Բերքաբերի չոր ձկան բիզնեսը՝ արտագաղթի արգելք

24.05.2017 | 10:31 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
#Բերքաբեր #GIZ #«Սահման» ՀԿ
Տավուշի մարզի սահմանամերձ-սահմանապահ Բերքաբեր համայնքի բնակիչ Անուշավան Խուդավերդյանն արդեն մեկ տարի է՝ արտագնա աշխատանքի մեկնելու մասին չի մտածում. տարիներ շարունակ ապրուստի միջոցը Ռուսաստանում վաստակող երիտասարդն արդեն սեփական բիզնեսն ունի:

Ներգաղթի եւ ինտեգրման ֆրանսիական գրասենյակի (OFII) եւ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից իրականացվող, ինչպես նաեւ Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվողˋ «Թիրախային նախաձեռնություն Հայաստանի համար» ծրագրի շրջանակումˋ «Սահման» ՀԿ-ն ներկայացրել ու աջակցություն է ստացել Բերքաբեր համայնքի 7 բիզնես նախագծերի մեկնարկի համար: Դրանցից մեկն Անուշավանի հիմնադրած՝ չոր ձկան արտադրությունն է:

Ընտանեկան փոքրիկ արտադրամասում ամսական չորացվում եւ փաթեթավորվում է շուրջ 1000 հատ կարաս տեսակի ձուկ, որն Անուշավանը ձեռք է բերում համագյուղացի ձկնորսներից: Արդեն պատրաստի արտադրանքը սպառվում է Իջեւանի եւ Նոյեմբերյանի խանութներում:

«Արտադրում ենք այն քանակով, որի սպառման պահանջարկը կա, կարող ենք ամսական  մինչեւ 3000 հատ արտադրել, բայց դեռ շուկայի ընդլայնման մարքեթինգային քայլերի չենք դիմում»,- ասում է Անուշավանն ու հույս հայտնում, որ գարեջրի սեզոնի բացմանը զուգահեռ՝ կակտիվանա իր արտադրանքի վաճառքը:

«Ճիշտ է, փոքր ծավալով, բայց այս բիզնեսն օգուտ է բերել ինձ ու իմ ընտանիքին: Երկու երեխա ունեմ: Ես այստեղ աշխատանք չեմ ունեցել, միշտ մեկնել եմ Ռուսաստանˋ աշխատելու, իսկ հիմա դրամ մասին չեմ մտածում, ընտանիքիս կողքին եմ վաստակում իմ ապրուստը»,- նկատում է ծրագրի շահառուն:


Սահմանամերձ գյուղում ապրելու ու բիզնես հիմնելու բարդությունների մասին Անուշավանը նախընտրում է չխոսել՝ նշելով միայն, որ «Սահման» ՀԿ-ից աջակցություն չստանալու դեպքում արտադրական ծրագիրը կյանք չէր ստանա:

«Մեր գյուղն ազատված է հարկերից, բայց լրացուցիչ շատ այլ խնդիրներ կան, որոնք միայնակ չենք կարող լուծել: Կան նաեւ հարակից հարցեր, որոնք հավելյալ դժվարություններ են առաջացնում, օրինակ՝ ճանապարհների վիճակը, բայց սա մեր գյուղն է, թեկուզ դժվարությամբ՝ պետք է մնանք ու փորձենք մի բան ստեղծել այստեղ»,- ասում է մեր զրուցակիցը:

Ծրագրի շրջանակում Բերքաբեր համայնքում իրականացվող 7 բիզնես նախագծերի ընդհանուր բյուջեն կազմում է 5,4 մլն դրամ:

«Սահման» ՀԿ-ի համահիմնադիր Անահիտ Նազարյանը Banks.am-ին պատմում է, որ ծրագրին դիմել են պատրաստ առաջարկներով:

«Նախքան դրամաշնորհի համար դիմելը՝ Բերքաբերում հավաքել էինք բիզնես գաղափարները, քննարկել դրանց իրագործման հնարավորությունները: Դրամաշնորհի ու գաղափարի հաստատումից հետո արդեն ունեինք շահառուներ, գիտեինք թե ում պետք է ֆինանսավորում տրամադրենք եւ ինչի համար»,- ասում է Անահիտը:

Ինչպես «Սահման» ՀԿ-ի կողմից ֆինանսավորվող մյուս բիզնես նախագծերը, այնպես էլ այս ծրագրերը ստացել են նախնական խորհրդատվություն, կատարվել է շուկայի ուսումնասիրություն, մշակվել հստակ բիզնես նախագիծ, որի իրագործման համար յուրաքանչյուր բիզնեսին տրամադրվել է մոտ 600 հազ. դրամի ֆինանսավորում: Շահառուն էլ կատարել է իր ներդրումը, որը կարող է լինել ֆինանսի, աշխատանքի, տարածքի վերանորոգման եւ այլ տեսքով:


«Մեր ներդրումը հիմնականում սարք-սարքավորումների տրամադրման տեսքով է լինում, որպեսզի շահառուները կարողանան սկսել արտադրությունը: Սարքավորումները տրվում են անժամկետ, սակայն պայմանով՝ շահառուի կողմից բիզնես պլանի գործողությունները խախտելու դեպքում կարող ենք հետ վերցնել դրանք ու դադարել աշխատել նրա հետ»:

Օրինակ՝ չորացրած ձկան արտադրություն հիմնելու համար «Սահման» ՀԿ-ն գնել է սարքավորումը, իսկ շահառուն գումար ավելացրել՝ վակումային սարքը ձեռք բերելու համար, որպեսզի ձուկն ունենա ճիշտ փաթեթավորում:

«Բոլոր բիզնեսների համար ստեղծվել է ընդհանուր՝ «Բերքաբեր» բրենդը: Առեւտուրը նախատեսվում է կատարել այդ տարբերանշանով»,- ամփոփում է Անահիտ Նազարյանը:

Ծրագրի մաս կազմող մյուս բիզնես-նախագծերին Banks.am-ը կանդրադառնա առաջիկայում:

Սիրանուշ Եղիազարյան
Լուսանկարներըˋ Անահիտ Նազարյանի
Դիտում՝ 27259
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai