Վարդան Մարաշլյան. Որակյալ մասնագետների պահանջարկը մեծ է

22.06.2015 | 10:56 Գլխավոր էջ / Նորություններ / Հարցազրույցներ /

Փարիզում հունիսի 13-ին կայացել է Աշխատանքի տոնավաճառ եւ Imagine Armenia ֆորումը: «Ուղեղների հայրենադարձմանն» ուղղված ծրագիրն իրականացրել է «Վերադարձ Հայաստան» (RepatArmenia) հիմնադրամը՝ GIZ գերմանական գործակալության եւ ՀՀ զբաղվածության պետական ծառայության հետ համատեղ, ֆինանսավորել է ԵՄ-ն:  

«Վերադարձ Հայաստան» (RepatArmenia) հիմնադրամի գործադիր տնօրեն Վարդան Մարաշլյանը Banks.am-ի հետ զրույցում անդրադարձել է Փարիզում կայացած միջոցառումներին, ինչպես նաեւ հիմնադրամի կողմից իրականացվող հայրենադարձության ծրագրերին:

-Ի՞նչ նպատակ էին հետապնդում աշխատանքի տոնավաճառն ու ֆորումը:

-Հիմնական նպատակն է Սփյուռքում ապրող հայությանը պրոֆեսիոնալ մակարդակով կապել Հայաստանի տնտեսական ոլորտի կազմակերպությունների հետ: Հայաստանում բավական բարդ խնդիր կա: Արտագաղթի եւ գործազրկության պարագայում կան ոլորտներ, որոնց համար շատ դժվար է շուկայում մասնագետներ գտնելը: Որակյալ մասնագետների պահանջարկը մեծ է մի շարք ոլորտներում:

Այս միջոցառման շրջանակում Հայաստանից Ֆրանսիա 20-հոգանոց թիմ էր մեկնել՝ 12 կազմակերպությունների մարդկային ռեսուրսների կառավարման մենեջերներ ու տարբեր երկրներից տեղափոխված հայրենադարձներ: Միջոցառմանը 100-ից ավելի հայ մասնակցեց:


Imagine Armenia ֆորումը
Լուսանկարը՝  Repat Armenia ֆեյսբուքյան էջից

Imagine Armenia ֆորումում խոսում էինք հայրենադարձության մասին, ներկայացրինք հնարավորություններն ու խնդիրները, կրթական, կամավորական տարբեր ծրագրեր, որոնցով կարող են գալ եւ ճանաչել երկիրը: Ֆրանսիայից, Ռուսաստանից եւ ԱՄՆ-ից հայրենադարձները ներկայացրին ինտեգրման եւ աշխատանք գտնելու իրենց փորձը: Ցավոք, եվրոպական երկրներում Հայաստանի հետ կապը շատ թույլ է, շատերը Հայաստանում երբեւէ չեն եղել, եւ հայաստանակենտրոն գիտակցություն չկա:

-Մասնակիցների արձագանքներն ինչպիսի՞ն էին, ի՞նչ արդյունքներ ունեցաք:

-Կազմակերպությունները տաղավարներ ունեին, որտեղ շատերը, մոտենալուց եւ հետաքրքրվելուց բացի, նաեւ ինքնակենսագրականներ էին թողնում: Ի դեպ, նշեմ՝ «Վերադարձ Հայաստանը» հայտարարեց, որ առաջին մարդը, որը պայմանագիր կկնքի եւ կտեղափոխվի Հայաստան, նրա ինքնաթիռի տոմսի ծախսերը կհոգա հիմնադրամը: Մեզ 4 մարդ մոտեցավ, որոնք ոչ թե մտածում, այլ արդեն պլանավորում են տեղափոխումը: Շատ կոնկրետ հարցերով էին հետաքրքրվում, ինչը մեզ ուրախացրեց: Եվս 10 մարդ մոտեցան եւ ասացին, որ Հայաստանում չեն եղել, եւ այս միջոցառումից հետո ուզում են որեւէ ծրագրով գալ եւ ճանաչել երկիրը: Նման միջոցառում անցկացվել էր նաեւ Ֆրանկֆուրտում, որից հետո 2 հոգի տեղափոխվել է Հայաստան եւ աշխատում է այստեղ: Նաեւ ճանաչողական ծրագրերով են եկել:

-Մարդիկ ո՞ր ոլորտներով էին հետաքրքրված, եւ տոնավաճառում ի՞նչ կազմակերպություններ էին ներկայացված:

-Այդ համայնքներում նման միջոցառումներ չեն անցկացվել: Սա նոր ձեւաչափ է, եւ առաջին անգամ է, որ գործատուները Հայաստանից դուրս աշխատակիցներ են փնտրում: Հետագա արձագանքներից հասկացանք, որ մարդիկ շատ տպավորված էին: Եթե ասենք, որ բոլորը եկել էին Հայաստանում աշխատանք փնտրելու եւ տեղափոխվելու, սուտ կլինի: Որպեսզի ավելի թիրախային դառնա, եւ դիմեն այն մարդիկ, որոնք տեղափոխվելու նպատակ ունեն, պետք է մի քանի անգամ նման միջոցառումներ անցկացնել:

Գինեգործության, բանկային, հեռահաղորդակցության եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտների ընկերություններն էին ներկայացված:

-Նման միջոցառումները ոչ թե պարզապես մարդիկ ներգրավելու, այլ կոնկրետ մասնագետներ գտնելու նպատակ ունեն: Ըստ Ձեզ՝ հայաստանյան շուկայում ի՞նչ մասնագետների պակաս կա:

-Ցավոք, մենք այսօր չենք կարող խոսել զանգվածային հայրենադարձության մասին, Հայաստանը չի կարող ապահովել նման պայմաններ: Որոշ ոլորտներում, սակայն, այդ հնարավորությունն ակնհայտ կա: Հատկապես պահանջված են ստեղծագործ երիտասարդները, ովքեր լավ կրթություն ունեն, տիրապետում են մի քանի լեզուների եւ պատրաստ են Հայաստանը կապել աշխարհի հետ: Մարդիկ, տեղափոխվելով, ոչ միայն ներքին շուկայի համար են աշխատում, այլեւ կարողանում են իրենց կապերն ու մասնագիտական կարողություններն օգտագործելով, դրսում պայմանագրեր կնքել:

Ծրագրավորողների մասով լուրջ պահանջարկ կա, դա այն ոլորտն է, որում կարելի է մեծ քանակով պրոֆեսիոնալ հայրենադարձություն կազմակերպել: Մեծ է պահանջարկը մարքեթինգի, տուրիզմի, գինեգործության ոլորտներում: Կազմակերպությունները պատրաստ են բարձր վարձրատրել այն մասնագետներին, որոնց աշխատանքի արդյունքում նոր հեռանկարներ են բացվում, մեծ գումարներ են գալիս:  


Imagine Armenia ֆորումը
Լուսանկարը՝  Repat Armenia ֆեյսբուքյան էջից

-Գաղտնիք չէ, որ հայաստանյան շուկան փոքր է: Որակյալ եւ լավ հեռանկար ունեցող մասնագետը հատկապես ինչո՞ւ պիտի թողնի մեծ երկրում ունեցած իր հնարավորություններն ու տեղափոխվի Հայաստան:

- Յուրաքանչյուր հանդիպմանը մենք մարդկանց երկու բան ենք ասում՝ չենք եկել որեւէ մեկին համոզելու եւ չենք եկել մեղադրելու, թե ինչու չեք ապրում Հայաստանում: Ես ինքս Մոսկվայից եմ տեղափոխվել, 30 տարի այնտեղ եմ ապրել, ո՛չ ինտեգրման, ո՛չ կարիերայի իմաստով որեւէ խնդիր չեմ ունեցել: Հաջողությունների հասնելուց հետո մի պահ է գալիս, որ սկսում ես մտածել կյանքի բովանդակության մասին: Ունես քո պետությունը, եւ այն փորձը, որ կիրառում ես օտար երկրում, կարող ես ներդնել քո հայրենիքում: Մտածում ես այն մասին, որ երեխադ հայերեն իմանա, հայ մեծանա, ֆիզիկական անվտանգությունդ ապահովված լինի: Մեծ քաղաքներում ապրելու եւ շփվելու համար ժամանակ չի լինում, կյանքդ կողքովդ է անցնում: Մեծ քաղաքներում եւ երկրներում դու միլիոններից մեկն ես, թեկուզ եթե հաջողակ ու պրոֆեսիոնալ ես: Հայաստանում, թեեւ դժվար է հաջողության հասնել, բայց այստեղ քո կշիռն ավելի ես զգում, բավարարված ես լինում քո կյանքից: Դա է հիմնական պատճառը, թե ինչու են մարդիկ ցանկանում տեղափոխվել:

-Ասացիք, որ ապագայում աշխատանքներն ավելի թիրախավորված կդարձնեք: Առաջիկա ի՞նչ ծրագրեր ունեք:

- RepatArmenia-ն տարբեր համայնքներում տարեկան առնվազն 6-7 հանդիպում է անցկացնում: Թիրախային համայնքներ ունեցող որոշ քաղաքներում, ինչպիսիք են Բեյրութն ու Մոսկվան, ամեն տարի հանդիպումներ ենք ունենալու: Մենք ուզում ենք աշխատանքային բաղադրիչն ամեն տեղ ավելացնել: Շատ հաճելի էր, որ Փարիզի միջոցառումներին մասնակցած գործատուները մեծ ցանկություն ունեն մեզ միանալու նաեւ այլ համայնքներում: Մենք պայմանավորվածություն ունենք տեղի լրատվամիջոցների հետ, որ Հայաստանից այլընտրանքային ինֆորմացիա տան: Օրինակ, «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի, «Այբ» դպրոցի, UWC Դիլիջան քոլեջի մասին: Դրսում շատ քիչ են տեղյակ ՏՏ ոլորտի զարգացումներին: Չեմ ասում, թե վարդագույն պատկերացումներ պիտի ստեղծենք, դա բացասական արդյունքի կարող է բերել: Բայց օգնել, կապը ստեղծել, որպեսզի գոնե գան եւ ճանաչեն երկիրը, պարտավոր ենք:   

Վարդան Մարաշլյանի հետ զրուցել է Մարի Թարյանը

Դիտում՝ 5119
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai