«Ծիրանի տոն» («Apricot Party») միջոցառումը ներկայացնում է Հայաստանի լավագույն կողմերը

12.07.2017 | 10:38 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
#«Apricot Party» #IDeA #EY
Աուդիտորական, հարկային եւ խորհրդատվական ծառայությունների համաշխարհային շուկայում առաջատար EY ընկերության երեւանյան գրասենյակն այս տարի՝ հունիսի 30-ից հուլիսի 2-ը, հինգերորդ անգամ անցկացրեց «Ծիրանի տոն» («Apricot Party») հավաք-միջոցառումն աշխարհի տարբեր երկրների՝ մասնավորապես Ռուսաստանի, Ուկրաինայի, Վրաստանի, ԱՄՆ-ի, Միացյալ Թագավորության, Գերմանիայի, Ֆրանսիայի, Ավստրալիայի եւ Կատարի EY գրասենյակներից ազգությամբ հայ աշխատակիցների եւ Հայաստանի օտարազգի բարեկամների համար:

«Ծիրանի տոն»-ը մեկնարկել է արդեն ավանդույթ դարձած եւ ամենասպասելի միջոցառմամբ՝ հանդիսավոր ընդունելությամբ Գաֆէսճեան արվեստի կենտրոնում: Բացի ընկերության աշխատակիցներից եւ հյուրերից, ընդունելությանը հրավիրված էին գործարար աշխարհի ներկայացուցիչներ եւ բարձրաստիճան պաշտոնյաներ:

Ընկերության աշխատակիցներն ու հյուրերը «Ծիրանի տոն»-ի միջոցառման հինգերորդ տարելիցի ծրագրի շրջանակներում այցելելել են Հայկական բարեգործական ընդհանուր միության (AGBU) եւ «Հայաստանի Զարգացման Նախաձեռնություններ» Բարեգործական Հիմնադրամի  (IDeA) գրասենյակներ, Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն՝ ծանոթանալու իրականացվող ծրագրերին, նորարարություններին ու  կրթական նախաձեռնություններին: Հյուրերն այցելել են նաեւ Ծաղկաձոր, Գառնի, Գեղարդի վանք, եւ Երեւանի թանգարաններ:

«Անցած հինգ տարիների ընթացքում մեր հյուրերը հասցրել են տեսնել մեր մշակույթի եւ պատմության բազմաթիվ հայտնի հուշարձաններ: Նախորդ տարվանից սկսած որոշեցինք ավելի մեծ ուշադրություն դարձնել մեր երկրի անցյալին եւ ապագային: Ըստ ավանդույթի, ամեն տարի միջոցառումը սկսում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում ծաղիկներ խոնարհելուց: Այս տարի, ոգեշնչվելով «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության գաղափարներից, որի գործընկերներից մեկը լինելու պատիվ ունենք, որոշեցինք այցելել «Ավրորայի»  գրասենյակ, որտեղ ծանոթացանք «Ավրորայի» հերոսների պատմություններին:

Այդ պատմությունները եւ նախագծի առաքելությունն անմոռանալի տպավորություն գործեցին մեր հյուրերի վրա: Որպեսզի ցույց տանք, թե ինչով է ապրում Հայաստանը եւ ինչպես է փորձում իր տեղը գտնել արագ փոփոխվող աշխարհում, այցելեցինք Թումո կենտրոն եւ Picsart ընկերության գրասենյակ: Մեր հյուրերը հաճելիորեն զարմացած էին իրենց տեսածից: Հուսով եմ, որ ամեն տարի, որպես երկիր, կարող ենք ցույց տալ մի բան, որը թույլ կտա մեզ, մեր ընկերներին եւ հայրենակիցներին հպարտանալ Հայաստանով»,- Banks.am-ին պատմել է EY երեւանյան գրասենյակի կառավարիչ գործընկեր Էրիկ Հայրապետյանը:

Նրա խոսքով, «Ծիրանի տոնը» տարբեր երկրների EY գրասենյակների աշխատակիցների հետ կապերի հաստատման յուրօրինակ միջոց է, ինչն ընկերությունը շատ է խրախուսում:

«Լինելով գլոբալ ընկերություն՝ մենք փորձում ենք առավելագույնս բացահայտել մեր ներուժը մեր ներկայության ցանկացած կետում: Հայաստանի համար փորձում ենք օգտագործել մեր ճյուղավորված ցանցի հնարավորությունները, որպեսզի ամրապնդենք ամբողջ աշխարհում EY աշխատակիցների կապը հայրենիքի հետ, ինչպես նաեւ նրանց հնարավորություն տանք կապեր հաստատել հայ գործընկերների եւ տեղական բիզնեսի հետ: Այս գաղափարն իրեն ամբողջությամբ արդարացրեց եւ նույնիսկ գերազանցեց մեր սպասելիքները: Մենք հասցրել ենք 100-ից ավել հայրենակիցներ հյուրընկալել: Մեր միջոցառումներին մասնակցելու ցանկություն են հայտնել ոչ միայն հայկական ծագումով աշխատակիցները, այլ նաեւ մարդիկ, որոնք հետաքրքրություն ունեն մեր երկրի նկատմամբ: Մենք նրանց կոչում ենք «Հայաստանի ընկերներ»: Շատ հպարտ ենք, որ «Ծիրանի տոնի» շնորհիվ մեր հյուրերից շատերն առաջին անգամ եղան Հայաստանում, ինչից հետո նրանցից շատերը սկսեցին կանոնավոր այցելել Հայաստան՝ իրենց հետ բերելով իրենց ընտանիքներն ու ընկերներին: «Ծիրանի տոնը» շատերի համար բացահայտում է Հայաստանը ամենալավ կողմից: Մեր հյուրերն իրենց համայնքներում դառնում են Հայաստանի  «դեսպաններ»»,-նշում է Էրիկ Հայրապետյանը:

Նա նշում է, որ միջոցառման ժամանակ հաջողվում է նաեւ օգտակարը համատեղել հաճելիի հետ:

«Մեր կողմից հաստատված կապերի շնորհիվ էականորեն ընդլայնել ենք մեր ծառայությունների շրջանակը, որոնք մատուցում ենք Հայաստանում: Ձգտում ենք երեւանյան գրասենյակը դարձնել EY կողմից մատուցվող ցանկացած տեսակի ծառայությունների վաճառքի կենտրոն: Նախորդ տարի բացել ենք տրասնֆերային գնագոյացման ոլորտում ծառայությունների աջակցության մի խումբ, որը մեր այլ գրասենյակների միջոցով հաճախորդների լայն շրջանակ է սպասարկում: Ընդհանուր առմամբ, մենք ամենատարբեր ծառայություններ ենք մատուցում հաճախորդներին երկրի սահմաններից դուրս եւ, միեւնույն ժամանակ, ծառայություններն ենք ներգրավում տարբեր երկրների մեր գրասենյակներից, ինչը նպաստում է փորձի եւ գիտելիքների շատ օգտակար փոխանակմանը: Բացի այդ, մեր գործընկերները պրակտիկա են անցնում Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Իսլանդիայի գրասենյակներում»,-ասում է EY երեւանյան գրասենյակի կառավարիչը:

EY ԱՊՀ տարածաշրջանի գործարքների ուղեկցման խորհրդատվության բաժնի գնահատման ծառայությունների ղեկավար, հիմնադիր գործընկեր Հակոբ Սարգսյանն ասում է, որ բոլոր հյուրերի կարծիքով այս կարճ ժամանակահատվածում Հայաստանում դրական փոփոխություններ են տեղի ունեցել:

«Մենք եղել են Թումո կենտրոնում, այցելել ենք IDEA հիմնադրամի գրասենյակ, AGBU գրասենյակ եւ Impact Hub, եւ այս ամենը շատ տպավորել է աշխարհի տարբեր անկյուններից ժամանած  մեր հյուրերին: Նրանք պարզապես հիացած էին:  Իհարկե, աշխարհում շատ կան նման նախաձեռնություններ, մենք առաջինը չենք, բայց այստեղ ապշեցնում են մարդկանց նվիրվածությունն ու խանդավառությունը»,-ասում է Հակոբ Սարգսյանը:

Անդրադառնալով հավաքի նպատակներին՝ նա ասում է.

«Առաջին հերթին մեր նպատակն է միավորել հայերին: Աշխարհի տարբեր երկրների EY գրասենյակներում աշխատող հայերը կամ հայկական արմատներ ունեցող մեր գործընկերներն իրար չեն ճանաչում: Մեր նպատակներից է նաեւ Հայաստանն աշխարհում ճանաչելի դարձնել:

Մեր ընկերների քանակը մեծանում է.  մի քանի տարի առաջ այս հավաքին մենք հրավիրում էինք միայն հայերին կամ հայկական արմատներ ունեցող մեր գործընկերներին, իսկ այժմ հավաքը նաեւ Հայաստանի ընկերների համար է՝ մարդկանց, որոնք հայ չեն, բայց մեր կողքին են: Ինչքան շատ ունենանք այդպիսի ընկերներ, այնքան մեծ կլինի մեր երկրի ճանաչելիությունն աշխարհում»:

ԱՊՀ տարածաշրջանի նավթի եւ գազի եւ էներգաարդյունավետության խմբերի ղեկավար, EY Մոսկվայի գրասենյակի հիմնադիր գործընկեր Գրիգորի Հարությունյանը 5 տարի շարունակ մասնակցում է միջոցառմանը:

«EY գրասենյակներում Apricot Party-ն դարձել է բրենդ, հուսով եմ, որ դա այդպես է  նաեւ EY ընկերության շրջանակներից դուրս: Շատ հետաքրքիր է հանդիպել մեր գործընկերներին Ավստրալիայից, ԱՄՆ-ից, Գերմանիայից, Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից եւ շատ այլ երկրներից:  Այս միջոցառման ընթացքում մենք փորձում ենք նաեւ հասկանալ, թե ինչպես կարող ենք բարելավել մեր հարաբերությունները գործընկերների հետ եւ ավելի լավ սպասարկել հաճախորդներին»,-նշում է Գրիգորի Հարությունյանը:

EY Կատարի գրասենյակի հիմնադիր գործընկեր Փոլ Կարամանուկյանը ծնվել է Կանադայում: Նա առաջին անգամ Հայաստան այցելել  է 4 տարի առաջ՝ EY հայաստանյան գրասենյակի հրավերով:

«Այս տարիների ընթացքում ես նկատում եմ, որ Հայաստանի կառուցումը սկսվել է հիմքից: Կրթության ոլորտում տպավորում է UWC Dilijan դպրոցը, զարգանում են նաեւ առողջապահության  եւ ՏՏ ոլորտները: Մենք եղել ենք Թումոյում եւ AGBU գրասենյակում. այդպիսի նախաձեռնություններն իսկապես կարեւոր են երկրի երկարաժամկետ զարգացումն ապահովելու համար: Իհարկե, Հայաստանում փոփոխություններն արագ տեղի չեն ունենում եւ դեռ շատ ժամանակ է պահանջվելու, բայց սա երկարատեւ արդյունքներ ունենալու համար լավագույն ճանապարհն է»,-ասում է նա:

Փոլ Կարամանուկյանը նշում է, որ երկիրն ունի ներդրումային շատ հնարավորություններ:

«Հայաստանի զարգացման գործում իմ ներգրավվածությունն այն է, որ փորձում եմ քաջալերել մարդկանց եւ նպաստել մարդկային կապիտալի ձեւավորմանը: Հայաստանում մեծ ուշադրություն են դարձնում երիտասարդների կրթությանը՝ նրանց տեղափոխելով աշխարհի կրթական կենտրոններ, թողնում, որ այնտեղ փորձ հավաքեն եւ վերադառնան: Ներգրավվածության մեկ այլ տարբերակ է ֆինանսական օգնություն տրամադրել քոլեջին կամ այլ նախաձեռնություններին»,-ասում է նա:

EY Լոնդոնի գրասենյակի Ռազմավարական նախաձեռնությունների գծով տնօրեն Ջեյն Քոլեթը առաջին անգամ է այցելում Հայաստան:

«Ես շատ տպավորված եմ: Երեւանն ինձ կոսմոպոլիտ քաղաք է թվում, շատ մշակութային եւ երիտասարդական, ամենուրեք երիտասարդ մարդկանց եմ տեսնում: Ես այստեղ եմ ժամանել ծնողներիս հետ: Տատիկս 1915թ.-ին կարողացել է փրկվել Ցեղասպանությունից Կոստանդնուպոլիս տեղափոխվելով, այնտեղից էլ նրան հաջողվել է մեկնել ԱՄՆ: Միացյալ նահանգներում նա հանդիպել է պապիկիս, որը Վանից էր: Նրանք ամուսնացել են եւ ունեցել են իմ մայրիկին: EY-ում երբ հանդիպում ես  հայ գործընկերներիդ եւ ասում, որ հայ ես կամ հայկական արմատներ ունես, արդեն իսկ կապ է ստեղծվում: «Apricot Party»-ն բոլորիս միավորելու լավագույն տարբերակն է»:

Ջեյն Քոլեթը խոստանում է, որ անպայման կվերադառնա.

«Հայաստանն ավելի լավն է, քան սպասում էի:  Թումո կենտրոնում տեսանք, թե ինչպես են զարգանում տեխնոլոգիաները: Չէի սպասում այստեղ տեսնել start-up ընկերություններ, նորարարական կենտրոններ եւ տեխնոլոգիական ձեռներեցություն:

Ուտելիքը փոքր-ինչ տարբերվում է իմ տատիկի պատրաստածից, երեւի թե պատճառն այն է, որ նա Արեւմտյան Հայաստանից էր, իսկ սա Արեւելյան Հայաստանն է: Բայց, ամեն դեպքում, ամեն ինչ շատ համեղ է»:

Մարիամ Մանոյան
Լուսանկարները՝ EY-ի
Դիտում՝ 16533
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը
iTel
Mediamax
Sport
Bravo