10 հազ. մարդուց 1-ական դոլար՝ DZZZ-ի տարբերվող բիզնեսին

06.10.2015 | 09:52 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /

Մինիմալիստական դիզայնով զբաղվող DZZZ lighting and decoration դիզայներական խումբն ու «Կաթիլ» (Katil.am) հանրադրամային (crowdfunding) հարթակը հայաստանյան բիզնես ոլորտում կարող են յուրօրինակ ավանդույթի սկիզբ դնել:

Հանրադրամային «Կաթիլ» հարթակը (պաշտոնապես կգործարկվի 2016թ.) եւ DZZZ-ը նախաձեռնել են դրամահավաք, որի նպատակն է 10 հազ. մարդուց $1 հավաքել: Այս փորձը կարող է լավ սկիզբ լինել «Կաթիլ»-ի գործարկման եւ հաջող նախաձեռնություն՝ DZZZ-ի բիզնեսը զարգացնելու համար:

Մոտ երկու ամիս առաջ ստեղծված DZZZ-ը զբաղվում է լուսատու սարքերի եւ տան դեկորի պարագաների ստեղծմամբ: Սա Նիկոլայ Ավակովի եւ Լաուրա Պողոսյանի ապագա ընտանեկան բիզնեսն է, որով երիտասարդները փորձում են տարբերվող ու յուրահատուկ արտադրանք տալ: Դեռ նոր ծնված բիզնեսը, սակայն, կանգնել է խնդրի առջեւ. սեփական հաստոցային սարքավորումների բացակայության պատճառով արտադրությունը դժվարանում է, իսկ վաճառքի գինը բարձր է ստացվում:

DZZZ-ի համահիմնադիր Լաուրա Պողոսյանը Banks.am-ին պատմել է, որ այժմ սեփական սարքավորումների բացակայության պատճառով ստիպված են լինում մեծ գումարներ վճարել այդ դետալները դրսում կտրելու համար:

Դրամահավաքի հաջող ընթացքի արդյունքում դիզայներական խումբը կկարողանա դետալները կտրող հաստոցային սարքավորումներ ձեռք բերել, ինչի շնորհիվ արտադրանքի տեսականին կընդլայնվի, ինչպես նաեւ կնվազեն գները:

Դրամահավաքը կշարունակվի մինչեւ հոկտեմբերի վերջ: Այս պահին ներդրում է կատարել մոտ 400 մարդ:

«Գաղափարն այն է, որ շատ չնչին՝ ընդամենը $1-ով հնարավոր է մեծ գումարներ հավաքել եւ միացյալ ուժերով աջակցել յուրօրինակ բիզնեսին: Եթե մարդիկ մեզ $1-ից ավելի են տալիս, պարտադիր մանրը վերադարձնում ենք»,- ասել է Լաուրա Պողոսյանը:

Նա հավելել է, որ իրենք շրջում են փողոցներում, ներկայացնում մարդկանց գաղափարն ու փորձում աջակիցներ գտնել: Նաեւ մարզերում են լինելու: Մեծ հաջողությունների են հասել օրերս անցկացված ԴիջիԹեք տեխնոլոգիական ցուցահանդեսում, որտեղ հանրադրամային արշավի գաղափարը շատ է ողջունվել:  

«Փողոցում մի քիչ ավելի դժվար է, քանի որ մարդիկ միանգամից չեն վստահում եւ հավատում, իսկ ովքեր գիտեն՝ ինչ է իրենից ներկայացնում այս գաղափարը, սիրով աջակցում են»,- նշել է DZZZ-ի համահիմնադիրը:

«Զուսպ եւ մինիմալիստական» գաղափարախոսությունը որդեգրած  DZZZ-ն օգտագործում է բարձրակարգ LED լույսեր, նրբատախտակներ, փայտ եւ մետաղ:

«Յուրաքանչյուր արտադրանք ձեռքի աշխատանք է: Մենք միշտ ձգտում ենք ստեղծել որեւէ նոր եւ յուրահատուկ բան: Երբ դեռ նոր սկսեցինք, աշխատում էինք մեր փոքրիկ ավտոտնակում, հիմա ավելի լավ ավտոտնակ ենք տեղափոխվում: Արդեն 5-6 պատվեր ենք կատարել: Ուրախալի է, որ պատվերներ ենք ստանում նաեւ անհատներից, չնայած որ հիմնականում դիզայներական կամ ճարտարապետական ստուդիաների հետ ենք համագործակցում»,- ասել է Լաուրա Պողոսյանը:

Դիզայներական խմբի արտադրած լամպերը էներգախնայող լույսերից ու փայտից են: Կոնստրուկցիան այնպես է նախագծվում, որ հանգույցները լինեն միասեռ՝ առանց կողմնակի դետալների եւ նյութերի:

Մարի Թարյան
Լուսանկարները՝ DZZZ-ի արխիվից

Դիտում՝ 8959
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai