«Արտնաուկա»` գիտական զվարճանք միջոցառումների ժամանակ

26.09.2016 | 10:33 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /

Միջոցառումները գիտական փորձերի միջոցով տարբերվող դարձնող «Արտնաուկա» նախագիծը մի քանի ամիս է` գործում է նաեւ Երեւանում:

2010թ. Ռուսաստանի Դաշնությունում հիմնադրված նախագծի հեղինակը մասնագիտությամբ ֆիզիկոս Նիկոլայ Նովոսելովն է: Այն ժամանակ դեռ ֆիզիկայի ֆակուլտետի ուսանող Նիկոլայը սկսել է փորձարկել եւ մատուցել գիտությունը որպես շոու, ապա` տեղափոխվել Մոսկվա եւ զարգացրել այս ուղղությունը:

Շուտով շոուի հանդեպ մեծ հետաքրքրություն է առաջացել նաեւ ուրիշ քաղաքներում ու հարեւան երկրներում: 2014-ից սկսել է գործել «Արտնաուկա»-ի ֆրանչայզինգը:

Banks.am-ը փորձել է պարզել, թե ինչպես է միջոցառումների կազմակերպման այս նոր ուղղությունը հասել Հայաստան եւ ինչ է այն իրենից ներկայացնում:

Ինչպես «Արտնաուկա»-ն եկավ Երեւան

«Արտնաուկա» («Անհնարին ֆիզիկա») արտագնա գիտական շոու ծրագրի հայաստանյան պաշտոնական ներկայացուցիչը հանդիսանալու բացառիկ իրավունքը գնել եւ Երեւան են բերել սոցիոլոգ Գայանե Չիբուխչյանն ու ֆինանսիստ Ելենա Նալբանդյանը, որոնք երկու տարի առաջ հիմնադրել են Apaga Events կազմակերպությունը:

«Տարբեր նախագծեր իրականացնելու ընթացքում զգացինք, որ շուկան ունի ինտելեկտուալ զվարճանքի կարիք, եւ ծագեց միտք` ինչ-որ նոր բան բերել ու զարգացնել Հայաստանում: Ընտրությունը կանգ առավ «Արտնաուկա»-ի վրա, քանի որ այն ունի մի քանի առավելություն. ինտելեկտուլ է, միաժամանակ՝ էքստրեմալ, բոլոր առաջարկվող շոուները կարելի է անհատականացնել ըստ պատվիրատուի, ինչպես նաեւ նոր ծառայություններ ստեղծել կորպորատիվ հաճախորդների համար»,- Banks.am-ին ասել է Ելենա Նալբանդյանը:

Այս տարվա ապրիլին Մոսկվայից Երեւան են ժամանել մասնագետներ, որոնք անիմատորներին սովորեցրել են շոու ծրագրերը եւ այն անցկացնելու անվտանգության կանոնները: Առաջին շոու ծրագիրն իրականացվել է մայիսին:



Նախագիծը ծավալվում է Sciensce&Art ասպարեզում եւ նպատակ է հետապնդում զարգացնել edutainment (զվարճանք` գիտության միջոցով) ձեւաչափը հայաստանյան միջացառումների ոլորտում: Հիմնականում նախատեսված է 21-ից բարձր տարիքի անձանց համար:

«Մեր շոու ծրագրերը թույլ են տալիս բացահայտել գիտությունը բոլորովին նոր կողմից եւ համատեղել իմացականն ու հաճելին»,- ասել է Ելենա Նալբանդյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանում արդեն մեծ հետաքրքրություն կա նախագծի հանդեպ:

«Հուսով ենք` մեր նախաձեռնությունը մոտ ժամանակներս կարդարացնի իրեն եւ հնարավորություն կունենանք զարգացնել «իվենթ» ոլորտը, բարձրացնել շոուների ընդհանուր մակարդակը Հայաստանում: «Արտնաուկա»-ի միջոցով մարդիկ կտեսնեն, որ ցանկացած միջոցառում, իրադարձություն կարելի է դարձնել յուրահատուկ»,- հավելել է Ելենա Նալբանդյանը:

«Արտնաուկա»-ի շոու փաթեթեները

«Արտնաուկա»-ի երեւանյան ներկայացուցչությունը փաթեթեներ է առաջարկում, որոնցում մի քանի շոու է ներառված: Շոուների արժեքը տատանվում է 100 հազ. դրամից 230 հազ. դրամի միջակայքում:

Science Show փաթեթի «Ինտերակտիվ» շոուի շրջանակում հյուրերը 15 րոպեի ընթացքում ականատես են լինում ազոտ խմելուն, սառեցված ծաղիկներ կոտրելուն, կրիոհրավառությանը եւ գիտական այլ փորձարկումների:

«Welcome ֆիզիկոսներ» շոուի շրջանակում Welcome տարածքում ֆիզիկոսները հյուրերին մոտիկից ծանոթացնում են հեղուկ ազոտին, հյուրասիրում են ազոտային փոփքորն եւ նրանց ներգրավում զվարճալի գիտական փորձարկումներում:

«Ժապավենի կոտրում» - նոր վայրի բացման ժամանակ բոլորին ծանոթ «Ժապավեն կտրելու» ավանդույթը «Արտնաուկա»-ն փոխարինել է «Ժապավեն կոտրելով»: Արարողության ժամանակ ժապավենը ազոտի միջոցով սառեցնում են, ապա` կոտրում:



Nitro Bar-ը 1 ժամ տեւողությամբ ծրագիր է, որը ներառում է 60 բաժին կոկտեյլ կամ պաղպաղակ:

Այս փաթեթեի «Մոլեկուլյար բարը» կամ «Մոլեկուլյար խոհանոցը» աշխարհում արդիական խոհարարական ուղղություն է: Փոքրիկ լաբորատորիան ավանդական կոկտեյլները դարձնում է յուրահատուկ: Անհրաժեշտ պայմանների առկայության դեպքում կոկտեյլները նաեւ լուսավորվում են:

«Նիտրո պաղպաղակ» շոուի շրջանակում հյուրերի աչքի առջեւ 30 վայրկյանում բնական հումքից, բազմազան համերով եւ գույներով պաղպաղակ է պատրաստվում: Այդ ամենն ուղեկցվում է ազոտային ծխով եւ շոու էլեմենտներով:

Մարի Թարյան
Լուսանկարները` «Արտնաուկա»-ի արխիվից

Դիտում՝ 7787
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai