ՀՀ-ն կարող է չընդգրկվել «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրում

24.08.2015 | 00:00 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /

Հայաստանը շարունակում է քննարկումներն ամերիկյան կողմի հետ՝ «Հազարամյակի մարտահրավեր կորպորացիայի» (ՀՄԿ) ծրագրում երկրի ընդգրկման հնարավորության հետ կապված:

Այս մասին Banks.am-ի հարցմանն ի պատասխան ասել է ՀՀ ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանը:

«Առկա են որոշ սահմանափակումներ, որոնք դեռեւս խոչընդոտ են հանդիսանում ծրագրում Հայաստանի ընդգրկման հարմարության մեծացմանը»,- ասել է փոխնախարարը:

Նրա խոսքով՝ ծրագրում, մասնավորապես, առկա են բյուջետային սահմանափակումներ, որոնք հնարավորություն չեն տալիս էականորեն մեծացնել նոր երկրների ներգրավումը ծրագրին:

«Մյուս կողմից՝ Հայաստանն այստեղ մրցակցում է միջին եւ ցածր եկամուտ ունեցող ութ այլ երկրների հետ, որոնց ընդգրկման հնարավորությունները բավական ցածր են՝ ի տարբերություն ցածր եկամուտ ունեցողների»,- հավելել է Սուրեն Կարայանը:

Հայաստանում ամերիկյան դեսպանությունից Banks.am-ին ասել են, որ ՀՄԿ ծրագրին մասնակցությունը «խիստ մրցակցային եւ բազմաքայլ գործընթաց է»:

«Մասնակից երկիրը պետք է իրավասու լինի դիտարկվել որպես հնարավոր մասնակից, ինչը նշանակում է, որ տվյալ երկիրը պետք է Համաշխարհային բանկի դասակարգմամբ համարվի «ցածր եկամուտներով երկիր» կամ «ցածրից միջին եկամուտներով երկիր»: 2015թ. համար այս խմբերի երկրներում մեկ անձին բաժին ընկնող համախառն ազգային եկամուտը (ՀԱԵ) պակաս է $4.125-ից: Հայաստանում ՀԱԵ-ն 2014թ. կազմել է $3.810, եւ այս ցուցանիշով ծրագրում Հայաստանի ընդգրկման հնարավորությունները սահմանափակվում են»,- նշել են դեսպանությունում:

ԱՄՆ դեսպանությունը հիշեցրել է, որ բացի այդ, իրավասու երկրներից յուրաքանչյուրը պետք է համապատասխանի դիտարկվող 20 ցուցանիշներից առնվազն 10-ին, ինչպես նաեւ մի քանի որոշակի ցուցանիշների:

«Այնուհետ, ՀՄԿ խորհուրդը գնահատում է բոլոր այն երկրները, որոնք սահմանված ցուցանիշներին բավարարում են եւ որոշում կայացնում, թե ՀՄԿ-ի սահմանափակ ռեսուրսներն ուր ուղղել, որպեսզի ապահովվի աղքատության կրճատման ու տնտեսական աճի առումով ամենամեծ արդյունքը»,- նշել են դեսպանությունում:

Տարեվերջին Երեւանում նախատեսվում է հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի գումարում: Անդրադառնալով նիստի շրջանակում «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրում ընդգրկվելու հարցի քննարկման հնարավորությանը՝ դեսպանությունում նշել են, որ ՀՄԿ ծրագրի համապատասխանության եւ մրցակցության հարցերը առանձին եւ հստակ սահմանված գործընթացով են ընթանում:

«Որոշումն այն մասին, թե ցուցանիշներին համապատասխանող երկրներից որտեղ ՀՄԿ դրամական միջոցները կապահովեն ամենամեծ արդյունքը, կայացվում է ՀՄԿ խորհրդի կողմից. դա քաղաքական որոշում չէ»,- ընդգծել են ԱՄՆ դեսպանությունում:

Սիրանուշ Եղիազարյան

Դիտում՝ 54208
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai