Էլեկտրաէներգետիկայի շուկան՝ ազատականացման ճանապարհին

23.06.2017 | 09:37 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
#Ռուզան Հարությունյան #ՎԷԱ Ասոցիացիա
Հայաստանի էլեկտրաէներգետիկայի շուկան ազատականացման գործընթացի փուլ է մտել, ինչը նշանակում է, որ գործող «մեկ գնորդ» մոդելից շուկան անցում կկատարի էլեկտրաէներգիայի ազատ առք ու վաճառքի մեխանիզմին: Պարզ ասած, արտադրողները կկարողանան միջնորդ կառույցների միջոցով գնորդներին վաճառել էլեկտրաէներգիա՝ առանց պետության մասնակցության:

Նոր մոդելի կիրառումը, բնականաբար, ենթադրում է նաեւ ինստիտուցիոնալ եւ օրենսդրական փոփոխություններ, եւ ՀՀ Էներգետիկայի մասին օրենքի փոփոխությունների նախագիծը ս.թ. մայիսի 31-ին էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության կողմից արդեն իսկ ներկայացվել է կառավարությանը:

Էլեկտրաէներգետիկայի շուկայի ազատականացման գործում իր ակտիվ դերակատարությունն ունի 2016թ. հոկտեմբերին հիմնված «ՀՀ Վերականգնվող էներգիա արտադրողների ասոցիացիա»-ն (ՀՀ ՎԷԱ Ասոցիացիա), որի աջակցությամբ պետական ատյանների, քաղաքացիական հասարակության եւ մասնավոր հատվածի մասնակցությամբ կազմակերպվել են մի շարք փակ քննարկումներ:

Չնայած հանդիպումների փակ բնույթին՝ խնդրի նկատմամբ առկա է հանրային լայն հետաքրքրություն: Banks.am-ը, հաշվի առնելով հարցի կարեւորությունը, որոշ պարզաբանումների խնդրանքով դիմել է ՀՀ ՎԷԱ Ասոցիացիայի գործադիր տնօրեն Ռուզան Հարությունյանին:

Ասոցիացիայի նպատակն ու քայլերը՝ ազատականացմանն ընդառաջ

ՀՀ Վերականգնվող էներգիա արտադրողների ասոցիացիայի առաջնային նպատակն է ճիշտ հասկանալ էներգետիկ շուկայում սպասվող փոփոխությունների գործընթացը, նախապես պատրաստ լինել մարտահրավերներին եւ նոր հնարավորություններին, աջակցել ասոցիացիայի շահառուներին եւ անդամներին, ինչպես նաեւ ժամանակին փոխանցել ՀՀ կառավարությանը վերականգնվող էներգիա արտադրողների մտահոգությունները եւ առաջարկություններն այս հարցերի շուրջ:

Կարճ ժամանակահատվածում ասոցիացիան կարողացել է արագ կողմնորոշվել եւ կազմակերպել բազմաթիվ ներքին, փակ ձեւաչափով քննարկումներ, հրավիրել միջազգային փորձագետների, հարեւան երկրների մոդելների կիրառմանը քաջատեղյակ մասնագետների, կազմակերպել պետություն-մասնավոր հատված երկխոսություն՝ կառուցվածքային տեսանկյունից հարցերի պարզաբանման համար, ինչպես նաեւ կազմել առաջարկություններ եւ հիմնավորումներ՝ ՀՀ Էներգետիկայի մասին օրենքի փոփոխության նախագծի վերաբերյալ:

Մասնավոր-պետական հատված երկխոսություն

Ասոցիացիայի կողմից երկու փուլով իրականացվել են ծավալուն կլոր-սեղան քննարկումներ, որոնք փակ բնույթ են կրել:

Քննարկում միջազգային փորձագետների եւ ՓՀԷԿ սեփականատերերի միջեւ

Առաջին սեմինար-քննարկումը նվիրված է եղել մոդելի քննարկմանը, ինչպես նաեւ մոդելի կիրառման գործընթացում այլ երկրներում հանդիպող մարտահրավերների եւ նոր հնարավորությունների ներկայացմանը: Ասոցիացիայի խորհրդի կազմին եւ անդամներին (ավելի քան 35 ՓՀԷԿ սեփականատերեր (103 մգվտ ընդհանուր հզորությամբ)) թեման ներկայացրել են «Դելոյթ Կոնսալթինգ» (Deloitte Consulting) ընկերության ներկայացուցիչ Ջեյկ Դելֆիան եւ ոլորտում մեծ փորձ ունեցող անկախ փորձագետ Ռուբեն Աբրահամյանը:

Երկրորդ փուլով իրականացվել է պետություն-մասնավոր հատված երկխոսության միջոցառումը, որին մասնակցել են ասոցիացիայի խորհուրդը, անդամները եւ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության ներկայացուցիչներ՝ նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանի հովանու ներքո եւ Էներգետիկայի վարչության պետ Հայկ Բադալյանի գլխավորությամբ: Այս միջոցառման շրջանակում արտադրողները ստացել են պարզաբանումներ օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ:

Ռազմավարական կարեւորություն ունեցող էլեկտրաէներգետիկ շուկայի մի մոդելից մյուսին անցնելը բավական բարդ եւ մասնագիտական զգոնություն պահանջող գործընթաց է, եւ հենց այդ պատճառով ասոցիացիան խորհրդի նախագահ Գրիգոր Առաքելյանի միջնորդությամբ արագ արձագանքել է՝ իրականացնելով պլանավորված միջոցառումների շարք:

Ակնկալվում է, որ գործընթացը կավարտվի 3-4 տարում, սակայն հարեւան երկրների անցած ճանապարհի օրինակներն ունենալով՝ասոցիացիայի մասնագիտական կազմը եզրակացնում է՝ գործընթացի ամբողջական ավարտը տեսանելի կլինի առնվազն 6-7 տարի անց:

Կարեւորում ենք այն, որ իրականացված գործողությունների ընթացքում համախմբվեցին վերականգնվող էներգիա արտադրողները: Ընդունվեցին որոշումներ այս գործընթացի շուրջ պատշաճ մակարդակով մասնակցություն ապահովելու, ինչպես նաեւ բարձր որակավորում ունեցող իրավաբանների միջոցով օրենսդրական փոփոխություններում արտադրողների առաջարկությունները ներառելու եւ շահերը պաշտպանելու ուղղությամբ:

ՀՀ էներգետիկայի մասին օրենքի փոփոխությունների նախագծի ներկայացում-քննարկում

Քննարկումներից հետո ՓՀԷԿ սեփականատերերը եկել են այն եզրակացության, որ ելնելով մարտահրավերներից՝ ազատ շուկայի պարագայում իրենց ուժը համախմբվածության եւ միասնական գործունեության մեջ է:

Ասոցիացիայի իրավաբաններն աշխատանքներ են իրականացրել նաեւ օրենքի նախագծի փոփոխությունների հետ կապված եւ վերականգնվող էներգիա արտադրողների մասով իրենց առաջարկությունները կներկայացնեն էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարություն:

Ասոցիացիայի ստեղծման նախադրյալները

Հայաստանում արտադրվող էլեկտրաէներգիայի պաշարների 40%-ը վերականգնվող էներգետիկ ռեսուրսներից է բաղկացած: Երկրում արտադրված էլեկտրաէներգիայի ընդհանուր բալանսի 15%-ը ձեւավորվում է փոքր հիդրոէլեկտրակայանների եւ վերականգնվող էներգիայի այլ ռեսուրսներից:

Հաշվի առնելով, որ աշխարհում զարգացման միտումներից է վերականգնվող կամ կանաչ էներգետիկայի զարգացումը, եւ շատ երկրներ ձգտում են ընդհուպ մինչեւ 100% կանաչ էներգիա ունենալ, Հայաստանն այս ոլորտում աշխարհին ասելիք ունի: Վերականգնվող էներգետիկայի ոլորտի զարգացումն այս տեսանկյունից շատ յուրահատուկ է, այն կարելի է ասել՝ կայացել է մասնավոր հատվածի ավելի քան $600 մլն ներդրումների շնորհիվ՝ առանց պետական սուբսիդավորման:

Հայաստանում գործում է 179 տնտեսվարող սուբյեկտ (եւս 35-ը շինարարության փուլում են), որոնք մաս են կազմում Հայաստանի էներգետիկ անվտանգության, տարեկան պետական բյուջե են վճարում ավելի քան 6 մլրդ դրամ հարկ, լուծում են սոցիալական խնդիր՝ ապահովելով ավելի քան 3000 աշխատատեղ բարձրլեռնային գոտիներում:

ՀՀ բնապահպանության նախարարության հետ փոխըմբռնման հուշագրի ստորագրման արարողություն

Մյուս կողմից՝ առկա են անուշադրության մատնված բազմաթիվ խնդիրներ, որոնք, ասոցիացիայի մասնագետների դիտարկմամբ, կարգավորելու դեպքում՝ հնարավոր կլինի արդեն կառուցված փոքր հիդրոէլեկտրակայանների միջոցով ապահովել երկրի էլեկտրաէներգիայի արտադրության ավելի քան 20-25%-ը՝ առկա 15%-ի փոխարեն:

Ասոցիացիայի ստեղծման գաղափարը զարգացել է ժամանակի ընթացքում եւ հիմնված է բնական պահանջարկի վրա, ձեւավորվել է մասնավոր հատվածի կողմից իր շահերը ներկայացնելու եւ կարգավորիչ դեր ունենալու, վերոնշյալ եւ այլ առկա խնդիրները վեր հանելու, լուծման մեխանիզմներ մշակելու, պետության հետ երկխոսության կայուն հիմքեր դնելու եւ օրենսդրական փոփոխություններին մասնակցելու համար:

Միջազգային համագործակցություն

ՎԷԱ Ասոցիացիան Հայաստանում կանաչ էներգետիկայի զարգացման եւ իր անդամներին աջակցելու նպատակով ցանցային համագործակցության հիմքեր է դրել նաեւ եվրոպական կառույցների եւ հիմնադրամների, ասիական եւ մերձավորարեւելյան ֆինանսական ինստիտուտների, ինչպես նաեւ տարբեր երկրների կառավարությունների հետ:

Բազմաթիվ հանդիպումներ են տեղի ունեցել Հայաստանում գործող միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Առաջիկայում նախատեսվում է իրականացնել հետազոտական եւ կիրառական բնույթի ծրագրեր, որոնք պետք է տան տարիներով չլուծված հարցերի պատասխաններ եւ ցույց տան էներգետիկ համակարգի եւ տնտեսվարող սուբյեկտների երկար տարիներ կրած կորուստները: Այս ամենի հիման վրա պետք է մշակվեն եւ առաջարկվեն լուծումների մեխանիզմներ:

Մասնագիտացված ֆոնդի ձեւավորման նախադրյալները

Ոլորտի աուդիտից հետո ասոցիացիայի խորհուրդը եկել է եզրակացության՝ ՓՀԷԿ-երի նկատմամբ ֆինանսավարկային քաղաքականությունը չփոխելու դեպքում ՀՀ վերականգնվող էներգետիկայի ոլորտը լրջագույն կորուստներ կկրի:

Ս.թ. մարտի 22-ին Աբու Դաբիում կայացած Հայաստան-Արաբական Միացյալ Էմիրություններ ներդրումային համաժողովի շրջանակում «Հիդրո Կորպորացիա» ընկերությունների խումբը՝ Գրիգոր Առաքելյանի ղեկավարությամբ, հիմք դրեց վերականգնվող էներգետիկայի, մասնավորապես՝ հիդրոէներգետիկայի ոլորտում ներդրումների իրականացմանը:

Աբու Դաբիի համաժողովի շրջանակում փոխըմբռնման հուշագրի ստորագրում

Բանակցությունների ընթացքը գաղտնի է, սակայն հիմնական նպատակը վերականգնվող էներգետիկայի ոլորտում լայնամասշտաբ եւ երկարաժամկետ ծրագրերի իրականացնումն է, մասնավորապես՝ արտադրողականության ցածր մակարդակ եւ վարկային ծանր պորտֆել ունեցող, բնապահպանական նորմերի խախտումներով կառուցված ՓՀԷԿ-երի արդիականացումը:

Ասոցիացիայի հիմքի վրա աշխատանքներ են իրականացվում նաեւ ասիական եւ եվրոպական ֆոնդերի հետ համատեղ Հայաստանում ցածր տոկոսադրույքով մասնագիտացված հիմնադրամ ունենալու ուղղությամբ: Այս հարցում եւս առկա է կոնֆիդենցիալության էլեմենտ, ինչը թույլ չի տալիս փակագծեր բացել, սակայն մի բան ակնհայտ է՝ ոլորտի ապագան ՎԷԱ Ասոցիացիայի խորհուրդը տեսնում է ցածր տոկոսադրույքով վարկային ռեսուրսների ներգրավման, վերաֆինանսավորման ու վերազինման միջոցով:

Պատրաստեց Տաթեւ Հովհաննիսյանը
Լուսանկարները՝ ՀՀ ՎԷԱ Ասոցիացիայի արխիվից
Դիտում՝ 20719
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai