Արսեն Բազիկյան. «Գրին Լիզինգ»-ի պահանջարկը Հայաստանում մեծ է

17.07.2015 | 10:30 Գլխավոր էջ / Նորություններ / Հարցազրույցներ /

2014թ. վերջից «ԱԳԲԱ Լիզինգ» վարկային կազմակերպությունն իր հաճախորդներին ներկայացրել է նոր պրոդուկտ՝ «Գրին Լիզինգ», որի գլխավոր նպատակը էներգախնայող եւ շրջակա միջավայրի համար ավելի անվտանգ սարքավորումների լիզինգն է: Նոր առաջարկի առանձնահատկությունների եւ պահանջարկի շուրջ Banks.am-ը զրուցել է «ԱԳԲԱ Լիզինգ»-ի գլխավոր տնօրեն Արսեն Բազիկյանի հետ:  

- Պրն Բազիկյան, ի՞նչ զարգացումներ են նկատվում լիզինգի շուկայում վերջին տարվա ընթացքում:

- Չնայած այն հանգամանքին, որ ֆինանսական շուկայում անկում է գրանցվել, լիզինգի շուկայում 2014թ. նկատվել է ակտիվություն: Նկատելի է պորտֆելի աճ, որն ակնհայտ է ոչ միայն մեր, այլեւ մրցակից ընկերությունների մոտ:

Այս պահին ամբողջ հանրապետության լիզինգ պորտֆելը կազմում է 14 մլրդ դրամ, որից 9.6 մլրդը «ԱԳԲԱ Լիզինգ»-ի պորտֆելն է: Այսինքն, մենք շուկայի գրեթե 70%-ն ենք զբաղեցնում:

Պետք է նշեմ, որ պրոդուկտը շուկայում մասսայականացնելու խնդիր կա, եւ այս ուղղությամբ մեր մրցակիցները նույնպես ակտիվություն են ցուցաբերոմ, հետեւաբար, մենք պետք է անենք առավելագույնը՝ մի կողմից՝ լիզինգն ավելի հասանելի դարձնելու հաճախորդին եւ մյուս կողմից՝ մեր առաջատար դիրքերը պահմանելու համար:

-Կարելի է ենթադրել, որ «Գրին Լիզինգ»-ի գործարկմանը նախորդել էին մարքեթինգային ուսումնասիրություններ՝ կապված նոր պրոդուկտի հետագա արդյունավետության հետ: Ի՞նչ պարզեցիք շուկայի ուսումնասիրության արդյունքում:

-Ուսումնասիրություններ սկսել ենք իրականացնել դեռ 2014թ.: Բազմաթիվ հաճախորդներ այդ 6 ամիսների ընթացքում հետաքրքրվում էին, թե ինչու չենք տրամադրում առանձին տեսակի լիզինգ, օրինակ, էներգախնայող սարքավորումների համար:

Գաղափարին աջակցելու եկավ նոր ռեսուրսը՝ Green for Growth (GGF) ֆոնդից, որը նաեւ պատճառ հանդիսացավ «Գրին Լիզինգ» ենթաբրենդի ստեղծման համար:

Աստիճանաբար սկսեցինք մտածել այդ մասին: Երկրորդ պատճառն այն էր, որ տնտեսությունը որոշակի անկում ապրեց, եւ շատ գործարարներ, տնտեսվարող սուբյեկտներ սկսեցին մտածել ծախսերի կրճատման, խնայողության եւ օպտիմալ կառավարման մասին, ինչն էլ հետագայում դարձավ մեր կարգախոսը՝ «Եկեք հաշվենք միասին»:

Բացի նրանից, որ այս դեպքում ավելի ցածր է ֆինանսավորման տոկոսադրույքը, «Գրին Լիզինգ»-ի գործարքի կարեւոր առավելություններից է նաեւ այն, որ ընկերություններին անվճար էներգաաուդիտ է առաջարկվում: Այն լինում է երկու տեսակի՝ ամբողջական, որի միջոցով ամբողջական ծախսերի հաշվարկ է իրականացվում բոլոր ուղղություններով եւ տեղային՝ այս կամ այն արտադրական փուլի ուսումնասիրություն, որն իրականացնում ենք մասնագիտացված ընկերության հետ կնքված պայմանագրի շրջանակում:  

- Որպես կանոն, էներգախնայող եւ էներգաէֆեկտիվ նախագծերը գտնվում են միջազգային ֆինանսական կազմակերպությունների ուշադրության կենտրոնում եւ հաճախ ֆինանսավորվում են վերջիններիս կողմից: Ի՞նչ կասեք «Գրին Լիզինգ»-ի վերաբերյալ:

-Մենք նույնպես աշխատում ենք միջազգային հիմնադրամների հետ, նաեւ նոր առաջարկներ ենք ստանում: Ներկայում քննարկումներ ենք իրականացնում Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ), Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) եւ երկու այլ կառույցների հետ: Նրանք բոլորը «Գրին Լիզինգ»-ի գաղափարի կողմնակիցներ են:

Նշեմ, որ ոչ միայն զուտ ձեռնարկատիրական շահութաբեր գործունեություն ենք իրականացնելու, այլեւ սոցիալական շատ ծրագրեր: Աշխատանքներ ենք տանելու ոչ միայն ձեռնարկատերերի, այլեւ ամբողջ հասարակության շրջանում իրազեկվածության աստիճանը բարձրացնելու ուղղությամբ:

-Ո՞ւմ է ուղղված ձեր նոր պրոդուկտը եւ որքանո՞վ է այն հասանելի մարզերում:

-Պրոդուկտն ուղղված է բոլոր տեսակի հաճախորդներին՝ թե ֆիզիկական անձանց, թե ՓՄՁ ձեռնարկատերերին: Սակայն մեր ամենախոշոր թիրախային խումբը ՓՄՁ-ներն են, եւ տեղաբաշխումների 75%-ը կլինեն հենց այդ ոլորտում:

Լիզինգի առարկաները տրամադրելու ենք նաեւ գյուղացիական տնտեսություններին, հետեւաբար՝ պրոդուկտը հասանելի կլինի նաեւ մարզերում:

- Ինչպիսի՞ն է «Գրին Լիզինգ»-ի սարքավորումների ցանկը, կա՞ն բացառիկ առաջարկներ հայկական շուկայի համար:

-«Գրին Լիզինգ»-ի շրջանակում տրամադրում ենք 4 խումբ լիզինգի առարկաներ՝ էներգախնայող սարքավորումներ եւ հոսքագծեր, գյուղատնտեսական տեխնիկա եւ կաթիլային ոռոգման համակարգեր, արեւային ջրատաքացուցիչներ, որոնք փոխարինելու են գազով եւ հոսանքով աշխատող սարքավորումներին:

Վերջին՝ 4-րդ ուղղությունը, այլընտրանքային վառելիքով աշխատող եւ քիչ արտանետող տրանսպորտային միջոցների լիզինգն է, որոնցից են նաեւ հիբրիդ շարժիչներով մեքենաները:

-Ե՞րբ եք նախատեսում էլեկտրամոբիլների լիզինգ սկսել:

-Այստեղ ենթակառուցվածքների փոփոխության խնդիր կա, սակայն մեր մատակարար ընկերությունները պատրաստ են այս առումով աշխատել մեզ հետ: Ինչպես ՀՀ-ում այսօր, օրինակ, գազի լիցքավորման համակարգերն են ներդրված, այնպես էլ անհրաժեշտ է էլեկտրամոբիլների մարտկոցների լիցքավորման կայաններ ստեղծել:

Մոտ ապագայում նախատեսում ենք քննարկումներ սկսել մեր երեք մատակարարների հետ՝ տվյալ սեգմենտում վաճառքներ իրականացնելու վերաբերյալ:

Պետք է նշեմ, որ հիբրիդ մեքենաներից, օրինակ, Toyota Prius-ը ՀՀ-ում նախորդ տարի վաճառքի բավական մեծ ծավալ է ապահովել: Հետեւաբար, այս շուկան ուշ թե շուտ ձեւավորվելու է Հայաստանում: Հնարավոր է, որ տրոլեյբուսների մշակույթը եւս շուտով նորից ձեւավորվի, եւ արդյունքում կունենանք էկոլոգիապես մաքուր տրանսպորտ:

- Գոհացնո՞ւմ է արդյոք ձեզ «Գրին Լիզինգ»-ի նկատմամբ մինչ օրս եղած պահանջարկը եւ կարո՞ղ եք առանձնացնել այն սարքավորումները, որոնք առավել պահանջված են հայաստանյան սպառողների շրջանում:

-Մենք նախկինում մտածում էինք, որ հայ սպառողը փոփոխությունների հետ դժվար է համակերպվում, սակայն փորձը ցույց է տալիս, որ ԱՊՀ այլ երկրների համեմատ մենք այս առումով առավել առաջադեմ եւ արագ կողմնորոշվող ազգ ենք:

«Գրին Լիզինգ»-ը ներդնելուց առաջ $2 մլն-ի պայմանագիր էինք կնքել Green for Growth հիմնադրամի (GGF) հետ, որի տրամադրած ֆինանսական միջոցներն ուղղված էին կանաչ ֆինանսավորման զարգացմանը:

Ստացվեց այնպես, որ նոր պրոդուկտը լիովին բավարարում էր տվյալ ընկերության պահանջները: Հետագայում եւս $4 մլն-ի պայմանագիր կնքեցինք, քանի որ ակնհայտ դարձավ, որ պահանջարկը մեծ էր:

Կարծում եմ, որ այնուամենայնիվ, $6 մլն ներդրումը շատ փոքր գումար է: Տեղաբաշխումն ավարտելուց հետո նախատեսում ենք ձեռնամուխ լինել նոր փուլին, որը ենթադրում է եւս $10 մլն ռեսուրսների ներգրավում:

Նշեմ, որ միայն հունիս ամսին կնքել ենք 35 լիզինգային պայմանագիր՝ 650 մլն դրամ ծավալով:

Այստեղ կարեւոր է հասկանալ, որ մենք չենք առաջարկում այս կամ այն տեխնիկան կամ մատակարարին, այլ առաջարկում ենք դրա ֆինանսավորման այս կամ այն տարբերակը:

Ամենամեծ պահանջարկ ունեցող սարքավորումները գյուղատնտեսության եւ գյուղմթերքների վերամշակման ոլորտից են, որտեղ վերջին ամիսներին ավելի մեծ քանակությամբ ներդրումներ ենք իրականացրել:

- Ինչպիսի՞ն են «Գրին Լիզինգ»-ի տրամադրման պայմանները:

-Ինչպես նշեցի, հիմնական թիրախային խումբը ՓՄՁ-ներն են, որոնք ունեն մինչեւ  250 աշխատող, եւ որտեղ ակնկալում ենք հիմնական միջոցները տրամադրել մինչեւ 5 տարի ժամկետով: Առանձին դեպքերում կարող է հասնել մինչեւ 7 տարի, երբ տվյալ տեխնիկայի օգտագործման ժամկետն ավելի երկար է, կանխավճարը հաճախորդների կողմից իրականացվում է 10-30%-ի սահմաններում:

Տարեկան տոկոսադրույքներն են 6-18%: Յուրաքանչյուր հաճախորդի սովորաբար մի քանի առաջարկ ենք տրամադրում ՝ տալով ընտրության հնարավորություն: Նաեւ հնարավորություն ենք տալիս հաճախորդներին ժամկետից շուտ մարումներ իրականացնել՝ առանց որեւէ տույժի եւ տուգանքի: Հաճախորդներն իրենք են կառուցելու իրենց մարման ժամանակացույցը: Ամբողջ փաթեթը՝ ապրանքի ձեռքբերում, մատակարարում, փոխադրում, մաքսազերծում, ապահովագրություն, ներառված է լիզինգային գործարքի մեջ: Գոյություն ունի ԱԱՀ հաշվանցման եւ լիզինգի առարկաների արագացված ամորտիզացիայի կիրառման հնարավորություն, հաճախորդի ցանկության դեպքում նաեւ ԱԱՀ հետաձգման հնարավորություն՝ համաձայն գործող օրենսդրության:

«Գրին Լիզինգ»-ի պայմանները տարբերվում են: Ունենք մի քանի մատակարար ընկերություններ, որոնք միմիայն «Գրին Լիզինգ»-ի ենթաբրենդի շրջանակում են աշխատում, եւ այս առումով հնարավոր է լիզինգով հիմնական միջոց ձեռք բերել ավելի ցածր տոկոսադրույքներով: Տվյալ մատակարարների հետ ունենք վենդորային պայմանագրեր (այս պայմանագրերի հիման վրա «ԱԳԲԱ Լիզինգ» ՓԲԸ-ն խթանում է մատակարար ընկերությունների վաճառքները՝ լիզինգային հատուկ մեխանիզմներ մշակելով), որոնց դեպքում արդեն 3-4% տարբերություն կա՝ լիզինգային մեր ավանդական պրոդուկտների համեմատ:  

Նշեմ նաեւ, որ տարբերությունը միայն տոկոսադրույքի մեջ չէ: Մենք ցանկություն ունեինք այս շուկայում մի փոքր ավելի լիբերալ լինել:

-Իսկ ի՞նչ առաջարկներ ունեք ֆիզիկական անձանց լիզինգի շուկայում:

-2014թ. կեսերից տրամադրում եք ֆիզիկական անձանց լիզինգի ծառայություններ:  Ներկայում մեր պորտֆելի 97%-ը կազմում են փոքր եւ միջին ձեռնարկատերերը, մնացած 2-3%-ը՝ գյուղացիական  տնտեսությունները: Բայց այստեղ մենք մեծ ռիսկի ենք գնում եւ մտնում ենք նաեւ ֆիզիկական անձանց լիզինգի շուկա, ինչն իր հերթին նշանակում է, որ մենք ունենք նոր սեգմենտում աշխատելու պատրաստակամություն:

Ավտոմեքենայի ապառիկ վարկավորմանն այսօր փոխարինելու է եկել մեր առաջարկած Express auto leasing պրոդուկտը, որը շուկայում նախորդ տարի է հայտնվել եւ բավական մեծ հաջողություն ունի: Դրա շնորհիվ մեր ֆիզիկական անձ հաճախորդները, որոնք ամսական կայուն եկամուտ ունեն, մեզ մոտ կարող են ֆինանսավորվել մինչեւ 20 մլն դրամի շրջանակում եւ լիզինգով տրանսպորտային միջոցներ ձեռք բերել: Ապառիկի նկատմամբ սրա առավելություններից է այն, որ գործընթացը կարճ է տեւում՝ 1-3 աշխատանքային օր, ինչը վերջին շրջանում հասցրել ենք 1 աշխատանքային օրվա:

-Վերջերս տեղի է ունեցել «ԱԳԲԱ Լիզինգ»-ի բաժնետերերի ընդհանուր ժողովը: Ի՞նչ հարցեր են քննարկվել ժողովի ժամանակ:

-Քննարկված կարեւորագույն հարցերից էր ընկերության հետագա զարգացումը եւ խնդիրների լուծման հնարավոր ուղիների քննարկումը: Անհրաժեշտ էր նախորդ 12 տարիներին կուտակված փորձն ամփոփել մի փաստաթղթում, որի հիման վրա հնարավորություն կունենայինք առաջ շարժվել:

Ներկայացվեց 2016-18 թթ. ռազմավարական զարգացման հայեցակարգը, որի հիման վրա ես հանձնարարություն եմ ստացել առաջիկա 3 ամիսներին հաստատման ներկայացնել զարգացման ծրագիրը:

Բնականաբար, առկա են դժվարություններ, բայց դրանցով հանդերձ պետք չէ կանգնել տեղում: Մենք անընդհատ փորձում ենք լիզինգի համար նոր շուկաներ փնտրել: Կարծում եմ՝ հիմնական բանը, որ դեռ իրականացված չէ, լիզինգի մասին իրազեկվածության բարձրացումն է: Այսուհետ բոլոր հնարավոր տարբերակներով փորձելու ենք հասարակությանը տեղեկացնել պրոդուկտի մասին:

Հայեցակարգում նոր տեղ ենք հատկացրել ընկերության վաճառքների նոր ուղիների ներկայացմանը: Այսօր մեծ ծավալ են կազմում Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի 56 մասնաճյուղերի միջոցով իրականացվող վաճառքները, որտեղ այդ հաճախորդների տեսակարար կշիռը մեր պորտֆելում գնալով աճում է:

Փորձելու ենք ակտիվացնել նաեւ մատակարար ընկերությունների միջոցով վաճառքները, որոնք մեր ընկերությունում արդեն 120-ից ավելի են: Նշենք, որ դրանց 50%-ը մշտական մատակարարներ են:

Հաջորդ ուղղությունը մասնագիտացած ընկերությունների միջոցով կոմիսիոն համակարգի հիման վրա իրականացվող վաճառքներն են: Խոսքը հաշվապահական եւ իրավաբանական ծառայություններ մատուցող ընկերությունների մասին է, որոնք աշխատում են հաճախորդների բազաների հետ: Այդ ընկերությունները հնարավորություն ունեն մեզ լիզինգի բաժանորդներ մատակակարել, որոնց դիմաց կստանան կոմիսիոններ:

Նշեմ նաեւ, որ այս ուղղությամբ նախատեսում ենք աշխատել նաեւ այն բանկերի եւ վարկային կազմակերպությունների հետ, որոնք չեն տրամադրում լիզինգային ծառայություններ: Մեր ընկերությունը պատրաստ է քննարկել նրանց հաճախորդներին լիզինգի պրոդուկտ առաջարկելու հնարավորությունը՝ կոմիսիոն վարձատրության դիմաց:

Պետք է ասեմ, որ երկու ֆինանսական հաստատությունների հետ արդեն կա նման պայմանավորվածություն:

«ԱԳԲԱ Լիզինգ»-ն իր հաճախորդամետ քաղաքականության շնորհիվ գործունեություն է իրականացնում՝ հիմնվելով 4 թիրախային խմբերի վրա: Դրանք են ագրոհաճախորդները, ֆիզիկական անձինք, ՓՄՁ եւ խոշոր հաճախորդները, միջազգային կազմակերպությունների ներկայացուցչությունները, դեսպանատները եւ հյուպատոսարանները:

Հաճախորդամետ քաղաքականության անցումը հնարավորություն է տալիս առավել ճկուն եւ անհատական առաջարկներ մշակել՝ նախատեսված կոնկրետ հաճախորդների համար:

Արսեն Բազիկյանի հետ զրուցել է Նարինե Դանեղյանը

Դիտում՝ 73362
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai