Հարվարդի համալսարանի ուսանողների երկամսյա արկածները Հայաստանում - 2

27.07.2015 | 10:43 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /

ՀՀ Կենտրոնական բանկը (ԿԲ) Հարվարդի համալսարանի հետ արդեն երկրորդ տարին է՝ իրականացնում է ամառային աշխատանքային պրակտիկայի ծրագիր:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Դիլիջանի Ուսումնահետազոտական կենտրոնը հյուրընկալել է Հարվարդի համալսարանի հինգ ուսանողի՝ Յուլիանա Սավոստենկոյին, Աննա Պապպին, Մայքլ Հենին, Քեվին Միլլերին եւ Մարկ Փափազյանին:

Banks.am-ը զրուցել է ծրագրի մասնակիցներից երեքի հետ:

Մայքլ Հենը հետազոտություն է անցկացնումկ «Ինչպես Հայաստանը գրավիչ դարձնել Չինաստանի ներդրողների համար», Յուլիանա Սավոստենկոն՝ «Արտերկրից ուղարկված դրամական փոխանցումները՝ որպես ձեռնարկատիրության ֆինանսավորման աղբյուր», իսկ Աննա Պապպը՝ «Եվրասիական տնտեսական միությունը եւ ընկերությունների վարքագիծը» թեմաներով:

-Մինչ Հայաստան գալը ի՞նչ գիտեիք երկրի մասին:

Մայքլ - Պետք է ասեմ, որ մինչեւ վերջին 6 ամիսը Հայաստանի մասին շատ բան չգիտեի: Առաջին անգամ Հայաստանի մասին լսել եմ Քարդաշյանների ընտանիքի շնորհիվ: Ավելի ուշ տեսա ՀՀ Կենտրոնական բանկի եւ Հարվարդի համալսարանի համատեղ ամառային աշխատանքային պրակտիկայի մասին հայտարարությունը: Ուսումնասիրեցի երկիրը եւ հասկացա, որ դա այն վայրն է, որտեղ ես ցանկանում եմ լինել այս ամռանը:  


Մայքլ Հենը
Լուսանկարը՝ Մեդիամաքս

Ճիշտ է՝ իմ ծնողները եւս շատ բան չգիտեին Հայաստանի մասին, սակայն փոխարենը տատիկս եւ պապիկս են տեղեկացված: Նրանք մեծացել են կոմունիստական Չինաստանում, եւ առհասարակ բոլոր ԽՍՀՄ երկրների մասին բավական տեղեկացված են: Այնպես որ, նրանք շատ ոգեւորվեցին, երբ իմացան, որ ես Հայաստան եմ գալիս:

Նշեմ նաեւ, որ հայ դասընկեր ունեմ, առաջին դասարանից միասին ենք սովորել: Նա էլ է այժմ Հայաստանում, եւ մենք անպայման պետք է հանդիպենք այստեղ:

Յուլիանա - Հայաստանի մասին, իհարկե, ավելի տեղեկացված էի, քան Մայքլը, քանի որ Ռուսաստանում հայ ընկերներ ունեմ: Նախապես գիտեի, որ շատ հետաքրքիր ծրագրի եմ մասնակցելու շատ գեղեցիկ վայրում:


Յուլիանա Սավոստենկոն
Լուսանկարը՝ Մեդիամաքս

Աննա - Իսկ իմ ծնողները, ինչպես նաեւ տատիկս ու պապիկս, որոնք Հունգարիայից են, տարիներ առաջ եղել են Հայաստանում, հետեւաբար, ես որոշ բաներ գիտեի երկրի մասին:

-Փորձենք ամփոփել Հայաստանում ձեր անցկացրած երկու ամիսները: Ի՞նչը հատկապես զարմացրեց ձեզ այստեղ:

Մայքլ - Ամենադրական եւ ապշեցնող բանն ինձ համար գիշերային ակտիվ կյանքն էր: Տարբեր տարիքի մարդիկ ընտանիքներով երեկոյան զբոսնում են քաղաքում եւ վայելում ամառային գիշերները: Գեղեցիկ են նաեւ Հանրապետության հրապարակի շատրվանները: Ինձ նաեւ դուր եկավ Կարապի լճի շուրջ զբոսանքը: Մենք էլ Քանյե Ուեսթի պես ցատկեցինք լիճը Վարդավառի օրը (Ծիծաղում է – խմբ.):

Յուլիանա - Գյումրի էինք այցելել, քայլում էինք շուկայում, եւ ցանկացա ծիրան գնել:  Երբ պատրաստվում էի վճարել, վաճառող կինն ասաց, որ պետք չէ: Սա շատ լավ օրինակ է այն բանի, թե որքան հյուրընկալ, դրական եւ ընկերասեր են մարդիկ այստեղ: Հայկական խոհանոցը նույնպես հիանալի է:

Աննա - Մարդկանց այդ ջերմ վերաբերմունքի շնորհիվ զգում ենք, որ ցանկանում ենք ավելին տալ այս երկրին: Ես մինչ գալս նաեւ մտածում էի, որ չեմ կարողանա նման շոգ կլիմայի դիմանալ ամռանը, սակայն ոչ միայն դիմացա, այլեւ շատ տպավորված եմ:  


Աննա Պապպը
Լուսանկարը՝ Մեդիամաքս

-Որքանո՞վ է Հայաստանը տպավորիչ օտարերկրյա ներդրումների տեսակետից:

Մայքլ - Ես կարող եմ խոսել Չինաստանի հետ համեմատականներ անցկացնելով: Չինաստանում հիմա վիթխարի նախագիծ է իրականացվում, որի վերջնական նպատակը Շանհայից դեպի Եվրոպա երկաթուղի կառուցելն է: Հնարավոր է, որ այն անցնի Իրանով եւ Հայաստանով:

Կարծում եմ՝ այն հաջողությամբ կավարտվի, քանի որ թե Չինաստանը, թե Ռուսաստանը ցանկանում են ինտեգրման ավելի բարձր մակարդակ Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) երկրների համար, եւ քանի որ վերջիններից ամենահարավայինը Հայաստանն է, հնարավոր է, որ հենց այն որպես միջանցիկ երկիր ընտրվի: Այս առումով հետաքրքիր է, որ երկու երկրների միջեւ վերջերս մի շարք պաշտոնական հանդիպումներ կայացան:

-Եթե լինեիք օտարերկրյա ներդրող, Հայաստանի ո՞ր ոլորտներում կցանկանայիք ներդրում կատարել:

Մայքլ - Վերջերս չինական մի ընկերություն գրասենյակ է բացել Երեւանում: Նրանք որոշեցին սկզբում մուտք գործել հայաստանյան շուկա եւ հետո միայն՝ Եվրոպա: Մեր զրույցի ընթացքում նշում էին, որ Հայաստանում ներդրում են կատարել, քանի որ ինտելեկտուալ վիթխարի ներուժ են այստեղ տեսել:

Չնայած որ այլ երկրների համեմատությամբ զարգացման տեղ դեռ կա, այնուամենայնիվ, բնակչության ինտելեկտուալ կարողությունները շատ ավելի բարձր են՝ նմանատիպ այլ երկրների համեմատ: Սա հաշվի առնելով՝ կարծում եմ, որ Հայաստանը լավ վայր է արտասահմանյան ընկերությունների ներդրումների համար: Կարծում եմ՝ Չինաստանում տեղյակ են, որ Հայաստանը ներդրումների համար ապահով երկիր է, շատ ավելի ապահով, քան որոշ այլ երկրներ: Ահա թե ինչու երկաթուղու ստեղծումը լավ ծրագիր է, քանի որ վտանգի հավանականությունն ավելի փոքր է:  

Յուլիանա - Կարծում եմ՝ Հայաստանում կարելի է կանաչ տեխնոլոգիաների վրա կենտրոնանալ: Մարդկային կապիտալը եւս հիանալի ռեսուրս է, որը գուցե այնքան էլ արդյունավետ չի օգտագործվում ներկայում: Նաեւ ՏՏ ներուժն է հարկավոր օգտագործել: Մենք այցելեցինք «Թումո» կենտրոն, եւ մեզ պատմեցին, թե որքան բան է արվում երեխաների տեխնոլոգիական կրթության համար: Կարծում եմ` մի քանի տարի անց Հայաստանը կունենա բավական մեծ ներուժ:

Աննա – Իհարկե, համամիտ եմ թե Մայքլի, թե Յուլիանայի տեսակետների հետ: Կհավելեմ նաեւ, որ Հայաստանը կարող է Եվրոպայի եւ Ասիայի միջեւ կամուրջ հանդիսանալ: Կարծիքներ կան, որ եվրոպական ներդրողների համար Հայաստանը լավ տարբերակ է՝ դեպի ԵՏՄ եւ ԱՊՀ երկրների շուկաներ մուտքի համար:

2014թ. ՀՀ-ում պրակտիկա անցկացրած՝ Հարվարդի համալսարանի ուսանողների հետ Banks.am-ի զրույցը կարդացեք այստեղ:

Նարինե Դանեղյան

Դիտում՝ 39818
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai