Աշխատանքն ու արվեստը՝ ճաղերից այն կողմ

24.02.2017 | 10:12 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /

Արհեստանոցի դռան մոտ մեզ դիմավորում է «տանտերը»՝ դատապարտյալ Արթուր Սարգսյանը: Մասնագիտությամբ դիզայներ-նկարիչ է, նկարում է 6 տարեկանից: Անազատության մեջ գտնվելու 4 տարիների ընթացքում էլ շարունակում է նկարել, ցուցահանդեսի է պատրաստվում:

ՀՀ Քրեակատարողական օրենսգրքի համաձայն՝ դատապարտյալը հնարավորության դեպքում ապահովվում է աշխատանքով կամ նրան իրավունք է վերապահվում ինքնուրույն իրեն ապահովելու աշխատանքով: Banks.am-ի թղթակիցը եղել է «Կոշ» քրեակատարողական հիմնարկում՝ պարզելու, թե ինչ զբաղվածություն եւ եկամտի աղբյուր ունեն դատապարտյալները:
 
Ըստ օրենքի

«Կոշ» քրեակատարողական հիմնարկում կիսաբաց ռեժիմում իրենց պատիժը կրող դատապարտյալների զբաղվածությունը տարբեր է՝ կոշկակարից ու վարսավիրից մինչեւ նկարիչ ու քանդակագործ: Ընդ որում, իրենց ցանկությամբ դատապարտյալները կարող են ներգրավվել ինչպես չվարձատրվող, այնպես էլ վարձատրվող աշխատանքներում: Աշխատելու դրդապատճառներն էլ տարբեր են. մեկի համար դա ծխախոտի գումար է, մյուսի համար ժամանակն արագ անցկացնելու միջոց, երրորդի համար՝ վաղաժամկետ ազատ արձակվելու հույս:

ՀՀ Քրեակատարողական օրենսգրքի Գլուխ 16-ի համաձայն՝ «դատապարտյալը հնարավորության դեպքում ապահովվում է աշխատանքով կամ նրան իրավունք է վերապահվում ինքնուրույն իրեն ապահովելու աշխատանքով, որի կարգը եւ պայմանները սահմանվում են ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգով»:


Դատապարտյալին արգելված աշխատանքների ցանկը սահմանված է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ, իսկ ամսական վարձատրությունը չի կարող պակաս լինել սահմանված նվազագույն աշխատավարձից։

Թվերով

Ի պատասխան Banks.am-ի հարցման՝ ՀՀ քրեակատարողական վարչությունից տեղեկացրել են, որ այսօր ՀՀ քրեակատարողական հիմնարկներում զբաղվածությամբ (վարձատրվող եւ չվարձատրվող) ապահովված է դատապարտյալների 34,8%-ը:

Մասնավորապես, 255 դատապարտյալ ներգրավված է հիմնարկների տեխնիկատնտեսական սպասարկման վարձատրվող աշխատանքներում, 223-ը՝ չվարձատրվող աշխատանքներում, 79 դատապարտյալ աշխատում է այլ գործատուների մոտ, իսկ 276-ն ընդգրկված է ինքնագործ միավորումներում:

«Աջակցություն դատապարտյալին»

«Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամն իր աշխատանքները սկսել է 2002թ. ապրիլից՝ համաձայն կառավարության համապատասխան որոշման: Այն ինքնաֆինանսավորվող կազմակերպություն է, որի հիմնական նպատակն է ապահովել դատապարտյալներին աշխատանքով եւ նպաստել նրանց կրթության մակարդակի բարձրացմանը:

Այսօր ՀՀ քրեակատարողական հիմնարկներում «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամի հետ համագործակցում է շուրջ 70 դատապարտյալ: Աշխատանքների բնույթը տարբեր է՝ սկսած անասնապահությունից ու այգեգործությունից մինչեւ կարի ֆաբրիկա եւ հացի արտադրամաս:


Հիմնադրամի տնօրեն Ռոբերտ Բուդաղյանը Banks.am-ի հետ զրույցում նշում է, որ աշխատանքներում շահագրգռված են հատկապես «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի կանայք (անչափահասների աշխատանքը օրենքով արգելված է), որտեղ գործում է կարի, հացի եւ մակարոնի, ինչպես նաեւ կրակայրիչների արտադրամաս: Այնուամենայնիվ, Ռոբերտ Բուդաղյանի խոսքով, այդ արտադրանքը սպասարկում է հիմնականում հիմնարկի ներքին պահանջները, քանի որ ցածր որակի եւ բարձր ինքնարժեքի պատճառով դրանք մրցունակ չեն դրսի շուկայում:

Ռոբերտ Բուդաղյանը նշում է, որ այժմ նոր աշխատատեղեր են բացվել Մեղրիում, որտեղ ընդլայնվում են նռան այգիները: Նման աշխատանքներում փորձում են ներգրավել բաց տիպի ռեժիմում պատիժ կրող դատապարտյալներին: Այնուամենայնիվ, նրա խոսքով, շահագրգռվածությունը դատապարտյալների շրջանում մեծ չէ:

«Անցյալ տարի շուրջ 15 հոգի ունեինք, այս տարի 2-ն են մնացել, գարունը բացվի, նորից կփորձենք մարդ գտնել»,- ասում է նա:

Բանտային արվեստ

4 երեխաների հայր Արտաշ Գալստյանը մասնագիտությամբ խառատ է, քրեակատարողական հիմնարկում նրա հիմնական զբաղվածությունը համրիչներ (թզբեխ) պատրաստելն է, որն իրացնում է «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամի միջոցով:

«Հարցն էստեղ փողը չէ. ամենակարեւորը՝ զբաղվում ես, ժամանակն արագ է անցնում»,- ասում է նա:


Պատրաստի աշխատանքները դատապարտյալներն իրացնում են կա՛մ սեփական ընտանիքի աջակցությամբ (նույն ճանապարհով էլ ստանում են անհրաժեշտ հումքը), կա՛մ «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամի հետ համագործակցությամբ: Վերջինս, 2005թ. սկսած, այդ աշխատանքներն իրացնում է «Բանտային արվեստ» կրպակում:

Կրպակի վաճառողուհի տիկին Աննան նշում է, որ դատապարտյալների աշխատանքների համար «հերթ չեն կանգնում», ոմանք անգամ հենց երեւույթին ծաղրով են վերաբերվում: Մյուս կողմից, լինում են հաճախորդներ, որոնք հատուկ գալիս են այդ աշխատանքները գնելու: Մեծ թվով կրոնական թեմայով քանդակների՝ խաչերի, սրբապատկերների, եկեղեցիների մանրակերտերի կողքին առավելապես մեծ վաճառք ունեն ոսկորից, էբոնիտից կամ բիլիարդի գնդակներից պատրաստված համրիչները:

Եկամուտ

Վարդան Կարապետյանը (անունը փոխված է) արդեն ավելի քան 8 ամիս է, ինչ աշխատում է «Կոշ» քրեակատարողական հիմնարկի ռադիոհանգույցում, իսկ մինչ այդ տարիներ շարունակ ներգրավված է եղել հիմնարկի չվարձատրվող աշխատանքներում:

«Քաղհայց ունեմ. 50 տոկոսը պահում են, 50 տոկոսն ինձ են տալիս, ստացվում է 27 հազար դրամ. իմ կարիքները հոգում եմ, կալանավորի համար 27 հազարը քիչ չէ»,- ասում է նա:

Մարզպետ Ավուշյանն էլ նույն քրեակատարողական հիմնարկում 2 տարվա ընթացքում սովորել է փայտի վրա փորագրություններ անել, փայտից տարբեր իրեր քանդակել, որոնք իրացվում են «Բանտային արվեստ» կրպակում: Վաճառքից չի դժգոհում:

«Մեկ տղա ունեմ, փոքր է: Կարեւորը ընտանիքիս նեղություն չեմ տալիս»,- ասում է նա՝ հավելելով, որ ստացված եկամուտը բավարարում է ծխախոտին ու սուրճին:

«Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամի տնօրեն Ռոբերտ Բուդաղյանը նշում է, որ արվեստի գործերն իրենք որոշակի գնով ձեռք են բերում դատապարտյալից եւ վաճառում սիմվոլիկ հավելագնով, որով փոխհատուցվում է ծախսված էլեկտրականության վճարը:


Ինչ վերաբերում է տարբեր արտադրամասերում աշխատողներին, նրանց համար սահմանված է ֆիքսված աշխատավարձ՝ Ռոբերտ Բուդաղյանի խոսքով՝ «նվազագույն աշխատավարձից մի փոքր ավելի»:

«Էժան աշխատուժ» դիտարկմանը չի համաձայնում:

«Հիմա դա է մեր երկրում աշխատավարձը: Պետական աշխատողն էլ է 50-60 հազար դրամ ստանում»,- նկատում է նա:

Վիկտորյա Անդրեասյան

Դիտում՝ 9502
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai