Հայկական մեղրի «սեւ ու սպիտակ» շուկաները

13.05.2015 | 11:07 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /

Շուրջ երկու տարի է՝ մեղվաբուծության ոլորտում Հայաստանում անկում է նկատվում: Banks.am-ը ոլորտի անկման պատճառների եւ զարգացման հնարավորությունների մասին զրուցել է մեղրի փաթեթավորմամբ ու վաճառքով զբաղվող «Մեր սարեր» ՍՊԸ-ի նախագահ Ջորջ Տաբակյանի հետ:

«Մեղվաբուծությունը Հայաստանում բավական հին ոլորտ է, որը զարգացման մեծ ներուժ ունի, սակայն այդ ճանապարհին մի շարք դժվարություններ կան: Առաջնային խնդիրներից մեկն այն է, որ ոլորտը մեզանում հետին պլան է մղված եւ աջակցություն չի ստանում: Չկա որեւէ լուրջ վիճակագրություն, թե Հայաստանում տարեկան ի՞նչ քանակի մեղր է արտադրվում, ինչպե՞ս է սպառվում, քանի՞ փեթակ կա, եւ քանի՞ տնտեսություն է զբաղվում այդ գործով: Այս տվյալների բացակայությունն էլ նպաստում է, որ ներդրումների համար այն փակ ոլորտ համարվի»,- ասում է Ջորջ Տաբակյանը:

Նա նշում է, որ շուրջ մեկ ու կես տարի է՝ «Մեր սարեր» ՍՊԸ-ն Հայաստանի հեռավոր վայրերից մեղր է գնում, փաթեթավորում եւ հատուկ բրենդի ներքո վաճառում:

«Մեր առաջին քայլը ներքին շուկան հասկանալն էր: Նախքան գործունեության մեկնարկը՝ հետազոտություն-հարցում կատարեցինք, որի ընթացքում հարցվածների 90 տոկոսն ասել էր, որ մեղր գնում է ծանոթներից, իսկ 10 տոկոսը՝ խանութներից: Գործունեության մեկնարկից ընդամենը երեք ամիս անց բավական լավ արդյունք գրանցեցինք, բայց որպես բիզնես հաջողելու մասին խոսելը դեռ վաղ է»,- ասում է Մեր սարեր» ՍՊԸ-ի նախագահը:

Ընկերությունն ունի հատուկ օրգանական սերտիֆիկատ, որը թույլ է տալիս այս ապրանքանիշի մեղրն արտահանել, սակայն, այստեղ եւս խնդիրներն իրենց մոռացնել չեն տալիս:

«Մենք արտահանման համար նմուշներ ենք ուղարկել ԱՄԷ, Եվրոպա եւ Ռուսաստան: Որակի առումով միայն դրական արձագանք ենք ստացել, սակայն խնդիրը բարձր գինն է եւ այն, որ հայկական մեղրը, որպես բրենդ, հայտնի չէ: Չորս-հինգ տարի ժամանակ է պետք այս բրենդի զարգացման համար, որից հետո միայն մենք կկարողանանք դրսի շուկայում այն բարձր գնով վաճառել»,- ասում է Ջորջ Տաբակյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանում մեղրն ունի վաճառքի «սեւ եւ սպիտակ» շուկա: «Սեւը» կազմում է շուկայի մոտ 50%-ը, որտեղ մեղվաբույծն ինքն է վաճառում արտադրանքն իր ծանոթներին: Այստեղ մեկ կիլոգրամի գինը տատանվում է 3500-5500 դրամի սահմաններում՝ կախված տարվա բարենպաստ լինելուց եւ մեղրի տեսակից: «Սպիտակ» շուկան խանութներում իրականացվող վաճառքն է, որտեղ, հարկերն ու փաթեթավորման ծախսերը ներառյալ, մեկ կիլոգրամի մոտավոր արժեքը կազմում է շուրջ 6000 դրամ:

Ոլորտի անկման պատճառներն ու ուսուցման պակասը

Անդրադառնալով ոլորտի անկման պատճառներին՝ մեր զրուցակիցը նշում է, որ հիմնական խնդիրն ինֆորմացիայի եւ ուսուցման պակասն է:

«Ոլորտում մասնագետները քիչ են, իսկ մեղվաբույծների հետ շփումը` նվազագույն: Հիմնական ինֆորմացիան մնացել է նախորդ դարից, մինչդեռ նոր ժամանակները նոր մոտեցումներ են պահանջում: Ոմանք ասում են, թե անկման վրա ազդել են բջջային կապն ապահովող միջոցները, սակայն դա լուրջ ուսումնասիրության արդյունք չէ»,-ասում է Ջորջ Տաբակյանը:

Նա նկատում է, որ ոլորտում անկում է նկատվում ոչ միայն Հայաստանում, այլեւ Եվրոպայում, սակայն, այնտեղ եւս, պատճառները դեռեւս անհայտ են: Նրա խոսքով` ոլորտի վրա բացասական ազդեցություն են գործում նաեւ ոչ մասնագետների չհիմնավորված հայտարարությունները:

Ուսուցման կարեւորությունը շեշտելով՝ Ջորջ Տաբակյանը, որպես դրական օրինակ,  խոսում է «Սահման» ՀԿ-ի կողմից Հայաստանի սահմանամերձ համայնքներում իրականցվող մեղվաբուծության ծրագրի արդյունքների մասին, որտեղ, ուսուցման եւ մասնագիտական խորհրդատվության արդյունքում, ծրագրի մեկնարկից մեկ տարի անց անկում չի գրանցվել:

Զարգացման հնարավորությունները

«Խորհրդատվական մի կազմակերպության կողմից ուսումնասիրություններ են կատարվել, այժմ մեզ կարեւոր են դրանց արդյունքները՝ հասկանալու համար ի՞նչ խնդիրներ կան եւ ի՞նչ պետք է արվի ոլորտի զարգացման համար: Եթե իմանանք, թե քանի փեթակ ունենք եւ որքան է արտադրության տարեկան ծավալը, կկարողանանք համեմատել հարեւան երկրների հետ, հասկանալ՝ կարո՞ղ ենք աշխատել ներքին շուկայից դուրս, թե ոչ»,- ասում է նա:

Ջորջ Տաբակյանը նշում է, որ Հայաստանի Փոքր եվ միջին ձեռնարկատիրության Զարգացման ազգային կենտրոնը (ՓՄՁ ԶԱԿ) մեղվաբուծության ոլորտի ներդրումային լավ ծրագիր է ունեցել, որը, սակայն, դադարեցվել է: Զարգացման գործընթացը մեր զրուցակիցը ներկայացնում է հետեւյալ բանաձեւով՝ ուսումնասիրություն, ուսուցում եւ փեթակների թիվն ավելացնելու հնարավորություն:

«Այսօր բանկերը խուսափում են վարկավորել մեղվաբուծության ոլորտը: Գիտեմ, որ Հայաստանի խոշոր բանկերից մեկը ներքին ուսումնասիրություն է կատարել, սակայն դրա արդյունքները եւս պարզ չեն: Հետաքրքիր կլինի նաեւ պետության կողմից ուսումնասիրություն կատարել՝ հասկանալու ոլորտում ներուժը: Միգուցե, մեզանում առկա արտադրության ծավալը բավական է միայն ներքի շուկայի սպառման համար, եւ պետք չէ քայլեր ձեռնարկել արտահանման ուղղությամբ»,- ասում է նա:

Ջորջ Տաբակյանը հավելում է նաեւ, որ, չնայած առկա խնդիրներին` ոլորտում գործունեություն ծավալելու հեռանկարով շատերն են հետաքրքրված:

Սիրանուշ Եղիազարյան

Դիտում՝ 12351
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai