ՎԶԵԲ-ը Երեւանում կանցկացնի «Խորհրդատվական բիզնեսի կառավարում» թեմայով դասընթաց

16.11.2015 | 13:55 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /

Նոյեմբերի 18-20-ը Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) Փոքր բիզնեսի աջակցության թիմի կողմից Երեւանում կանցկացվի «Խորհրդատվական բիզնեսի կառավարում» թեմայով դասընթաց:

Դասընթացի թեմաների, նպատակի եւ այլ մանրամասների շուրջ Banks.am-ը զրուցել է ՎԶԵԲ-ի Փոքր բիզնեսի աջակցության ազգային ծրագրի ղեկավար Տիգրան Աղաբեկյանի հետ:

-Պրն Աղաբեկյան, ՎԶԵԲ-ի Փոքր բիզնեսի աջակցության թիմի կողմից այս տարի ի՞նչ դասընթացներ են արդեն իրականացվել, եւ առաջիկայում ի՞նչ է նախատեսված:

-Ինչպես գիտեք, ՎԶԵԲ-ի Փոքր բիզնեսի աջակցության ազգային ծրագիրը 2012-ից իրականացնում է «Ընդլայնիր քո խորհրդատվական բիզնեսը» խորագրով 6 դասընթացից բաղկացած շարքը։

Այդ շարքից այս տարի մայիսին իրականացրել ենք «Բիզնես դիագնոստիկա» կուրսը, իսկ հոկտեմբերին՝ «Ֆինանսական ներդրումների նախապատրաստում» թեմայով դասընթացը:

Առաջիկայում՝ նոյեմբերի 18-20-ը, կիրականացվի «Խորհրդատվական բիզնեսի կառավարում» դասընթացը: Բացի այդ, մենք կունենանք «Գործնական առաջնորդություն» վերապատրաստման դասընթաց՝ կին ձեռներեցների համար:

- Ո՞րն է «Խորհրդատվական բիզնեսի կառավարում» դասընթացի հիմնական նպատակը եւ ո՞ւմ համար է այն նախատեսված:

- Դասընթացն ուղղված է բիզնես խորհրդատուներին, որոնք գործունեություն են սկսել եւ փորձում են իրենց խորհրդատվական բիզնեսը կառավարելու նոր ուղղություններ գտնել:  

Երկու մասից բաղկացած այս դասընթացն ամբողջական պատկերացում է տալիս խորհրդատվական բիզնեսի կառավարման մասին՝ սկսած հաղթող ծրագրի առաջարկ գրելուց մինչեւ հաճախորդների հետ հարաբերությունների կառավարում եւ նախագծի կառավարման հիմունքներ սովորելով, թե ինչպես կարելի է կիրառել միջազգային լավագույն փորձը խորհրդատվական բիզնեսի կառավարման ոլորտում:

Այն դասընթացի մասնակիցներին կօգնի սահմանել խորհրդատվական ընկերության արժեքային շղթան եւ հասկանալ արժեքային շղթայի դերակատարների հարաբերությունները՝ արժեքային շղթայի մեջ նկատի ունենալով բոլոր կոնտրագենտներին եւ հաճախորդներին, որոնց հետ իրենք շփվում են:

Այն կօգնի նաեւ բացահայտել խորհրդատվական ընկերության նպատակները, իրավական ձեւերը եւ մասնակցությունը, կազմակերպչական կառուցվածքը, կազմել ծրագրի թիմեր, հասկանալ՝ ինչպես կառավարել ընկերության տնտեսական ցուցանիշները:

Դասընթացը հնարավորություն կտա սովորել եւ կիրառել խորհրդատվական ընկերություններին հատուկ բիզնես մոդելներ եւ լավագույն գործելաոճի ռազմավարություններ:

- Ի՞նչ հիմնական թեմաներ են ներկայացվելու դասընթացին:

- Դասընթացի շրջանակում մասնակիցներին կներկայացվեն խորհրդատվական ընկերության արժեքային շղթան, կառավարման համար անհրաժեշտ կոմպետենցիաները, բիզնես մոդելները, ռազմավարությունը, կազմակերպչական եւ գործառնական հարցերը, մարդկային ռեսուրսների կառավարման առանձնահատկությունները:

Նաեւ լինելու են ենթաթեմաներ՝ ուղղված խորհրդատվական ընկերությունում առաջնորդության գործառույթի կարեւորությանը, անձնակազմի վերահսկման առաջնորդության մեխանիզմներին, մոտիվացիոն համակարգերին եւ այլն:

- Ինչպիսի՞ն է դասընթացի ձեւաչափը: Ի՞նչ լեզվով են իրականացվելու դասախոսությունները:

- Դասընթացը վարելու են փորձառու մասնագետները: Այն լինելու է բավականին հետաքրքիր եւ ինտերակտիվ՝ հիմնված քննարկումների եւ պրակտիկ գործիքների վրա:

Մենք դասընթացները սկսել ենք անգլերենով, սակայն դասընթացի լեզուն մեզ մոտ ընտրվում է՝ կախված մասնագետների պահանջարկից: Իսկ այս դասընթացի աշխատանքային լեզուն հայերենն է:  

-Ովքե՞ր են լինելու դասընթացավարները, եւ ինչպե՞ս է իրականացվել նրանց ընտրությունը:

-Ինչպես արդեն նշեցի, դասընթացավարները փորձառու մասնագետներ են, որոնք գիտեն, թե ինչ է նշանակում կառավարել հաջողակ խորհրդատվական բիզնեսը: Դասընթացը վարելու են Կառավարման խորհրդատվության Հայաստանի ինստիտուտի (IMC Armenia) նախագահ Սամվել Գեւորգյանը եւ խորհրդի անդամ Մարինա Պողոսյանը: Նրանք ընտրվել են ՎԶԵԲ-ի կողմից, քանի որ փորձառու պրակտիկ մասնագետներ ու կոմպետնետ դասընթացավարեր են եւ դրական արձագանքի են արժանացել նախկին դասընթացների մասնակիցների կողմից:

Նշեմ, որ նրանցից յուրքանչյուրն ունի իր խորհրդատվական ընկերությունը, ընդ որում՝ բավականին հաջողակ, որոնք իրականացրել են մի շարք խորհրդատվական ծառայությունների ծրագրեր ՓՄՁ-ների համար: Սամվել Գեւորգյանը «Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնի (BSC) հիմնադիրն ու ղեկավարն է, Մարինա Պողոսյանը՝ «Մենեջմենթ Սիսթեմս Քընսալթինգ» խորհրդատվական ընկերության հիմնադիրն ու ղեկավարը:

Հոկտեմբերին մեր դասընթացների շարքից «Կառավարման խորհրդատվության հիմունքներ» դասընթացը Մարինա Պողոսյանն անցկացրել է նաեւ Բելառուսում:

Համոզված ենք, որ այս դասընթացը նույնպես կմատուցվի բարձր մակարդակով, ինչպես նախորդները:

-Իսկ դասընթացները սերտիֆիկացվո՞ւմ են:

-Մեր կողմից իրականցվող այս դասընթացների շարքը վերջիվերջո բերելու է սերտիֆիկացման գործընթացի: Տվյալ պահին պետք է համալրվեն բոլոր դասընթացների մեթոդաբանությունները, պետք է տեսնենք, թե ինչ արդյուքներ կունենանք, որպեսզի հետագայում մտածենք սերտիֆիկացման մասին: Այս դասընթացի ավարտին մասնակիցներին կտրվեն մասնակցության վկայականներ:

- Պրն Աղաբեկյան, Ձեր գնահատմամբ` այս դասընթացը եւ նմանատիպ այլ դասընթացները ի՞նչ կտան մասնակիցներին:

- Կան տարբեր մոտեցումներ՝ գիտելիքային եւ հմտությունների: Տվյալ պահին ես կարող եմ ասել, որ այս դասընթացը սովորեցնում է հմտություններ: Այն խորհրդատուները, որոնք բավականին զարգացած են, ունեն գիտելիքների մեծ պաշար, լավագույն կրթություն եւ փորձել են կիրառել այդ գիտելիքները, սակայն անհրաժեշտ հմտությունների պակաս են զգացել, ապա այս դասընթացի միջոցով նրանք հնարավորություն կունենան լրացնելու հենց այդ առումով բացը:

- Արդյոք կա՞ դասընթացի մասնակիցների թվի սահմանափակում. մինչեւ քանի՞ հոգի կարող է մասնակցել:

- Սովորաբար ուսումնական դասընթացի արդյունավետության տեսանկյունից պրակտիկայում ընդունված է, որ դասընթացի մասնակիցների քանակը չգերազանցի 15 հոգին, բայց եթե մենք տեսնենք, որ մասնակցության պահանջարկը բավականին մեծ է՝ կմտածենք այս դասընթացը կրկնելու մասին:

- Դասընթացն արդյոք ունենալո՞ւ է հաջորդիվ փուլեր:

- Դասընթացի առաջին մասը կանցկացվի նոյեմբերի 18-ին, 19-ին, 20-ին՝ 3 ամբողջական օր, իսկ արդյունքների ամփոփումը կլինի դեկտեմբերին:

Այո, հետագայում կլինի եւս մեկ դասընթաց՝ «Ծրագրի կառավարում» թեմայով, որը կհամալրի բոլոր այս 6 դասընթացները: Որպես հաջորդիվ փուլ կարող ենք դիտարկել նաեւ ձեռք բերված հմտությունների պրակտիկ կիրառումը:

Խորհրդատվական ընկերությունները, որոնք կդիմեն մեզ, կիրականացնեն տարբեր տեսակի խորհրդատվական ծրագրեր ՓՄՁ-ների հետ՝ օգտագործելով ստացած հմտությունները: Հետո պահանջարկից ելնելով՝ մենք կսկսենք մտածել՝ ինչ տեսակի դասընթացներ առաջարկել խորհրդատվական ընկերություններին:

- Բոլո՞ր ցանկացողները կարող են մասնակցել դասընթացին:  

- Քանի որ մասնակիցների թիվը սահմանափակ է, այն խորհրդատուները, որոնք կցանկանան մասնակցել դասընթացին, պետք է մինչեւ նոյեմբերի 17-ն ուղարկեն իրենց ինքնակեսագրականները knowhowarmenia@ebrd.com էլեկտրոնային հասցեին: Բոլոր հայտադիմումների ուսումնասիրությունից հետո թիմի կողմից կընտրվի մասնակիցների վերջնական ցանկը:

Տիգրան Աղաբեկյանի հետ զրուցել է Նարինե Դանեղյանը

Դիտում՝ 17979
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai