Facebook
Google Extention
RSS
Հինգշաբթի, Դեկտեմբեր 08

Հարցազրույցներ / Հոդվածներ

 
Exclusive

Բանկեր. Աճ՝ բոլոր «ճակատներով»

 
 Չորեքշաբթի 19 Հոկտեմբեր 2016
Photo: http://stolypinsky.club/
 

ՀՀ բանկային համակարգը 2016թ. երրորդ եռամսյակում շարունակել է նախորդ եռամսյակ սկսված վերականգնման միտումը: Ընդ որում, արձանագրվել է աճ բոլոր հիմնական ֆինանսական ցուցանիշների ուղղությամբ: Ակտիվներն աճել են` վարկավորման ավելացման հաշվին, պարտավորություններն ավելացել են, բանկերն ավելի շատ են վաստակել: Շարունակվել է կապիտալի համալրման գործընթացը:

Ուսումնասիրելով ՀՀ առեւտրային բանկերի հրապարակած միջանկյալ ֆինանսական հաշվետվությունները` Banks.am-ը ներկայացնում է 2016թ. երրորդ եռամսյակում բանկային հատվածի հիմնական ֆինանսական ցուցանիշների վերլուծությունը:

Ակտիվների աճ՝ վարկավորման ավելացման հաշվին

ՀՀ բանկային համակարգի ակտիվների ընդհանուր ծավալը 2016թ. երրորդ եռամսյակում 2015թ. վերջի համեմատ աճել է 4,7%-ով` կազմելով շուրջ 3 622 մլրդ դրամ: Ընդ որում, ցուցանիշի աճը մեծապես պայմանավորվել է վարկավորման ծավալների 5,9% ավելացմամբ, որը հաշվետու եռամսյակում հասել է 2 211,6 մլրդ դրամի:

Ակտիվների մեծությամբ առաջատարը շարունակում է մնալ Ամերիաբանկը, որն իր 524,1 մլրդ դրամ ցուցանիշով գլխավորում է ցանկը` նախորդ տարեվերջի համեմատ արձանագրելով 1,6% աճ: Ամերիաբանկին բաժին է ընկնում բանկային համակարգի ընդհանուր ակտիվների 14,5%-ը: Բանկն առաջատար է նաեւ հաճախորդների վարկավորման ծավալներով (339,9 մլրդ դրամ, աճ` 11,2%):

Մյուս ամենախոշոր բանկը, ըստ ակտիվների, Արդշինբանկն է: 2016թ. երրորդ եռամսյակում բանկն արձանագրել է ակտիվների ծավալի աճ 10,4%-ի չափով` մինչեւ 442,2 մլրդ դրամ: Ընդ որում, բանկի տրամադրած վարկերի ծավալը կազմել է շուրջ 318,7 մլրդ դրամ` գերազանցելով նախորդ ցուցանիշը 16,1%-ով:

Ակտիվների մեծությամբ մյուս խոշորագույն բանկերն են Հայբիզնեսբանկը` 337,4 մլրդ դրամ (2015թ. վերջի համեմատ՝ 9,5% աճ), Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը` 283,1 մլրդ դրամ (աճ` 3,8%) եւ ՎՏԲ-Հայաստան Բանկը` 265,1 մլրդ դրամ (անկում` 14,5%) ցուցանիշով: Այս բանկերի վարկավորման ծավալները հաշվետու ժամականաշրջանում կազմել են համապատասխանաբար 235,3 մլրդ դրամ (աճ` 13,5%), 162,5 մլրդ դրամ (անկում` 3,5%) եւ 158,7 մլրդ դրամ (անկում` 13,6%):

Հինգ առաջատար բանկերին բաժին է ընկնում բանկային համակարգի ընդհանուր ակտիվների 51,1%-ը:

Պարտավորություններն անցել են աճի

ՀՀ առեւտրային բանկերի պարտավորությունները 2016թ. նախորդ եռամսյակների անկումից հետո երրորդ եռամսյակում առաջին անգամ գրանցել են աճ:

Բանկային համակարգի պարտավորությունների ընդհանուր ցուցանիշը 2016թ. երրորդ եռամսյակում 2015թ. վերջի նկատմամբ աճել է շուրջ 3%-ով` կազմելով 3 011,6 մլրդ դրամ:

Պարտավորությունների մեծությամբ առաջատարն Ամերիաբանկն է: Բանկի ցուցանիշը 2016թ. երրորդ եռամսյակում աճել է 1,3%-ով` կազմելով 462,4 մլրդ դրամ:
 
Երկրորդ խոշորագույն բանկը, ըստ պարտավորությունների, Արդշինբանկն է` 389,1 մլրդ դրամ ցուցանիշով (աճ` 10,6%):

Պարտավորությունների ծավալով ամենախոշոր բանկերի հնգյակում են նաեւ Հայբիզնեսբանկը` 304,8 մլրդ դրամ (2015թ. վերջի նկատմամբ՝ 9,6% աճ),  Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը` շուրջ 226 մլրդ դրամ (աճ` 3,1%) եւ ՎՏԲ-Հայաստան Բանկը` 225,3 մլրդ դրամ ցուցանիշով (անկում՝ 16,3%):

Կապիտալի «վերջին» համալրումները

Հայաստանյան բանկերը 2017թ. ընդառաջ շարունակում են իրականացնել կապիտալի համալրման գործընթացը:

2016թ. երրորդ եռամսյակում բանկային համակարգում, ընդհանուր առմամբ, արձանագրվել է կապիտալի (հաշվեկշռում ներկայացված) աճ 14%-ի չափով, ինչը հասցրել է այս մեծությունը 610,4 մլրդ դրամի:

Ամենակապիտալացված բանկն Ամերիաբանկն է՝ 61,8 մլրդ դրամ ցուցանիշով, որը նախորդ տարվա վերջի համեմատ աճել է 4,1%-ով:

Նրան հաջորդում է Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը` 57,1 մլրդ դրամ ցուցանիշով, որը 2015թ. վերջի համեմատ աճել է 6,4%-ով:

Կապիտալի ցուցանիշով մյուս առաջատարներն են Արդշինբանկը` 53 մլրդ դրամ (աճ` 9,5%), Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը` 52 մլրդ դրամ (անկում` 1,9%), եւ Ինեկոբանկը` 42,7 մլրդ դրամ (աճ` 4,6%):

Մեկ եռամսյակից էլ քիչ է մնացել, երբ ուժի մեջ կմտնի ՀՀ Կենտրոնական բանկի որոշումը` բանկերի նորմատիվային ընդհանուր կապիտալի նվազագույն չափը 5 մլրդ դրամից 30 մլրդ-ի հասցնելու վերաբերյալ:

2016թ. երրորդ եռամսյակի վերջի դրությամբ ԿԲ նոր պահանջին բավարարում են հետեւյալ 7 բանկերը`Ամերիաբանկ, Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ, Արդշինբանկ, Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան, ՎՏԲ-Հայաստան Բանկ, Ինեկոբանկ եւ Արմսվիսբանկ:


 
Բանկերն ավելի շատ են վաստակել

ՀՀ առեւտրային բանկերը 2016թ. երրորդ եռամսյակում արձանագրել են շուրջ 16,3 մլրդ դրամ զուտ շահույթ, որը 24,7%-ով գերազանցում է 2015թ. նույն եռամսյակի ցուցանիշը:

Եռամսյակը շահույթով են փակել 14 առեւտրային բանկ, որոնց շահույթի ընդհանուր ցուցանիշը կազմել է 25,3 մլրդ դրամ, իսկ 5 բանկ կրել է վնաս՝ 9 մլրդ դրամի չափով: Ընդ որում, շահույթով աշխատած բանկերը 10,1%-ով ավելի շատ են վաստակել, իսկ վնասով աշխատած բանկերի վնասը կրճատվել է 9,2%-ով:

Ամենամեծ շահույթը հաշվետու եռամսյակում արձանագրել է Ամերիաբանկը: Այն 2016թ. երրորդ եռամսյակի տվյալներով վաստակել է 3 506,1 մլն դրամ, ինչը, սակայն, զիջում է նրա նախորդ տարվա նույն եռամսյակի ցուցանիշը 27,8%-ով:

3 435,6 մլն դրամ ցուցանիշով երկրորդ տեղում Արդշինբանկն է, որի շահույթը 2015թ. երրորդ եռամսյակի համեմատ աճել է 52,4%-ով:

Նրան հաջորդում են Ինեկոբանկը` 3 364 մլն դրամ (աճ՝ 0,5%), Արցախբանկը՝  2 666 մլն դրամ (աճ՝ 154,1%) եւ Արմսվիսբանկը` 2 504,5 մլն դրամ (աճ` 67,1%):

Միայն հինգ առաջատար բանկերին բաժին է ընկել բանկային համակարգի ընդհանուր շահույթի 61,2%-ը:

Ստորեւ բերված աղյուսակում ներկայացված են ՀՀ առեւտրային բանկերի հիմնական ֆինանսական ցուցանիշները՝ 2016թ. 3-րդ եռամսյակի դրությամբ: Ցուցանիշների աճ/անկումը հաշվարկված է 2015թ. վերջի նկատմամբ, բացառությամբ՝ շահույթի (2015թ. 3-րդ եռամսյակի նկատմամբ):

Բանկերը դասավորված են ըստ ակտիվների մեծության՝ ամենամեծից ամենափոքրը:

Աղյուսակի տվյալները վերցված են բանկերի հրապարակած միջանկյալ ֆինանսական հաշվետվություններից:

Սեղմել նկարի վրա՝ աղյուսակը մեծացնելու համար



ՀՀ բանկերի 2016թ. 2-րդ եռամսյակի հիմնական ֆինանսական ցուցանիշների վերլուծությունը կարող եք տեսնել այստեղ:

Սիրանուշ Սիմոնյան

 
< Վերադառնալ
Դիտումների քանակը՝  7674
 
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:
 
Դեպի վերև
Banks.am-ի նյութերին մշտապես տեղյակ լինելու համար սեղմեք
Նորությունների արխիվ
Օր Ամիս    Տարի
Ամենաընթերցվածը
այսօրվա
շաբաթվա
ամսվա