Eli.am. առցանց վաճառքից մինչեւ խանութ-սրահ

02.10.2015 | 10:52 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /

Ասում են՝ փիղն աշխարհի ամենաբարի ու խելացի կենդանիներից է, որն անգամ նկարում է եւ կարող է արարել ինքնատիպ ու չկրկնվող նկարներ: Հենց ինքնատիպության սկզբունքն էլ դրվել է eli.am նվերների խանութի հիմքում, որը կարճ ժամանակում առցանց խանութից վերածվել է ֆիզիկականի: Eli.am-ի գաղտնիքները Banks.am-ը փորձել է բացահայտել խանութի համահիմնադիրներ Տիգրան Ճորոխյանի եւ Վաձ Ղազարյանի օգնությամբ:

Նվերներ, որ eli.am ուզում

Խանութում առաջին հայացքից ուշադրություն գրավող հսկայական կապույտ նվերի տուփը պատրանք է, ավելի ճիշտ՝ դիզայներական յուրօրինակ լուծման արդյունք: Դիզայնի գլխավոր «մեղավորը» Վաձ Ղազարյանն է, նրան օգնում է դիզայներների թիմը:

«Ինտերիերի հարցում իմ ընկերներն էլ են օգնել, հայտնի ճարտարապետներ Նիկոլայ Ավակովը, որ մեծ ներդրում ունի այստեղ, ինչպես նաեւ Շուր Դաբավոգը (Արսեն Կարապետյան-խմբ.)»,- պատմում է Վաձ Ղազարյանը:

Կայքի դիզայնը, կապույտ փղիկի տեսքով տարբերանշանը եւ կարգախոսը, նույնպես Վաձինն է («Էլի»-ն անգլերեն elephant-փիղ բառի կարճ եւ «հայաֆիկացված» տարբերակն է):

«Մասնագիտության բերումով դիզայները ես եմ, դրա համար ես եմ արել»,- ասում է նա:  

Առաջարկ, որը ստեղծեց պահանջարկ

«Երբ Վաձի հետ միասին աշխատում էինք, անընդհատ մտածում էինք, թե ինչի պակաս կա Հայաստանում ու ինչ կարելի է անել: Մենք երկուսս էլ շատ ավելի նորարարության կողմնակից ենք եղել ու փորձել ենք ոչ թե սպասել, որ պահանջարկ ձեւավորվի, այլ մենք ինքներս ստեղծենք ինչ-որ բան, որը չկա Հայաստանում եւ որը մարդկանց կտանի դեպի առաջ, եւ ոչ թե ուղղակի փող աշխատելու միջոց կլինի»,- պատմում է Տիգրան Ճորոխյանը:


Վաձ Ղազարյանը

«Ցանկացած բիզնեսի մեջ, եթե դու վախենաս որեւիցե բանից (պահանջարկի բացակայություն-խմբ.), դու երբեք դա չես սկսի, պարզապես հստակ պետք է հասկանաս՝ որտեղ ես եւ ուր ես գնում»,- գործընկերոջը հավելում է Վաձ Ղազարյանը:

Նվեր տալը արվեստ է

Բիզնեսի գաղափարը եղել է Հայաստանում նոր մշակույթի ձեւավորումը, որը հետագայում միայն կարող է եկամուտ բերել կամ չբերել: Քննարկումներից հետո համաձայնության են եկել, որ նվերը լավագույնն է, որ միավորում է տարբեր գաղափարներ:

«Նվեր տալը արվեստ է, որը մենք փորձում ենք, այսպես ասած, ներմուծել մարդկանց մեջ»,- ասում է Վաձ Ղազարյանը:



Գործընկերները ցավով են նշում, որ Հայաստանում նվիրելու մշակույթը նոր է ձեւավորվում, եւ նվեր տալը վերածվել է պարտականության նման մի բանի: Որպես այլընտրանք՝ «Էլի»-ի թիմն առաջարկում է նվիրել այնպիսի բան, որով հնարավոր է ինչ-որ զգացմունք, սիրելու մոտիվացիա առաջացնել կամ զվարճացնել:

Ճաշակ եւ որակ

Նվերների տեսականու մեծ մասը ներմուծում են բացառիկ իրավունքով. ընտրության չափանիշներն անփոփոխ են՝ ճաշակ եւ որակ: Պատվերներ ուղղակիորեն չեն ընդունում, հաճախորդների շրջանում պարբերաբար անցկացված հարցումների միջոցով փորձում են պարբերաբար համալրել տեսականին եւ գոհացնել յուրաքանչյուրի սպասելիքները: Խանութում ներառված են ապրանքատեսակներ ամերիկյան եւ եվրոպական առաջատար ապրանքանիշներից:

«Մենք այս տարիներին հազարավոր էջեր ենք այցելել, եւ ամեն խանութից կարող է մեկ-երկու տեսակ հավանեինք»,- պատմում է Տիգրան Ճորոխյանը՝ հավելելով, որ փորձում են ընտրել այնպիսի տեսականի, որոնք առանձնանան իրենց յուրահատկությամբ եւ նորարարությամբ: Պատահական չէ, որ խանութում ներկայացված տեսականու մի մասն աշխարհում լավագույնն է ճանաչվել իր դիզայնով:

Ֆիզիկական խանութ vs առցանց

Արեւմտաեվրոպական երկրների փորձին հետեւելով՝ «Էլի»-ն բացվել է որպես առցանց խանութ: Ժամանակի ընթացքում առաջացել է ֆիզիկական խանութ բացելու անհրաժեշտություն, քանի որ Հայաստանում այն ժամանակ դեռ չկար առցանց վաճառքի փորձ (թեեւ գործընկներներն առանց ավելորդ համեստության նշում են, որ իրենց հաճախորդների մեծ մասին իրենք սովորեցրել են առցանց գնումներ կատարել), վստահություն բիզնես ընկերությունների նկատմամբ, բացի այդ, մարդիկ հաճախ ուզում են տեսնել ապրանքը, շոշափել, համաչափությունները զգալ:



«Միայն ֆիզիկական խանութ ունենալն անցյալն է, ֆիզիկական խանութ ունենալ եւ դրան կցել օնլայն՝ ներկան է, իսկ միայն օնլայն խանութը ապագան է»,- համոզված է Տիգրան Ճորոխյանը: Սա թերեւս միակ հարցն է, որի շուրջ գործընկերների կարծիքը մի փոքր տարբերվում է: Ի տարբերություն Տիգրան Ճորոխյանի՝ Վաձ Ղազարյանը կարծում է, որ ֆիզիկական խանութ, որպես այդպիսին, միշտ պետք է լինի, պարզապես այն կարող է տրանսֆորմացվել ժամանցի կենտրոնի:

Վիճակագրություն

Թե առեւտրի որ տեսակն են նախընտրում հաճախորդները՝ գործընկերները դժվարանում են հստակ ասել:

«Թվերն անընդհատ են փոխվում, կարող է երկուշաբթի 80%-ը լինի օնլայն, երեքշաբթի՝ հակառակը: Անձրեւոտ օրերին օնլայնի տեսակարար կշիռը շատանում է, իսկ պարզ օրերին, երբ մարդիկ ուղղակի զբոսնում են, խանութ են այցելում եւ այստեղ են որոշում իրենց գնումներն իրականացնել»,- ասում է Տիգրան Ճորոխյանը՝ վստահեցնելով, որ իրենց գրեթե բոլոր հաճախորդները նաեւ առցանց են գնումներ կատարում:

Գնումներ մեկ պատուհանից

Աշխարհում այսօր լայնորեն տարածված է մեկ պատուհանից գործարք կատարելու գաղափարը, ինչն աստիճանաբար ներդրվում է նաեւ Հայաստանում: Հենց մեկ՝ «Էլիի» պատուհանից էլ առաջարկում են ընտրել ամենայուրօրինակ նվերները՝ ազատվելով տարբեր խանութներ այցելելու բեռից եւ խնայելով ժամանակը:

«Մենք ամբողջ աշխատանքը ձեր փոխարեն կատարում ենք. դուք տեսնում եք Հայաստանում ներկայացված ամբողջ տեսականու ամենաօրիգինալ, ամենահետաքրքիր, յուրօրինակ նվերները»,- պատմում են խանութի հիմնադիրները:

Սեփական արտադրություն

Վերջին շրջանում խանութի տեսականին համալրվել է հայկական արտադրության ապրանքատեսակներով՝ գրքերից մինչեւ բացիկներ, խաղալիքներից մինչեւ կենցաղային իրեր: Սեփական արտադրությունն է սկսել նաեւ eli.am-ը:

«Դրանով մենք փորձում ենք մարդկանց ապահովել աշխատանքով, իսկ մյուս կողմից՝ փորձում ենք դուրս գալ արտաքին շուկա եւ փորձել հայկական արտադրանքն ավելի հասանելի դարձնել դրսի համար»,- ներկայացնում է Վաձ Ղազարյանը:



Տիգրան Ճորոխյանի խոսքով՝ հայերը կրեատիվ մտածելակերպ ունեն, որի արդյունքում մեծ հաջողություններ կարելի է գրանցել միջազգային շուկայում:

Նպատակը մշակույթ զարգացնելն է

Եթե սկզբնական շրջանում «Էլի»-ի հաճախորդները հիմնականում միջին դասից էին՝ քիչ թե շատ կրթված, բանկային համակարգին վարժված, արեւմտյան մշակույթի հետ շփված, ապա այսօր խանութում կարելի է տեսնել հասարակության տարբեր շերտերի ներկայացուցիչների:

«Մեր նպատակն էր լուծել փոքրիկ սոցիալական խնդիր»,- ասում է Վաձ Ղազարյանը՝ նշելով, որ իրենք ձեւավորել են ճաշակ եւ «ստիպել» մարդկանց գնահատել իրենց ժամանակը: Տիգրան Ճորոխյանն էլ եզրափակում է. «Որքան շատ հասարակությունը վճարունակ լինի, այնքան շատ նորարարություն կներկայացնենք, որովհետեւ մենք եկամուտն ամբողջությամբ ներդնում ենք բիզնեսի մեջ: Ցանկացած հաճախորդ կարող է իմանալ, որ այն առեւտուրը, որ ինքը կատարում է խանութում, դրանից ստացած եկամուտը դարձյալ հետ է ստանալու այլ ծառայության կամ ապրանքի տեսքով: Մենք սա չենք դիտում որպես եկամուտի աղբյուր, մենք մշակույթ ենք զարգացնում»:

Վիկտորյա Անդրեասյան

Դիտում՝ 14040
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai