e-citizen. Ծանուցումը հասանելի կլինի՝ անկախ բնակության վայրից

12.07.2016 | 11:23 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /

Հայաստանում մարտի 1-ից արդեն գործում է պաշտոնական էլեկտրոնային փոստարկղի համակարգը՝ e-citizen.am-ը: Այն ներդրվել է ՀՀ կառավարության եւ Եվրամիության նախաձեռնությամբ, օպերատորը «ԷԿԵՆԳ» ընկերությունն է:

Հաշվի առնելով համակարգի հանրային նշանակությունն ու արդիականությունը՝ Banks.am-ը «ԷԿԵՆԳ» ընկերության գործադիր տնօրեն Արթուր Թունյանի օգնությամբ ներկայացնում է e-citizen-ի գործունեության մանրամասները:

Ծանուցման ժամանակակից եղանակ

Տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառությունը մուտք է գործել նաեւ քաղաքացի-պետություն փոխհարաբերությունների ոլորտ: Այսուհետեւ, անկախ նրանից, թե որտեղ է անձը բնակվում, նրան հասցեագրված ծանուցումը հասանելի է պաշտոնական էլեկտրոնային փոստարկղում:

«Երբեմն մարդիկ, հաշվառված լինելով մի վայրում, փաստացի բնակվում են մեկ այլ վայրում, ինչն առաջացնում է դժվարություններ փոստային ծանուցման համար: Քաղաքացիները հաճախ բողոքում են պատշաճ ծանուցված չլինելու մասին՝ կապված, հիմնականում, պետավտոտեսչությունից ստացվող տուգանքների հետ: e-citizen-ը լուծում է այս խնդիրը»,- ասել է Արթուր Թունյանը:

e-citizen էլեկտրոնային փոստարկղը հաղորդակցման պաշտոնական միջոց է, որը հնարավորություն է տալիս քաղաքացիներին անվճար հաղորդակցվել եւ ծանուցումներ ստանալ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններից, ինչպես նաեւ հանրային (հեռախոսային ծառայություն, գազ, էլեկտրաէներգիա) եւ ֆինանսաբանկային ծառայություններ մատուցող որոշ կազմակերպություններից:

Համակարգը, ըստ էության, փակ է: Հաղորդագրություններ կարող են ուղարկել միայն պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու նշված կազմակերպությունները: Քաղաքացիների համար փոստարկղը միակողմանի է եւ տալիս է միայն ծանուցում ստանալու հնարավորություն: Որեւէ այլ անձ իրավասու չէ օգտվել համակարգից:

«Բոլոր պետական մարմինները, որոնք ունեն ծանուցման մեխանիզմ, արդեն համագործակցում են մեզ հետ: Հետաքրքրություն կա նաեւ մասնավոր հատվածում, ներկայում ընթանում է բանակցային գործընթաց: Բանկերը նույնպես կամավոր սկզբունքով կարող են միանալ e-citizen համակարգին: Ճիշտ է, դեռ կան որոշակի օրենսդրական խնդիրներ՝ կապված բանկային գաղտնիքի հետ, սակայն առաջիկայում այդ խնդիրը կլուծվի»,- նշում է «ԷԿԵՆԳ»-ի տնօրենը:

Ովքե՞ր են օգտատերերը

Ցանկացած քաղաքացի նույնականացման (ID) քարտի թողարկման պահից դառնում է e-citizen-ի օգտատեր: Ֆիզիկական անձանց համար պաշտոնական էլփոստի հասցեն բաղկացած է նրա հանրային ծառայությունների համարանիշի կամ դրանից հրաժարվելու մասին տեղեկանքի համարից եւ @ecitizen.am համակցությունից:

Այն քաղաքացիները, որոնք դեռ չունեն ID քարտ, չեն կարող օգտվել պաշտոնական էլեկտրոնային փոստից, սակայն նույնականացման քարտը ստանալուն պես կդառնան e-citizen-ի օգտատեր: Արթուր Թունյանի խոսքով՝ նախատեսվում է, որ մինչեւ 2020թ. բոլոր քաղաքացիները միացած կլինեն համակարգին:

e-citizen-ի օգտատերեր են նաեւ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններն ու ՀՀ-ում գրանցված իրավաբանական անձինք, որոնց դեպքում էլփոստի հասցեն ձեւավորվում է նույն սկզբունքով՝ կիրառելով տվյալ անձի կամ կառույցի կոդի եւ @ecitizen.am համակցությունը:

Անձը համարվում է պատշաճ ծանուցված այն պահից, երբ ստանում է e-citizen-ի իր հասցեին ուղարկված հաղորդագրությունն ու հավաստում, որ այն կարդացել է: Հավաստման բացակայության դեպքում օրենքը սահմանում է որոշակի գործընթաց:

«Եթե էլծանուցում ստանալուց որոշակի ժամանակ անց անձը չի հավաստում դրա՝ ընթերցված լինելու փաստը, ծանուցումն ուղարկվում է սովորական փոստային եղանակով: Եթե այս դեպքում եւս չի հաջողվում կապ հաստատել քաղաքացու հետ, կրկին ուղարկվում է պաշտոնական էլեկտրոնային հաղորդագրություն: Որոշ ժամանակ անց, անգամ արձագանք չլինելու դեպքում, անձն օրենքով համարվում է պատշաճ ծանուցված: Ծանուցումներին հետեւելու պարտավորությունը, վերջին հաշվով, դրված է քաղաքացու վրա»,- ընդգծել է Արթուր Թունյանը:

«Օգտվելը պատկերացրածից էլ հեշտ է»

e-citizen համակարգ մուտք գործելու համար անհրաժեշտ է ունենալ նույնականացման քարտ, դրան կցված ծածկագիր, ID քարտ կարդացող սարք, ինչպես նաեւ պարզ ծրագրային ապահովում: Համակարգից օգտվելու քայլերին կարելի է ծանոթանալ այս ուղեցույցում:

«Պաշտոնական էլեկտրոնային փոստից օգտվելը շատ ավելի հեշտ է, քան կարող եք պատկերացնել: Դրանից օգտվելու համար, կարելի է ասել, համակարգիչ էլ պետք չէ: Համակարգը թույլ է տալիս վերահասցեավորել ծանուցումը ցանկացած այլ (մինչեւ 3) էլեկտրոնային փոստի հասցեի կամ բջջային հեռախոսահամարի՝ կարճ հաղորդագրության տեսքով: Վերջին տարբերակի կիրառումն ավելի հասանելի է լայն հանրությանը: Բավական է մեկ անգամ մուտք գործել համակարգ եւ իրականացնել համապատասխան կարգավորումները»,- նշել է Արթուր Թունյանը:

Համակարգը բավական ապահով է եւ պաշտպանված է անձի ID քարտին կցված գաղտնաբառով:

Բացի այդ…

Արթուր Թունյանի խոսքով՝ առաջիկայում նախատեսվում է e-citizen համակարգ ներմուծել նաեւ Դատական ակտերի հարկադիր կատարման (ԴԱՀԿ) ծառայությունից ստացվող ծանուցումները:

Բացի պաշտոնական հաղորդագրություն ստանալուց, e-citizen համակարգի միջոցով անձը կարող է ծանոթանալ եւ մշտապես հետեւել իր մասին պետական շտեմարանում առկա ամբողջ տեղեկատվությանը:

Սիրանուշ Սիմոնյան

Դիտում՝ 8815
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai