Արա Չալաբյան. Տարին հագեցած է լինելու

29.01.2016 | 09:35 Գլխավոր էջ / Նորություններ / Հարցազրույցներ /

Օրերս «Ներքին աուդիտորների ինստիտուտ-Հայաստան» հասարակական կազմակերպությունը միջազգային հեղինակավոր Institute of Internal Auditors Global կազմակերպության կողմից պաշտոնապես ճանաչվեց որպես լիիրավ ինստիտուտ:

ՆԱԻ-Հայաստանը հիմնադրվել էր միջազգային կազմակերպության հավանությամբ դեռեւս 2012թ.՝ 3 տարի փորձաշրջանով: Կազմակերպության գործառույթների եւ նպատակների մասին զրուցեցինք «Ներքին աուդիտորների ինստիտուտ-Հայաստան» հասարակական կազմակերպության նախագահ, ՀՀ Կենտրոնական բանկի գլխավոր վերստուգիչ Արա Չալաբյանի հետ:

- Ի՞նչ խնդիրներ է լուծում այս միջազգային ինստիտուտը, եւ ինչպե՞ս սկսվեց ձեր համագործակցությունը:

- Դեռեւս 1941թ. հիմնադրված միջազգային ինստիտուտն այսօր ներկայացված է ավելի քան 170 երկրում եւ ունի 180 000-ից ավելի անդամ: Այս կազմակերպությունն ամբողջ աշխարհում ներքին աուդիտորների 100-ից ավելի ինստիտուտ՝ ասոցիացիաներ միավորող եզակի կառույց է:

Սկսած 2003-ից մեր թիմն անդամակցում էր միջազգային ինստիտուտին: Ժամանակի ընթացքում հասկացանք, որ Հայաստանում նման ինստիտուտի հիմնադրումը կնպաստի Հայաստանում ներքին աուդիտի մասնագիտության զարգացմանը: Երկար բանակցությունների արդյունքում ստացանք նախնական համաձայնություն՝ Հայաստանում ինստիտուտ հիմնելու վերաբերյալ: Միջազգային ինստիտուտի պահանջների համաձայն՝ նման ինստիտուտ ունենալու համար անհրաժեշտ էր առնվազն 30 անդամի առկայություն՝ երեք տարվա ընթացքում 50 անդամի շեմն անցնելու պայմանով: Այսօր արդեն ունենք 160 անդամ, ինչը մեր աշխատանքի լավագույն գնահատականն է:

- Որո՞նք են հայկական ինստիտուտի ընձեռած հնարավորությունները:

- Այս հարցի ամբողջական պատասխանն ընթերցողը կարող է գտնել ՆԱԻ-Հայաստանի www.iia.am կայքում:

Նշեմ միայն մի քանի առավելություն, որ տալիս է մեր ինստիտուտը: Առաջին՝ մեր անդամներն ունեն բոլոր իրավունքներն ու արտոնությունները, ինչ միջազգային կազմակերպության անդամները՝ հասանելիություն մասնագիտական գրականությանը, զեղչեր միջազգային որակավորման քննություններին եւ միջոցառումներին մասնակցելու համար: Երկրորդ՝ հայերեն թարգմանված ներքին աուդիտի միջազգային ստանդարտներն ու էթիկայի կանոնները, ճանաչված միջազգային ինստիտուտի կողմից, հասանելի են հայաստանյան մասնագետներին: Երրորդ՝ մեր ինստիտուտը մի մասնագիտական հարթակ է, որտեղ կոնֆերանսների, դասընթացների, կլոր սեղանների, փորձագիտական քննարկումների միջոցով անդամները փոխանակվում են փորձով եւ կապեր հաստատում: Այդ միջոցառումներից ամենախոշորն ավելի քան 180 մասնակիցների համար կազմակերպված 2014թ. մայիսին անցկացված կոնֆերանսն էր՝ միջազգային բանախոսների մասնակցությամբ: Վերջապես, մեր ինստիտուտը փորձում է  «ներքին աուիդիտի» դերն ու նշանակությունը հասցնել բոլոր շահառուներին, իսկ մասնագետներին՝ օգնում հասնել ու մնալ միջազգային չափորոշիչների մակարդակում:

- Ովքե՞ր են կատարել այդ աշխատանքը եւ ի՞նչ հիմունքներով:

- Այդ աշխատանքը կատարվել է բացառապես հասարակական հիմունքներով: Ինստիտուտի անդամների ժողովում ընտրված տնօրենների խորհրդի ինն անդամները ծավալում են իրենց գործունեությունը անձնական ժամանակի հաշվին՝ լիովին անվճար: Միայն մենք չենք այդպես աշխատում, նույն սկզբունքներով ու մոտեցումներով են առաջնորդվում նաեւ այլ երկրների մեր գործընկերներից շատերը:  

- Իսկ ո՞ր երկրներում կան նման ինստիտուտներ:

- Ավելի քան հարյուր երկրում կան ինստիտուտներ, այդ թվում՝ բոլոր զարգացած երկրներում, իսկ ԱՊՀ երկրներից լիիրավ ինստիտուտներ կան միայն Ռուսաստանում, Ուկրաինայում եւ Հայաստանում: Հավելեմ նաեւ, որ ինստիտուտը մշտապես ձգտում է ընդլայնել իր համագործակցության շրջանակները, ինչի արդյունքում 2015թ. դարձանք «Ներքին աուդիտորների ինստիտուտների եվրոպական կոնֆեդերացիայի» անդամ: Մեր ինստիտուտը նաեւ հնարավորություն է ստացել իր ներդրումն ունենալ միջազգային ինստիտուտի աշխատանքներում՝ ներկայացված լինելով կոմիտեներում եւ աշխատանքային խմբերում:

- Հայաստանում ի՞նչ ոլորտներ են ներկայացնում ձեր անդամները:

- Այս պահին մեզ անդամակցում են ֆինանսական, հանրային, խորհրդատվական, հեռահաղորդակցման, հանքարդյունաբերական եւ կրթական ոլորտները ներկայացնող 55 կազմակերպությունների մասնագետներ:

- Ի՞նչ սպասելիքներ ունեք այս տարվանից, ի՞նչ մոտակա ու հեռակա ծրագրեր ունեք իրագործելու:

- Տարին, իրոք, խոստանում է լինել հագեցած եւ լի մարտահրավերներով: Հատուկ առանձնացնեմ այս տարվա սեպտեմբերին նախատեսված կոնֆերանսը: Մեր ողջ թիմն աշխատում է այն առավել ներկայացուցչական դարձնելու եւ բարձր մակարդակով անցկացնելու համար: Տարին նաեւ աչքի կընկնի մասնագիտական դասընթացների առատությամբ: Նախատեսվում են ինչպես մեկշաբաթյա խորացված, այնպես էլ ավելի համառոտ՝ մեկ-երկու օր տեւողությամբ պարապմունքներ: Ի դեպ, դասընթացների ցանկին եւ բովանդակությանը կարելի է ծանոթանալ մեր պաշտոնական կայքում:

Միջազգային համագործակցության ուղղությամբ եւս կան ծրագրեր: Այս տարի Institute of Internal Auditors Global ինստիտուտի 75-ամյա հոբելյանի առիթով Նյու Յորքում տեղի է ունենալու մեծ կոնֆերանս եւ տարեկան ժողով, որին կմասնակցի նաեւ մեր պատվիրակությունը՝ այս անգամ արդեն որպես լիիրավ անդամ:

Դիտում՝ 7706
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai