Ֆինանսական ուղեցույց Վրաստան հանգստի մեկնողների համար

27.06.2017 | 09:10 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
#ՎՏԲ-Հայաստան Բանկ #Վրաստան #Բաթումի
Վրաստանը Հայաստանի քաղաքացիների համար շարունակում է մնալ ամառային հանգստի կազմակերպման ամենապահանջված ուղղություններից մեկը, եւ այս տեսանկյունից սեփական ֆինանսական միջոցների ճիշտ կառավարումը ինչպես Թբիլիսիում, այնպես էլ ծովափնյա քաղաքներում, անկասկած, կարեւոր նշանակություն ունի:

Banks.amվերջին հրապարակումներից մեկում՝ նվիրված Հայաստանի եւ Վրաստանի բանկային հատվածների համեմատական վերլուծությանը, արդեն նշվել էր երկու երկրներում «ՎՏԲ» ռուսական ֆինանսական խմբի ներկայության մասին, ինչն էլ առիթ հանդիսացավ դիմելու ՎՏԲ-Հայաստան Բանկի համապատասխան մասնագետներին հետեւյալ հարցով՝ ինչպե՞ս Հայաստանի քաղաքացիները կարող են ճիշտ տնօրինել սեփական ֆինանսները Վրաստանում ամառային հանգստի ընթացքում:

Կանխիկ գումար

-Վրաստանի տարածք մուտք գործելիս անհրաժեշտ է հայտարարագրել 30 000 լարին ($12 500) գերազանցող կանխիկ գումարը, չեքը եւ այլ արժեթղթերը:

- Վրաստան մուտք գործելիս ՀՀ քաղաքացիների համար կարող է ավելի շահավետ լինել իրենց մոտ ունենալ դոլար, մասնավորապես՝ Հայաստանում փոխարկել դրամը դոլարի եւ արդեն Վրաստանում փոխարկել դոլարը լարիի: Մոտավոր հաշվարկ՝ 100 000 դրամ – 207 դոլար - 492 լարի:

Համեմատության համար՝ 100 000 դրամը Հայաստանում լարիի փոխարկելիս կստացվի 476 լարի, իսկ Վրաստանում դրամը լարիի փոխարկելու դեպքում՝ 380 լարի: Եթե Հայաստանում դրամը փոխարկվի եվրոյի, որից հետո Վրաստանում եվրոն փոխարկվի լարիի, ապա կստացվի՝ 100 000 դրամ – 186 եվրո – 186 եվրո - 488 լարի:

 Մոտավոր հաշվարկները ներկայացված են ըստ ՎՏԲ-Հայաստան բանկի եւ ՎՏԲ-Վրաստան բանկի 15.06.2017թ. պաշտոնական փոխարժեքի, աղբյուր՝ www.vtb.am, www.vtb.ge:

- Թբիլիսիում կամ ցանկացած այլ քաղաքում (մասնավորապես՝ Բաթումիում, Քոբուլեթիում եւ Ուռեկիում) գումարի փոխարկումը մեծ դժվարություն չի ներկայացնի՝ փոխանակման կետերը հանդիպում են ամեն քայլափոխի եւ ընդունում են ավելի հաճախ դոլար, եվրո, ֆունտ ստեռլինգ եւ ռուբլի: Բանկային մասնաճյուղերում ընդունվում են մյուս բոլոր արժույթները, ներառյալ՝ դրամը (ոչ բոլոր բանկերում): Փոխանակման կետերում անձնագիր չի պահանջվում (եթե գումարը չի գերազանցում 3000 լարին), իսկ բանկային մասնաճյուղերում արտարժույթի փոխարկման համար անհրաժեշտ է ներկայացնել անձնագիր:

Խորհուրդ չի տրվում օգտվել այն փոխանակման կետերի ծառայություններից, որոնց վրա բացակայում է արժույթների փոխարժեքով ցուցանակը կամ փոխարժեքներն անհասկանալի են պատկերված: Մնացած դեպքերում նախքան գումարը փոխարկելն անհրաժեշտ է փոխանակման կետի պատուհանից ճշտել փոխարժեքը եւ համոզվել, որ միջնորդավճար չի գանձվում:

Բանկային քարտ

- Խորհուրդ է տրվում վերցնել այնպիսի բանկային քարտ, որն արտոնություններ կտրամադրի հաճախորդին արտերկրում քարտով վճարելու դեպքում՝ ինչպես կանխիկացման, այնպես էլ անկանխիկ գործարքների համար: Այդպիսի քարտի օրինակ է ՎՏԲ-Հայաստան Բանկի MasterCard Standard դեբետային քարտը, որը քարտապանին հնարավորություն է ընձեռում ՎՏԲ-Վրաստան Բանկի բանկոմատներից անվճար կանխիկ գումար ստանալ:

Անկանխիկ վճարումների դեպքում էլ քարտապանն ավտոմատ կերպով դառնում է MasterCard-ի հետ համատեղ ակցիայի մասնակից, որի շրջանակում 100 ամենաակտիվ քարտապանների համար, որոնք ամառվա ընթացքում կատարել են 300 000 դրամ եւ ավելի անկանխիկ վճարումներ Հայաստանի եւ արտերկրի առեւտրի ու սպասարկման կենտրոններում, կխաղարկվեն կենցաղային տեխնիկայի գնման 10 վկայականներ եւ գլխավոր մրցանակ՝ Hundai Solaris ավտոմեքենա:

ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտերը բազմարժութային են: Դա նշանակում է, որ քարտին կցված են միաժամանակ չորս արժույթով (AMD, USD, EUR, RUR) բանկային հաշիվներ, եւ Վրաստանում վճարում կատարելիս շահավետ փոխարկում իրականացնելու նպատակով քարտապանը կարող է դոլարային հաշվին նախօրոք փոխանցել ենթադրյալ ծախսվող գումարը դոլարով եւ ստանալ ավելի շահավետ փոխարժեք, քան այն դեպքում, եթե վճարումը կատարվեր բանկային քարտերին եղած այլ արժույթով մնացորդների հաշվին:

- Կանխիկացման միջնորդավճարը սահմանում են բանկերը, ուստի Վրաստան մեկնող ՀՀ քաղաքացիներին խորհուրդ է տրվում Հայաստանում «իրենց» բանկից նախօրոք ճշտել բոլոր սակագները եւ Վրաստանում գործընկեր բանկերի ցանկը:

Ինչ վերաբերում է ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտին, ապա ՎՏԲ-Վրաստան Բանկի բանկոմատներից կանխիկացումն իրականացվում է անվճար: Թբիլիսում եւ Վրաստանի այլ քաղաքներում տեղակայված ՎՏԲ-Վրաստան Բանկի բանկոմատների հասցեներին կարելի է ծանոթանալ այստեղ: Մասնավորապես, կուրորտային Բաթումիում գործում է ՎՏԲ-Վրաստան Բանկի 9 բանկոմատ եւ 3 մասնաճյուղ:

Ֆորսմաժորային իրավիճակ

- Քարտը կորցնելու կամ գողանալու դեպքում հաճախորդը պետք է շտապ կապ հաստատի թողարկող «իր» հայաստանյան բանկի հետ եւ արգելափակի քարտը: Նման դեպքերում, օրինակ, ՎՏԲ-Հայաստան Բանկը, քարտն արգելափակելուց հետո, հաճախորդի ցանկությամբ արագ դրամական փոխանցումների համակարգի միջոցով նրան է ուղարկում քարտի մնացորդի գումարը՝ աշխարհի ցանկացած երկիր:

- Այն դեպքում, երբ քարտն այս կամ այն պատճառով մնում է բանկոմատում, հաճախորդը պետք է կապ հաստատի Վրաստանում այդ բանկոմատը սպասարկող բանկի հետ (բանկի համարը նշված է լինում բանկոմատի էկրանին) եւ տեղեկացնի  խնդրի մասին: Որպես կանոն, ստանդարտ իրավիճակում (եթե քարտը «կուլ է գնացել» ոչ թողարկող բանկի պահանջով) բանկերը քարտը վերադարձնում են 1 աշխատանքային օրվա ընթացքում:

Սակայն այս դեպքում էլ քարտը «կուլ տալուց» հետո անհրաժեշտ է կապ հաստատել Հայաստանում թողարկող բանկի հետ՝ քարտն արգելափակելու պահանջով՝ մինչեւ բանկոմատը սպասարկող բանկը կվերադարձնի այն: Դրա համար ցանկալի է նախօրոք գրանցել հեռախոսում բանկի զանգերի կենտրոնի կամ պրոցեսինգային կենտրոնի հեռախոսահամարը, որոնք նշված են քարտի հակառակ կողմում:

Քարտը ստանալուց հետո հաճախորդը պետք է կրկին կապ հաստատի «իր» բանկի հետ Հայաստանում՝ ապաարգելափակելու նպատակով, այլապես արգելափակված քարտը բանկոմատում տեղադրելուց հետո կրկին «կուլ կգնա»:

Իհարկե, ուղեցույցի ոչ բոլոր կետերն են ենթակա պարտադիր կատարման. յուրաքանչյուր ոք իրավասու է ինքնուրույն պլանավորել եւ կառավարել սեփական ֆինանսական միջոցները: Այդուհանդերձ, հուսով ենք, որ ներկայացված խորհուրդները օգտակար կլինեն ամառային հանգիստը Վրաստանում պլանավորելու եւ կազմակերպելու համար:
Դիտում՝ 109706
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai