Հաղարծինի մշակութային շաբաթը կավելացնի զբոսաշրջիկների հոսքը Տավուշ

12.08.2016 | 15:02 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /

Օգոստոսի 15-21-ը Տավուշում կկայանա Հաղարծինի մշակութային շաբաթը, որի շրջանակում զբոսաշրջիկներն իրենց հագեցած մշակութային ժամանցը կարող են ծրագրել Տավուշում: Միջոցառման մանրամասների շուրջ զրուցել ենք Տավուշի Թեմի առաջնորդ Գերաշնորհ Բագրատ Եպիսկոպոս Գալստանյանի հետ:

Բագրատ Սրբազանի խոսքով՝ ծրագիրը թեմի երիտասարդաց միության նախաձեռնությունն է, որն իր շուրջ է հավաքել գրեթե 100 կամավորների: Ծրագրին աջակցում է նաեւ նորաստեղծ «Պահապան» զարգացման հիմնադրամը:

«Իր ձեւով եւ բովանդակությամբ այս եզակի իրադարձությունը միտված է ցուցադրել Տավուշի հոգեւոր կենտրոն Հաղարծնի հրաշալի վանքը եւ նրա հոգեւոր ժառանգությունը, որը ժամանակին բարձրագույն ուսումնական հաստատություն է եղել: Հաղարծինի մշակութային շաբաթվա ընթացքում անցկացվելու է հոգեւոր ու կիրառական մշակույթի փառատոն, որի ընթացքում վանքի տարածքը մեկ շաբաթով վերածվելու է կենդանի քաղաքի, որում բոլորը՝ մեծից փոքր, կապրեն եւ կգործեն ինչպես մեկ միասնական ընտանիք»,- նշել է Տավուշի թեմի առաջնորդը:

Միջոցառումների հանդիսավոր բացումը տեղի է ունենալու օգոստոս 15-ին:

Բագրատ Սրբազանի փոխանցմամբ՝ փառատոնի ընթացքում վանքի տարածքում կանցկացվեն հոգեւոր երգի, մանրանկարչության, պատմության, փորագրության, գորգագործության, կարպետագործության, ապակենկարչության, բնական օճառի եւ մեղրամոմի պատրաստման, կավագործության վարպետաց դասեր, կցուցադրվեն Բագրատունյաց շրջանի բժշկարանների դեղատոմսերով պատրաստված բալասանները, անուշահոտ յուղեր, թեյատեսակներ, քսուքներ որոնք ժամանակին օգտագործվել են արքայական եւ իշխանական ընտանիքներում: Կպատրաստվեն նաեւ տեղական  կաթնահունց եւ վանական կերակրատեսակներ՝ հնագույն վանական բաղադրատոմսերով, տեղի կունենան մեր իսկ պատրաստած մուրաբաների եւ մեղրի համտեսումներ:

Օգոստոսի 19-21-ը՝  ամեն երեկո, «Ֆրեսկո» ֆիլմի եւ արվեստի միջազգային փառատոնի շրջանակում կկազմակերպվի Ռուսաստանից, Միջին Արեւելքից, Եվրոպայից ու աշխարհի այլ վայրերից ժամանած ռեժիսորների կարճամետրաժ հոգեւոր ֆիլմերի ցուցադրություն եւ քննարկում բաց երկնքի տակ: Միջոցառման ամբողջ ընթացքը կուղեկցվի եկեղեցական արարողություններով, ավետարանական ընթերցումներով եւ երգեցողությամբ, որոնք թույլ կտան հյուրերին ավելի խորությամբ թափանցել եւ հասկանալ վանքի պատմա-մշակութային  ժառանգությունը, ինչպես նաեւ հարստացնել նրանց հոգեւոր աշխարհը եւ ընկալել Հայ եկեղեցու էությունը:

«Մշակութային շաբաթվա ընթացքում լինելու են նաեւ հատուկ օրեր. օգոստոսի 18-ին կազմակերպվելու է «Մանուկների աշխարհը Հաղարծինում» խորագրով միջոցառումը, որին մասնակցելու են տարածաշրջանի «Հույսի կամուրջ»-ի չորս մասնաճյուղերը, Իջեւանի, Բերդի, Դիլիջանի մանկապատանեկան երգչախմբերը, Առաջնորդարանի «Արեւիկ» սոցիալ-կրթական կենտրոնի սաները, Մեծամորից «Ընտանիք եւ համայնք» ՀԿ-ի տիկնիկային խումբը եւ այլն, իսկ օգոստոս 19-ը նվիրել ենք հայ զինվորին՝ հաշվի առնելով մեր սահմանային շրջանի՝ «Հայրենիքի դարպասներ» լինելու իրականությունը, որը կոչել ենք «Զաքարյանների եւ Բագրատունիների հետքերով.  Հայ զինվորի ստեղծագործական օր Հաղարծնի վանքում»,- եզրափակել է Բագրատ Սրբազանը:

Ակնկալվում է, որ առաջին անգամ կազմակերպվող այս միջոցառումը կրելու է շարունակական բնույթ: 

Սիրանուշ Եղիազարյան

Դիտում՝ 11941
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai