցազրույցներ /
#10 հարց փողի մասին #Հրայր Թովմասյան
Մեդիամաքսն իր Banks.am պորտալում շարունակում է «10 հարց փողի մասին» խորագիրը: Յուրաքանչյուր շաբաթ որեւէ հայտնի մարդու ուղղում ենք 10 հարց` փողի հետ նրա հարաբերությունները պարզելու նպատակով:

Խորագրի այսօրվա հյուրը ԱԺ պատգամավոր Հրայր Թովմասյանն է:   

-Ո՞րն է եղել ձեր կյանքի ամենաթանկարժեք գնումը:

- Իմ առաջին աշխատավարձով գնած ինչ-ոչ մի իր, որը այս պահին դժվարանում եմ մտաբերել։ Վաստակածս առաջին գումարը եղել է մոտ 53 ռուբլի, որով գնած իրը համարում եմ իմ կյանքի ամենաթանկարժեք գնումը։ Դա եղել է շատ վաղուց, երբ 7 կամ 8-րդ դասարանում էի սովորում եւ ամառային արձակուրդներին մեր գյուղում դաշտում աշխատելու հնարավորություն ունեցա։

-Նախընտրո՞ւմ եք կանխիկ գումարը, թե բանկային քարտերը:

- Ինձ համար տարբերություն չկա։ Այդուհանդերձ, կարծում եմ՝ երկրի տնտեսության համար կարեւոր է, որ մարդիկ վստահեն բանկերին եւ իրենց գումարները պահեն այնտեղ։ Հայաստանում մանրածախ առեւտրի 80 %-ը կատարվում է կանխիկ, մինչդեռ, օրինակ, Գերմանիայի նման զարգացած երկրում դա կատարվում է անկանխիկ, եւ բանկերում եղած գումարները նպաստում են տնտեսության զարգացմանը։ Այս առումով, զուտ քաղաքացիական դիրքորոշում արտահայտելու համար, կարծում եմ՝ ճիշտը անկանխիկն է։

-Նվազագույնը որքա՞ն գումար է հարկավոր ձեր ընտանիքին` մեկ ամիս անհոգ ապրելու համար:

- Չեմ կարող հստակ ասել, քանի որ մեր տան ծախսերին շատ քաջատեղյակ չեմ։ Երեւի, մոտավորապես 300 հազար դրամ։

-Երբեւէ ունեցե՞լ եք ֆինանսական դժվարություններ:

- Երեւի աշխարհում չկա մի մարդ, որը ֆինանսական դժվարություններ ունեցած չլինի։ Կարծում եմ՝ երբ մեկը ցանկանում է ավելի շատ փող ունենալ, ապա առաջ է ընկնում իր հնարավորություններից, եւ եթե կարողանում է դա կարգավորել, ապա ամեն ինչ հաղթահարելի է։

-Այսօր Ձեզ ապահովված մարդ համարո՞ւմ եք:

- Պետք է այնքան վաստակել, որ շատ կարիքներ չունենաս, բայց վաստակելը երբեք չպետք է ինքնանպատակ լինի։

-Երբեւէ օգտվե՞լ եք վարկերից:

-Այո։ Մեկ անգամ, երբ բնակարան էի գնում։

-Դուք շռա՞յլ մարդ եք, թե տնտեսող:

-Այդ հարցը պետք է ընկերներիս ուղղեք։ Ես դժվարանում եմ պատասխանել։

-Եթե շահեք կամ նվեր ստանաք մեկ միլիոն դոլար, ինչպե՞ս կծախսեք այն:

-Կա նման մի պատմություն։ Մի իմաստուն կանչում է իր աշակերտներին եւ ասում՝ եթե մեկ պարկ ոսկի գտնեք, ի՞նչ կանեք, առաջինը ասում է, կփնտրեմ տիրոջը եւ կվերադարձնեմ, երկրորդը ասում է՝ կծախսեմ եւ կկիսվեմ ընկերներիս հետ։ Երրորդը ասում է, մինչեւ այդ մեկ պարկ ոսկին չգտնեմ, չեմ կարող ասել, թե ինչ եմ անելու։ Ես երրորդ աշակերտի նման կպատասխանեմ ձեր հարցին։ Քանի դեռ մեկ միլիոն դոլար չեմ շահել, չեմ կարող ասել՝ ինչ կանեմ։ Հենց շահեմ, վստահեցնում եմ, բոլորը կիմանան, թե ինչպես այն կծախսեմ։

-Պարտքով գումար տալիս կամ վերցնո՞ւմ եք:

-Եթե անհրաժեշտություն կա, վերցնում եմ, բայց վաղուց չեմ վերցրել։ Մի գաղտնիք բացեմ․ մեր առաջին բնակարանի կահույքը պարտքով եմ գնել, բայց հետո արագ վերադարձրել եմ։ Ինչ վերաբերում է պարտք տալուն, ապա եթե անհրաժեշտություն կա, եւ իմ հնարավորությունները ներում եմ, ապա տալիս եմ։

-  Ձեր գումարը վստահո՞ւմ եք բանկերին:

-Այո։ Հայաստանում բանկային համակարգը բավական կայացած է եւ աշխարհում ամենավստահելիների շարքում է։

Հրայր Թովմասյանի հետ զրուցել է Թագուհի Հովհաննիսյանը
Դիտում՝ 28247
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai