Պրոմեթեյ Բանկը ներկայացրել է սոցիալական ծրագրերի օրացույցը

25.01.2017 | 10:09 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /

Պրոմեթեյ Բանկը տարին մեկնարկել է սոցիալական ծրագրերի իրականացման նոր գաղափարով, որի մանրամասները Banks.am-ին ներկայացրել է բանկի մարքեթինգի եւ հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Տաթեւիկ Խաչատրյանը:
 
«Պրոմեթեյ Բանկն իր գործունեության 26 տարիների ընթացքում մշտապես գիտակցել է իր դերը` որպես հասարակության մասնիկ եւ իրականացրել բազմաթիվ սոցիալական ծրագրեր, որոնք ունեցել են ամենատարբեր թիրախներ՝ աջակցություն հատուկ խնամքի կարիք ունեցող երեխաներին, կրթական ծրագրեր, բնության պահպանություն եւ այլն»,- պատմում է Տաթեւիկը:

Նրա խոսքով՝ Պրոմեթեյ Բանկն այս տարի իրականացնելու է եւս 12 սոցիալական ծրագիր:

«12 թիվը հատկանշական է. այն համապատասխանում է տարվա ամիսներին, յուրաքանչյուր ամիս` 1 ծրագիր: Ծրագրերն ավելի պատկերավոր դարձնելու նպատակով բանկի 2017թ. կորպորատիվ օրացույցը ձեւավորել ենք այդ ծրագրերի ոլորտները ներկայացնող 12 անավարտ գրչանկարներով՝ ի նշան ոլորտում առկա բացերի: Օրացույցն ընթերցողը հնարավորություն ունի ինքնուրույն ավարտելու եւ ամբողջականացնելու պատկերները»,- նշում է Տաթեւիկը՝ ընդգծելով, որ բանկը տարիներ շարունակ հատուկ կարեւորություն է տվել կորպորատիվ օրացույցների դիզայնին:

«Մեր օրացույցներում միշտ ներկայացվել են հայկականության տարածմանն ուղղված թեմաներ՝ հայկական տարազներ, հայտնի հայեր, հայ գյուտարարներ, անհայտ փաստեր հայերի մասին եւ այլն»,- շեշտում է նա:

Արդեն մեկնարկել է հունվար ամսվա ծրագիրը՝ հայ գրականության ոլորտում: Բանկը պատրաստվում է ֆինանսավորել գրքի տպագրական աշխատանքներ՝ խթանելով հայ հեղինակների աշխատանքների տարածումը: Արդեն ընտրվել է աշխատությունը՝ տպագրվելու են մանկական պիեսներ: Գրքի շնորհանդեսը կկայանա փետրվարի 19-ին՝ Գիրք նվիրելու օրը:  

Զուգահեռաբար պատրաստվում է հաջորդ ամսվա ծրագիրը, որը ներկայացնելու է հայկական զարդարվեստը: Կազմակերպվելու է արծաթագործների մրցույթ՝ հին հայկական զարդերի թեմայով, իսկ հաղթողը կստանա դրամաշնորհ՝ 500 000 դրամի չափով:

Մարտի թեման հայոց այբուբենն է: Բանկը կազմակերպելու է ուսանողական մրցույթ, որի հաղթողը կստանա 1 տարվա ուսման վարձի վճար, իսկ երկրորդ եւ երրորդ տեղերը զբաղեցրած ուսանողները կպարգեւատրվեն դրամական մրցանակներով:

«Իհարկե, կան ծրագրեր, որոնք ավելի մասշտաբային են եւ պահանջում են զգալի ֆինանսավորում, օրինակ՝ ապրիլի թեման հայ եկեղեցաշինությունն է, իսկ ծրագիրը՝ որեւիցե եկեղեցու գմբեթի վերակառուցումը: Մայիսին վերանորոգելու ենք սահմանամերձ գյուղերի հիվանդանոցներից մեկի հիվանդասենյակները: Հունիսին ծառատունկ ենք իրականացնելու, իսկ հուլիսին վերանորոգելու ենք մի մարզասրահ՝ խթանելով երիտասարդների առողջ ապրելակերպը եւ ներգրավվածությունը սպորտում»,- նշում է Պրոմեթեյ Բանկի ներկայացուցիչը:

Տաթեւիկը մեծ ոգեւորությամբ է պատմում օգոստոս ամսվա համար նախատեսված ծրագրի մասին, որի թեման է լինելու նավագնացությունը.

«Ժամանակին հայ նավագնացների համբավն այնքան մեծ է եղել, որ եվրոպական նավերը պատերազմող երկրների նավահանգիստներին մոտենալիս հաճախ բարձրացրել են հայկական դրոշը, որպեսզի անվտանգ մուտք գործեն այդ երկրներ: Ծրագրի շրջանակում համագործակցելու ենք Այաս ծովային հետազոտությունների ակումբի հետ, մրցույթի հաղթողների համար կազմակերպելու ենք էքսկուրսիա Սեւանում, որի ընթացքում Կիլիկիա նավի նավապետը վարպետության դաս կանցկացնի»:

Սեպտեմբերի թեման հայոց լեզուն է՝ ամսվա ընթացքում բանկը քայլեր է ձեռնարկելու ներկայում հայերենում տարածված սխալների եւ դրանց ճիշտ կիրառության մասին բացատրական նյութեր տարածելու ուղղությամբ:

Հոկտեմբերի ծրագիրը նվիրված կլինի գինեգործությանը՝ ոլորտի ապագա մասնագետներին խթանելու համար կկազմակերպվի ուսանողական մրցույթ՝ դրամական մրցանակներով: Այս համատեքստում մեր զրուցակիցը մատնանշում է այն փաստը, որ աշխարհում ամենահին՝ 6 հազ. տարվա պատմություն ունեցող գինեգործարանը հայտնաբերվել է Արենիում:

Շարունակելով պատմական փաստերը՝ Տաթեւիկն անդրադառնում է նաեւ այն հանգամանքին, որ մեզ հասած հնագույն մանրանկարները 6-7-րդ դարի նմուշներ են: Համագործակցելով Մատենադարանի հետ՝ բանկը դեռեւս 2016թ. ամռանը մեկնարկեց Մատենադարանում պահվող հայկական առաջին թղթե ձեռագիր գրքի՝ «Մատյան գիտության եւ հավատոյ Դավիթ քահանայի» վերականգնման աշխատանքները: Նոյեմբերին գրքի վերականգնման աշխատանքները կավարտվեն:

Իսկ դեկտեմբերին՝ հայ երաժշտության թեմայի շրջանակում Պրոմեթեյ Բանկն ազգային երաժշտական գործիքներ կնվիրի սահմանամերձ գյուղերի երաժշտական դպրոցներին:

«Ամեն ամիս մենք կներկայացնենք այդ ամսվա ծրագիրը եւ միասին՝ քայլ առ քայլ, կհետեւենք ծրագրի իրականացման գործընթացին»,- ամփոփել է Տաթեւիկ Խաչատրյանը:

Տաթեւիկ Խաչատրյանի հետ զրուցել է Տաթեւ Հովհաննիսյանը

Դիտում՝ 15745
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai