Երկնիշ թռիչք՝ բանկային համակարգում

24.01.2017 | 10:36 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /

ՀՀ առեւտրային բանկերը 2016թ. վերջին եռամսյակը «փակել» են բավական հաջող. արձանագրվել է զգալի աճ բոլոր հիմնական ֆինանսական ցուցանիշների գծով:

Հունվարի 1-ից ուժի մեջ է մտել ՀՀ Կենտրոնական բանկի որոշումը` բանկերի նորմատիվային ընդհանուր կապիտալի նվազագույն չափը 5 մլրդ դրամից 30 մլրդ-ի հասցնելու վերաբերյալ: Հաշվետու եռամսյակի տվյալներով՝ կարգավորչի սահմանած պահանջներին բավարարել է 17 առեւտրային բանկ:

Ուսումնասիրելով ՀՀ առեւտրային բանկերի հրապարակած միջանկյալ ֆինանսական հաշվետվությունները` Banks.am-ը ներկայացնում է 2016թ. չորրորդ եռամսյակում բանկային հատվածի հիմնական ֆինանսական ցուցանիշների վերլուծությունը:

Վերլուծության մեջ ներկայացված չեն Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խմբի տվյալները՝ բանկի կողմից դրանք չհրապարակելու պատճառով, իսկ Արարատբանկի եւ Զարգացման Հայկական Բանկի ցուցանիշները ներկայացված են համախմբված ձեւով:

Ակտիվների աճ՝ վարկավորման աշխուժացման ֆոնին

Բանկային համակարգի ակտիվների ընդհանուր ծավալը 2016թ. չորրորդ եռամսյակում 2015թ. վերջի համեմատ աճել է 22,9%-ով` կազմելով 4 049,85 մլրդ դրամ: Ընդ որում, ցուցանիշի աճը մեծապես պայմանավորվել է վարկավորման ծավալի 26% ավելացմամբ, որը հաշվետու եռամսյակում հասել է 2 515,2 մլրդ դրամի:

Ակտիվների աճին նպաստել է նաեւ բանկային համակարգում ընթացող կապիտալիզացիան: Բանկերը, ձգտելով բավարարել ԿԲ նոր պահանջը, ավելացրել են կապիտալը, ինչի հետեւանքով առաջացել են լրացուցիչ միջոցներ, որոնք էլ տեղաբաշխվել են վարկավորման տարբեր ուղղություններով:

Ակտիվների մեծությամբ առաջատարը շարունակում է մնալ Ամերիաբանկը, որն իր 718,3 մլրդ դրամ ցուցանիշով գլխավորում է ցանկը` նախորդ տարեվերջի համեմատ արձանագրելով 39,2% աճ: Ամերիաբանկին բաժին է ընկնում բանկային համակարգի ընդհանուր ակտիվների 17,7%-ը: Բանկն առաջատար է նաեւ հաճախորդների վարկավորման ծավալներով (499,4 մլրդ դրամ, աճ` 63,4%):

Մյուս խոշորագույն բանկը, ըստ ակտիվների մեծության, Արդշինբանկն է, որի ցուցանիշը հաշվետու եռամսյակում աճել է 26,1%-ով` հասցնելով այն 504,7 մլրդ դրամի: Բանկի տրամադրած վարկերի ծավալը կազմել է շուրջ 337,7 մլրդ դրամ` գերազանցելով նախորդ տարվա ցուցանիշը 23%-ով:

Նրան հաջորդում են Հայբիզնեսբանկը` 404,4 մլրդ դրամ (2015թ. վերջի համեմատ՝ 31,3% աճ), Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը` 283,8 մլրդ դրամ (աճ` 4%) եւ Անելիք Բանկը` 283,5 մլրդ դրամ (աճ` 3,1 անգամ) ցուցանիշով: Այս բանկերի վարկավորման ծավալները հաշվետու ժամանակաշրջանում կազմել են համապատասխանաբար 268,5 մլրդ դրամ (աճ` 29,5%), 165,5 մլրդ դրամ (անկում` 1,7%) եւ 217,6 մլրդ դրամ (աճ` 3,6 անգամ):

Հինգ առաջատար բանկերին բաժին է ընկնում բանկային համակարգի ընդհանուր ակտիվների 54,2%-ը:

Աճել են նաեւ պարտավորությունները

ՀՀ առեւտրային բանկերի պարտավորությունները հաշվետու եռամսյակում շարունակել են նախորդ եռամսյակ սկսած աճի միտումը:

Բանկային համակարգի պարտավորությունների ընդհանուր ցուցանիշը 2016թ. չորրորդ եռամսյակում 2015թ. վերջի նկատմամբ գրանցել է զգալի`21,8% աճ` կազմելով 3 401,3 մլրդ դրամ:

Պարտավորությունների մեծությամբ առաջատարն Ամերիաբանկն է: Բանկի ցուցանիշը 2016թ. չորրորդ եռամսյակում աճել է 43,2%-ով` կազմելով 653,9 մլրդ դրամ:

Երկրորդ խոշորագույն բանկը, ըստ պարտավորությունների, Արդշինբանկն է` 450,7 մլրդ դրամ ցուցանիշով (աճ` 28,1%):

Ամենախոշոր բանկերի հնգյակում են նաեւ Հայբիզնեսբանկը` 367,6 մլրդ դրամ (2015թ. վերջի նկատմամբ՝ 32,2% աճ), Անելիք Բանկը` 241,9 մլրդ դրամ (աճ` 3,2 անգամ) եւ  Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը` շուրջ 227 մլրդ դրամ ցուցանիշով (աճ՝ 3,6%):

17 բանկ՝ ԿԲ սահմանագծից այս կողմ

2016թ. վերջին եռամսյակում հայաստանյան բանկերը շարունակել են ակտիվորեն իրականացնել կապիտալի համալրման գործընթացը՝ ամրագրելով իրենց տեղը ՀՀ «բանկային գնացքում»:

Հաշվետու եռամսյակում բանկային համակարգում, ընդհանուր առմամբ, արձանագրվել է կապիտալի (հաշվեկշռում ներկայացված) աճ 29,3%-ի չափով, որը  կազմել է 648,6 մլրդ դրամ:

ՀՀ ամենակապիտալացված բանկն Ամերիաբանկն է՝ 64,4 մլրդ դրամ ցուցանիշով, որը  նախորդ տարեվերջի համեմատ աճել է 8,6%-ով:

56,8 մլրդ դրամ կապիտալի մեծությամբ երկրորդ տեղում է Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը, որը 4-րդ  եռամսյակի տվյալներով արձանագրել է ցուցանիշի աճ՝ 5,8%-ի չափով:

Կապիտալի ցուցանիշով մյուս առաջատարներն են Արդշինբանկը` 54 մլրդ դրամ (աճ` 11,5%), Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը` 47,6 մլրդ դրամ (անկում` 10,2%), եւ Ինեկոբանկը` 43,8 մլրդ դրամ (աճ` 7,5%):

Ինչ վերաբերում է բանկերի նորմատիվային ընդհանուր կապիտալին, ապա 2016թ. 4-րդ եռամսյակի վերջի դրությամբ ԿԲ նոր պահանջին բավարարում են հետեւյալ 17 բանկերը` Ամերիաբանկ, Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ, Արդշինբանկ, ՎՏԲ-Հայաստան Բանկ, Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան, Ինեկոբանկ, Արմսվիսբանկ, Անելիք Բանկ, Պրոմեթեյ Բանկ, Արարատբանկ, Կոնվերս Բանկ, Մելլաթ Բանկ, Բիբլոս Բանկ Արմենիա, Հայբիզնեսբանկ, Հայէկոնոմբանկ, Արցախբանկ, Յունիբանկ:

Ի դեպ, Արցախբանկի կողմից ԿԲ պահանջը բավարարելու վերաբերյալ ցուցանիշը դեռեւս արտացոլված չէ բանկի հաշվետվությունում՝ կապված ԿԲ-ի կողմից կապիտալի համալրման գրանցման եւ հաշվետվությունները կազմելու ժամկետների անհամապատասխանության հետ:

Հիշեցնենք, որ հաշվետու եռամսյակում ՀՀ բանկային համակարգում տեղի ունեցավ եւս երկու միաձուլում՝ Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը միացավ Արդշինբանկին, Զարգացման Հայկական Բանկն էլ միացավ Արարատբանկին:



Բանկերն ավելի շատ են վաստակել

ՀՀ առեւտրային բանկերը 2016թ. չորրորդ եռամսյակում վաստակել են շուրջ 18,3 մլրդ դրամ զուտ շահույթ, որը 28,3%-ով գերազանցում է 2015թ. նույն եռամսյակի ցուցանիշը:

Եռամսյակն «օգուտով» են փակել 14 առեւտրային բանկեր, որոնց շահույթի ընդհանուր ցուցանիշը կազմել է 33,4 մլրդ դրամ, իսկ 3 բանկ կրել է վնաս՝ 15,1 մլրդ դրամի չափով: Ընդ որում, շահույթով աշխատած բանկերը 34,4%-ով ավելի շատ են վաստակել, իսկ վնասով աշխատած բանկերի վնասն ավելացել է 42,8%-ով:

Ամենամեծ շահույթը հաշվետու եռամսյակում արձանագրել է Ամերիաբանկը: Այն 2016թ. չորրորդ եռամսյակի տվյալներով վաստակել է 6 217,7 մլն դրամ` ավելացնելով իր նախորդ տարվա նույն եռամսյակի ցուցանիշը 29,1%-ով:

5 496,3 մլն դրամ ցուցանիշով երկրորդ տեղում Ինեկոբանկն է, որի շահույթը 2015թ. չորրորդ եռամսյակի համեմատ աճել է 14,1%-ով:

Նրան հաջորդում են Արդշինբանկը` 4 560,2 մլն դրամ (աճ՝ 2,3 անգամ) եւ Արմսվիսբանկը` 3 253,5 մլն դրամ (աճ՝ 74,6%): Իսկ ամենաշահութաբեր բանկերի հնգյակը եզրափակում է Արցախբանկը`արձանագրելով 2 631,5 մլն դրամ շահույթ`նախորդ տարվա նույն եռամսյակի 4 192,6 մլն դրամ վնասի փոխարեն:

Միայն հինգ առաջատար բանկերին բաժին է ընկել բանկային համակարգի ընդհանուր շահույթի 66,4%-ը:

Ստորեւ բերված աղյուսակում ներկայացված են ՀՀ առեւտրային բանկերի հիմնական ֆինանսական ցուցանիշները՝ 2016թ. 4-րդ եռամսյակի դրությամբ, աճ/անկումը հաշվարկված է 2015թ. վերջի համեմատ:

Բանկերը դասավորված են ըստ ակտիվների մեծության՝ ամենամեծից ամենափոքրը:

Աղյուսակի տվյալները վերցված են բանկերի հրապարակած միջանկյալ ֆինանսական հաշվետվություններից:

Սեղմել նկարի վրա՝  աղյուսակը մեծացնելու համար



ՀՀ բանկերի 2016թ. 3-րդ եռամսյակի հիմնական ֆինանսական ցուցանիշների վերլուծությունը կարող եք տեսնել այստեղ:

Սիրանուշ Սիմոնյան

Դիտում՝ 18914
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai