Գեորգի Նադարեիշվիլի. «Բերրի»-ն հայաստանյան շուկայում չունի իր նախադեպը

15.04.2016 | 10:08 Գլխավոր էջ / Նորություններ / Հարցազրույցներ /

Օրերս «Ֆինքա»-ն հայտարարեց գյուղատնտեսության վարկավորման նորարարական մոտեցման ներդրման մասին` արժեշղթայի ֆինանսավորման մեթոդով (value chain financing): Banks.am-ի հետ զրույցում «Ֆինքա» ՈՒՎԿ-ի գործառնական տնօրեն Գեորգի Նադարեիշվիլին ներկայացրել է «Բերրի» նոր վարկատեսակը, ինչպես նաեւ ընկերության ընթացիկ դրությունը գյուղվարկավորման ոլորտում:

- Պրն Նադարեիշվիլի, ի՞նչ առանձնահատկություններ ունի արժեշղթայի ֆինանսավորման այս մեթոդը եւ ինչո՞վ է այն տարբերվում վարկավորման դասական եղանակից:

- «Բերրի»-ն նորարարական վարկատեսակ է, որը չունի իր նախադեպը հայկական շուկայում: Նորարարությունն այստեղ պայմանավորված է վարկավորման նոր` արժեշղթայի ֆինանսավորման մեթոդով, ինչը ենթադրում է ֆինանսավորում` առանց հաճախորդներին գումարի անմիջական փոխանցման:

Վարկի տրամադրման գործընթացն իրականցվում է հետեւյալ սկզբունքով. հաճախորդը մատակարարից ընտրում է իրեն անհրաժեշտ գյուղնշանակության ապրանքները (սերմեր, քիմիական նյութեր, ագրոտեխնիկա եւ այլն), որից հետո «Ֆինքա»-ն փոխանցում է գումարը միանգամից մատակարարին: Վարկավորման այս տեսակը թույլ է տալիս հաճախորդին ձեռք բերել ապրանքը` առանց առձեռն ստանալու վարկի գումարը:

Արժեշղթայի ֆինանսավորման այս նոր մեթոդը հիմնված է վարկային կազմակերպության, գյուղացու եւ մատակարարի միջեւ եռակողմ համագործակցության վրա:

- Հնարավորություն ունի՞ արդյոք հաճախորդն ընտրելու իր մատակարարին:

- Այս պահին ընկերությունն աշխատում է միայն մեկ մատակարարի հետ, այնուամենայնիվ, նախատեսում ենք առաջիկայում համալրել այդ ցանկը: «Բերրի» վարկավորումն իրականացվում է Արտաշատի մեր գործընկերոջ` «ԱրտԱգրո» ընկերության հետ համատեղ: Վարկատեսակը մշակվել է շվեյցարական BFC (Business and Finance Consulting) խորհրդատվական ընկերության հետ` ֆինանսավորվելով KfW բանկի կողմից` Գերմանահայկական հիմնադրամի հետ համագործակցության շրջանակում:

- Ենթադրում ենք, որ, մինչ նոր վարկատեսակի ներդնելը, «Ֆինքա»-ն իրականացրել է մարքեթինգային հետազոտություն. ի՞նչ  եզրահանգումների եք եկել:

- Ինչպես արդեն նշեցի, վարկավորման այս ծրագիրը «Ֆինքա»-ն իրականացնում է Գերմանահայկական հիմնադրամի եւ BFC-ի հետ համատեղ: Այս կազմակերպությունների օգնությամբ մենք իրականացրել ենք շուկայի ուսումնասիրություն, որի արդյունքում պարզ է դարձել, որ ՀՀ-ում, իսկապես, գոյություն ունի նմանատիպ վարկատեսակի մեծ պահանջ:

«Բերրի» վարկավորումը գործարկվել է ապրիլի 1-ից, կան մեծ թվով հայտեր: Այժմ գյուղվարկավորման ակտիվ շրջան է, եւ ակնկալում ենք, որ առաջիկա երկու ամիսներին կտրամադրենք մեծ թվով վարկեր:

Պետք է նշեմ, որ «Բերրի»-ն գրավիչ է ինչպես հաճախորդի, այնպես էլ վարկատուի` «Ֆինքա»-ի տեսանկյունից: Վարկի գումարն անմիջապես մատակարար ընկերությանը փոխանցելով` ինքնին բացառվում է վարկի ոչ նպատակային օգտագործումը:

- Ինչպիսի՞ն են «Բերրի» վարկավորման պայմանները, եւ որքանո՞ վ են դրանք մրցունակ հայաստանյան շուկայում:
 
- «Բերրի» վարկերը տրամադրվում են 75 000 դրամից մինչեւ 1 500 000 դրամի չափով (մեկ վարկառուի գծով)՝ 6-ից 12 ամիս մարման ժամկետով: Վարկի տոկոսադրույքը կազմում է 0-6%` կախված մարման ժամկետից (0%`6 ամսվա դեպքում, +1%՝ յուրաքանչյուր հաջորդ ամսվա համար): Վարկի տրամադրման համար գործում է միջնորդավճար` 3%-ի չափով:

«Բերրի» վարկավորման առավելությունն այն է, որ 75 000-ից 750 000 դրամի սահմաններում վարկը տրամադրվում է առանց գրավի եւ երաշխավորության, իսկ 750 000 դրամից բարձր`ընտանիքի անդամի երաշխավորությամբ:

Ըստ իս` այս վարկի պայմանները բավական ճկուն են եւ լիովին համապատասխանում են հաճախորդների շահերին:

- Պահանջվա՞ծ է արդյոք արժեշղթայի ֆինանսավորման այս մեթոդը մյուս երկրներում, որտեղ գործում են «Ֆինքա Ինթերնեյշնլ»-ի դուստր ձեռնարկությունները:

- «Ֆինքա Ինթերնեյշնլ»-ը գործում է աշխարհի 23 երկրներում: Վրաստանում այս մեթոդը ներդրվել է դեռեւս 2014թ., եւ, կարելի է ասել՝ վարկավորման առաջին տարին եղել է հաջողված: Ըստ էության, Հայաստանի համար մշակված այս մեխանիզմը հենց Վրաստանում կիրառված մոդելի համարժեքն է:

- Ի՞նչ տեղ է զբաղեցնում գյուղվարկավորումը «Ֆինքա»-ի ընդհանուր վարկային պորտֆելում:

- Գյուղատնտեսության ֆինասնավորումը «Ֆինքա»-ի գործունեության հիմնական ուղղություններից մեկն է: Ինչպես հաճախորդների թվով, այնպես էլ վարկավորման ծավալներով այս ոլորտին բաժին է ընկնում ընկերության ընդհանուր պորտֆելի շուրջ 50%-ը:

Սա այն ոլորտն է, որտեղ «Ֆինքա»-ն ունի հարուստ փորձ: Ունենալով 36 մասնաճյուղ Հայաստանի գրեթե բոլոր միջին եւ մեծ քաղաքներում` ընկերությունը հասանելի է ողջ հանրապետությունում: Մենք շատ լավ ենք պատկերացնում գյուղացիների պահանջները, եւ հուսով ենք, որ արժեշղթայի ֆինանսավորման այս մեթոդը կօգնի մեզ էլ ավելի ամրապնդել մեր դիրքերը ագրոֆինանսավորման ոլորտում:

- Իսկ որքանո՞վ են կառավարելի ռիսկերն այս ոլորտում. չէ՞ որ մեր երկրում դեռեւս ներդրված չէ գյուղատնտեսության ապահովագրության փորձը:

- Գյուղատնտեսության ապահովագրությունը դեռեւս չի գործում Հայաստանում: Այդ իսկ պատճառով ժամանակ առ ժամանակ մենք ստիպված ենք լինում կրել բերքի հետ կապված հաճախորդների ռիսկերը: Բայց, միեւնույն ժամանակ, մենք գիտակցում ենք, որ գյուղատնտեսությունը ՀՀ տնտեսության հիմնական ճյուղերից մեկն է, որը, ի տարբերություն մյուս ճյուղերի, կարող է ապահովել աճ անգամ ճգնաժամային ժամանակներում: «Ֆինքա»-ն ցանկանում է մասնակից դառնա այդ աճի` իր համեստ ներդրումն ունենալով ՀՀ տնտեսության զարգացման գործում:

Ունենալով բավականաչափ փորձ եւ գիտելիքներ այս ոլորտում՝ մեզ մինչ օրս հաջողվել է պահպանել ագրոֆինանսավորման ռիսկերը թույլատրելի մակարդակում:

- Ինչպե՞ս են անդրադրարձել տնտեսական ծանր պայմանները ՀՀ-ում «Ֆինքա»-ի վարկավորման ծավալների վրա. նկատելի՞ է արդյոք վարկերի նկատմամբ պահանջարկի անկում:

- Ի հեճուկս ճգնաժամային իրավիճակի՝ գյուղվարկերի նկատմամբ հաճախորդների պահանջարկը մեզ մոտ շարունակում է մնալ բարձր: Ավելին, վարկավորման հենց այս ուղղության հաշվին ընկերությունը կարողանում է գրանցել վարկային պորտֆելի աճ: Ինչ վերաբերում է վարկավորման մյուս ուղղություններին, ապա դրանց գծով, իսկապես, նկատվում է պահանջարկի անկում:

Այսինքն, մի կողմից մենք ունենք պահանջարկի անկում գրեթե բոլոր վարկատեսակների ուղղությամբ, իսկ մյուս կողմից՝ շարունակական աճ գյուղվարկավորման ոլորտում:

- Ինչպե՞ս կգնահատեք ՓՄՁ վարկավորման ոլորտում «Ֆինքա»-ի համագործակցությունը միջազգային ֆինանսական կազմակերպությունների հետ: Նախատեսո՞ւմ եք արդյոք համագործակցության ընդլայնում:

- «Ֆինքա»-ն համագործակցում է գրեթե բոլոր միջազգային կազմակերպությունների հետ, որոնք գործունեություն են ծավալում այս տարածաշրջանում: Ամեն տարի մեր միջազգային գործընկերներից մենք ստանում ենք նոր վարկեր եւ հուսով ենք, որ նրանց հետ մեր համագործակցությունը միայն ամրապնդվելու է:

Օգտվելով առիթից նշեմ, որ «Ֆինքա»-ի՝ այս տարվա առաջին եռամսյակի ֆինանսական ցուցանիշները բավականին բարձր են եղել. ընկերությանը հաջողվել է հասնել պլանային բոլոր ցուցանիշներին, այդ թվում՝ վարկավորման ծավալների եւ շահույթի գծով: Եռամսյակի ընթացքում արձանագրվել է նաեւ հաճախորդների աճ:

Գեորգի Նադարեիշվիլիի հետ զրուցել է Սիրանուշ Սիմոնյանը

Դիտում՝ 1113
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai