Հոսթել. մատչելի կացարանի երեւանյան տարբերակները

29.05.2015 | 00:00 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /

Վերջին մեկ-երկու տարիներին Երեւանի փողոցներում ավելացել է հոսթելներ գովազդող վահանակների թիվը:

Հոսթելները երիտասարդական հյուրանոցներն են, որտեղ նախընտրում են այցելել մատչելի հանգստի սիրահարները: Հոսթելի մի համարում տեղադրված է ոչ թե մեկ, այլ մի քանի մահճակալ: Սովորաբար, նման սենյակները նախատեսված են 10-20 անձի համար. որքան շատ մահճակալ կա սենյակում, այնքան մատչելի է գիշերակացը:

Banks.am-ը փորձել է պարզել՝ հոսթելների ի՞նչ մշակույթ կա Երեւանում, որքա՞ն է մեկ սենյակի նվազագույն եւ առավելագույն արժեքը, եւ ովքե՞ր են դրանցից օգտվողները:

«Ռաֆայել»-ը սկսնակներից մեկն է այս ոլորտում

Երեւանի կենտրոնում գործող «Ռաֆայել» հոսթելում, ընդհանուր առմամբ 22 տեղ կա: Ադմինիստրատոր Լիլիթ Վարդանյանի փոխանցմամբ՝ ամենաէժանը 8-տեղանոց սենյակն է, որտեղ մեկ անձը վճարում է 5000 դրամ: Հոսթելում կա նաեւ առանձնասենյակ՝ 15 500 դրամով, ընտանեկան սենյակ՝ նախատեսված 4 անձի համար, յուրաքանչյուր տեղը՝ 7000 դրամ: Մինչեւ 7 տարեկան երեխաներին այստեղ ընդունում են անվճար:

Սանհանգույցն ընդհանուր է: Գինը ներառում է նախաճաշ եւ գիշերակացի համար անհրաժեշտ պարագաներ:

«Ռաֆայել»-ում նշում են, որ իրեց հաճախորդները տարբեր ազգերի ներկայացուցիչներ են՝ ռուսներ, սերբեր, չեխեր, արեւելյան եվրոպացիներ: Հյուրերի միջին տարիքը 25-45 է, լինում են նաեւ դպրոցական տարիք երեխաների խմբեր:

«Մեզ մոտ հիմնականում գալիս են արշավախմբեր: Ակտիվ համագործակցում ենք նաեւ Արցախում, հատկապես՝ Ստեփանակերտում գործող հոսթելների հետ՝ մեր հյուրերին օգնելով գիշերակաց գտնել նաեւ այնտեղ»,- ասում է Լիլիթը Վարդանյանը:

Անդրադառնալով հոսթելների մրցակցությանը՝ մեր զրուցակիցը նշում է, որ վերջին 2-3 տարիներին դրանց թիվն էապես աճել է:

«Մենք սկսել ենք մեր գործունեությունը 2011թ., երբ Երեւանում ընդամենը 3-4 հոսթել կար: Հիմա դրանց թիվը գնալով ավելանում է, ինչը միայն ուրախալի է: Գիշերակացի այս տեսակը ընդունելի է հատկապես եվրոպացի զբոսաշրջիկների համար, որոնք կարեւորում են երկիրը տեսնելու եւ խնայելու հարցը»,- նշում է Լիլիթ Վարդանյանը:

«Գրեմմի»-ն հյուրընկալում է եվրոպացիներին

«Գրեմմի» հոսթելում գիշերակացի գինը տատանվում է 3000-15 000 դրամի միջակայքում: Այս գինը ներառում է միայն նախաճաշ, իսկ լոգարանն ու սանհանգույցն ընդհանուր է:

Այստեղ հիմնականում 8 եւ 6-տեղանոց սենյակներ են, 2-ը՝ երկտեղանոց: Հոսթելի մենեջերի փոխանցմամբ՝ հաճախորդներն այստեղ հիմնականում Եվրոպայից են, շատերը մի քանի անգամ են այցելել, հոսթելի մասին տեղեկացրել նաեւ ընկերներին ու ծանոթներին:

Հաճախորդների միջին տարիքը 30-ն է, գիշերակացի նախընտրելի օրերի թիվը՝ 5:

Մենեջերը նշում է, որ վերջին շրջանում, հատկապես՝ ապրիլի 24-ից հետո, նկատվում է հաճախորդների թվի 20-30%-ով աճ:

Հոսթելի միջին գինը Վրաստանում

Մատչելի կացարանների երեւանյան գները փորձեցինք համեմատել նաեւ հարեւան երկրներում գործող նմանօրինակ հաստատությունների գների հետ: «Էնվոյ» հոսթելի՝ Թբիլիսիում գործող մասնաճյուղում, օրինակ, տարվա այս եղանակին 8-տեղանոց սենյակում մեկ անձը պետք է վճարի 5170 դրամին համարժեք վրացական լարի:

Իսկ երկտեղանոց սենյակի արժեքը մոտ 22 հազ. դրամ է: Այս գներն էապես չեն տարբերվում Երեւանում գործող մասնաճյուղի գներից, մատուցվող ծառայությունների ցանկը՝ եւս:

Ինչպես հյուրանոցների դեպքում, հոսթելները եւս, զբոսաշրջային սեզոնի հետ կապված գնային քաղաքականության փոփոխություն են ունենում, սակայն, մեր զրուցակիցները նշում են, որ տարբերությունն էական չի լինում:

ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանի փոխանցմամբ՝ վերջին ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Հայաստան եկող զբոսաշրջիկներին, հատկապես՝ եվրոպացի հյուրերին, հետաքրքրում են հոսթելներն ու վարձով բնակարանները, որոնք, որպես մատչելի կացարան, «բավական լուրջ այլընտրանք են միջին եւ ցածր դասի հյուրանոցներին»:

Մեխակ Ապրեսյանը նշում է, որ «հետաքրքրությունն այս հաստատությունների հանդեպ, ինչպես նաեւ զբոսաշրջիկների թվի աճը կհանգեցնի հոսթելների մասսայականությանը եւ մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը»:

Սիրանուշ Եղիազարյան

Դիտում՝ 9803
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai