«Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան». կանխավճարը կմնա պարտադիր պայման

30.05.2016 | 11:18 Գլխավոր էջ / Նորություններ / Հարցազրույցներ /

Վերջերս ՀՀ կառավարությունը հաստատեց «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրում փոփոխություններ կատարելու նախագիծը, որով պարզեցվեցին բնակարանների ձեռքբերման պայմանները:

Այս առիթով Banks.am-ը զրուցել է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Արսեն Քարամյանի հետ:

- Պրն Քարամյան, ինչո՞վ էին պայմանավորված կառավարության իրականացրած վերջին փոփոխությունները:

-  «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրում փոփոխություններ կատարելու մտադրությունը գոյություն ուներ դեռ 2 տարի առաջ՝ նախկին կառավարության գործունեության վերջին շրջանում: Այն ժամանակ մեր նախարարության իրականացրած մոնիտորինգի արդյունքները հստակ ուրվագծել էին, որ կան որոշակի խնդիրներ, որոնք հղկման կարիք ունեն: Այնուամենայնիվ, ինչ-ինչ պատճառներով այդ փոփոխությունները կյանքի կոչվեցին միայն վերջերս:

Մեր ուսումնասիրությունների արդյունքներով՝ ամուսնական տարիքի շեմը վերջին տարիներին Հայաստանում բարձրացել է. եթե 10 տարի առաջ այն համարվում էր 25-26 տարեկանը, ապա ներկայումս այդ շեմը հասել է 29-ի: Մինչդեռ մեր ծրագրով երիտասարդ ամուսինների գումարային տարիքը չպետք է գերազանցեր 60-ը, այսինքն՝ ամուսնանալով 29-30 տարեկանում՝ նրանք չէին կարողանում օգտվել ծրագրից: Նմանօրինակ ծրագրերը չեն կարող կյանքից կտրված լինել, հետեւաբար՝ որոշվեց գումարային տարիքի շեմը հասցնել 65-ի:

Մեր իրականացրած երկրորդ փոփոխությունը ձեռքբերվող բնակարանի արժեքի վերին թույլատրելի շեմի բարձրացումն էր: Անշարժ գույքի շուկայում առկա գների ուսումնասիրությունը, ինչպես նաեւ մեր բազմաթիվ շահառուների արձագանքն առ այն, որ նախկինում սահմանված 16 մլն դրամով անհնար է ձեռք բերել շատ թե քիչ նորմալ բնակարան, մեզ ստիպեցին վերանայել ծրագրի գումարային շեմը՝ դարձնելով այն 25 մլն դրամ:

Միաժամանակ, վերջին փոփոխություններով որոշակի մեղմացում է կատարվել նաեւ կանխավճարի ուղղությամբ: Այսուհետեւ, եթե ձեռք բերվող գույքի արժեքը գտնվում է 18 մլն դրամի տիրույթում, շահառուն երկրորդային գրավի գրավադրմամբ կարող է վճարել 10% կանխավճար՝ 30%-ի փոխարեն: Այդպիսով մենք փորձում ենք մեղմել կանխավճարի վճարման հետ կապված դժվարություններ ունեցողների խնդիրը:

- Ինչպիսի՞ ակնկալիքներ ունեք ծրագրում իրականացված բարեփոխումներից:

- Հույս ունենք, որ կատարված փոփոխությունների արդյունքում շուկայում կնկատվի որոշակի աշխուժություն: Անկեղծ եթե լինենք, վերջին շրջանի դինամիկան արտացոլում է ծրագրի շրջանակում անշարժ գույքի ձեռքբերման ծավալների անկում: Սա մասամբ պայմանավորված էր առկա պայմանների եւ մարդկանց ակնկալիքների ու հնարավորությունների անհամապատասխանությամբ:

Մենք փորձ ենք կատարել ծրագիրն ավելի հասանելի դարձնել լայն շերտերի համար, որոնք ունեն բնակարան ձեռք բերելու կարիք, բայց ինչ-ինչ օբյեկտիվ հանգամանքներով դուրս են մնում ծրագրի տիրույթից:

Ավելին, մեր նախարարությունը հանձնառություն ունի պարբերաբար ուսումնասիրություններ իրականացնել շուկայում՝ վեր հանելու այն խնդիրները, որոնք ընդհանրական են եւ որոնց լուծումով ծրագրի արդյունավետությունն էապես կշահի:

- Ինչպիսի՞ն է ծրագրի նկատմամբ առաջարկ-պահանջարկը. արդյոք տարածվե՞լ է անշարժ գույքի ընդհանուր շուկայի պասիվացման միտումը ծրագրի վրա:

- Վերջին շրջանում, իրոք, նկատվում է անշարժ գույքի շուկայի պասիվացում, ինչը, սակայն, չի վերաբերում նմանատիպ նպատակային ծրագրերին: Այսպիսի ծրագրերը խիստ հասցեավորված են եւ մատչելի, հետեւաբար՝ դրանց նկատմամբ պահանջարկի անկում սովորաբար տեղի չի ունենում: Ճիշտ հակառակը, մեր ուսումնասիրություններով՝ բնակարան ձեռք բերելու մտադրությամբ երիտասարդ ընտանիքների թիվն ավելացել է:

Ինչ վերաբերում է ընդհանուր շուկայի պասիվացմանը, ըստ իս, այն ունի հոգեբանական հիմք. առկա է սպասողական վիճակ, ապագայի նկատմամբ անորոշության մակարդակը բարձր է: Անշարժ գույքի շուկան բավական զգայուն է տնտեսական վայրիվերումների նկատմամբ, հետեւաբար՝ ներկայիս իրավիճակը լիովին համապատասխանում է մեր ունեցած տնտեսական ցուցանիշներին:

- Պրն Քարամյան, արդեն երկար ժամանակ է, ինչ գործում է այս ծրագիրը: Ինչպե՞ս կգնահատեք դրա արդյունավետությունը:

- Ըստ իս՝ ծրագիրը գրանցել է բավական լավ արդյունքներ: Եթե մի պահ հետադարձ հայացք նետենք եւ տեսնենք այն բազում ընտանիքներին, որոնք այս կերպ լուծել են իրենց բնակարանային խնդիրը, ասել այլ բան, քան այն, որ ծրագիրը հասել է իր նպատակին, հնարավոր չէ:

«Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրի շրջանակում շուրջ 2500 ընտանիք ստացել է բնակարան ձեռք բերելու հնարավորություն:

- Կառավարությունն իրականացնում է նաեւ «Մատչելի բնակարան երիտասարդ մասնագետներին» ծրագիրը: Ինչպե՞ս կգնահատեք դրա արդյունավետությունը:

- Երիտասարդ մասնագետների բնակարանային ապահովման այս ծրագիրն իրականացվում է ՀՀ նախագահի հովանու ներքո եւ մեկնարկել է 2007թ.:  Ի տարբերություն մյուս ծրագրի, որը նախատեսում է միայն ֆինանսավորում, այստեղ մենք գործ ունենք երկու գործիքների կիրառման հետ. մի կողմից` երիտասարդ մասնագետներին առաջարկվում է մատչելի ֆինանսական ռեսուրս, մյուս կողմից՝ բնակարանային ֆոնդի՝ ինքնարժեքին մոտ գնառաջարկ: Այսինքն՝ երիտասարդ մասնագետը հնարավորություն է ստանում շուկայականից ցածր գնով եւ մատչելի ֆինանսական ռեսուրսներով ձեռք բերել բնակարան: Այս երկու բաղադրիչների զուգորդումը շատ ավելի լավ արդյունք է տալիս:

Շահառուն ձեռք է բերում բնակարան առաջնային շուկայից, որտեղ գույքի նկարագիրն էապես գերազանցում է երկրորդային շուկայի որակը: Մոտ 2000 բնակարան այս ծրագրի շրջանակում արդեն հանձնվել է շահագործման, իսկ հերթացուցակում կա շուրջ 500 երիտասարդ ընտանիք, որոնք սպասում են իրենց դիմումների բավարարմանը:

Հույս ունենք, որ առաջիկա 6 ամսվա ընթացքում որոշակի քայլեր կձեռնարկվեն նոր շինարարություն սկսելու ուղղությամբ:

Ինչ վերաբերում է բնակարանների որակական հատկանիշներին, վստահորեն կարող եմ հայտարարել, որ մենք գործ ունենք միջինից ավելի բարձր որակի հետ: Մենք արդեն իսկ ունենք շահագործման հանձնված 5-6 տարեկան շենքեր, որոնց բարձր որակն ապացուցվել է տարիների քննությամբ:

- Իսկ ինչպիսի՞ն է «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» ծրագրից օգտվելու մարզեր-Երեւան հարաբերակցությունը:

- Պետք է փաստել, որ Երեւանն առանձնանում է մի փոքր առավելությամբ: Սա բացատրվում է նրանով, որ մայրաքաղաքում կենտրոնացած է ՀՀ բնակչության զգալի հատվածը: Բացի այդ, ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ Երեւանում մարդկանց վարկունակությունն ավելի բարձր է, քան մարզերում:

Այնուամենայնիվ, մենք արդեն որոշակիորեն մեղմել ենք այդ տարբերությունը՝ մարզերում սուբսիդավորման չափը դարձնելով 4%, այն դեպքում, երբ Երեւանում այն կազմում է 2%:

- Վերջերս խոսք էր գնում ծրագրի շրջանակում կանխավճարն ընդհանրապես վերացնելու մասին: Ըստ Ձեզ, որքանո՞վ է այն իրատեսական:

- Կարծում եմ՝ պետք է ձեռնպահ մնալ կանխավճարը վերացնելու մասին ականջահաճո հայտարարություններից, հատկապես, որ դրա իրականացման հնարավորություններն առկա չեն: Ընդ որում, կանխավճարը միայն ֆինանսական ռեսուրսների սակավությունից չի բխում, այն, առաջին հերթին, շահառուի պատասխանատվության ամրագրումն է:

Ես չգիտեմ մի այնպիսի երկիր, որտեղ գոյություն ունի հիփոթեքային վարկավորում 0 տոկոս կանխավճարով: Անգամ ԱՄՆ-ում, որտեղ տնտեսական իրավիճակը կարելի է կանխատեսել 20-25 տարվա հեռանկարով, կիրառվում է առնվազն 4-10% կանխավճար:

Ամենահեշտ բանը մարդու ականջին հաճո մտքեր հնչեցնելն է, սակայն չպետք է մոռանալ դրանց՝ հաշվարկներով հիմնավորված լինելու մասին: Ուղղակի պետք չէ բազմաթիվ մարդկանց մոտ ձեւավորել որոշակի սպասումներ, հետո փորձել բացատրել, թե ինչու դրանք չիրականացան: Մենք պարտավոր ենք լինել ազնիվ, ասել բացառապես այն, ինչը կարող է իրականություն դառնալ: Ես՝ որպես ոլորտում որոշակի փորձառություն ունեցող մարդ, անիրատեսական եմ համարում առանց կանխավճարի վարկավորման հնարավորությունը:

Իմ այդ համոզման համար հիմք են հանդիսացել նաեւ մեր հանրապետության բանկային ոլորտի պատասխանատուների հետ բազմաթիվ քննարկումները, որոնց ընթացքում հստակ մատնանշվել է, որ կանխավճարի իջեցում հնարավոր է, սակայն դրա վերացում՝ ոչ: Սա ոչ միայն նպատակահարմար ու ճիշտ չէ, այլեւ չկան դրանց ֆինանսական հիմքերը:

- Շահառուների մի հատված բողոքում է, որ ծրագրի գումարային սահմանափակումը թույլ չի տալիս ձեռք բերել իրենց նախընտրած բնակարանը: Ինչպե՞ս կմեկնաբանեք:

- «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագիրը զուտ սոցիալական ուղղվածություն ունի: Պարտադիր չէ, որպեսզի այս ծրագիրը տարածվի այն շահառուների վրա, որոնք ցանկություն ունեն բնակարան գնելու Երեւանի փոքր կենտրոնում եւ դրա համար փնտրում են հարմար ֆինանսական գործիքներ: Ըստ իս՝ 25 մլն դրամը լիովին բավարար է միջինից բարձր հարմարություններով բնակարան ձեռք բերելու համար:

- Ոմանք էլ հարցնում են, թե ինչու է ծրագիրը բնակարանի ձեռքբերման վրա տարածվում, իսկ կառուցման վրա՝ ոչ: Այս մասին ի՞նչ կասեք:

- Նման խնդիր, իրոք, գոյություն ունի, բայց մասշտաբային եւ քանակական առումով այն աստիճան հասունացած չէ, որպեսզի կառավարությունը տարբերակված որոշումով փորձի խնդրին լուծում տալ: Դրանք մասնավոր դեպքեր են, որոնք համընդհանուր նկարագիր, այնուամենայնիվ, ձեռք չեն բերում: Այդ պատճառով համակարգված մոտեցում այս հարցի հետ կապված դեռեւս գոյություն չունի:

- Պրն Քարամյան, ըստ Ձեզ, հաջորդ բարեփոխումներն ի՞նչ ուղղությամբ են լինելու:

- Դժվար է ասել, ժամանակը ցույց կտա: Ցանկացած փոփոխություն պետք է բխի տվյալ պահին առկա խնդիրներից, հետեւաբար՝ այս պահին հնարավոր չէ կանխորոշել դրանց ուղղվածությունը: Վերջին փոփոխությունները վերջերս են կատարվել, եւ կարծում եմ՝ առնվազն 1-1,5 տարի է պետք դրանց ընթացք տալու համար:

Արսեն Քարամյանի հետ զրուցել է Սիրանուշ Սիմոնյանը

Դիտում՝ 31618
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai