ԼեգալԼաբ-ը օգնում է բիզնեսին աշխատել աշխարհի հետ

19.10.2015 | 00:00 Գլխավոր էջ / Նորություններ / Հարցազրույցներ /

ԼեգալԼաբ իրավաբանական բուտիկը վերջերս նշեց գործունեության 3-ամյակը: Banks.am-ի հետ հարցազրույցում ԼեգալԼաբի հիմնադիր բաժնետերեր Ստեփան Խզրթյանը եւ Նարեկ Աշուղաթոյանը պատմել են ԼեգալԼաբ-ի ձեռքբերումների, իրենց նոր կարգախոսի եւ ՏՏ ոլորտի սկսնակ ընկերություններին ուղղված նոր առաջարկների մասին:

- Վերջերս նշել եք ԼեգալԼաբ-ի հիմնադրման 3-ամյակը: Ինչպե՞ս կամփոփեք ձեր գործունեության երեք տարիները որպես «իրավաբանական բուտիկ»:

Նարեկ Աշուղաթոյան – ԼեգալԼաբ-ի «ծնունդը» լավ առիթ էր, որպեսզի հանդիպեինք մեր բոլոր գործընկերների եւ ընկերների հետ: Լավ առիթ էր նաեւ, որպեսզի հասկանանք, թե ինչ ճանապարհ անցավ կազմակերպությունը երեք տարիների ընթացքում:

Մենք սկսեցինք հայրենադարձողներին օգնելուց եւ դա անում էինք անվճար՝ իբրեւ սոցիալական պատասխանատվություն: Այդ ընթացքում սպասարկեցինք նաեւ այն մարդկանց, ովքեր սկսեցին հետաքրքրվել Հայաստանում բիզնես սկսելու, կրթությունը շարունակելու հեռանկարներով: Աստիճանաբար հասկացանք, որ մեր ուղղվածությունը կորպորատիվ է: Այսօր ուրախությամբ հայտարարում ենք, որ ԼեգալԼաբ-ը զբաղվում է բացառապես կորպորատիվ հարցերով: Այս պահին մեր պորտֆոլիում են շահույթ հետապնդող եւ չհետապնդող բազմաթիվ հայտնի կազմակերպություններ, որոնց սպասարկելը մեզ համար մեծ պատիվ է:

ԼեգալԼաբ-ի թիմը
Լուսանկարը՝ ԼեգալԼաբ

-Իսկ երբ ձեզ դիմում են այլ բնագավառի իրավաբանական հարցերով, ինչպիսի՞ն է լինում ձեր արձագանքը:

Ստեփան Խզրթյան -Մենք պահելու ենք մեր «բուտիկ» կարգավիճակը: «Law boutique»-ը ենթադրում է կոնկրետ մասնագիտացում, մեր պարագայում՝ կորպորատիվ հարցերով:

Եթե դիմում են այլ հարակից հարցերով՝ ամուսնաընտանեկան, ժառանգության, աշխատանքային վեճեր եւ այլն, դրանք փոխանցում ենք մեր գործընկեր կազմակերպություններին: Հայաստանյան իրավաբանական շուկայում գրավիչ է այն հանգամանքը, որ բոլոր իրավաբանական ընկերությունները կարծես թե գործում են մեկ ցանցի մեջ: Եթե նույնիսկ կա մրցակցություն, ապա այն համագործակցության շնչով է:

Եթե հաճախորդը դիմում է մեզ այնպիսի հարցերով, որը մեր կոմպետենտության սահմաններում չէ, մենք պատրաստակամ ենք պատվերներ փոխանցել մեր գործընկերներին, որպեսզի հաճախորդի շահերը առավելագույնս բավարարվեն:

-Ձեր գործընկերները նույնպե՞ս պատրաստակամ են ձեզ պատվերներ փոխանցել:

Ստեփան- Այո, իհարկե: Մենք գրավել ենք մեր տեղը հայաստանյան շուկայում: Մեր ուշադրության կենտրոնում են, մասնավորապես, այն իրավաբանական կորպորատիվ հարցերը, որոնք դուրս են գալիս Հայաստանի սահմաններից: Պատկերավոր ասած՝ այնպիսի հարցեր եւ գործարքներ, որոնց մեկ ոտքը Հայաստանում է, մյուս ոտքը՝ Հայաստանից դուրս:  

Նարեկ - Մենք առաջինն էինք Հայաստանում, որ իրավաբանական կազմակերպությունը ներկայացրեցինք որպես «բուտիկ»: Կան նաեւ այլ կազմակերպություններ, որոնք զբաղվում են նմանատիպ հարցերով, բայց ընդհանուր առմամբ, Հայաստանի իրավաբանական ինդուստրիայում բավականին առողջ մթնոլորտ է տիրում: Շատ դեպքերում ոլորտում գործող կազմակերպությունները առողջ կերպով փոխգործակցում են, ինչը ձեռնտու է բոլորին:

-Նշեցիք, որ սկսել ենք հայրենադարձողների խնդիրներից: Հիմնականում ի՞նչ հարցերով էին ձեզ դիմում Հայաստան վերադարձողները:

Նարեկ -Սկզբում հիմնականում դիմում էին սիրիահայերը, որոնք պատերազմի արդյունքում եկել էին Հայաստան: Բնականաբար, առաջին հարցերը կապված էին քաղաքացիության ձեռքբերման հետ, թե ինչպես է հնարավոր ոչ լիարժեք փաստաթղթերով որոշակի կարգավիճակ ստանալ: Պատերազմական պայմաններում որոշ մարդիկ անգամ առաջին անհրաժեշտության իրերը չէին հասցրել իրենց հետ վերցնել:

Նրանց հետաքրքրում էին նաեւ ավելի խորը հարցեր՝ ինչպես ստանալ աշխատանքի իրավունք, վարորդական իրավունք, ինչպես երեխաներին կրթության տալ եւ այլն: Հետագայում մեզ դիմում էին ոչ միայն սիրիահայերը, այլ նաեւ հայեր ԱՄՆ-ից, եվրոպական երկրներից եւ այլն:

Մենք այցելում էինք ոստիկանության անձնագրային վարչության գրասենյակներ եւ այլ մարմիններ՝ մարդկանց կողքին լինելու եւ այդ պահին անմիջական օգնություն ցուցաբերելու համար, շատ դեպքերում որեւէ բան չակնկալելով: Այդպես ենք սկսել մեր գործը: Այս պահին, եթե մարդկանց օգնելու հնարավորություն ենք ունենում, ապա օգնում ենք, բայց հիմնականում զբաղվում ենք բիզնեսների եւ շահույթ չհետապնդող կազմակերպությունների խնդիրներով:

-Որո՞նք են ԼեգալԼաբ-ի ապագա ծրագրերը:

Ստեփան- Անցած երեք տարիների ընթացքում հստակեցվել է մեր առաքելությունը իբրեւ Հայաստանում գործող իրավաբանական ընկերություն:  Մենք այն ընկերությունն ենք, որն իրավական ապահովում է ցուցաբերում Հայաստանի համար չափազանց կարեւոր գործունեություն ծավալող կառույցներին: Մեր գործընկերներն արտահանում են անօդաչու թռչող սարքեր, իրականացնում են Հայաստանի ամենախորքային կրթական բարեփոխումները, Հայաստանի բնությունից պատրաստում են անուշաբույր եւ բարձրորակ պարագաներ, հիմնովի փոխում են Հայաստանում լրագրողական մշակույթն ու փորձը, նորովի ներկայացնում են մեր ճարտարապետությունն ու մշակույթը եւ պահպանում են հայկական ինքնությունը աշխարհով մեկ:


Ստեփան Խզրթյանը եւ Նարեկ Աշուղաթոյանը
Լուսանկարը՝ ԼեգալԼաբ

Միաժամանակ ավելի ենք զարգացնելու մեր ծառայությունները, որոնցով օգնում ենք մեր գործընկերներին աշխատել աշխարհի հետ` արտահանել ապրանքներ եւ ծառայություններ, ներգրավել ներդրումներ եւ ընդարձակվել:  Սա, մասնավորապես վերաբերում է ՏՏ ոլորտի ընկերություններին, որոնց հետ կապված լուրջ ծրագրեր ունենք:

Շարունակելու ենք ամրապնդել մեր դերը, որպես իրավաբանական բուտիկ-ընկերություն` ուղղված Հայաստանի զարգացմանն ու միջազգայնացմանը:  Սրանից ելնելով, ԼեգալԼաբ-ի կարգախոսն այս տարի փոխվեց եւ դարձավ «Դեպի միջազգային գործարարություն» (For International Business):

Նարեկ-Մենք ունենք կորպորատիվ առաջարկություններ ՏՏ ոլորտին՝ տրվող հարկային արտոնությունների հետ կապված: Իհարկե, միայն ՏՏ ոլորտի հետ չենք աշխատում, բայց այս ոլորտը մեզ հետաքրքիր է այնքանով, որ ունենք կուտակած փորձ, քանի որ պատիվ ունեցանք աշխատել Հայաստանի ամենախոշոր ՏՏ ընկերությունների հետ եւ դեռ ճանապարհ ենք անցնում նրանց հետ: Այս ընթացքում հասկացանք, թե ինչպես կարելի է կազմակերպել Հայաստան-արտերկիր գրագետ իրավաբանական գործընթացներ:

Վերջին շրջանում պետության կողմից ՏՏ ոլորտի նկատմամբ ուշադրության որոշակի աճ ենք նկատում, եւ չենք կարող անտեսել դրական քայլերը, որ կատարվում են:

Որպես իրավաբաններ, մենք այս ոլորտում դրական ներուժ ենք տեսնում եւ փորձում ենք իրավաբանական բարդ տեքստերից հանել պարզ ձեւակերպումներ եւ մարդկանց ներկայացնել, թե ինչ հնարավորություններ ունեն այս ոլորտում, ինչպես կարող են զարգանալ եւ ինչպիսի արդյունքներ կարող են ստանալ: Այդ է պատճառը, որ վերջին շրջանում մեր ցանցերի միջոցով մի փոքր շեշտադրում ենք այս ծառայությունները ոչ միայն որպես իրավաբաններ, այլ նաեւ որպես քաղաքացիներ, քանի որ շահագրգռված ենք, որպեսզի դրսից ներդրումներ կատարվեն:

Ստեփան- Այս ընկերությունների պարագայում մեզ հետաքրքրում է ոչ թե այդ ընկերություններից բարձր գանձումներ անել, որ նրանք չկարողանան աճել, այլ ընդհակառակը, սկզբում բավականին ճկուն եւ մատչելի իրավաբանական ծառայություններ մատուցել, մոտավորապես կես կամ մեկ տարվա ընթացքում, մինչեւ ընկերությունը կկարողանա հաստատվել: Մենք տարկետում ենք մեր՝ որպես ընկերության հետաքրքրություններն ու շահերն այնքան, քանի դեռ սկսնակ ընկերությունը աճի փուլում է:

- Ձեր հաճախորդների շարքում կան բավականին հայտնի կազմակերպություններ: Ինչպե՞ս է հաջողվել կապ հաստատել նրանց հետ եւ ի՞նչ բնույթի հարցերով են նրանք հիմնականում դիմում ձեզ:

Նարեկ -Մեր կապը յուրաքանչյուր հաճախորդի հետ անհատական է: Պատահում է, որ մեր հաճախորդներից մեկը մյուսին խորհուրդ է տալիս դիմել մեզ, քանի որ իրեն լավ ենք սպասարկվել եւ վստահություն ենք ձեռք բերել: Մեր մասին տեղեկանում են նաեւ կայքի միջոցով: Բացի այդ, երեք տարին քիչ չէ, որոշակի ճանապարհ ենք անցել, անուն եւ վստահություն ունենք շուկայում: Դրա շնորհիվ մարդիկ ուզում եմ մեզ հետ համագործակցել, քանի որ երեք տարվա ընթացքում մենք փորձել ենք պահպանել ի սկզբանե սահմանված որակը, չզիջել դիրքերը եւ բարելավել ծառայությունների եւ սպասարկման որակը:

-Երկու տարի առաջ մեզ հետ հարցազրույցում նշել էիք, որ ցանկանում եք ստեղծել իրավաբանական ծառայությունների մատուցման նոր մշակույթ՝ համեմված դիզայնով եւ տեխնոլոգիաներով: Ի՞նչ հաջողություններ եք գրանցել այս առումով:

Ստեփան- Իրավաբանությունը հաճախ համարվում է չոր, տաղտկալի եւ կաղապարված մասնագիտություն, երբ ստանում ես որեւէ պայմանագիր, բայց անգամ չես էլ ուզում ընթերցել այն: Պայմանագիրը պետք է հաճելի լինի աչքի եւ մտքի համար: Մենք մեր ծառայությունները համեմում ենք մարդամոտությամբ:

Տեխնոլոգիաներն էլ գործածվում են այնքանով, որ օգտվում ենք նրանց ընձեռած հնարավորություններից, որպեսզի սպասարկենք մեր հաճախորդներին ոչ միայն ՀՀ-ում, այլ նաեւ երկրի սահմաններից դուրս: Մեր հաճախորդներն ունեն մեր կարիքը նաեւ արտերկրում՝ Ռուսաստանում, Արաբական Միացյալ Էմիրություններում, Չեխիայում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում եւ այլն: Եթե չլինեին այդ գործիքները, ապա դժվար կլիներ սպասարկել այդ համայնքին:

Եվ ի վերջո, իրավաբանը չպետք է լինի միայն «իրավաբան» իր գործընկեր հաճախորդի համար:  Պետք է լինի խորհրդատու, հավատարիմ ընկեր, ինչու ոչ` նաեւ «աջ ձեռք»:  Սա է ԼեգալԼաբը:

Զրուցել է Մարիամ Մանոյանը

Դիտում՝ 11108
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai