JWM դպրոցում դասավանդում են ապագայի մասնագիտությունը

30.09.2016 | 00:00 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /

2014 թվականին շվեյցարական «Կերբեդանց» ժամացույցների ընկերության հայաստանյան  մասնաճյուղում միջպետական մակարդակով խոսվեց ժամացույցների եւ ոսկյա զարդերի եռաչափ մոդելավորման դպրոց հիմնելու մասին: Դրանից հետո՝ «Կերբեդանց»-ի նախաձեռնությամբ, Հայաստան ժամանեցին շվեյցարական CONCEPTO Watch Factory ընկերության հիմնադիր-տնօրեններ՝ հայր եւ որդի Ժան Պիեռ եւ Վալերիեն Ժակենները՝ քննարկելու դպրոցի մեկնարկի մանրամասները:

2015 թվականի ապրիլին «Կերբեդանց»-ի հայաստանյան մասնաճյուղին կից «JWM» ժամացույցների եւ ոսկյա զարդերի եռաչափ մոդելավորման դպրոցը (Jewelry and Watch Modeling School) արդեն իրականություն էր: Banks.am-ի թղթակիցներն օրերս եղել են դպրոցում, ծանոթացել դասավանդվող ծրագրերին ու դպրոցի հաջողություններին:

«JWM» ժամացույցների եւ ոսկյա զարդերի եռաչափ մոդելավորման դպրոցի տնօրեն Գրիգոր Ցոլակյանի փոխանցմամբ՝ դեռ երկու տարի առաջ, երբ սկսեցին ուսումնասիրել ոսկյա զարդերի եւ ժամացույցների եռաչափ մոդելավորման ոլորտում առկա դասավանդման փորձն ու հասկանալ, թե տարածաշրջանում որտե՞ղ է հնարավոր վերապատրաստել «Կերբեդանց»-ի մասնագետներին, գեթ մեկ լիցենզավորված մասնագիտական կենտրոն չգտնվեց:

«Որոշեցինք փորձել ինքներս զբաղվել այդ գործով եւ հետագայում, ինչու ոչ, ընդլայնվենք տարածաշրջանում: Երբ նոր էինք սկսում մտածել թրեյնինգային կենտրոն հիմնելու մասին, քչերն էին հավատում դրա հնարավորությանը: Բավական երկար բանակցեցինք մեր շվեյցարացի գործընկերների հետ: Այդ ժամանակ մասնագետների պակաս կար նաեւ Շվեյցարիայում, որտեղ ոչ թե թրեյնինգային կենտրոնի մակարդակով էր հարցը լուծվում, այլ աշխատակիցներին ուղարկում էին շատ ավելի հագեցած՝ մեկ-երկու տարի տեւող դասընթացների»,- Banks.am-ի հետ զրույցում ասել է Գրիգոր Ցոլակյանը:



«JWM»-ում ոսկյա զարդերի եւ ժամացույցների եռաչափ մոդելավորման միջազգային չափանիշներին համապատասխան մասնագիտական ուսուցումը կազմակերպվում է Rhinoceros եւ PTC Creo (Pro/ENGINEERING) ծրագրերով:

«Դպրոցի հիմնումը հաստատելուց հետո մեր երկու մասնագետները վերապատրաստում անցան Իսպանիայի «Robert McNeel & Associates» գրասենյակում եւ լիցենզավորում ստացան, որից հետո մշակվեց նաեւ դասընթացի ծրագիրը»,-պատմում է դպրոցի համակարգող Անի Շաքարյանն ու նշում, որ դասընթացի հիմքում դրված է «Կերբեդանց»-ի փորձը:

«Լինելով առաջատար ժամագործական ընկերություն՝ «Կերբեդանց»-ի փորձի հիման վրա ստեղծել ենք դասընթացի ծրագիրն ու այն ներկայացրել «Robert McNeel & Associates»-ի մասնագետներին, ովքեր եւ հաստատել են այն», - նշում է համակարգողը:

Դպրոցում ուսուցումը բաժանված է երկու մասի: Կա երկամսյա՝ շաբաթական երեք օր տեւողությամբ դասընթաց սկսնակների համար եւ երկշաբաթյա վարպետության դասընթաց՝ գործող մասնագետների համար:

Դասընթացի ավարտին քննության գերազանց արդյունքներ ստացած մասնակիցներին տրվում է միջազգային սերտիֆիկատ, որն ճանաչվում է Եվրոպայում եւ ԱՄՆ-ում: Ուսման ընթացքում լինում են միջանկյալ քննություններ՝ պարբերաբար ստուգելու համար ուսանողի ստացած գիտելիքներն ու բացթողումները: Գերազանց առաջադիմություն ունեցող շրջանավարտներին հնարավորություն է տրվում պրակտիկա անցնել «Կերբեդանց» ընկերության հայաստանյան մասնաճյուղում:



«Դպրոց կարող է դիմել 17 տարին լրացած ցանկացած ոք, եթե ունի երկրաչափական պատկերացում եւ ուսման մեծ ցանկություն՝ ծրագիրը բավական բարդ ու աշխատատար է: Մենք կատարում ենք նախնական թեստավորում եւ հարցազրույց անցկացնում՝ դիմորդի կարողությունը գնահատելու եւ նրան անկեղծ զգուշացնելու՝ կարող է նա անցնել կուրսը, թե՝ ոչ: Արդեն ունենք 4 տասնյակից ավելի շրջանավարտ, որոնց մեծ մասն ապահովված է աշխատանքով»,-նկատում է Անի Շաքարյանը:

Դպրոցի տնօրենի փոխանցմամբ՝ համագործակցում են մի շարք ընկերությունների հետ այս ոլորտում: Մասնագետների պահանջի դեպքում նրանք դիմում են դպրոցին, որն էլ տեղեկացնում է իր լավագույն շրջանավարտներին:



«Շատ ենք կարեւորում մասնագիտական որակները: Սերտիֆիկատը զուտ թուղթ չէ, որը տրամադրում ենք վճարման դիմաց: Զարդերի եւ ժամացույցների եռաչափ մոդելավորման ոլորտը հեռանկարային է: Դպրոց դիմող ցանկացած մարդ պետք է գիտակցի, որ գալիս է ոչ թե միջազգային սերտիֆիկատ, այլ՝ ապագայի մասնագիտություն ստանալու, որի պահանջն աշխարհում շատ մեծ է եւ որին հասնելու համար մեծ ջանքներ ու աշխատասիրություն է պետք: Այս մասնագիտությունը լուրջ ներդրում է ցանկացած մարդու գիտելիքների պաշարի ընդլայնման գործում»,- ասում է Գրիգոր Ցոլակյանը:

Դասընթացավարներից Տաթեւ Հովակիմյանը, որը մի քանի վերապատրաստում է անցել Շվեյցարիայի «Բումոտեկ» (Bomatec) եւ «Պրոդուկտեկ» (Productec) ընկերություններում, հավելում է, որ ուսանողների հետաքրքրությունը մեծ է, բայց բոլորին չէ, որ դասընթացը հեշտ է տրվում.


Տաթեւ Հովակիմյանը
Լուսանկարը՝ Մեդիամաքս

«Դասընթացը հիմնային գիտելիքներ է պահանջում՝ նկարչության, երկրաչափության ու դիզայնի, բայց այնքան կլանող է՝ թե հնարավորությունների, եւ թե հետաքրքրության առումով, որ, թեկուզ դժվարությամբ, ուսանողները փորձում են մասնագիտանալ»,- նշում է դասընթացավարը:

Ուսանողներից Լիանա Կրճացյանը, ով աշխատում է «Կերբեդանց»-ում՝ որպես նկարիչ-դիզայներ, ասում է, որ երկամասյա դասընթացի ավարտին արդեն իր հետագա աշխատանքը չի պատկերացնում առանց այն գիտելիքների ու գործքների, որոնք ստացավ այս դպրոցում:

«Դասընթացը բավական ժամանակատար եւ ուշադրություն պահանջող է, բայց մի քանի անգամ հեշտացնում է մեր աշխատանքը՝ բերելով ավելի ճշգրիտ արդյունքի եւ ժամանակի խնայողության»,- նշում է Լիանան:


Լիանա Կրճացյանը
Լուսանկարը՝ Մեդիամաքս

«Այսօր արդեն կարող ենք ասել, որ այս 1,5 տարվա ընթացքում որոշակիորեն հասել ենք մեր նպատակին. ունենք լավ մասնագետներ, դպրոցը հետաքրքրություն է առաջացրել նաեւ արտերկրում: Նախորդ տարի մեր մասնագետները հրավեր ստացան Բեյրութից եւ դասընթաց անցկացրեցին այնտեղ 20 հայ ոսկերիչների համար: Հիմա բանակցությունների մեջ ենք Կանադայի ոսկերիչների միության հետ, որը ցանկանում է դասընթացներ ֆինանսավորել սիրիահայերի համար: Քննարկումներ ենք վարում նաեւ Թումո կենտրոնի հետ, որը ցանկանում է մեր դասընթացը ներառել իրենց դասավանդման ծրագրում»,- նշում է Գրիգոր Ցոլակյանը:

Դպրոցի համակարգողն ասում է, որ քննարկում են նաեւ Վրաստանում դպրոցի մասնաճյուղ բացելու, հեռակա ուսուցման ծրագիր մշակելու հարցերը, ինչպես նաեւ հետազոտություն անցկացնում այն մասին, թե ոսկերչության եւ ժամագործության ոլորտի ինչ նոր ուսուցողական ծրագիր կարող են բերել Հայաստան:

JWM դպրոց ընդունվել ցանկացողները կարող են զանգահարել 041 55 66 46 հեռախոսահամարով:

Սիրանուշ Եղիազարյան
Լուսանկարները՝ Մեդիամաքսի եւ JWM դպրոցի

Դիտում՝ 8278
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai